Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Սրբացվեցիք

Սրբացվեցիք

«Դուք լվացվեցիք, սրբացվեցիք» (1 ԿՈՐՆԹ. 6։11

1. Ի՞նչ է հայտնաբերում Նեեմիան, երբ վերադառնում է Երուսաղեմ (տե՛ս այս էջի նկարը)։

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ բնակիչները անհանգիստ են։ Մի վատահամբավ օտարական մնում է տաճարի սենյակներից մեկում։ Ղևտացիները թողնում են իրենց ծառայությունը։ Երկրպագության հարցում առաջնորդություն վերցնելու փոխարեն՝ երեցները Շաբաթ օրը առևտուր են անում։ Շատ հրեաներ ամուսնանում են այլազգիների հետ։ Սրանք այն վատ բաներից ընդամենը մի քանիսն են, որոնք հայտնաբերում է Նեեմիան, երբ վերադառնում է Երուսաղեմ (մ.թ.ա. 443-ից հետո ինչ-որ ժամանակ) (Նեեմ. 13։6

2. Ինչպե՞ս Իսրայելը դարձավ սուրբ ազգ։

2 Իսրայելը Աստծուն նվիրված ազգ էր։ Մ.թ.ա. 1513-ին իսրայելացիները վճռական էին հնազանդվելու Եհովային։ Նրանք ասացին. «Եհովայի ասած բոլոր խոսքերը կանենք» (Ելք 24։3)։ Ուստի Եհովան սրբացրեց Իսրայել ազգին, այսինքն՝ առանձնացրեց նրան՝ որպես իր ընտրյալ ժողովրդի։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում։ Քառասուն տարի անց Մովսեսը իսրայելացիներին հիշեցրեց. «Դու սուրբ ժողովուրդ ես քո Աստված Եհովայի համար։ Քո Աստված Եհովան երկրի երեսին եղող բոլոր ժողովուրդներից քեզ է ընտրել, որ իր ժողովուրդը լինես՝ իր հատուկ սեփականությունը» (2 Օրենք 7։6

3. Ինչպիսի՞ն էր հրեաների հոգևոր վիճակը, երբ Նեեմիան երկրորդ անգամ եկավ Երուսաղեմ։

3 Ցավոք, իսրայելացիների խանդավառությունը՝ սուրբ ազգ լինելու հետ կապված, երկար չտևեց։ Ճիշտ է, միշտ էլ կային հրեաներ, որոնք ծառայում էին Աստծուն, բայց, ընդհանուր առմամբ, իսրայելացիները ավելի շատ մտածում էին սուրբ և բարեպաշտ երևալու և ոչ թե Աստծու կամքը կատարելու մասին։ Երբ Նեեմիան երկրորդ անգամ եկավ Երուսաղեմ, արդեն մոտ հարյուր տարի էր անցել այն ժամանակից, երբ հավատարիմ մնացորդը ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու նպատակով վերադարձել էր Բաբելոնից։ Այո՛, հերթական անգամ հոգևոր բաների հանդեպ Իսրայել ազգի եռանդը մարում էր։

4. Ի՞նչ չորս բան կքննենք, որոնք կօգնեն մեզ մնալու սուրբ ժողովուրդ։

4 Իսրայելացիների պես՝ այսօր Եհովայի ժողովուրդը նրա կողմից սրբացված է։ Ե՛վ օծյալները, և՛ «մեծ  բազմությունը» սուրբ են, այսինքն՝ առանձնացված են Եհովային ծառայելու համար (Հայտն. 7։9, 14, 15; 1 Կորնթ. 6։11)։ Մեզնից ոչ ոք չի ուզում իսրայելացիների պես կորցնել իր այս առանձնաշնորհումը։ Ի՞նչը կօգնի, որ սուրբ մնանք և պիտանի լինենք Եհովային ծառայելու համար։ Կարող ենք անել հետևյալ չորս բաները, որոնք հիմնված են Նեեմիա 13-րդ գլխի վրա. 1) հեռու մնա վատ ընկերակցությունից, 2) աջակցիր աստվածապետական գործերին, 3) հոգևորը դիր առաջին տեղում և 4) պահպանիր քրիստոնեական ինքնությունդ։ Եկեք մեկ առ մեկ քննարկենք այս կետերը։

ՀԵՌՈՒ ՄՆԱ ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպե՞ս Նեեմիան ցույց տվեց, որ հավատարիմ է Եհովային (տե՛ս պարբերություն 5, 6)

5, 6. Ովքե՞ր էին Ելիասիբն ու Տուբիան, և հավանաբար ինչո՞ւ էր Ելիասիբը ընկերություն անում Տուբիայի հետ։

5 Կարդա՛ Նեեմիա 13։4–9։ Հեշտ չէ սուրբ մնալ, երբ շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, որոնք կարող են անմաքուր ազդեցություն թողնել մեզ վրա։ Ելիասիբը քահանայապետ էր, իսկ Տուբիան ամմոնացի էր և հավանաբար պարսկական իշխանության մանր պաշտոնյա էր Հրեաստանում։ Տուբիան և նրա ընկերները փորձում էին խանգարել Նեեմիային վերակառուցելու Երուսաղեմի պարիսպը (Նեեմ. 2։10)։ Ամմոնացիներին արգելված էր մտնել տաճարի տարածք (2 Օրենք 23։3)։ Ուստի հարց է առաջանում. քահանայապետն ինչո՞ւ էր Տուբիայի նման մարդուն տեղ հատկացրել տաճարի ճաշասրահում։

6 Տուբիան դարձել էր Ելիասիբի մտերիմը։ Տուբիան և նրա որդին՝ Հովհանանը, ամուսնացել էին հրեա կանանց հետ, և շատ հրեաներ լավ բաներ էին խոսում Տուբիայի մասին (Նեեմ. 6։17–19)։ Ելիասիբի թոռներից մեկը ամուսնացել էր Սամարիայի կառավարիչ Սանաբաղատի աղջկա հետ. Սանաբաղատը Տուբիայի ամենամտերիմ ընկերներից մեկն էր (Նեեմ. 13։28)։ Այս կապերն էին հավանաբար պատճառը, որ քահանայապետ Ելիասիբը թույլ էր տվել այլադավան և հակառակորդ մարդուն ազդել իր վրա։ Բայց Նեեմիան Եհովայի հանդեպ իր հավատարմությունը ցույց տվեց նրանով, որ Տուբիայի ամբողջ կահույքը ճաշասրահից դուրս շպրտեց։

7. Ինչպե՞ս են երեցներն ու Աստծու մյուս ծառաները զգուշանում, որ միշտ սուրբ լինեն Եհովայի առաջ։

7 Մենք նվիրվել ենք Եհովային, ուստի միշտ պետք է հավատարիմ լինենք նրան։ Եթե կառչած չմնանք Աստծու արդար չափանիշներին, չենք կարող նրա առաջ սուրբ լինել։ Չպետք է թույլ տանք, որ ընտանեկան կապերը ավելի կարևոր լինեն, քան աստվածաշնչյան սկզբունքները։ Որոշումներ կայացնելիս երեցները առաջնորդվում են ոչ թե սեփական տեսակետներով կամ իրենց զգացումներով, այլ Եհովայի տեսակետով (1 Տիմոթ. 5։21)։ Երեցները զգուշանում են այնպիսի բան անելուց, ինչը կարող է արատավորել իրենց բարի անունը Աստծու մոտ (1 Տիմոթ. 2։8

8. Ի՞նչ պետք է հիշեն Եհովայի ծառաները ընկերակցության հետ կապված։

8 Եկեք միշտ հիշենք, որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։ Մեր ազգականներից ոմանք գուցե վատ ազդեցություն ունենան մեզ վրա։ Ելիասիբը լավ օրինակ էր եղել ժողովրդի համար, երբ լիովին աջակցել էր Նեեմիային Երուսաղեմի պարիսպը վերակառուցելու գործում (Նեեմ. 3։1)։ Ժամանակի ընթացքում, սակայն, նա, ըստ ամենայնի, Տուբիայի և ուրիշների անառողջ ազդեցության տակ ընկնելով, արեց բաներ, որոնք իրեն անմաքուր դարձրին Եհովայի առաջ։ Լավ ընկերները հորդորում են մեզ զբաղվել հոգևոր գործերով, ինչպիսիք են՝ Աստվածաշնչի ընթերցանությունը, ժողովի հանդիպումներին մասնակցելը և բարի լուրը քարոզելը։ Մենք հատկապես շատ ենք սիրում ու գնահատում մեր ընտանիքի այն անդամներին, ովքեր մղում են մեզ անելու այն, ինչը ճիշտ է։

ԱՋԱԿՑԻՐ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ

9. Տաճարի գործերը ինչո՞ւ չէին կատարվում, և ո՞ւմ էր Նեեմիան մեղադրում դրա համար։

9 Կարդա՛ Նեեմիա 13։10–13։ Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ այն ժամանակ, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ, տաճարում նվիրաբերություններ գրեթե  չէին կատարվում։ Դրա համար էլ ղևտացիները թողել էին իրենց նշանակումները և գնացել իրենց դաշտերում աշխատելու, որպեսզի հոգան իրենց ընտանիքների կարիքները։ Նեեմիան ստեղծված վիճակի համար մեղադրեց փոխանորդներին։ Ակնհայտ էր, որ նրանք չէին կատարում իրենց պարտականությունները. ժողովրդից կա՛մ չէին հավաքում տասանորդը, կա՛մ էլ այն չէին ուղարկում տաճար (Նեեմ. 12։44)։ Նեեմիան քայլեր ձեռնարկեց տասանորդը հավաքելու համար։ Նա վստահելի մարդկանց հանձնարարեց հոգ տանել տաճարի պահեստների և կատարվելիք նվիրաբերությունների մասին։

10, 11. Ի՞նչ առանձնաշնորհում ունեն Աստծու ծառաները։

10 Ի՞նչ ենք սովորում։ Մենք առանձնաշնորհում ունենք պատվելու Եհովային մեր արժեքավոր բաներով (Առակ. 3։9)։ Երբ նվիրաբերություններ ենք կատարում Եհովայի գործին աջակցելու համար, մենք պարզապես նրան տալիս ենք այն, ինչը արդեն պատկանում է իրեն (1 Տար. 29։14–16)։ Մենք չպիտի մտածենք, որ պետք է շատ ունենանք, որ կարողանանք նվիրաբերել։ Բոլորս էլ կարող ենք նվիրաբերել. պարզապես հարկավոր է ունենալ տալու ցանկություն (2 Կորնթ. 8։12

11 Տասը հոգուց բաղկացած մի ընտանիք տարիներ շարունակ մի տարեց հատուկ ռահվիրա ամուսնական զույգի հրավիրել է շաբաթը մեկ անգամ իրենց հետ ճաշելու։ Այս ընտանիքում ութ երեխա կար, բայց ընտանիքի մայրը միշտ ասում էր. «Որտեղ տասը, այնտեղ էլ տասներկուսը»։ Շաբաթը մեկ անգամ ճաշի հրավիրելը գուցե մեծ բան չէ, բայց այդ ռահվիրաները շատ զգացված էին իրենց հանդեպ ցույց տրված հյուրասիրության համար։ Այս ամուսնական զույգն էլ օրհնություն էր այդ ընտանիքի համար։ Նրանց քաջալերական խոսքերը և պատմած հետաքրքիր դեպքերը մղեցին երեխաներին հոգևորապես առաջադիմելու։ Բոլոր երեխաներն էլ հետագայում լիաժամ ծառայություն սկսեցին։

12. Ի՞նչ լավ օրինակ են թողնում նշանակված տղամարդիկ ժողովում։

12 Մեկ ուրիշ բան էլ ենք սովորում։ Նեեմիայի պես՝ այսօր նշանակված տղամարդիկ պետք է լավ օրինակ լինեն աստվածապետական գործերին աջակցելու հարցում։ Ժողովի մյուս անդամները օգուտներ են քաղում նրանց առաջնորդությունից։ Դրանով երեցները ընդօրինակում են նաև Պողոս առաքյալին։ Վերջինս աջակցեց ճշմարիտ երկրպագությանը և օգտակար առաջնորդություն տվեց։ Օրինակ՝ նա մի շարք գործնական առաջարկներ արեց նվիրաբերություն անելու հետ կապված (1 Կորնթ. 16։1–3; 2 Կորնթ. 9։5–7

ՀՈԳԵՎՈՐԸ ԴԻՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

13. Ինչպե՞ս էին որոշ հրեաներ անհարգալից վերաբերմունք դրսևորում Շաբաթի հանդեպ։

13 Կարդա՛ Նեեմիա 13։15–21։ Եթե չափից շատ մտածենք նյութական բաների  մասին, ապա աստիճանաբար հոգևորապես կթուլանանք։ Ըստ Ելք 31։13-ի՝ Շաբաթը իսրայելացիներին հիշեցնում էր, որ իրենք սրբացված ժողովուրդ են։ Շաբաթ օրը նրանք պետք է ընտանեկան երկրպագություն անեին, աղոթեին և խորհրդածեին Աստծու Օրենքի շուրջ։ Նեեմիայի ժամանակակիցներից ոմանց համար Շաբաթը մյուս օրերի պես էր, երբ իրենք զբաղվում էին իրենց գործերով։ Երկրպագությունը երկրորդ պլան էր մղվել։ Տեսնելով, թե ինչ է կատարվում՝ Նեեմիան վեցերորդ օրվա վերջում փակել տվեց քաղաքի դարպասները և, նախքան կսկսվեր Շաբաթը, վռնդեց օտարերկրացի վաճառականներին։

14, 15. ա) Ի՞նչ կարող է լինել, եթե սահմաններ չդնենք մեր կոմերցիոն գործունեության վրա։ բ) Ինչպե՞ս կարող ենք մտնել Աստծու հանգստի մեջ։

14 Ի՞նչ ենք սովորում Նեեմիայից։ Դասերից մեկն այն է, որ սահմաններ դնենք մեր կոմերցիոն գործունեության վրա։ Հակառակ դեպքում հեշտությամբ կշեղվենք, և նույնիսկ գուցե մեր սիրտը երկու մասի բաժանվի, մանավանդ եթե սիրում ենք մեր աշխատանքը։ Հիշենք Հիսուսի նախազգուշացումը երկու տիրոջ ծառայելու մասին (կարդա՛ Մատթեոս 6։24)։ Նեեմիան ուներ ֆինանսական միջոցներ և կարող էր գործարար կապեր հաստատել տյուրոսցիների և ուրիշների հետ (Նեեմ. 5։14–18)։ Բայց նա իր ժամանակը այլ կերպ օգտագործեց։ Նեեմիան ամբողջությամբ իր անձը տրամադրեց իր ազգակիցներին օգնելուն, ինչպես նաև Եհովայի անվան սրբացմանը նպաստող գործեր անելուն։ Նմանապես այսօր երեցներն ու ծառայող օգնականները ջանք չեն խնայում ժողովի օգտին գործեր անելու համար։ Հավատակիցները սիրում են նրանց այսպիսի ոգի ցուցաբերելու համար։ Արդյունքում Աստծու ժողովրդի մեջ տիրում է սեր, խաղաղություն և ապահովություն (Եզեկ. 34։25, 28

15 Թեև այսօր քրիստոնյաներից չի պահանջվում պահել Շաբաթը, բայց Պողոսն ասում է, որ «Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում»։ Հետո ավելացնում է. «Այն մարդը, ով մտավ Աստծու հանգստի մեջ, ինքն էլ հանգստացավ իր գործերից, ինչպես որ Աստված՝ իր գործերից» (Եբր. 4։9, 10)։ Մենք կարող ենք մտնել Աստծու հանգստի մեջ, եթե հնազանդ լինենք և գործենք նրա՝ աստիճանաբար կատարվող նպատակին ներդաշնակ։ Քեզ և քո ընտանիքի անդամների համար առաջնահե՞րթ են ընտանեկան երկրպագությունը, ժողովի հանդիպումները և բարի լուրի քարոզչությունը։ Եթե մեր գործատերը կամ աշխատակիցները լուրջ չեն վերաբերվում մեր այս աստվածապետական գործերին, գուցե հարկ լինի վճռական լինելու և նրանց հստակ ցույց տալու, որ հոգևոր գործերը ամենից կարևորն են մեզ համար։ Գուցե հարկ լինի «փակել քաղաքի դարպասները և վռնդել տյուրոսցիներին», որպեսզի կարողանանք առաջնահերթություն տալ սուրբ բաներին։ Քանի որ մենք սրբացված ենք, ինքներս մեզ պետք է հարց տանք. «Իմ ապրելակերպից երևո՞ւմ է, որ առանձնացված եմ Եհովայի ծառայության համար» (Մատթ. 6։33

ՊԱՀՊԱՆԻՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԴ

16. Ինչպե՞ս էր Իսրայել ազգի՝ սուրբ ժողովրդի ինքնությունը վտանգի ենթարկվել։

16 Կարդա՛ Նեեմիա 13։23–27։ Նեեմիայի օրերում իսրայելացիները ամուսնանում էին օտարազգի կանանց հետ։ Նեեմիան, երբ առաջին անգամ Երուսաղեմում էր, բոլոր երեցներին ստիպել էր գրավոր համաձայնություն տալ, որ չեն ամուսնանա հեթանոսների հետ (Նեեմ. 9։38; 10։30)։ Մի քանի տարի անց, սակայն, նա տեսավ, որ հրեա տղամարդիկ ամուսնացել են օտարազգի կանանց հետ, և դա վտանգի տակ էր դրել իրենց՝ Աստծու կողմից սրբացված ժողովրդի ինքնությունը։ Այս օտարազգի կանանցից ծնված երեխաները չէին կարողանում կարդալ կամ խոսել եբրայերեն։ Երբ նրանք մեծանային, իրենք իրենց կհամարեի՞ն իսրայելացի, թե՞ կմտածեին, որ իրենք ազոտոսցի, ամմոնացի կամ մովաբացի են։ Եբրայերեն չիմանալով՝ կկարողանայի՞ն հասկանալ Աստծու Օրենքը։ Ինչպե՞ս նրանք կկարողանային ճանաչել Եհովային և որոշել ծառայել նրան՝ իրենց մայրերի  կեղծ աստվածների փոխարեն։ Անհրաժեշտ էր ձեռնարկել անհապաղ ու վճռական քայլեր, և Նեեմիան հենց այդպես էլ վարվեց (Նեեմ. 13։28

Օգնիր երեխայիդ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ (տե՛ս պարբերություն 17, 18)

17. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։

17 Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր երեխաները քրիստոնեական ինքնություն ձեռք բերեն։ Ծնողնե՛ր, հարցրեք ինքներդ ձեզ. «Որքա՞ն լավ են երեխաներս խոսում սուրբգրային ճշմարտության «մաքուր լեզվով» (Սոփ. 3։9)։ Նրանց խոսակցությունները Աստծո՞ւ ոգու ազդեցությունն են ցույց տալիս, թե՞ աշխարհի»։ Չվհատվես, եթե տեսնես, որ բարելավումների կարիք կա։ Լեզու սովորելու համար ժամանակ է պետք, հատկապես երբ շրջապատված ենք շեղող հանգամանքներով։ Երեխաներդ մեծ ճնշման տակ են։ Ուստի ընտանեկան երկրպագության ժամանակ և այլ առիթներով համբերատար կերպով օգնիր նրանց մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ (2 Օրենք 6։6–9)։ Ընդգծիր Սատանայի աշխարհից տարբերվելու օգուտները (Հովհ. 17։15–17)։ Ձգտիր հասնել նրանց սրտին։

18. Ինչո՞ւ քրիստոնյա ծնողներից բացի ուրիշ ոչ ոք չի կարող ավելի լավ օգնել իրենց երեխային նվիրվելու Եհովային։

18 Ինչ խոսք, ի վերջո յուրաքանչյուր երեխա ինքն է որոշում ծառայել Աստծուն, թե ոչ։ Այնուամենայնիվ, ծնողը շատ բան կարող է անել։ Նա կարող է լավ օրինակ լինել, հստակ սահմաններ դնել և երեխաներին բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է բերել այս կամ այն որոշումը։ Ծնողնե՛ր, ձեզնից ավելի լավ ոչ ոք չի կարող օգնել ձեր երեխային նվիրվելու Եհովային։ Քրիստոնեական ինքնություն ձեռք բերելու և այն պահպանելու համար նրանք ձեր կարիքն ունեն։ Ինչ խոսք, բոլորս էլ պետք է զգոն լինենք, որ չկորցնենք մեր այլաբանական «վերնահագուստները»՝ մեր այն հատկություններն ու չափանիշները, որոնք բնորոշում են մեզ որպես Քրիստոսի հետևորդների (Հայտն. 3։4, 5; 16։15

ՀԻՇՎԵՆՔ «Ի ԲԱՐԻՆ»

19, 20. Ի՞նչ կարող ենք անել, որ Եհովան հիշի մեզ «ի բարին»։

19 Նեեմիայի ժամանակակիցներից մեկը Մաղաքիա մարգարեն էր, որն ասաց, որ «հիշատակի գիրք [է] գրվում Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին» (Մաղ. 3։16, 17)։ Աստված երբեք չի մոռանում նրանց, ովքեր ակնածալից վախ ունեն իր հանդեպ և սիրում են իր անունը (Եբր. 6։10

20 Նեեմիան աղոթեց. «Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին» (Նեեմ. 13։31)։ Ինչպես Նեեմիայի անունն է գրվել Աստծու հիշատակի գրքում, այնպես էլ մեր անունները կգրվեն, եթե շարունակենք հեռու մնալ վատ ընկերակցությունից, աջակցենք աստվածապետական գործերին, հոգևորը դնենք առաջին տեղում և պահպանենք մեր քրիստոնեական ինքնությունը։ Եկեք «շարունակ ստուգենք, թե արդյոք հավատի մեջ ենք» (2 Կորնթ. 13։5)։ Եթե պահպանենք մեր սուրբ փոխհարաբերությունները Եհովայի հետ, նա կհիշի մեզ «ի բարին»։