Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Ուշադիր լինենք միմյանց հանդեպ և քաջալերենք իրար

Ուշադիր լինենք միմյանց հանդեպ և քաջալերենք իրար

«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար» (ԵԲՐ. 10։24

1, 2. Ի՞նչն օգնեց 230 Վկաներին կենդանի մնալու մահվան երթում։

ԵՐԿՐՈՐԴ համաշխարհային պատերազմի վերջում, երբ նացիստական վարչակարգը արդեն փլուզվում էր, նացիստները որոշեցին համակենտրոնացման ճամբարներում ողջ մնացած հազարավոր մարդկանց սպանել։ Զակսենհաուզենի բանտարկյալներին տանելու էին նավահանգիստներ, որտեղ նրանց նստեցնելու էին նավեր, և այդ նավերը ծովում խորտակելու էին։ Սա այն ծրագրի մի մասն էր, որը հետագայում ստացավ «մահվան երթեր» անվանումը։

2 Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարի 33000 բանտարկյալներ ոտքով պետք է անցնեին 250 կիլոմետր դեպի Լյուբեկ, որը Գերմանիայի նավահանգիստներից մեկն է։ Նրանց մեջ կար 230 Եհովայի վկա՝ վեց տարբեր երկրներից։ Բոլոր բանտարկյալները ուժասպառ էին եղել քաղցից և հիվանդություններից։ Մեր հավատակիցներն ինչպե՞ս վերապրեցին այդ երթից։ Նրանցից մեկն ասաց. «Մենք անընդհատ քաջալերում էինք իրար, որ շարունակենք քայլել»։ Աստծու տված «սովորականին գերազանցող ուժը» և միմյանց հանդեպ սերը օգնեցին նրանց վերապրելու այդ չափազանց ծանր փորձությունից (2 Կորնթ. 4։7

3. Ինչո՞ւ պետք է քաջալերենք միմյանց։

3 Ճիշտ է, այսօր մենք մահվան երթում չենք, բայց բազմաթիվ դժվարություններ ունենք։ Այն բանից հետո, երբ 1914թ.-ին հաստատվեց Աստծու Թագավորությունը, Սատանան դուրս շպրտվեց երկնքից և գցվեց երկրի մերձակայքը։ Նա «մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։7–9, 12)։ Մինչ մոտենում է Արմագեդոնը, Սատանան ճնշումների և փորձությունների միջոցով փորձում է հոգևորապես թուլացնել մեզ։ Բացի այդ, մեր ամենօրյա կյանքը լի է սթրեսներով (Հոբ 14։1; Ժող. 2։23)։ Երբեմն դժվարություններն այնքան շատ են լինում, որ վհատվում ենք, և մեր էմոցիոնալ ու հոգևոր ուժերը  չեն բավականացնում վհատության դեմ պայքարելու համար։ Մի եղբայր տասնամյակներ շարունակ հոգևորապես օգնել էր բազմաթիվ մարդկանց։ Բայց երբ հասակն արդեն առել էր, նրա ու իր կնոջ առողջությունը վատացավ, ինչի պատճառով եղբայրը վհատվեց։ Նրա նման՝ բոլորս կարիք ունենք քաջալերանքի և «սովորականին գերազանցող ուժի», որ տալիս է Եհովան։

4. Պողոս առաքյալի ո՞ր խորհրդին պետք է հետևենք։

4 Որպեսզի կարողանանք քաջալերել ուրիշներին, պետք է հետևենք Պողոս առաքյալի հորդորին, որը նա տվեց եբրայեցի քրիստոնյաներին։ Նա ասաց. «Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել այս իմաստուն խորհուրդը։

«ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ»

5. Ի՞նչ է նշանակում ուշադիր լինել մեկի հանդեպ, և ի՞նչ է պետք այդպես վարվելու համար։

5 «Ուշադիր լինել մեկի հանդեպ» նշանակում է «հաշվի առնել նրա կարիքները, մտածել նրա մասին»։ Կարո՞ղ ենք ասել, որ ուշադիր ենք դիմացինի հանդեպ, եթե Թագավորության սրահում միայն բարևում ենք մեր եղբորը կամ քրոջը կամ նրա հետ զրուցում ենք միայն ոչ էական թեմաներով։ Իրականում ոչ։ Իհարկե, մենք ուզում ենք «միայն [մեր] գործով զբաղվել» և չլինել «ուրիշների գործերին խառնվողներ» (1 Թեսաղ. 4։11; 1 Տիմոթ. 5։13)։ Այնուամենայնիվ, եթե ուզում ենք քաջալերել մեր հավատակիցներին, պետք է ճանաչենք նրանց, այսինքն՝ իմանանք, թե ինչպիսին է նրանց կյանքը, հոգևոր վիճակը, ինչ հատկություններ ունեն, որոնք են նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Նրանք պետք է տեսնեն, որ մենք իրենց ընկերներն ենք և սիրում ենք իրենց։ Դրա համար անհրաժեշտ է նրանց ժամանակ հատկացնել ոչ միայն այն դեպքում, երբ նրանք խնդիրներ ունեն ու վհատված են, այլ նաև ուրիշ դեպքերում (Հռոմ. 12։13

6. Ի՞նչը կօգնի երեցին «ուշադիր» լինելու իր հոգածության տակ գտնվողների հանդեպ։

6 Աստվածաշունչը ժողովի երեցներին հորդորում է հոժարակամորեն և ջանասիրությամբ «հովվել իրենց հոգածությանը հանձնված Աստծու հոտը» (1 Պետ. 5։1–3)։ Ինչպե՞ս նրանք կկարողանան լավ կատարել հովվական գործը, եթե չճանաչեն հոտի անդամներին (կարդա՛ Առակներ 27։23)։ Եթե ժողովի անդամները զգան, որ երեցները պատրաստ են օգնելու իրենց և հաճույքով են իրենց հետ ժամանակ անցկացնում, ավելի հակված կլինեն օգնության դիմելու։ Բացի այդ, նրանք ավելի շատ կմղվեն արտահայտելու իրենց խորին զգացմունքներն ու անհանգստությունները։ Այդպիսով ժողովի անդամները հնարավորություն կտան երեցներին «ուշադիր» լինելու իրենց կարիքների հանդեպ և օգնություն տրամադրելու։

7. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք վհատված մարդու անմտածված խոսքերին։

7 Պողոսը Թեսաղոնիկեի ժողովին գրեց. «Թիկունք կանգնեք թույլերին» (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Ինչ-որ իմաստով՝ «վհատված հոգիները» թույլ են։ Առակներ 24։10-ում ասվում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Վհատված մարդը գուցե անմտածված խոսի (Հոբ 6։2, 3)։ Եթե ուզում ենք «ուշադիր լինել» նման մարդկանց հանդեպ, պետք է հիշենք, որ այն, ինչ նրանք ասում են, հավանաբար, իրականում այն չէ, ինչ նրանք մտածում են։ Ռաշելը, որի մայրը խիստ վհատված է, անձամբ է համոզվել դրանում։ Նա ասում է. «Հաճախ է եղել, որ մաման տհաճ բաներ է ասել։ Գրեթե միշտ աշխատել եմ ինքս ինձ հիշեցնել, որ նա իրականում սիրող, բարի և մեծահոգի մարդ է։ Ես հասկացա, որ վհատված մարդիկ կարող են ասել բաներ, որոնք իրականում չէին ուզենա ասել։ Ամենավատն այն է, երբ չար խոսքին կամ  արարքին նույն ձևով ես պատասխանում»։ Առակներ 19։11-ում ասվում է. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է»։

8. Հատկապես ո՞ւմ պետք է հավաստիացնենք մեր սիրո մեջ, և ինչո՞ւ։

8 Իսկ ինչպե՞ս կարող ենք «ուշադիր լինել» այն մարդու հանդեպ, ով ընկճված է, որովհետև շարունակում է ամոթ կամ հուսահատություն զգալ անցյալում գործած մեղքի համար, չնայած որ քայլեր է ձեռնարկել ուղղվելու համար։ Կորնթոսի ժողովում կար մի մարդ, որը մեղք էր գործել և հետո զղջացել էր։ Նրա մասին Պողոսը գրեց. «Դուք պետք է մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան, որ չլինի թե նա կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը։ Ուստի հորդորում եմ ձեզ, որ հավաստիացնեք նրան ձեր սիրո մեջ» (2 Կորնթ. 2։7, 8)։ Ըստ մի բառարանի՝ «հավաստիացնել» թարգմանված բառը նշանակում է «հաստատել, վավերացնել, օրինական ուժ տալ»։ Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ սիրում ենք իրեն ու իր մասին մտածում ենք, եթե մեր խոսքով ու գործով ցույց չտանք դա։

«ՍԻՐՈ ՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄՂԵՆՔ ԻՐԱՐ»

9. Ի՞նչ է նշանակում «սիրո և բարի գործերի մղել»։

9 «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար»,— գրեց Պողոսը։ Մենք պետք է մղենք մեր հավատակիցներին դրսևորելու սեր և անելու բարի գործեր։ Եթե, օրինակ, կրակը սկսում է մարել, մենք կարող ենք փայտ գցել ու փչել, որ այն բորբոքվի (2 Տիմոթ. 1։6)։ Նույն ձևով կարող ենք անել բաներ, որոնց միջոցով կմղենք մեր եղբայրներին և քույրերին դրսևորելու իրենց սերը Աստծու և մերձավորի հանդեպ։ Տեղին գովասանքը շատ կարևոր է ուրիշներին բարի գործերի մղելու համար։

Հավատակցիդ հրավիրիր ծառայության

10, 11. ա) Մեզանում ովքե՞ր գովասանքի կարիք ունեն։ բ) Օրինակով ցույց տուր, թե գովասանքն ինչպես կարող է օգնել սխալ քայլ արած մարդուն։

10 Անկախ նրանից՝ վհատված ենք, թե ոչ՝ բոլորս գովասանքի կարիք ունենք։ Մի երեց գրեց. «Հայրս գոնե մի անգամ ինձ չի գովել, ուստի փոքրուց տառապում եմ թերարժեքության զգացումից.... Թեև հիմա 50-ն անց եմ, բայց առաջվա պես ընկերներիս հավաստիացումների կարիքն ունեմ, որ լավ եմ անում երեցի պարտականություններս....  Սեփական փորձով գիտեմ, թե որքան կարևոր է քաջալերել ուրիշներին, ուստի առիթը բաց չեմ թողնում դա անելու»։ Գովասանքը կարող է ոգևորել բոլորին՝ ռահվիրաներին, տարեցներին, վհատվածներին և այլն (Հռոմ. 12։10

11 «Հոգևոր որակներ ունեցողները», փորձելով ուղղել սխալ քայլ արած մարդուն, նրան պետք է սիրառատ խորհուրդ տան, ինչպես նաև տեղին գովեն։ Դա անելը կարող է մղել այդ մարդուն դարձյալ բարի գործեր անելու (Գաղ. 6։1)։ Միրիամ անունով մի քույր անձամբ համոզվեց դրանում։ Նա գրում է. «Ինձ համար անչափ ծանր էր, երբ մտերիմ ընկերներիցս մի քանիսը թողեցին ժողովը։ Բացի այդ, հայրս այդ ժամանակ տառապում էր ուղեղի արյունազեղումից։ Ես շատ ընկճված էի։ Փորձելով դեպրեսիայից դուրս գալ՝ սկսեցի ընկերություն անել աշխարհային տղայի հետ»։ Դրա պատճառով Միրիամը իրեն անարժան զգաց Աստծու սիրուն և սկսեց մտածել ճշմարտությունը թողնելու մասին։ Երբ երեցը հիշեցրեց նրան, թե ինչպես էր քույրը նախկինում հավատարմորեն ծառայում, նա շատ հուզվեց։ Նա երեցներին հնարավորություն տվեց հավաստիացնելու իրեն Եհովայի սիրո մեջ։ Դրա շնորհիվ Միրիամի սերը կրկին բորբոքվեց։ Քույրը խզեց կապերը այդ տղայի հետ և շարունակեց ծառայել Եհովային։

Մղիր սիրո և բարի գործերի

12. Ի՞նչ կարելի է ասել ամոթանքի, քննադատության կամ մեղադրանքի միջոցով մարդուն գործերի մղելու մասին։

12 Եթե ամոթով անենք մեր հավատակցին՝ նրան ուրիշների հետ համեմատելով, մեր սահմանած խիստ չափանիշներով քննադատելով կամ էլ այնպես անելով, որ նա իրեն մեղավոր զգա, որ չի կարողանում ավելին անել, ապա դրանով, ճիշտ է, գուցե մղենք նրան ավելին անելու, բայց դա միայն ժամանակավոր կլինի։ Իսկ եթե նրան գովենք և հիշեցնենք, որ բոլորս, Աստծու հանդեպ սիրուց մղված, ջանում ենք անել լավագույնը, ապա դա կարող է ունենալ տևական դրական ազդեցություն (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։1–4

«ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ»

13. Ի՞նչ է մտնում քաջալերելու մեջ (տե՛ս 18-րդ էջի նկարը)։

13 Մենք պետք է «քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»։ Սիրո և բարի գործերի մղելը կարելի է համեմատել մարող կրակը բորբոքելու հետ, իսկ քաջալերելը՝ կրակի մեջ փայտ գցելու հետ, որպեսզի այն շարունակի վառվել կամ ավելի ուժեղ վառվի։ Եղբայրներին և քույրերին քաջալերելու մեջ մտնում է նրանց զորացնելը և մխիթարելը, ինչի շնորհիվ նրանք կմղվեն շարունակելու առաջ ընթանալ սուրբ ծառայության մեջ։ Երբ փորձում ենք քաջալերել վհատված մարդուն, պետք է խոսենք ջերմորեն ու սիրալիր (Առակ. 12։18)։ Բացի այդ, հարկավոր է «արագ լին[ել] լսելու մեջ» և «դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակ. 1։19)։ Եթե լսենք կարեկցանքով, մեզ դնենք մեր հավատակցի տեղը, ապա կկարողանանք հասկանալ, թե ինչու է մեր եղբայրը կամ քույրը վհատվում, և կասենք այնպիսի խոսքեր, որոնք կարող են օգնել նրան։

Հաճույքով ժամանակ անցկացրու հավատակիցներիդ հետ

14. Ինչպե՞ս երեցը օգնեց հիասթափված եղբորը։

14 Տեսնենք, թե մի կարեկից երեց ինչպես օգնեց մի եղբոր, որը մի քանի տարի  ոչ ակտիվ քարոզիչ էր։ Այդ եղբորը լսելու ընթացքում երեցը հասկացավ, որ նա առաջվա պես շատ է սիրում Եհովային։ Եղբայրը մանրակրկիտ ուսումնասիրում էր «Դիտարանի» յուրաքանչյուր համար և ջանում էր կանոնավորաբար ներկա լինել հանդիպումներին։ Սակայն ժողովի որոշ անդամների արարքների պատճառով նա հիասթափվել էր ու դառնացել։ Երեցը որևէ քննադատական խոսք չասաց նրան, այլ կարեկցանքով լսեց և արտահայտեց իր սերը եղբոր ու նրա ընտանիքի հանդեպ։ Ժամանակի ընթացքում եղբայրը հասկացավ, որ թույլ է տվել՝ անցյալում տեղի ունեցած տհաճ դեպքերը խանգարեն իրեն ծառայելու այն Աստծուն, որին սիրում է։ Երեցը եղբորը հրավիրեց միասին գնալու ծառայության։ Նրա օգնությամբ եղբայրը վերստին սկսեց ծառայել և ի վերջո նորից նշանակվեց երեց։

Կարեկցանքով լսիր քաջալերանքի կարիք ունեցողին (տե՛ս պարբերություն 14, 15)

15. Ի՞նչ ենք սովորում Եհովայից վհատված մարդկանց քաջալերելու մասին։

15 Վհատված մարդը գուցե անմիջապես իրեն լավ չզգա օգնություն ստանալուց հետո կամ արագորեն չարձագանքի այդ օգնությանը։ Ուստի գուցե հարկ լինի շարունակ աջակցել նրան։ Պողոսն ասաց. «Թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։ Մենք պետք է ոչ թե, այսպես ասած, ձեռք քաշենք մեր հավատակցից, այլ «թիկունք կանգնենք» նրան, շարունակենք աջակցել։ Անցյալում Եհովան համբերատար էր իր վհատված ծառաների հանդեպ։ Օրինակ՝ Աստված շատ ողորմած էր Եղիայի հանդեպ և ուշադրություն դարձրեց նրա զգացումներին։ Եհովան իր մարգարեին ապահովեց այն ամենով, ինչ անհրաժեշտ էր նրան ծառայությունը կատարելու համար (1 Թագ. 19։1–18)։ Քանի որ Դավիթը անկեղծորեն զղջաց, Եհովան մեծահոգաբար ներեց նրան (Սաղ. 51։7, 17)։ Աստված նաև օգնեց 73-րդ սաղմոսը գրողին, որը քիչ էր մնում՝ հրաժարվեր իրեն ծառայելուց (Սաղ. 73։13, 16, 17)։ Եհովան գթառատ ու բարի է մեր հանդեպ, հատկապես երբ վհատված ու ընկճված ենք (Ելք 34։6 «Անսպառ է նրա ողորմությունը։ Ամեն առավոտ այն նորանում է» (Ողբ 3։22, 23)։ Եհովան մեզնից ակնկալում է, որ հետևենք իր օրինակին և քնքշորեն վարվենք վհատվածների հետ։

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ՈՐՊԵՍԶԻ ՄՆԱՆՔ ԿՅԱՆՔ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

16, 17. Մենք պետք է վճռական լինենք ի՞նչ անելու և ինչո՞ւ։

16 Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարը թողած բանտարկյալներից հազարավորներ մահացան։ Բայց 230 Վկաներից ոչ մեկը չմահացավ։ Այն քաջալերանքը և աջակցությունը, որ նրանք ստացան միմյանցից, վճռական եղան մահվան երթում կենդանի մնալու համար։

17 Այսօր մենք «այն ճանապարհին ենք, որը դեպի կյանք է տանում» (Մատթ. 7։14)։ Շուտով Եհովայի բոլոր երկրպագուները միասին կմտնեն նոր աշխարհ, որտեղ «արդարություն է բնակվելու» (2 Պետ. 3։13)։ Եկեք վճռական լինենք օգնելու միմյանց այն ճանապարհին, որը տանում է դեպի հավիտենական կյանք։