Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Երբեք մի՛ «զայրացիր Եհովայի վրա»

Երբեք մի՛ «զայրացիր Եհովայի վրա»

«Մարդու հիմարությունը աղավաղում է նրա ճանապարհը, բայց նրա սիրտը Եհովայի վրա է զայրանում» (ԱՌԱԿ. 19։3

1, 2. Ինչո՞ւ չպետք է Եհովային մեղադրենք մարդկության խնդիրների համար։ Բացատրիր։

ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ մի տղամարդ, որը երկար տարիներ է, ինչ ամուսնացած է և երջանիկ է, մի օր գալիս է տուն և տեսնում, որ այն տակնուվրա է արված։ Կահույքն ու ամանեղենը ջարդուփշուր են արել, գորգն այնպես են փչացրել, որ վերանորոգել հնարավոր չէ։ Անդորրավետ հանգրվանը դարձել է աղետի գոտի։ Մի՞թե նա կասի. «Ինչո՞ւ է կինս նման բան արել»։ Ավելի շուտ կասի. «Ո՞վ է սա արել»։ Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտի, որ իր սիրելի կինը երբեք նման բարբարոսություն չի անի։

2 Այսօր մարդկության «տունը» աղտոտված է, լի է բռնությամբ և անբարոյությամբ։ Աստվածաշնչից մենք գիտենք, որ այս խնդիրների պատճառը Եհովան չէ։ Նա մեր մոլորակը ստեղծել էր, որպեսզի այն դրախտ լիներ (Ծննդ. 2։8, 15)։ Եհովան սիրո Աստված է (1 Հովհ. 4։8)։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ մենք հասկացել ենք, թե որն է աշխարհի բազմաթիվ խնդիրների իրական պատճառը։ Այդ պատճառը ոչ այլ ոք է, եթե ոչ Սատանան՝ «այս աշխարհի իշխանը» (Հովհ. 14։30; 2 Կորնթ. 4։4

3. Մեր մտածելակերպն ինչպե՞ս կարող է աղավաղվել։

3 Բայցևայնպես, մենք չենք կարող Սատանային մեղադրել մեր բոլոր ցավերի համար։ Ինչո՞ւ։ Որովհետև որոշ խնդիրներ մեր սեփական սխալների հետևանք են (կարդա՛ 2 Օրենք 32։4–6)։ Չնայած որ մենք հասկանում ենք դա, մեր անկատար էությունը կարող է աղավաղել մեր մտածելակերպը և ստիպել մեզ գնալու մի ճանապարհով, որը աղետի է տանում (Առակ. 14։12)։ Ինչպե՞ս։ Որևէ խնդրի համար ինքներս մեզ կամ Սատանային մեղադրելու փոխարեն՝ գուցե սկսենք մեղադրել Եհովային։ Մենք գուցե նույնիսկ սկսենք «զայրանալ Եհովայի վրա» (Առակ. 19։3

4, 5. Ինչպե՞ս է հնարավոր, որ քրիստոնյան «զայրանա Եհովայի վրա»։

4 Մի՞թե իսկապես հնարավոր է «զայրանալ Եհովայի  վրա»։ Այդպիսի բան անելն անմտություն է (Ես. 41։11)։ Մի՞թե ինչ-որ բանի կհասնենք դրանով։ Մի բանաստեղծ ասել է. «Քո ձեռքերը չափազանց կարճ են Աստծու հետ բռնցքամարտելու համար»։ Թող որ երբեք այնքան հեռու չգնանք, որ սկսենք գանգատվել Եհովայից։ Առակներ 19։3-ում ասվում է, որ «մարդու հիմարությունը աղավաղում է նրա ճանապարհը, բայց նրա սիրտը Եհովայի վրա է զայրանում»։ Այո՛, մարդ կարող է իր սրտում զայրանալ Աստծու վրա։ Նման տրամադրվածությունը կարող է դրսևորվել աննկատ։ Մարդը կարծես ոխ է պահում Աստծու դեմ։ Արդյունքում նա գուցե հեռանա ժողովից կամ ոչ լիովին աջակցի ճշմարիտ երկրպագությանը։

5 Ի՞նչը կարող է դրդել մեզ «զայրանալու Եհովայի վրա»։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այս ծուղակից։ Շատ կարևոր է իմանալ այս հարցերի պատասխանները. չէ՞ որ հարցը վերաբերում է մեր ու Եհովայի փոխհարաբերություններին։

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԴՐԴԵԼ ՄԵԶ «ԶԱՅՐԱՆԱԼՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ»

6, 7. Մովսեսի օրերում ապրող իսրայելացիները ինչո՞ւ սկսեցին գանգատվել Եհովայից։

6 Ի՞նչը կարող է դրդել Եհովայի հավատարիմ ծառային, որ իր սրտում սկսի գանգատվել իր Աստծուց։ Քննենք հինգ բան և վերլուծենք մի քանի աստվածաշնչյան օրինակ, որոնք ցույց են տալիս, թե անցյալում ոմանք ինչպես են ընկել այս ծուղակը (1 Կորնթ. 10։11, 12

Բացասական խոսքերին ականջ դնելը կարող է վատ ազդել մեզ վրա (տե՛ս պարբերություն 7)

7 Ուրիշների բացասական խոսքերը կարող են ազդել մեզ վրա (կարդա՛ 2 Օրենք 1։26–28Իսրայելացիները նոր էին ազատվել եգիպտացիների ստրկական լծից։ Եհովան տասը պատուհասներ էր բերել այդ դաժան ազգի վրա, հետո Կարմիր ծովում կործանել էր փարավոնին և նրա զորքը (Ելք 12։29–32, 51; 14։29–31; Սաղ. 136։15)։ Աստծու ժողովուրդը Ավետյաց երկրի շեմին էր։ Բայց այդ վճռական պահին իսրայելացիները սկսեցին գանգատվել Եհովայից։ Որ՞ն էր այս անհավատության պատճառը։ Նրանց սրտերը հալվեցին, երբ տասը հետախույզները բացասական տեղեկություններ հայտնեցին (Թվեր 14։1–4)։ Արդյունքում մի ամբողջ սերունդ չմտավ «լավ երկիր» (2 Օրենք 1։34, 35)։ Հնարավո՞ր է, որ երբեմն թույլ տանք՝ բացասական խոսքերը թուլացնեն մեր հավատը և Եհովայի դեմ տրտնջալու պատճառ դառնան։

8. Ի՞նչը պատճառ եղավ, որ Եսայիայի օրերում Աստծու ժողովուրդը Եհովային մեղադրի իր վիճակի համար։

8 Ծանր իրավիճակները կարող են վհատեցնել մեզ (կարդա՛ Եսայիա 8։21, 22Եսայիայի օրերում Հուդայի ժողովուրդը ծայրահեղ կացության մեջ էր. թշնամիները շրջապատել էին, սնունդը քիչ էր, շատերը սոված էին։ Բայց ավելի լուրջ էր այն, որ Հուդայում հոգևոր սով էր (Ամոս 8։11)։ Եհովայից օգնություն խնդրելու փոխարեն՝ նրանք սկսեցին «անիծել» իրենց թագավորին և իրենց Աստծուն։ Այո՛, նրանք Եհովային էին մեղադրում իրենց խնդիրների համար։ Ողբերգության կամ անձնական խնդիրների պատճառով մեր սրտում կասե՞նք. «Ո՞ւր էր Եհովան, երբ ես նրա կարիքն ունեի»։

9. Ինչո՞ւ Եզեկիելի օրերում ապրող իսրայելացիները սխալ տեսակետ զարգացրին իրենց մեջ։

9 Մենք տեղյակ չենք բոլոր փաստերին։ Եզեկիելի օրերում ապրող իսրայելացիները, տեղյակ չլինելով բոլոր փաստերին, մտածեցին, թե Եհովայի «ճանապարհն անարդար է» (Եզեկ. 18։29)։ Նրանք կարծես դարձել էին Աստծու դատավորները՝ արդարության սեփական չափանիշները վեր դասելով նրա չափանիշներից և նրան դատելով դեպքերի մասին իրենց սահմանափակ հասկացողությամբ։ Երբեմն գուցե լիովին չհասկանանք աստվածաշնչյան որևէ արձանագրություն կամ այն, որ մեր կյանքում դեպքերը այսինչ ձևով են զարգանում։ Արդյո՞ք մեր սրտում կասենք, որ «Եհովայի ճանապարհն անարդար է» (Հոբ 35։2

10. Ինչպե՞ս կարող է լինել, որ հետևենք Ադամի վատ օրինակին։

10 Մեր մեղքերի ու սխալների համար մեղադրում ենք ուրիշներին։ Մարդկության  պատմության հենց սկզբում Ադամն իր մեղքի համար մեղադրեց Աստծուն (Ծննդ. 3։12)։ Թեև նա գիտակցաբար խախտեց Աստծու օրենքը և լիովին հասկանում էր դրա հետևանքները, նա Եհովային մեղադրեց։ Ադամը, փաստորեն, ասաց, որ Եհովան իրեն վատ կին է տվել։ Այդ ժամանակից ի վեր՝ ուրիշ մարդիկ էլ, Ադամի պես, մեղադրեցին Աստծուն իրենց սխալների համար։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Եթե իմ սխալների պատճառով հիասթափվեմ ու վհատվեմ, կգանգատվե՞մ արդյոք Եհովայի չափանիշներից»։

11. Ի՞նչ ենք սովորում Հովնանից։

11 Չափից դուրս մեր անձի վրա ենք կենտրոնանում։ Հովնան մարգարեին դուր չեկավ, որ Եհովան ողորմածաբար փոխեց Նինվե քաղաքի վերաբերյալ իր որոշումը (Հովն. 4։1–3)։ Ինչո՞ւ։ Նա, ըստ ամենայնի, մտածում էր, որ ամոթով կմնա այն պատճառով, որ Նինվեի կործանման մասին իր հռչակած լուրը չկատարվեց։ Հովնանն այնքան անհանգստացավ իր համբավի մասին, որ գթասիրտ չեղավ զղջացող նինվեցիների հանդեպ։ Կարո՞ղ է այնպես լինել, որ մենք էլ այնքան կենտրոնանանք մեր անձի վրա, որ «զայրանանք Եհովայի վրա» այն բանի համար, թե ինչու վերջը շուտ չի գալիս։ Հնարավոր է՝ արդեն տասնամյակներ է, ինչ քարոզում ենք, որ Եհովայի օրը մոտ է։ Կդառնա՞նք անհամբեր այդ օրվան սպասելու հարցում, երբ ուրիշները քննադատեն մեզ այն բանի համար, որ հռչակում ենք այն, ինչ ասում է Աստվածաշունչը (2 Պետ. 3։3, 4, 9

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ, ՈՐ «ՉԶԱՅՐԱՆԱՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ»

12, 13. Եթե մեր մեջ հարցեր են առաջանում Եհովայի գործելակերպի առնչությամբ, ինչի՞ մասին չպետք է մոռանանք։

12 Ի՞նչ կարող ենք անել, երբ մեր մեղավոր սիրտը սկսում է քննադատել Եհովայի գործելակերպը։ Հիշիր, որ այդպես վարվելը իմաստուն չէ։ Առակներ 19։3-ի մեկ այլ թարգմանությունում ասվում է. «Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ» (Արարատ թարգմանություն)։ Սա հիշելով՝ եկեք քննենք հինգ բան, որոնք կօգնեն մեզ երբեք թույլ չտալու, որ կյանքի դառնությունների պատճառով սկսենք մեղադրել Եհովային։

 13 Մի՛ մոռացիր Եհովայի հետ քո մտերմությունը։ Մեր մեջ Եհովայի հանդեպ զայրույթ չի առաջանա, եթե մտերիմ փոխհարաբերություններ պահպանենք նրա հետ (կարդա՛ Առակներ 3։5, 6)։ Մենք կարիք ունենք վստահելու Եհովային։ Մենք նաև կարիք ունենք խուսափելու այն բանից, որ իմաստուն չդառնանք մեր աչքում կամ չկենտրոնանանք մեր անձի վրա (Առակ. 3։7; Ժող. 7։16)։ Այդ դեպքում քիչ հավանական կլինի, որ Եհովային մեղադրենք, երբ վատ բաներ պատահեն։

14, 15. Ի՞նչը կօգնի, որ ուրիշների բացասական խոսքերը չազդեն մեզ վրա։

14 Թույլ մի՛ տուր, որ բացասական խոսքերը ազդեն քեզ վրա։ Մովսեսի օրերում ապրող իսրայելացիները բազմաթիվ պատճառներ ունեին հավատալու, որ Եհովան հաջողությամբ կառաջնորդի իրենց դեպի Ավետյաց երկիր (Սաղ. 78։43–53)։ Բայց նրանք «չհիշեցին [Եհովայի] ձեռքը», երբ տասը անհավատարիմ հետախույզները բացասական լուր հայտնեցին իրենց (Սաղ. 78։42)։ Եթե խորհրդածենք Եհովայի գործերի շուրջ՝ հիշելով այն բոլոր լավ բաները, որ նա արել է մեզ համար, ապա կամրացնենք մեր փոխհարաբերությունները նրա հետ։ Այդ դեպքում ուրիշների բացասական խոսքերը չեն կարողանա սեպ խրել մեր ու Եհովայի միջև (Սաղ. 77։11, 12

15 Բացի այդ, Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները կարող են վատանալ, եթե վատ վերաբերվենք մեր հավատակիցներին (1 Հովհ. 4։20)։ Իսրայելացիները դժգոհեցին, երբ Ահարոնը քահանայապետ նշանակվեց։ Եհովան դա համարեց իր դեմ ուղղված տրտունջ (Թվեր 17։10)։ Նմանապես երբ սկսում ենք տրտնջալ այն մարդկանց դեմ, որոնց միջոցով Եհովան առաջնորդում է իր կազմակերպության երկրային մասը, դա նշանակում է, որ տրտնջում ենք Եհովայի դեմ (Եբր. 13։7, 17

16, 17. Ի՞նչ պետք է հիշենք, երբ խնդիրներ ենք ունենում։

16 Հիշիր, որ Եհովան չէ մեր խնդիրների պատճառը։ Թեև Եսայիայի օրերում ապրող իսրայելացիները հեռացել էին Եհովայից, նա ուզում էր օգնել նրանց (Ես. 1։16–19)։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ կունենանք, մենք կարող ենք մխիթարվել այն բանի իմացությունից, որ Եհովան հոգ է տանում մեր մասին և ուզում է օգնել մեզ (1 Պետ. 5։7)։ Աստված խոստանում է մեզ տալ անհրաժեշտ զորություն, որպեսզի շարունակենք տոկալ (1 Կորնթ. 10։13

17 Եթե, հավատարիմ Հոբի պես, տառապում ենք անարդարության պատճառով, պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ Եհովան չէ անարդարության պատճառը։ Նա ատում է անարդարությունը և սիրում է արդարությունը (Սաղ. 33։5)։ Հոբի ընկեր Եղիուսի պես՝ եկեք ասենք. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։ Եհովան չէ մեր խնդիրների պատճառը։ Ավելին, Եհովան տալիս է «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակ. 1։13, 17

18, 19. Ինչո՞ւ երբեք չպետք է կասկածենք Եհովային։ Բացատրիր։

18 Երբեք մի՛ կասկածիր Եհովային։ Աստված կատարյալ է, և նրա մտքերը բարձր են մեր մտքերից (Ես. 55։8, 9)։ Ուստի խոնարհությունն ու համեստությունը կօգնեն մեզ ընդունելու, որ մեր հասկացողությունը սահմանափակ է (Հռոմ. 9։20)։ Հազվադեպ է լինում, որ որոշակի իրավիճակի հետ կապված ունենանք բոլոր փաստերը։ Անկասկած, զգացել ես հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան» (Առակ. 18։17

19 Եթե ունենք վստահելի ընկեր, որը մի այնպիսի բան է անում, ինչը անմիջապես չենք հասկանում կամ ինչի պատճառով մեզ անհարմար ենք զգում, մի՞թե շտապում ենք մեղադրել նրան։ Թե՞ հակված ենք լինում արդարացնելու մեր ընկերոջը և դրականը մտածելու, հատկապես եթե երկար տարիներ է, ինչ ճանաչում ենք իրեն։ Եթե մեր անկատար ընկերոջ հետ  այդպես ենք վարվում, ապա որքան ավելի շատ պետք է մղված լինենք վստահելու մեր երկնային Հորը, որի ճանապարհներն ու մտքերը շատ ավելի բարձր են, քան մերը։

20, 21. Ինչո՞ւ պետք է մեղադրենք իրական մեղավորին։

20 Մեղադրիր իրական մեղավորին։ Շատ հնարավոր է՝ մեր խնդիրների մի մասի համար մե՛նք մեղավոր լինենք։ Եթե իրոք այդպես է, ուրեմն պետք է ընդունենք դա (Գաղ. 6։7)։ Մի՛ փորձիր քո խնդիրների համար մեղադրել Եհովային, որովհետև դա անխոհեմ է։ Ինչո՞ւ։ Քննենք մի օրինակ։ Ավտոմեքենան մեծ արագություն բացելու հնարավորություն ունի։ Պատկերացրու՝ վարորդը, գերազանցելով առաջարկվող արագությունը, փորձում է կտրուկ շրջադարձ կատարել։ Նա չի կարողանում դա անել և վթարի է ենթարկվում։ Մի՞թե դրա համար մեղավոր է մեքենան արտադրող գործարանը։ Իհարկե ոչ։ Մեր դեպքում ևս այդպես է։ Եհովան մեզ ստեղծել է ազատ կամքով, բայց նաև տվել է հրահանգներ, թե ինչպես իմաստուն որոշումներ կայացնենք։ Ուստի ինչպե՞ս կարող ենք մեղադրել մեր Արարչին մեր սխալների համար։

21 Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է, որ մեր խնդիրների պատճառը մեր սխալներն են։ Որոշ խնդիրների պատճառը «ժամանակը և պատահարն» են (Ժող. 9։11)։ Սակայն եկեք երբեք չմոռանանք, որ չարության գլխավոր պատճառը Բանսարկու Սատանան է (1 Հովհ. 5։19; Հայտն. 12։9)։ Նա է մեր թշնամին, և ոչ թե Եհովան (1 Պետ. 5։8

ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԻՐ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԴ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

Հեսուն և Քաղեբը օրհնվեցին Եհովային վստահելու համար (տե՛ս պարբերություն 22)

22, 23. Ի՞նչ պետք է հիշենք, երբ վհատվում ենք մեր խնդիրների պատճառով։

22 Երբ դժվարություններ ու խնդիրներ ես ունենում, հիշիր Հեսուի և Քաղեբի օրինակը։ Ի տարբերություն տասը հետախույզների՝ այս հավատարիմ մարդիկ դրական բաներ պատմեցին այն երկրի մասին, որը հետախուզել էին (Թվեր 14։6–9)։ Նրանք հավատ ցուցաբերեցին Եհովայի հանդեպ։ Չնայած դրան՝ Քաղեբն ու Հեսուն ստիպված էին մյուս իսրայելացիների հետ 40 տարի թափառել անապատում։ Արդյոք նրանք գանգատվեցի՞ն կամ դառնացա՞ն՝ մտածելով, որ դա անարդարացի է։ Ո՛չ։ Նրանք վստահեցին Եհովային։ Իսկ օրհնվեցի՞ն դրա համար։ Անխո՛ս։ Մի ամբողջ սերունդ մահացավ անապատում, բայց այդ երկու մարդիկ մտան Ավետյաց երկիր (Թվեր 14։30)։ Նմանապես այսօր Եհովան կօրհնի մեզ, եթե «չթուլանանք» իր կամքը կատարելու մեջ (Գաղ. 6։9; Եբր. 6։10

23 Ի՞նչ կարող ես անել, եթե վհատվում ես խնդիրների, ուրիշների կամ հենց քո սխալների պատճառով։ Կենտրոնացիր Եհովայի՝ մեր չքնաղ Աստծու հատկությունների վրա։ Մտովի պատկերացրու, թե նրա տված հույսն ինչպես է իրականանում։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը առանց Եհովայի»։ Միշտ մոտ մնա նրան և երբեք թույլ մի՛ տուր, որ սիրտդ զայրանա նրա վրա։