Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

Եհովայի հիշեցումները սրտիդ ցնծությունը դարձրու

Եհովայի հիշեցումները սրտիդ ցնծությունը դարձրու

«Քո հիշեցումները ես հավիտյան ընդունել եմ» (ՍԱՂ. 119։111

1. ա) Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում հիշեցումներին և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս է հպարտ մարդը արձագանքում խորհրդին։

ՄԱՐԴԻԿ առաջնորդությանը տարբեր կերպ են արձագանքում։ Նրանք գուցե իշխանություն ունեցողի տված հիշեցումը երախտագիտությամբ ընդունեն, բայց հասակակցի կամ ստորադասի տված խորհուրդը ընդհանրապես չցանկանան լսել։ Երբ մարդը խորհուրդ է ստանում, նա կարող է տխրել, վհատվել, ամոթ զգալ կամ լցվել վճռականությամբ ու մղվել փոփոխություններ անելու։ Ինչո՞ւ են արձագանքները տարբեր լինում։ Պատճառներից մեկը հպարտությունն է։ «Ամբարտավան ոգին» կարող է մթագնել դատողությունը՝ դրդելով մարդուն չընդունելու խորհուրդը և օգուտ չքաղելու արժեքավոր առաջնորդությունից (Առակ. 16։18

2. Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները թանկ գնահատում Աստծու Խոսքից տրված խորհուրդը։

2 Ճշմարիտ քրիստոնյաները թանկ են գնահատում լավ խորհուրդը, հատկապես եթե այն հիմնված է Աստվածաշնչի վրա։ Եհովայի հիշեցումները մեզ հասկացողություն են տալիս՝ սովորեցնելով և օգնելով խուսափելու այնպիսի ծուղակներից, ինչպիսիք են նյութապաշտությունը, սեռական անբարոյությունը, թմրանյութերի գործածումը և ալկոհոլի չարաշահումը (Առակ. 20։1; 2 Կորնթ. 7։1; 1 Թեսաղ. 4։3–5; 1 Տիմոթ. 6։6–11)։ Մենք «սրտի բերկրանքից ուրախ բացականչում ենք», որովհետև հնազանդվում ենք Աստծու հիշեցումներին (Ես. 65։14

3. Ինչո՞ւ լավ կլինի ընդօրինակել սաղմոսերգուի տրամադրվածությունը։

3 Մեր ու մեր երկնային Հոր թանկ փոխհարաբերությունները պահպանելու համար մենք պետք է շարունակ հետևենք նրա իմաստուն առաջնորդությանը։ Որքա՜ն լավ կլինի, եթե ունենանք սաղմոսերգուի տրամադրվածությունը։ Նա գրեց. «Քո հիշեցումները ես հավիտյան ընդունել եմ, որովհետև դրանք իմ սրտի ցնծությունն են» (Սաղ. 119։111)։ Նրա պես՝ հաճույք ստանո՞ւմ ես  Եհովայի պատվիրաններից, թե՞ երբեմն մտածում ես, որ դրանք ծանր են։ Եթե նույնիսկ երբեմն դժվարանում ես խորհուրդ ընդունել, կարիք չկա հուսահատվելու։ Հարկավոր է սովորել լիովին վստահել Եհովայի գերազանց իմաստությանը։ Քննենք երեք միջոց, թե ինչպես կարող ենք դա անել։

ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ ԱՎԵԼԱՑՐՈՒ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ

4. Ի՞նչը երբեք չփոխվեց Դավթի կյանքում։

4 Դավիթ թագավորի կյանքում շատ վերելքներ և անկումներ եղան, բայց կար մի բան, որ երբեք չփոխվեց նրա կյանքում. նա միշտ անվերապահորեն վստահում էր իր Արարչին։ Դավիթն ասաց. «Ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ բարձրացնում իմ հոգին։ Ո՛վ իմ Աստված, քեզ եմ ապավինում» (Սաղ. 25։1, 2)։ Ի՞նչն օգնեց նրան այսպիսի վստահություն զարգացնելու իր երկնային Հոր հանդեպ։

5, 6. Աստծու Խոսքից ի՞նչ ենք իմանում Դավթի ու Եհովայի փոխհարաբերությունների մասին։

5 Շատ մարդիկ աղոթում են Աստծուն միայն այն ժամանակ, երբ դժվար կացության մեջ են հայտնվում։ Ի՞նչ կմտածես այն ընկերոջդ մասին, ով քեզ հիշում է միայն այն ժամանակ, երբ փողի կամ մեկ ուրիշ բանի կարիք է ունենում։ Ժամանակի ընթացքում գուցե սկսես կասկածել նրա մղումներին։ Դավիթը այդպիսի ընկեր չէր։ Նրա աղոթքներից երևում է, որ նա իր ողջ կյանքում՝ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, միշտ հավատ է դրսևորել իր Աստծու հանդեպ և սիրել է նրան (Սաղ. 40։8

6 Ուշադրություն դարձնենք, թե Դավիթը գովաբանության և երախտագիտության ինչ խոսքեր է ասում Եհովային. «Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է քո անունը ամբողջ երկրով մեկ, քո վեհությունը պատմվում է երկինքներից էլ վեր» (Սաղ. 8։1)։ Այս խոսքերը, անշուշտ, ցույց են տալիս, որ Դավիթը մտերիմ էր իր երկնային Հոր հետ։ Նա հիանում էր Աստծու փառահեղությամբ և շքեղությամբ, ուստի «ամբողջ օրը» փառաբանում էր նրան (Սաղ. 35։28

7. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ Աստծուն մոտենալով աղոթքի միջոցով։

7 Դավթի պես՝ մենք պետք է կանոնավորաբար շփվենք Եհովայի հետ, որպեսզի ավելացնենք մեր վստահությունը նրա հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8)։ Աղոթքը մեզ մտերմացնում է Եհովայի հետ և այն կարևոր միջոցներից է, որով ստանում ենք սուրբ ոգին (կարդա՛ 1 Հովհաննես 3։22

8. Ինչո՞ւ պետք է աղոթելիս խուսափենք նույն բառերն ու արտահայտությունները կրկնելուց։

8 Հակվա՞ծ ես ամեն անգամ նույն բառերով ու արտահայտություններով աղոթելու Աստծուն։ Եթե այդպես է, աղոթելուց առաջ մի քանի րոպե մտածիր, թե ինչի մասին ես ուզում խոսել։ Եթե մեր ընկերոջ կամ բարեկամի հետ խոսելիս ամեն անգամ օգտագործենք նույն բառերը, արդյոք դա նրան հաճելի կլինի՞։ Հավանաբար, նա այլևս չի ուզենա լսել մեզ։ Ճիշտ է, Եհովան երբեք չի փակի իր ականջը իր հավատարիմ ծառայի անկեղծ աղոթքի առաջ, այդուհանդերձ, լավ կլինի՝ սովորություն չդարձնենք ամեն անգամ նույն խոսքերով աղոթելը։

9, 10. ա) Ինչի՞ մասին կարող ենք աղոթել։ բ) Ի՞նչը կօգնի իմաստալից աղոթքներ անելու։

9 Պարզ է, որ, եթե ուզում ենք մոտենալ Աստծուն, չպետք է մակերեսորեն աղոթենք։ Որքան շատ մեր սիրտը բացենք նրա առաջ, այնքան ավելի մոտ կլինենք ու ավելի կվստահենք նրան։ Բայց ինչի՞ մասին պետք է աղոթենք։ Աստծու Խոսքն ասում է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպ. 4։6)։ Ճշմարտությունն այն է, որ մենք կարող ենք աղոթել այն ամենի մասին, ինչը առնչվում է մեր ու Աստծու փոխհարաբերություններին և մեր կյանքին։

10 Մենք շատ բան կսովորենք, եթե քննենք Աստվածաշնչում գրված այն աղոթքները, որ ասել են հավատարիմ տղամարդիկ ու կանայք (1 Սամ. 1։10, 11; Գործ. 4։24–31)։ Օրինակ՝ «Սաղմոսներ» գիրքը պարունակում են բազմաթիվ սրտաբուխ  աղոթքներ և Եհովային գովաբանող երգեր, որոնք արտահայտում են մարդկային բոլոր հույզերն ու զգացումները՝ տառապանքից մինչև ցնծություն։ Ուսումնասիրելով այդ հավատարիմների խոսքերը՝ կկարողանանք իմաստալից աղոթքներ անել։

ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ԱՍՏԾՈՒ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

11. Ինչո՞ւ պետք է խորհրդածենք Աստծու խորհուրդների շուրջ։

11 Դավիթն ասաց. «Եհովայի հիշեցումը հուսալի է, իմաստուն է դարձնում անփորձին» (Սաղ. 19։7)։ Այո՛, նույնիսկ եթե անփորձ ենք, կարո՛ղ ենք դառնալ իմաստուն, եթե հնազանդվենք Աստծու պատվիրաններին։ Բայց կան աստվածաշնչյան խորհուրդներ, որոնցից լիարժեք օգուտ կքաղենք միայն այն դեպքում, եթե խորհրդածենք դրանց շուրջ։ Օրինակ՝ խորհուրդներ ենք ստանում այն մասին, թե ինչպես պահենք մեր անարատությունը, երբ դպրոցում կամ աշխատավայրում ճնշումների ենք ենթարկվում։ Խորհուրդներ ենք ստանում նաև արյան, քրիստոնեական չեզոքության, հագուկապի և այլ հարցերի առնչությամբ։ Եթե այս և նման հարցերի վերաբերյալ ունենանք Աստծու տեսակետը, պատրաստ կլինենք փորձություններին։ Մենք մեր սրտում կվճռենք, թե ինչպես վարվենք այս կամ այն իրավիճակում։ Նախօրոք մտածելն ու պատրաստվելը կարող է ազատել մեզ բազմաթիվ գլխացավանքներից (Առակ. 15։28

12. Ինչի՞ մասին մտածելը կօգնի մեզ պահելու Աստծու հիշեցումները։

12 Այսօր մենք սպասում ենք Աստծու խոստումների կատարմանը։ Իսկ մինչ այդ ցո՞ւյց ենք տալիս, որ հոգևորապես արթուն ենք։ Օրինակ՝ իսկապե՞ս հավատում ենք, որ Մեծ Բաբելոնը շուտով կործանվելու է։ Մեզ համար իրակա՞ն են ապագա օրհնությունները, օրինակ՝ հավիտենական կյանքը երկրային դրախտում, այնպես, ինչպես որ իրական էին այն ժամանակ, երբ նոր էինք իմացել ճշմարտությունը։ Պահպանե՞լ ենք մեր քարոզչական եռանդը։ Ծառայությունը առաջնահե՞րթ է մեզ համար, թե՞ մեր ցանկություններն են առաջնահերթ։ Մեզ համար առաջվա պես կարևո՞ր են հարության հույսը, Եհովայի անվան սրբացումը և նրա գերիշխանության արդարացումը։ Այս հարցերի շուրջ խորհրդածելը կարող է օգնել մեզ անելու այն, ինչ ասաց սաղմոսերգուն. «[Աստծու] հիշեցումները ես հավիտյան ընդունել եմ» (Սաղ. 119։111

13. Առաջին դարի քրիստոնյաների համար ինչո՞ւ էր դժվար որոշ բաներ հասկանալ։ Բեր օրինակ։

13 Աստվածաշնչում գուցե լինեն որոշ բաներ, որոնք այժմ լիովին չենք հասկանում, որովհետև դեռ չի եկել այն ժամանակը, որ Եհովան պարզ դարձնի դրանք մեզ համար։ Հիսուսը շատ անգամ էր իր առաքյալներին ասել, որ ինքը չարչարվելու և սպանվելու է (կարդա՛ Մատթեոս 12։40; 16։21)։ Բայց նրանք չէին հասկանում, թե նա ինչ նկատի ուներ։ Առաքյալները դա հասկացան Հիսուսի մահից և հարությունից հետո, երբ նա մարդկային մարմնով հայտնվեց մի քանի աշակերտների և «ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (Ղուկ. 24։44–46; Գործ. 1։3)։ Հիսուսի հետևորդները միայն այն բանից հետո հասկացան, որ Աստծու Թագավորությունը հաստատվելու է երկնքում, երբ 33թ. Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց նրանց վրա (Գործ. 1։6–8

14. 20-րդ դարի սկզբում բազմաթիվ եղբայրներ ի՞նչ լավ օրինակ թողեցին՝ չնայած վերջին օրերի վերաբերյալ նրանց սխալ հասկացողությանը։

14 Նմանապես 20-րդ դարի սկզբում ճշմարիտ քրիստոնյաները որոշ սխալ ակնկալիքներ ունեին «վերջին օրերի» վերաբերյալ (2 Տիմոթ. 3։1)։ Օրինակ՝ ոմանք համոզված էին, որ 1914թ.-ին իրենք գնալու են երկինք։ Երբ նրանց հույսերը չիրականացան, նրանք Աստվածաշունչը ավելի խորը ուսումնասիրեցին և հասկացան, որ առջևում մեծ քարոզչական գործունեություն է սպասվում (Մարկ. 13։10)։ Ուստի 1922թ.-ին Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այն ժամանակ ղեկավարում էր քարոզչական գործը, Սիդար Փոյնթի (Օհայո նահանգ, ԱՄՆ) միջազգային համաժողովում ասաց. «Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա  մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին ու նրա Թագավորությունը»։ Այդ ժամանակվանից սկսած՝ «թագավորության բարի լուրը» հռչակելը դարձել է Եհովայի ժամանակակից ծառաների տարբերակիչ նշանը (Մատթ. 4։23; 24։14

15. Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ խորհրդածում ենք այն մասին, թե ինչպես է Աստված վարվում իր ժողովրդի հետ։

15 Եհովան հրաշալի ձևով է վարվել իր ժողովրդի հետ անցյալում և այժմ էլ նույն կերպ է վարվում։ Երբ խորհրդածում ենք այս մասին, ավելի մեծ վստահությամբ ենք լցվում, որ նա կկատարի իր կամքը և կիրագործի իր նպատակը։ Աստծու հիշեցումներն օգնում են մեզ մեր մտքում ու սրտում վառ պահելու այն մարգարեությունները, որոնք դեռ չեն կատարվել։ Կարող ենք համոզված լինել, որ այդպես մենք կավելացնենք մեր վստահությունը Աստծու խոստումների հանդեպ։

ԱՎԵԼԱՑՐՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ՝ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾԵՐ ԱՆԵԼՈՎ

16. Ի՞նչ օրհնություններ ենք ստանում՝ եռանդորեն ծառայելով Եհովային։

16 Եհովան հզոր և գործունյա Աստված է։ Սաղմոսերգուն ասաց. «Ո՞վ կա քեզ նման հզոր, ո՛վ Յահ։ ....Ուժե՛ղ է քո ձեռքը, քո աջ ձեռքը բարձրացված է» (Սաղ. 89։8, 13)։ Լինելով այսպիսի Աստված՝ Եհովան արժևորում և օրհնում է հանուն Թագավորության շահերի մեր գործադրած ջանքերը։ Նա տեսնում է, որ իր ծառաները՝ կին թե տղամարդ, երիտասարդ թե տարեց, ձեռքները ծալած չեն նստում և «ծուլության հացը» չեն ուտում (Առակ. 31։27)։ Եկեք ընդօրինակենք մեր Արարչին և միշտ զբաղված լինենք աստվածապետական գործերով։ Եհովան պարգևատրում է իր յուրաքանչյուր ծառայի, ով ամբողջ սրտով ծառայում է իրեն։ Նրան հաճելի է օրհնել մեր ծառայությունը (կարդա՛ Սաղմոս 62։12

17, 18. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հավատի գործեր անելով՝ ավելացնում ենք մեր վստահությունը Եհովայի հանդեպ։ Բեր օրինակ։

 17 Ինչպե՞ս է ավելանում մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ հավատի գործեր ենք անում։ Քննենք աստվածաշնչյան այն դրվագը, երբ իսրայելացիները մտնում էին Ավետյաց երկիր։ Եհովան ուխտի տապանակը տանող քահանաներին պատվիրեց մտնել ուղիղ Հորդանան գետը։ Երբ ժողովուրդը մոտեցավ գետին, որ անցնի, տեսավ, որ այն գարնանային անձրևներից վարարել է։ Ի՞նչ էին անելու իսրայելացիները։ Ճամբա՞ր էին դնելու գետի մոտ՝ մեկ-երկու շաբաթ կամ ավելի երկար սպասելով, որ ջրերի մակարդակն իջնի։ Ո՛չ, նրանք լիովին վստահեցին Եհովային և հետևեցին նրա հրահանգներին։ Արդյունքո՞ւմ։ Կարդում ենք. «Այն պահին, երբ տապանակը կրող քահանաները մոտեցան Հորդանանին և նրանց ոտքերն ընկղմվեցին ջրի եզերքի մեջ», «ջրերի հոսքը դադարեց, և ժողովուրդն անցավ գետը ու դուրս եկավ Երիքովի դիմաց» (Հեսու 3։12–17)։ Պատկերացրու, թե իսրայելացիները որքան սրտապնդվեցին՝ տեսնելով, որ կատաղի ջրերն այլևս չկան։ Այո՛, նրանց հավատը Եհովայի հանդեպ ավելացավ, որովհետև նրանք վստահեցին իրենց Աստծու առաջնորդությանը։

Կվստահե՞ս Եհովային այնպես, ինչպես իսրայելացիները՝ Հեսուի օրերում (տե՛ս պարբերություն 17, 18)

18 Ճիշտ է, այսօր Եհովան իր ժողովրդի համար նման հրաշքներ չի անում, բայց նա օրհնում է իր ծառաների հավատի գործերը։ Աստծու գործուն ուժի շնորհիվ նրանք կատարում են իրենց հանձնարարված գործը՝ քարոզել Թագավորության լուրը ամբողջ աշխարհում։ Եհովայի գլխավոր Վկան՝ Հիսուս Քրիստոսը, երբ արդեն հարություն էր առել, իր աշակերտներին հավաստիացրեց, որ աջակցելու է նրանց այս կարևոր գործում։ Նա ասաց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Բազմաթիվ Վկաներ, որոնք ամաչկոտ ու անհամարձակ են եղել, անձամբ են հաստատում, որ Աստծու սուրբ ոգին իրենց քաջություն է տվել խոսելու անծանոթների հետ ծառայության ժամանակ (կարդա՛ Սաղմոս 119։46; 2 Կորնթացիներ 4։7

19. Նույնիսկ եթե հնարավորություն չունենք ծառայելու այնքան, որքան կցանկանայինք, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

19 Որոշ եղբայրներ և քույրեր լուրջ ֆիզիկական սահմանափակումներ ունեն հիվանդության կամ տարիքի պատճառով։ Այդուհանդերձ, նրանք կարող են համոզված լինել, որ «գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» հասկանում է իր յուրաքանչյուր ծառայի հանգամանքները (2 Կորնթ. 1։3)։ Նա բարձր է գնահատում այն ամենը, ինչ մենք անում ենք հանուն Թագավորության շահերի։ Եկեք միշտ հիշենք, որ գլխավորապես Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ հավատն է, որ «մեր հոգին կենդանի է պահում» (Եբր. 10։39

20, 21. Ինչպե՞ս կարող ենք դրսևորել մեր վստահությունը Եհովայի հանդեպ։

20 Մենք, ինչքան կարողանում ենք, մեր ժամանակը, էներգիան և նյութական միջոցները տրամադրում ենք սուրբ ծառայությանը։ Այո՛, մենք ուզում ենք ամբողջ սրտով «անել ավետարանչի գործը» (2 Տիմոթ. 4։5)։ Մենք երջանիկ ենք, որ ունենք այս առանձնաշնորհումը, որովհետև դրանով օգնում ենք մարդկանց «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալու» (1 Տիմոթ. 2։4)։ Պատվելով և գովաբանելով Եհովային՝ մենք հոգևորապես հարստանում ենք (Առակ. 10։22)։ Բացի այդ, մեր վստահությունը Արարչի հանդեպ, անկախ ամեն ինչից, դառնում է լիարժեք (Հռոմ. 8։35–39

21 Ինչպես տեսանք, Եհովայի իմաստուն առաջնորդությանը վստահելը ինքնաբերաբար չի լինում. հարկավոր է ջանք թափել դրա համար։ Ուստի ամեն ինչ արա, որ աղոթքի միջոցով ապավինես Եհովային։ Խորհրդածիր այն ամենի շուրջ, ինչ նա իր կամքը կատարելու համար արել է անցյալում և անելու է ապագայում։ Շարունակիր ավելացնել վստահությունդ Եհովայի հանդեպ՝ հոգևոր գործեր անելով։ Եհովայի հիշեցումները մնալու են հավիտյան։ Եթե ականջ դնես այդ հիշեցումներին, ապա կապրես հավիտյան։