Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Ծնողնե՛ր, ձեր երեխային դաստիարակեք նրա վաղ մանկությունից

Ծնողնե՛ր, ձեր երեխային դաստիարակեք նրա վաղ մանկությունից

«ԱՀԱ որդիները ժառանգություն են Եհովայից. որովայնի պտուղը պարգև է»,— գրված է Աստվածաշնչում (Սաղ. 127։3)։ Ուստի զարմանալի չէ, որ քրիստոնյա ծնողները ուրախանում են իրենց զավակի լույս աշխարհ գալով։

Երեխայի ծնունդը ուրախության հետ բերում է նաև լուրջ պարտականություններ։ Որպեսզի երեխան առողջ մեծանա, նրան կանոնավոր կերպով հարկավոր է սննդարար կերակուր տալ։ Նմանապես որպեսզի երեխան վճռականորեն կանգնի ճշմարիտ երկրպագության կողմը, ծնողները պետք է հոգևոր կերակուր տան նրան, առաջնորդեն և նրա մեջ սերմանեն աստվածաշնչային սկզբունքներ (Առակ. 1։8)։ Իսկ ե՞րբ ծնողները պետք է սկսեն դաստիարակել երեխային, և ի՞նչ է մտնում դրա մեջ։

 ԾՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Ուշադրություն դարձնենք հավատարիմ Մանուեի օրինակին։ Նա Դանի ցեղից էր և ապրում էր հին Իսրայելի Սարաա քաղաքում։ Եհովայի հրեշտակը Մանուեի ամուլ կնոջը հայտնեց, որ նա որդի է ունենալու (Դատ. 13։2, 3)։ Անկասկած, Մանուեն և նրա կինը ուրախությունից ցնծում էին։ Բայց նրանք նաև անհանգստացած էին։ Մանուեն աղոթեց. «Ների՛ր ինձ, Եհո՛վա։ Ճշմարիտ Աստծու մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի» (Դատ. 13։8)։ Մանուեն ու նրա կինը մտածում էին այն մասին, թե ինչպես ճիշտ ձևով դաստիարակեն իրենց փոքրիկին՝ Սամսոնին։ Ոչ մի կասկած չկա, որ նրանք իրենց զավակին սովորեցրին Աստծու օրենքները, և նրանց ջանքերը, ինչպես պարզվեց հետագայում, իզուր չեղան։ Ժամանակի ընթացքում «Եհովայի ոգին սկսեց գործել [Սամսոնի] մեջ»,— ասվում է Աստվածաշնչում։ Դրա շնորհիվ Սամսոնը՝ արդեն որպես Իսրայելի դատավոր, բազմաթիվ սխրագործություններ արեց (Դատ. 13։25; 14։5, 6; 15։14, 15

Մանուեն աղոթեց Աստծուն, որ իմանա, թե ինչպես դաստիարակեն իրենց փոքրիկին

Իսկ երբվանի՞ց պետք է կրթել երեխային։ Տիմոթեոսը «վաղ մանկությունից» դաստիարակվել էր «սուրբ գրքերով» իր մոր՝ Եվնիկեի ու իր տատի՝ Լոիդայի կողմից (2 Տիմոթ. 1։5; 3։15)։ Այո՛, Տիմոթեոսի աստվածաշնչային դաստիարակությունը սկսվել էր նրա վաղ մանկությունից։

Քրիստոնյա ծնողները իմաստուն վարված կլինեն, եթե աղոթեն Եհովային առաջնորդության համար և նախապես ծրագրեր կազմեն, որպեսզի կարողանան երեխայի դաստիարակությունը սկսել նրա «վաղ մանկությունից»։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն»,— ասվում է Առակներ 21։5-ում։ Հղիության շրջանում ծնողները, անկասկած, ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են երեխայի լույս աշխարհ գալուն։ Նրանք նույնիսկ կազմում են երեխային անհրաժեշտ իրերի ցուցակը։ Բայց նաև կարևոր է ծրագրել երեխայի հոգևոր դաստիարակությունը։ Ծնողների նպատակը պետք է լինի սկսել երեխային կրթել նրա կյանքի վաղ շրջանից։

Մի գրքում, որտեղ պատմվում է, թե երեխան ինչպես է զարգանում, ասվում է. «Ծնվելուց հետո առաջին ամիսները անչափ կարևոր են երեխայի ուղեղի զարգացման համար։ Այդ ժամանակահատվածում սինապսները (միացություններ, որոնց շնորհիվ տեղի է ունենում սովորելու պրոցեսը) ավելանում են քսան անգամ» (Early Childhood Counts— A Programming Guide on Early Childhood Care for Development)։ Որքա՜ն իմաստուն վարված կլինեն ծնողները, եթե իրենց երեխայի մտավոր զարգացման այս կարճ ժամանակահատվածը ճիշտ օգտագործեն, այսինքն՝ սկսեն նրա մեջ արմատավորել հոգևոր գաղափարներ ու արժեքներ։

Մի մայր և ընդհանուր ռահվիրա իր դստեր մասին ասում է. «Երբ նա ընդամենը մեկ ամսական էր, ես նրան հետս տանում էի ծառայության։ Ճիշտ է, նա չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը, բայց, համոզված եմ, նրա այդ վաղ «փորձառությունը» դրականորեն է ազդել նրա վրա։ Երբ աղջիկս երկու տարեկան էր, վստահաբար թերթիկներ էր առաջարկում ծառայության ժամանակ»։

Երեխային վաղ շրջանից դաստիարակելը լավ արդյունքներ է բերում։ Սակայն ծնողները զգացել են, որ երեխային հոգևորապես կրթելը առանց դժվարության չի լինում։

«ԳՆԵՔ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԸ»

Ծնողների համար շատ դժվար կարող է լինել, եթե երեխան անհանգիստ է կամ չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել մեկ բանի վրա։ Փոքր երեխաները հեշտությամբ են շեղվում, որովհետև հետաքրքրասեր են և ուզում են ուսումնասիրել շրջապատող աշխարհը։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխան կենտրոնանա այն բանի վրա, ինչ իրենք ցանկանում են նրան սովորեցնել։

Տեսնենք, թե ինչ ասաց Մովսեսը. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։ «Արմատավորել» թարգմանված բառը ունի հաճախակի կրկնության միջոցով սովորեցնելու իմաստը։ Փոքր երեխան նման է մատղաշ ծառի, որին անհրաժեշտ է կանոնավորաբար ջրել։ Քանի որ կրկնությունը մեծերին օգնում է հիշելու կարևոր բաները, ապա այս մեթոդը անպայման կօգնի նաև փոքր երեխաներին։

Երեխաներին սուրբգրային ճշմարտություններ սովորեցնելու համար ծնողները պետք է ժամանակ անցկացնեն նրանց հետ։ Այսօրվա աշխարհում երեխային ժամանակ հատկացնելը շատ դժվար կարող է լինել։ Բայց Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս «գնել հարմար ժամանակ» քրիստոնեական գործերի համար, որոնք կարևոր են (Եփես. 5։15, 16)։ Ի՞նչ կարող է անել ծնողը։ Մի երեցի համար հեշտ չէր հավասարակշռություն պահել իր երեխային դաստիարակելու, աստվածապետական պարտականությունները կատարելու և աշխատելու միջև։ Բացի այդ, նրա կինը ընդհանուր  ռահվիրա էր։ Ինչպե՞ս նրանք կարող էին ժամանակ գտնել իրենց դստերը հոգևորապես կրթելու համար։ Հայրն ասում է. «Ամեն առավոտ նախքան աշխատանքի գնալը ես ու կինս նրա համար կարդում ենք «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքից մի հատված կամ «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկի համապատասխան նյութը։ Երեկոյան, նախքան նա կգնա քնելու, մենք նրա համար որևէ բան ենք կարդում, իսկ երբ գնում ենք ծառայության, նրան մեզ հետ տանում ենք։ Մենք չենք ուզում, որ մեր աղջկա կյանքի առաջին տարիները անիմաստ կորչեն»։

ՈՐԴԻՆԵՐԸ ՆԵՏԵՐ ԵՆ

Անշուշտ, ուզում ենք, որ մեր երեխաները պատասխանատու մարդիկ դառնան։ Բայց մենք նրանց դաստիարակում ենք գլխավորապես այն պատճառով, որ ուզում ենք նրանց սրտում սեր արմատավորել Աստծու հանդեպ (Մարկ. 12։28–30

Սաղմոս 127։4-ում գրված է. «Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքում, այնպես էլ երիտասարդ տարիքում ծնած որդիներն են»։ Երեխաները նմանեցվում են նետերի, որոնք հարկավոր է ճշգրտորեն ուղղել դեպի թիրախը։ Նետաձիգը իր արձակած նետը գուցե ընդհանրապես չկարողանա հետ բերել։ «Նետերը», այսինքն՝ երեխաները, ծնողների կապարճում են միայն համեմատաբար կարճ ժամանակ։ Այդ ժամանակահատվածում ծնողները պետք է աստվածային սկզբունքներ սերմանեն նրանց մտքում և սրտում։

Իր հոգևոր զավակների մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4)։ Քրիստոնյա ծնողները նման երախտագիտություն կզգան, երբ տեսնեն իրենց երեխաներին «ճշմարտության մեջ քայլելիս»։