Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2013

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Թագավորին շատ դուր եկավ

Թագավորին շատ դուր եկավ

1936թ. օգոստոսին էր, Սվազիլենդի Սոբհուզա II թագավորի նստավայրում։ Ռոբերտ և Ջորջ Նիզբեթները ավտոմեքենայի վրա դրված ձայնափողի միջոցով հնչեցրել էին եղբայր Ռադերֆորդի ելույթները և դրանից հետո՝ երաժշտություն։ Թագավորին շատ էր դուր եկել։ Եղբայր Ջորջը ասաց. «Մենք շատ զարմացանք, երբ նա ցանկացավ գնել ձայնի վերարտադրման սարքը, ձայնագրությունները և Թագավորության լուրի բարձրախոսները»։

Ռոբերտն ասաց, որ ցավում է, բայց չեն կարող դրանք վաճառել։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ամենը պատկանում էր ուրիշի։ Թագավորին հետաքրքրեց, թե ում։

Ռոբերտը պատասխանեց. «Այդ բոլորը պատկանում է մեկ ուրիշ թագավորի»։ Սոբհուզան հարցրեց, թե ով է այդ թագավորը։ «Նա Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Թագավորության Թագավորը»,— ասաց Ռոբերտը։

«Ա՜, նա մե՜ծ Թագավոր է,— խոր հարգանքով ասաց Սոբհուզան։— Ես չեմ ուզում վերցնել այն, ինչը նրան է պատկանում»։

Ռոբերտը գրեց. «Գլխավոր առաջնորդը՝ Սոբհուզա թագավորը, ինձ անչափ տպավորեց։ Նա անգլերեն հրաշալի էր խոսում՝ առանց հպարտության նշույլ անգամ դրսևորելու, և լիովին անկեղծ ու մատչելի էր»։ Մենք մոտ 45 րոպե նրա գրասենյակում զրուցեցինք, իսկ այդ ընթացքում Ջորջը դրսում երաժշտություն էր հնչեցնում։

«Այդ օրը ավելի ուշ,— շարունակեց Ռոբերտը,— մենք այցելեցինք Սվազիլենդի ազգային դպրոց։ Ամենից հետաքրքիրը այստեղ էր։ Մենք վկայություն տվեցինք տնօրենին. նա մեզ շատ ուշադիր լսեց։ Երբ ասացինք, որ ունենք մի սարք, որի միջոցով հնարավոր է ձայնագրություն լսել, նա ուրախացավ և հավաքեց գրեթե հարյուրի հասնող աշակերտներին, որ նստեն խոտին ու լսեն։ Մեզ ասացին, որ դպրոցում տղաներին ուսուցանում են հողագործություն, այգեգործություն, ատաղձագործություն, շինարարություն, անգլերեն և մաթեմատիկա, իսկ աղջիկներին՝ դայակություն, տնային տնտեսություն և ուրիշ օգտակար գործեր»։ Այդ դպրոցը հիմնադրել էր գլխավոր առաջնորդի տատը *։

Դպրոցի աշակերտները լսում են հանրային ելույթ, Սվազիլենդ, 1936թ.

Դեռևս 1933թ.-ին Սոբհուզա թագավորը հաճույքով լսել էր իր նստավայր եկած ռահվիրաներին։ Մի անգամ նա նույնիսկ հավաքել էր 100 հոգուց բաղկացած իր թիկնազորին, որպեսզի նրանք լսեն Թագավորության լուրը։ Նա բաժանորդագրվեց  մեր հրատարակություններին և վերցրեց գրականություն։ Շատ չանցած՝ թագավորն արդեն աստվածապետական գրադարան ուներ, որտեղ կային մեր գրեթե բոլոր գրքերը։ Ավելին, նա գրադարանը անձեռնմխելի պահեց, չնայած որ բրիտանական գաղութատիրական կառավարությունը արգելք էր դրել մեր գրականության վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Սոբհուզա II թագավորը շարունակեց իր մոտ՝ Լոբամբայում, ընդունել Վկաներին և նույնիսկ հրավիրում էր հոգևորականների, որ լսեն մեր աստվածաշնչային ելույթները։ Մի անգամ, մինչ տեղացի եղբայր Հելվի Մաշազին խոսում էր Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխի շուրջ, հոգևորականները նստած տեղից բարկացած վեր ցատկեցին և փորձեցին ստիպել նրան նստել։ Բայց թագավորը միջամտեց և եղբայր Մաշազիին խնդրեց շարունակել։ Ավելին, նա ներկաներին ասաց, որ գրի առնեն ելույթում ներկայացված բոլոր սուրբգրային համարները։

Մի անգամ, երբ մի ռահվիրա եղբայր հերթական ելույթն էր ներկայացնում թագավորի նստավայրում, ներկա չորս հոգևորականներն ասացին. «Մենք այլևս հոգևորականներ չենք։ Մենք հիմա արդեն Եհովայի վկաներ ենք»։ Հետո նրանք այդ եղբորը խնդրեցին իրենց էլ տալ այն գրքերից, որոնք կային գլխավոր առաջնորդի մոտ։

Գլխավոր առաջնորդը 1930-ականներից մինչև իր մահը՝ 1982թ., հարգանքով էր վերաբերվում Եհովայի վկաներին և թույլ չէր տալիս, որ նրանց հալածեն Սվազիլենդի ծեսերը չպահելու համար։ Ուստի Վկաները անչափ երախտապարտ էին նրան և շատ տխրեցին, երբ նա մահացավ։

2013թ. սկզբում Սվազիլենդում կար 3000-ից ավելի քարոզիչ։ Այս երկրում, որի բնակչությունը մեկ միլիոնից մի քիչ է ավելի, մեկ քարոզչին ընկնում է 384 մարդ։ 90 ժողովներում կա 260-ից ավելի ընդհանուր ռահվիրա, իսկ 2012թ. Հիշատակի երեկոյին ներկա եղավ 7496 հոգի։ Պարզ է, որ աճի մեծ հնարավորություն դեռ կա։ Այո՛, այդ աճի հիմքը դրվեց դեռևս 1930-ականներին, երբ եղբայրները այցելում էին Սվազիլենդի թագավորին (Հարավաֆրիկյան Հանրապետության մեր արխիվներից)։

^ պարբ. 8 «Ոսկե դար», 1937, հունիսի 30, էջ 629, անգլ.։