Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես

Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես

Ասորիքի թագավորը փնտրում էր Աստծու մարգարե Եղիսեին։ Նրան տեղեկացրին, որ մարգարեն գտնվում է Դոթայիմ պարսպավոր քաղաքում, որը կառուցված էր բլրի վրա։ Թագավորն այնտեղ ուղարկեց ձիեր, մարտակառքեր և շատ զինվորներ։ Լուսաբացին նրա զորքն արդեն շրջապատել էր քաղաքը (2 Թագ. 6։13, 14

Երբ Եղիսեի ծառան առավոտյան վեր կացավ ու դուրս եկավ, տեսավ, որ մի մեծ զորք է եկել մարգարեին բռնելու։ «Օ՜հ, տե՛ր իմ, ի՞նչ պիտի անենք»,— բացականչեց նա։ «Մի՛ վախեցիր,— պատասխանեց Եղիսեն,— որովհետև մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Հետո մարգարեն աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բա՛ց արա նրա աչքերը, որ տեսնի»։ Այնուհետև կարդում ենք. «Այդ պահին Եհովան բաց արեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռները հրե մարտակառքերով ու ձիերով են լցված» (2 Թագ. 6։15–17)։ Ի՞նչ կարող ենք սովորել Եղիսեի հետ տեղի ունեցած այս և ուրիշ դեպքերից։

Շրջապատված լինելով ասորիներով՝ Եղիսեն խուճապի չմատնվեց, որովհետև վստահում էր Եհովային և տեսել էր, թե նա ինչպես է պաշտպանում։ Այսօր մենք չենք ակնկալում հրաշքներ, բայց պարզ տեսնում ենք, որ Եհովան իր ծառաներին՝ որպես խմբի, պաշտպանում է։ Ինչ-որ իմաստով՝ մենք նույնպես շրջապատված ենք հրե ձիերով ու մարտակառքերով։ Եթե դրանք հավատի աչքերով «տեսնենք» և եթե միշտ ապավինենք Աստծուն, ապա «ապահովությամբ կբնակվենք» և կունենանք Եհովայի օրհնությունը (Սաղ. 4։8)։ Քննենք Եղիսեի կյանքի որոշ դրվագներ և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

ԵՂԻՍԵՆ ՍԿՍՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ԵՂԻԱՅԻՆ

Մի անգամ, երբ Եղիսեն հերկում էր արտը, Եղիա մարգարեն մոտեցավ նրան և իր հանդերձը գցեց նրա վրա։ Եղիսեն գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Նա խնջույք կազմակերպեց, հրաժեշտ տվեց ծնողներին և գնաց ծառայելու Եղիային (1 Թագ. 19։16, 19–21)։ Եղիսեն պատրաստ էր լիովին ծառայելու Եհովային, ուստի Աստված նրա միջոցով շատ բաներ արեց, իսկ հետագայում նրան Եղիայի փոխարեն մարգարե նշանակեց։

 Եղիսեն Եղիային ծառայեց հավանաբար վեց տարի։ Նա «Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում» (2 Թագ. 3։11)։ Այն ժամանակներում մարդիկ սովորաբար ուտում էին ձեռքերով՝ առանց դանակ-պատառաքաղի և նման այլ բաների։ Ճաշից հետո ծառան ջուր էր լցնում, որպեսզի տերը լվանա իր ձեռքերը։ Ուստի կարող ենք ասել, որ Եղիսեի հանձնարարություններից առնվազն մի քանիսը բավական հասարակ էին։ Բայց նա պատիվ էր համարում լինել Եղիայի սպասավորը։

Այսօր բազմաթիվ քրիստոնյաներ, ընդօրինակելով Եղիսեին, ծառայում են Եհովային լիաժամ ծառայության տարբեր ձևերում։ Ի՞նչն է նրանց մղում դա անելու։ Նրանք ունեն մեծ հավատ և իրենց էներգիան սուրբ ծառայության մեջ օգտագործելու ցանկություն։ Որոշ նշանակումներ ստանձնելու, օրինակ՝ Բեթելում կամ շինարարական նախագծերում ծառայելու համար այդ եղբայրներն ու քույրերը թողնում են իրենց տունը։ Որոշ աշխատանքներ, որ նրանք անում են, շատերը գուցե համարեն անկարևոր և անպատվաբեր։ Ոչ մի քրիստոնյա չպետք է այդպես մտածի, որովհետև Եհովան նրանց ծառայությունը բարձր է գնահատում (Եբր. 6։10

ԵՂԻՍԵՆ ՉԹՈՂԵՑ ԻՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

«Երբ Եհովան Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղայից»։ Եղիան Եղիսեին առաջարկեց չուղեկցել իրեն, բայց վերջինս պատասխանեց. «Ես քեզ չեմ լքի»։ Նրանք միասին գնացին։ Ճանապարհորդության ընթացքում Եղիան ևս երկու անգամ Եղիսեին ասաց, որ չգա իր հետ, բայց ապարդյուն (2 Թագ. 2։1–6)։ Ինչպես որ Հռութը չթողեց Նոեմիին, այդպես էլ Եղիսեն չթողեց Եղիային (Հռութ 1։8, 16, 17)։ Ինչո՞ւ։ Պատճառը հավանաբար այն էր, որ Եղիսեն բարձր էր գնահատում Եղիային ծառայելու՝ Աստծու կողմից իրեն տրված առանձնաշնորհումը։

Եղիսեն հրաշալի օրինակ է մեզ համար։ Աստծու կազմակերպության մեջ ստացած մեր առանձնաշնորհումը մենք թանկ կգնահատենք, եթե հիշենք, որ ծառայում ենք Եհովային։ Դրանից ավելի մեծ պատիվ չկա (Սաղ. 65։4; 84։10

«ԱՍԱ՛, Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ»

Ճանապարհորդության ընթացքում Եղիան Եղիսեին հարցրեց. «Ասա՛, ի՞նչ անեմ քեզ համար նախքան քեզանից իմ վեր առնվելը»։ Եղիսեն հոգևոր բան խնդրեց, ինչպես որ դրանից տարիներ առաջ Սողոմոնն էր Աստծուց հոգևոր բան խնդրել։ Եղիսեն խնդրեց Եղիային, որ «նրա ոգին կրկնապատիկ լինի իր վրա» (1 Թագ. 3։5, 9; 2 Թագ. 2։9)։ Իսրայելում առաջնեկը ստանում էր կրկնակի բաժին ժառանգություն (2 Օրենք 21։15–17)։ Եղիսեն, փաստորեն, խնդրում էր, որ ինքը լինի Եղիայի հոգևոր ժառանգորդը։ Բացի այդ, նա, հավանաբար, ցանկանում էր Եղիայի պես քաջ լինել, որը «մեծ նախանձախնդրություն ուներ Եհովայի համար» (1 Թագ. 19։13, 14

Ինչպե՞ս Եղիան արձագանքեց իր ծառայի խնդրանքին։ «Դժվար բան ես խնդրում,— ասաց նա։— Եթե տեսնես ինձ քեզանից վեր առնվելիս, հենց այդպես էլ կլինի, բայց եթե չտեսնես, չի լինի» (2 Թագ. 2։10)։ Եղիայի պատասխանը, ըստ ամենայնի, երկու բան էր նշանակում։ Առաջին՝ միայն Աստված կարող էր որոշել, թե արդյոք Եղիսեն կստանա իր խնդրածը։ Երկրորդ՝ եթե Եղիսեն ուզում էր իր խնդրածը ստանալ, ապա, անկախ ամեն ինչից, պետք է մնար մարգարեի հետ։

ԻՆՉ ՏԵՍԱՎ ԵՂԻՍԵՆ

Ինչպե՞ս Աստված արձագանքեց Եղիսեի խնդրանքին։ Կարդում ենք. «Երբ նրանք գնում էին ու քայլելով խոսում, հանկարծ մի հրեղեն մարտակառք և հրեղեն ձիեր հայտնվեցին, նրանց երկուսին բաժանեցին իրարից, և Եղիան մրրիկով երկինք բարձրացավ։ Իսկ Եղիսեն նայում էր» *։ Այո՛, Եհովան դրականորեն պատասխանեց նրա խնդրանքին. Եղիսեն տեսավ Եղիային վեր առնվելիս, ստացավ նրա ոգուց կրկնակի բաժին և դարձավ մարգարեի հոգևոր ժառանգորդը (2 Թագ. 2։11–14

Եղիսեն վերցրեց Եղիայի վրայից ընկած հագուստը։ Այժմ մարդիկ, այդ հագուստը տեսնելով Եղիսեի հագին, կիմանային, որ նա Աստծու մարգարե է։ Նրա նշանակման ապացույց եղավ նաև այն, որ նա Հորդանան գետի ջրերը բաժանեց երկու մասի։

Անկասկած, Եղիսեն շատ տպավորվեց՝ տեսնելով Եղիային մրրիկով վեր բարձրանալիս. չէ՞ որ հրեղեն մարտակառք և հրեղեն ձիեր տեսնելը սովորական բան չէր։ Դա ապացույց էր, որ Եհովան դրականորեն է պատասխանել Եղիսեի խնդրանքին։ Այսօր Աստված մեր աղոթքներին չի պատասխանում տեսիլքի միջոցով, բայց մենք կարող ենք հստակ տեսնել, որ նա օգտագործում է իր մեծ զորությունը մեզ  օգնելու և իր կամքը կատարելու համար։ Երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օրհնում իր կազմակերպության երկրային մասը, մենք «տեսնում» ենք նրա երկնային կառքը շարժման մեջ (Եզեկ. 10։9–13

Եղիսեի կյանքում շատ բաներ եղան, որոնք համոզեցին նրան, որ Եհովան ահռելի ուժ ունի։ Աստծու սուրբ ոգու շնորհիվ մարգարեն 16 հրաշք գործեց՝ Եղիայից երկու անգամ շատ *։ Երկրորդ անգամ Եղիսեն հրեղեն մարտակառքեր ու ձիեր տեսավ Դոթայիմում։

ԵՂԻՍԵՆ ՎՍՏԱՀԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ

Չնայած որ Դոթայիմում Եղիսեն շրջապատված էր թշնամիներով, նա խուճապի չմատնվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև ամուր հավատ էր զարգացրել Եհովայի հանդեպ։ Մենք էլ նման հավատի կարիք ունենք։ Դրա համար եկեք աղոթենք Եհովային, որ տա մեզ իր սուրբ ոգին, որպեսզի կարողանանք դրսևորել հավատ և ոգու պտղի մյուս հատկությունները (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23

Այն, ինչ տեղի ունեցավ Դոթայիմում, Եղիսեին էլ ավելի մեծ վստահությամբ լցրեց Եհովայի և նրա անտեսանելի զորքի հանդեպ։ Մարգարեն տեսավ, որ հրեշտակների բազմաքանակ զորքը շրջապատել է քաղաքը և այն պաշարած զորքին։ Աստված կուրությամբ հարվածեց թշնամուն և փրկեց Եղիսեին ու նրա ծառային (2 Թագ. 6։17–23)։ Այդ վճռական պահին, ինչպես նաև այլ իրավիճակներում, Եղիսեն հավատ դրսևորեց և լիովին ապավինեց Եհովային։

Եկեք Եղիսեի պես վստահենք Աստծուն (Առակ. 3։5, 6)։ Եթե այդպես վարվենք, «Աստված իր բարեհաճությունը ցույց կտա և կօրհնի մեզ» (Սաղ. 67։1)։ Ճիշտ է, այսօր բառացիորեն շրջապատված չենք հրեղեն մարտակառքերով և ձիերով, բայց գալիք «մեծ նեղության» ժամանակ Եհովան կպաշտպանի իր ժողովրդին (Մատթ. 24։21; Հայտն. 7։9, 14)։ Իսկ մինչ այդ եկեք միշտ հիշենք, որ «Աստված է մեր ապաստանը» (Սաղ. 62։8

^ պարբ. 16 Եղիան չբարձրացավ այն երկինքը, որը Եհովայի և նրա ոգեղեն որդիների՝ հրեշտակների հոգևոր բնակության վայրն է։ Տե՛ս «Դիտարան», 1997, սեպտեմբերի 15, էջ 15, անգլ., ռուս.։

^ պարբ. 19 Տե՛ս «Դիտարան», 2005, օգոստոսի 1, էջ 10։