Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Եհովան ամեն օր կրում է իմ բեռը

Եհովան ամեն օր կրում է իմ բեռը

Իմ առողջությունը անկայուն է։ Երբեմն կողքից կարող է թվալ, որ կյանքս անտանելի է։ Բայց միշտ զգացել եմ, որ Եհովան՝ իմ երկնային Հայրը, թիկունքիս կանգնած է։ Արդեն 20 տարուց ավելի է, ինչ ընդհանուր ռահվիրա եմ ծառայում, ինչը ինձ մեծ ուրախություն է պատճառում։

Ծնվել եմ 1956թ.-ին ողնաշարի ճեղքվածքով։ Իմ ողնաշարի նյարդային խողովակը ամբողջությամբ չէր փակվել, և այդ պատճառով վնասվել էր նյարդային համակարգս, ուստի ինձ համար դժվար էր քայլելը։ Ես ուրիշ լուրջ առողջական խնդիրներ էլ ունեցա։

Իմ ծնվելուց որոշ ժամանակ առաջ ծնողներս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկա մի ամուսնական զույգի հետ, որոնք միսիոներներ էին։ Մանկությանս տարիներին մեր քաղաքում (Ուսակոս, Նամիբիա) միայն մի քանի քարոզիչ էր ապրում։ Քանի որ ժողով չկար, և հանդիպումներ չէին անցկացվում, հանդիպումների ծրագիրը քննարկում էինք ընտանիքով։ Երբ 7 տարեկան էի, ինձ վիրահատեցին. մարմնիս վրա անցք բացեցին, որպեսզի մեզը այդ ճանապարհով դուրս գա (ուրոստոմիա)։ 14 տարեկանում ինձ մոտ էպիլեպսիա հայտնաբերվեց։ Քանի որ ամենամոտ դպրոցը բավականին հեռու էր, և ես կարիք ունեի, որ ծնողներս խնամեն ինձ, դպրոցը չկարողացա ավարտել։

Չնայած իմ հիվանդություններին՝ որոշեցի հատուկ ուշադրություն դարձնել հոգևոր առողջությանս։ Մեր հրատարակություններից շատերը դեռևս մատչելի չէին իմ մայրենի՝ աֆրիկաանս լեզվով։ Ուստի անգլերեն սովորեցի, որպեսզի մեր գրքերից մի քանիսը ուսումնասիրեմ։ Ես Թագավորության քարոզիչ դարձա և 19 տարեկանում մկրտվեցի։ Հետագա չորս տարիներին բազմաթիվ առողջական խնդիրներ և էմոցիոնալ դժվարություններ ունեցա։ Բացի այդ, քանի որ մեր քաղաքում բոլորն իրար լավ էին ճանաչում, ես վախենում էի մարդկանցից և եռանդորեն չէի մասնակցում քարոզչական ծառայությանը։

Նոր էր բոլորել 20 տարեկանս, երբ Նամիբիայից տեղափոխվեցինք Հարավաֆրիկյան Հանրապետություն, և առաջին անգամ եղա ժողովում։ Որքա՜ն հաճելի էր։ Բայց ես ստիպված էի նորից վիրահատվել։ Այս անգամ ենթարկվեցի կոլոստոմիայի։

Որոշ ժամանակ անց լսեցի շրջանային վերակացուի ելույթը ռահվիրայության մասին։ Նրա խոսքերը սրտիս դիպան։ Ես գիտեի, որ առողջությունս հեռու էր կատարյալ լինելուց, բաց տեսել էի, թե Եհովան ինչպես է բազմաթիվ դժվարությունների ժամանակ հոգ տարել իմ մասին։ Ուստի ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում լրացրի։ Բայց առողջական խնդիրներիս պատճառով երեցները չհամաձայնեցին։

Այդուհանդերձ, ես որոշեցի Թագավորության քարոզչության գործում լավագույնն անել։ Մորս և ուրիշների օգնությամբ հասցրի վեց ամիս շարունակ ծառայել ընդհանուր ռահվիրայի ժամաքանակով։ Այդպես փաստվեց, որ ես իսկապես ուզում եմ ռահվիրա ծառայել, և որ իմ առողջական խնդիրները չեն խանգարի ինձ։ Ես նորից դիմում լրացրի, և այս անգամ երեցները համաձայնեցին։ 1988թ. սեպտեմբերին դարձա ընդհանուր ռահվիրա։

Ծառայելով ռահվիրա՝ ես անընդհատ զգում եմ Եհովայի աջակցությունը։ Իմ հանգամանքների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ես մարդկանց սովորեցնում եմ ճշմարտությունը, և դա պաշտպանում է ինձ ու նպաստում իմ հոգևոր աճին։ Ես անչափ ուրախ եմ, որ մի քանիսին օգնել եմ նվիրվելու Եհովային ու մկրտվելու։

Իմ առողջական վիճակը չի փոխվել։ Բայց Եհովան «ամեն օր կրում է [իմ] բեռը» (Սաղ. 68։19)։ Նա ավելին է անում ինձ համար, քան պարզապես օգնում է, որ կյանքս տանելի լինի. Եհովայի շնորհիվ ես հաճույք եմ ստանում ապրելուց։