Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2013

Ինչպիսի մարդ դու պետք է լինես

Ինչպիսի մարդ դու պետք է լինես

«Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 ՊԵՏ. 3։11

1, 2. Ինչպիսի՞ մարդ պետք է լինենք, որ ունենանք Աստծու հավանությունը։

ԲՆԱԿԱՆ է, երբ անհանգստանում ենք, թե ինչ են ուրիշները մտածում մեր մասին։ Բայց, անշուշտ, համաձայն կլինես, որ լինելով քրիստոնյա՝ մենք ավելի շատ պետք է անհանգստանանք, թե ինչ է Եհովան մտածում մեր մասին։ Վերջիվերջո, նա ողջ տիեզերքի ամենակարևոր անձնավորությունն է, և «կյանքի աղբյուրը» նրա մոտ է (Սաղ. 36։9

2 Պետրոս առաքյալն ասում է, որ Եհովայի հավանությունն ունենալու համար մենք պետք է «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր» անենք (կարդա՛ 2 Պետրոս 3։11)։ Մեր «վարքը» պետք է սուրբ լինի, այսինքն՝ մաքուր լինենք բարոյապես, մտքերով և հոգևոր առումով։ Բացի այդ, Աստծու հանդեպ ակնածանքից և խոր սիրուց մղված՝ մենք պետք է «աստվածանվեր գործեր» անենք։ Աստծու հավանությունն ունենալը կապ ունի ոչ միայն մեր վարքի, այլև մեր ներքին անձնավորության հետ։ Քանի որ Եհովան «քննում [է] սիրտը», նա գիտի, թե արդյոք մեր վարքը սուրբ է, և արդյոք մենք լիովին նվիրված ենք իրեն (1 Տար. 29։17

3. Ի՞նչ հարցեր պետք է ինքներս մեզ տանք մեր ու Եհովայի փոխհարաբերությունների հետ կապված։

3 Բանսարկու Սատանան չի ուզում, որ մենք Աստծու հավանությունն ունենանք, ուստի ամեն ինչ անում է մեր ու Եհովայի փոխհարաբերությունները վատացնելու համար։ Նա սառնասրտորեն դիմում է ստի ու խաբեության, որպեսզի մեզ մոլորեցնի և Աստծուց հեռացնի (Հովհ. 8։44; 2 Կորնթ. 11։13–15)։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս է Սատանան մոլորեցնում մարդկանց։ Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի պաշտպանեմ իմ ու Եհովայի փոխհարաբերությունները»։

ԻՆՉՊԵ՞Ս է ՍԱՏԱՆԱՆ ԽԱԲՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

4. Փորձելով փչացնել մեր և Աստծու փոխհարաբերությունները՝ ինչի՞ վրա է Սատանան նշան բռնում և ինչո՞ւ։

4 Հակոբոս աշակերտը գրեց. «Ամեն մեկը փորձվում  է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում» (Հակ. 1։14, 15)։ Փորձելով փչացնել մեր և Աստծու փոխհարաբերությունները՝ Սատանան նշան է բռնում մեր ցանկությունների աղբյուրի՝ մեր սրտի վրա։

5, 6. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձում ազդել մեր սրտի վրա։ բ) Ի՞նչ ձևերով է Սատանան փորձում սխալ ցանկություններ զարգացնել մարդու սրտում, և որքա՞ն փորձառու է նա այդ հարցում։

5 Ինչպե՞ս է Սատանան փորձում ազդել մեր սրտի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ Սատանայի զենքերից է «այն ամենը, ինչ աշխարհի մեջ է» (կարդա՛ 1 Հովհաննես 2։15, 16)։ Հազարավոր տարիներ Սատանան շարունակում է հմտորեն ձևավորել աշխարհը, որպեսզի մոլորեցնի մարդկանց։ Քանի որ ապրում ենք այս աշխարհում, մենք կարիք ունենք զգուշանալու նրա խորամանկ հնարքներից (Հովհ. 17։15

6 Սատանան ամեն ինչ անում է, որ մեր սրտում սխալ ցանկություններ զարգանան։ Հովհաննես առաքյալը նշում է երեք բան, որոնց միջոցով Բանսարկուն փորձում է ապականել մեր սիրտը. 1) «մարմնի ցանկությունը», 2) «աչքերի ցանկությունը», 3) «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը»։ Սատանան անապատում այս ձևերով փորձեց Հիսուսին։ Բանսարկուն այս ծուղակներն օգտագործելու տարիների փորձ ունի, ուստի այսօր նա հմտորեն օգտագործում է դրանք՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարդու հակումները։ Նախքան քննելը, թե ինչպես կարող ենք պաշտպանվել այս ծուղակներից, տեսնենք, թե Սատանան ինչպես կարողացավ խաբել Եվային և ինչպես չկարողացավ խաբել Աստծու Որդուն։

«ՄԱՐՄՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

«Մարմնի ցանկությունը» Եվային կործանեց (տե՛ս պարբերություն 7)

7. «Մարմնի ցանկությունն» օգտագործելով՝ Սատանան ինչպե՞ս խաբեց Եվային։

7 Մարդու հիմնական պահանջմունքներից է սնվելը։ Արարիչը այնպես է ստեղծել երկիրը, որ այն առատ սնունդ տա։ Օգտվելով մարդու այդ բնական կարիքից՝ Սատանան կարող է այնպես անել, որ մարդը չկատարի Աստծու կամքը։ Եվայի հետ նա հենց այդպես վարվեց (կարդա՛ Ծննդոց 3։1–6)։ Սատանան Եվային ասաց, որ նա չի մեռնի, եթե ուտի «բարին ու չարը գիտենալու» ծառի պտղից, ասաց, որ այն օրը, երբ ուտի դրանից, Աստծու պես կլինի (Ծննդ. 2։9)։ Այդպիսով Սատանան ակնարկեց, որ ապրելու համար Եվան կարիք չունի հնազանդվելու Աստծուն։ Ի՜նչ աղաղակող սուտ։ Այն բանից հետո, երբ Սատանան այս միտքը սերմանեց Եվայի մեջ, վերջինս երկու ընտրություն ուներ. մերժել այն կամ շարունակել մտածել այդ մասին, ինչի պատճառով պտուղը ուտելու ցանկությունը գնալով կուժեղանար նրա մեջ։ Պարտեզի մյուս բոլոր ծառերը Եվայի տրամադրության տակ էին, բայց նա նախընտրեց մտածել Սատանայի՝ պարտեզի մեջտեղում գտնվող ծառի մասին ասած խոսքերի շուրջ ու «վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել»։ Այդպես Սատանան Եվայի մեջ ցանկություն  առաջացրեց անելու այն, ինչը Արարիչն արգելել էր։

Հիսուսը թույլ չտվեց, որ որևէ բան շեղի իրեն (տե՛ս պարբերություն 8)

8. «Մարմնի ցանկության» միջոցով Սատանան ինչպե՞ս փորձեց խաբել Հիսուսին, և ինչո՞ւ դա նրան չհաջողվեց։

8 Սատանան փորձեց նույն ձևով խաբել Հիսուսին անապատում։ Այն բանից հետո, երբ Հիսուսը 40 օր ու 40 գիշեր ծոմ էր պահել, Բանսարկուն փորձեց օգտվել այն հանգամանքից, որ նա սոված էր։ Նա ասաց. «Եթե Աստծու որդի ես, այս քարին ասա, որ հաց դառնա» (Ղուկ. 4։1–3)։ Հիսուսը երկու ընտրություն ուներ. ուտելու կարիքը բավարարելու համար օգտագործել կամ չօգտագործել հրաշքներ անելու իր զորությունը։ Նա գիտեր, որ չպետք է իր զորությունը օգտագործի եսասիրական նպատակների համար։ Հիսուսը թույլ չտվեց, որ քաղցը հագեցնելը Եհովայի հետ իր մտերմությունից ավելի կարևոր դառնա։ Նա պատասխանեց. «Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով»» (Մատթ. 4։4; Ղուկ. 4։4

«ԱՉՔԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

9. Ի՞նչ է ցույց տալիս «աչքերի ցանկություն» արտահայտությունը, և Սատանան ինչպե՞ս օգտվեց դրանից Եվայի դեպքում։

9 Մյուս բանը, որի միջոցով Սատանան փորձում է մեզ, «աչքերի ցանկությունն» է։ «Աչքերի ցանկություն» արտահայտությունը ցույց է տալիս, որ մարդ կարող է սկսել ցանկանալ որևէ բան՝ պարզապես նայելով դրան։ Շատ լավ տեղյակ լինելով սրան՝ Սատանան Եվային խաբեց՝ ասելով. «Ձեր աչքերը կբացվեն»։ Որքան շատ էր Եվան նայում արգելված պտղին, այնքան այդ պտուղը գրավիչ էր դառնում։ Նա զգաց, որ ծառի պտուղը «փափագելի է աչքերին»։

10. Ինչպե՞ս Սատանան փորձեց «աչքերի ցանկության» միջոցով գայթակղել Հիսուսին, և վերջինս ի՞նչ պատասխանեց։

10 Իսկ Հիսուսի դեպքո՞ւմ։ Բանսարկուն նրան «մի ակնթարթում ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները, ապա ասաց. «Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ»» (Ղուկ. 4։5, 6)։ Հիսուսը մեկ ակնթարթում բառացիորեն չտեսավ աշխարհի բոլոր թագավորությունները, այլ տեսիլքում տեսավ միայն դրանց փառքը։ Սատանան, ըստ ամենայնի, մտածեց, որ այդ թագավորությունների փառքը որևէ ձևով կգրավի Հիսուսին։ Նա անամոթաբար առաջարկեց. «Եթե իմ առաջ ինձ երկրպագություն անես, այս ամենը քոնը կլինի» (Ղուկ. 4։7)։ Հիսուսը բոլորովին չէր ուզում լինել այնպիսի անձնավորություն, ինչպիսին որ Սատանան կուզենար։ Նա անմիջապես պատասխանեց. «Գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»» (Ղուկ. 4։8

«ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ»

11. Սատանան ինչպե՞ս խաբեց Եվային։

11 Աշխարհում եղող բաների թվում Հովհաննեսը նշեց նաև «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը»։ Երբ երկրի վրա միայն Ադամն ու Եվան  էին, նրանք, իհարկե, չէին կարող իրենց «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնել» ուրիշներին։ Բայց նրանք դրսևորեցին հպարտություն։ Եվային փորձելիս Սատանան նրա մեջ կասկած սերմանեց, թե Աստված ինչ-որ լավ բան է պահում նրանից։ Բանսարկուն ասաց, որ այն օրը, երբ նա ուտի «բարին ու չարը գիտենալու ծառի» պտղից, «Աստծու պես կլին[ի]՝ բարին ու չարը իմացող» (Ծննդ. 2։17; 3։5)։ Դրանով Սատանան ակնարկեց, որ Եվան կարող է անկախանալ Եհովայից։ Ակներևաբար հպարտությունն էր պատճառներից մեկը, որ նա հավատաց Սատանայի ստին։ Եվան կերավ արգելված պտուղը՝ հավատալով, որ չի մահանա։ Բայց նա չարաչար սխալվեց։

12. Ուրիշ ի՞նչ ձևով Սատանան փորձեց Հիսուսին, և ինչպե՞ս վերջինս արձագանքեց։

12 Ի տարբերություն Եվայի՝ Հիսուսը խոնարհության գերազանց օրինակ թողեց։ Սատանան մեկ այլ ձևով էլ փորձեց Հիսուսին, բայց նա իր մտքով անգամ չանցկացրեց ուրիշներին տպավորելու համար ինչ-որ ձևով Աստծուն փորձել։ Դա հպարտության դրսևորում կլիներ։ Փոխարենը՝ Հիսուսը պարզ և հստակ ասաց. «Ասված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն»» (կարդա՛ Ղուկաս 4։9–12

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

13, 14. Բացատրիր, թե ինչ ձևերով է այսօր Սատանան փորձում խաբել մեզ։

13 Այսօր Սատանան փորձում է մարդկանց խաբել այն նույն ձևերով, ինչ ձևերով որ խաբեց Եվային և ինչ ձևերով փորձեց մոլորեցնել Հիսուսին։ Նա «մարմնի ցանկության» միջոցով դրդում է մարդկանց անբարոյություն գործելու և չարաշահելու ուտելիքն ու խմիչքը։ «Աչքերի ցանկության» միջոցով նա անզգույշ մարդկանց դրդում է դիտելու պոռնկագրություն, որը մատչելի է հատկապես ինտերնետով։ Բանսարկուն նաև օգտվում է մարդկանց՝ «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելու» ցանկությունից և հպարտությունից, որպեսզի նրանց դարձնի նյութապաշտ, իշխանատենչ և փառասեր։

Ի՞նչ սուրբգրային սկզբունքներ պետք է հիշես այս դեպքերում (տե՛ս պարբերություն 13, 14)

14 «Այն ամենը, ինչ աշխարհի մեջ է», նման է ձկնորսական խայծի։ Աշխարհում եղող բաները գրավիչ են, բայց դրանք ամրացված են կարթերին։ Օգտվելով այն ամենից, ինչը մարդիկ ամենօրյա կարիք են համարում՝ Սատանան դրդում է նրանց ցանկանալ անել այն, ինչը հակառակ է Աստծու օրենքներին։ Նա, փաստորեն, աննկատ փորձում է ազդել մեր ցանկությունների վրա և այդպիսով ապականել մեր սիրտը։ Բանսարկուն ուզում  է, որ մենք հավատանք այն բանին, որ մեր անձնական կարիքները հոգալը Աստծու կամքը կատարելուց կարևոր է։ Կուլ կտա՞նք նրա խայծերը։

15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին Սատանայի գայթակղությունները մերժելու հարցում։

15 Եվան չդիմադրեց Սատանայի գայթակղություններին, մինչդեռ Հիսուսը մերժեց դրանք։ Ամեն անգամ նա սուրբգրային պատասխան տվեց՝ ասելով՝ «գրված է» կամ «ասված է»։ Եթե ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, այն լավ կիմանանք և կկարողանանք վերհիշել այն սուրբգրային համարները, որոնք կարող են օգնել մեզ ճիշտ ձևով մտածելու փորձության ժամանակ (Սաղ. 1։1, 2)։ Հավատարիմ մարդկանց օրինակները հիշելը կօգնի մեզ նրանց պես հավատարիմ լինելու Աստծուն (Հռոմ. 15։4)։ Խոր ակնածանք ունենալով Եհովայի հանդեպ, սիրելով այն, ինչ նա է սիրում և ատելով այն, ինչ նա է ատում՝ մենք պաշտպանված կլինենք (Սաղ. 97։10

16, 17. Մեր «բանականությունն» ինչպե՞ս կարող է ազդել մեր անձնավորության վրա։

16 Պողոս առաքյալը մեզ հորդորում է գործի դնել մեր «բանականությունը», որպեսզի դառնանք այնպիսի անձնավորություն, որը ձևավորվել է Աստծու և ոչ թե աշխարհի մտածելակերպով (Հռոմ. 12։1, 2)։ Ընդգծելով այն, որ կարևոր է խիստ սահմաններ դնել այն բանի վրա, թե ինչի մասին ենք մտածում՝ Պողոսն ասաց. «Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ, և գերի ենք դարձնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (2 Կորնթ. 10։5)։ Մեր մտքերը մեծ ազդեցություն ունեն մեր անձնավորության վրա, ուստի կարիք ունենք «շարունակ մտածելու» կերտիչ բաների մասին (Փիլիպ. 4։8

17 Մենք չենք կարող սուրբ լինել, եթե մեր միտքը սնում ենք անվայել մտքերով ու ցանկություններով։ Մենք պետք է սիրենք Եհովային «անարատ սրտով» (1 Տիմոթ. 1։5)։ Բայց սիրտը նենգավոր է, և գուցե չպատկերացնենք, թե որքան խորը կարող է ազդել մեզ վրա «այն ամենը, ինչ աշխարհի մեջ է» (Երեմ. 17։9)։ Ուստի չպե՞տք է արդյոք, Աստվածաշնչի լույսի ներքո անկեղծ ինքնաքննություն անելով, «շարունակ ստուգենք, թե արդյոք հավատի մեջ ենք, շարունակ փորձենք ինքներս մեզ, թե ովքեր ենք մենք» (2 Կորնթ. 13։5

18, 19. Ինչո՞ւ պետք է վճռենք լինել այնպիսի անձնավորություն, ինչպիսին Եհովան կուզեր տեսնել։

18 Հովհաննեսի հետևյալ խոսքերը հիշելը նույնպես կօգնի մեզ մերժելու «այն ամենը, ինչ աշխարհի մեջ է». «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։17)։ Ոմանց գուցե թվա, որ Սատանայի աշխարհը հավիտյան է լինելու։ Բայց մի օր այն վերջ է գտնելու։ Նրա աշխարհի առաջարկած ոչ մի բան հարատև չէ։ Սա հիշելը կօգնի մեզ չխաբվելու Բանսարկուի կողմից։

19 Պետրոս առաքյալը հորդորում է մեզ լինել Աստծուն հաճելի մարդիկ, ովքեր «սպասում ու մտքում վառ են պահում Եհովայի օրվա ներկայությունը, որի միջոցով երկինքը՝ կրակով այրված, կլուծվի, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն» (2 Պետ. 3։12)։ Շատ շուտով այդ օրը կգա, և Եհովան կջախջախի Սատանայի աշխարհի ամեն մի մաս։ Իսկ մինչ այդ Սատանան շարունակելու է օգտագործել «այն ամենը, ինչ աշխարհի մեջ է», որպեսզի փորձի մեզ այնպես, ինչպես փորձեց Եվային և Հիսուսին։ Մենք չպետք է լինենք Եվայի պես, որը ձգտեց բավարարել իր եսասիրական ցանկությունները։ Հակառակ դեպքում ցույց տված կլինենք, որ Սատանան է մեր աստվածը։ Մենք պետք է Հիսուսի նման լինենք և մերժենք Սատանայի գայթակղությունները՝ անկախ նրանից, թե որքան գրավիչ ու հրապուրիչ դրանք կարող են լինել։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը լինի այնպիսի մարդ, ինչպիսին Եհովան կուզեր տեսնել։