Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2013

«Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները»

«Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները»

«Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (ՄԱՏԹ. 24։3

1. Ի՞նչն է մեզ շատ հետաքրքրում, ինչը ժամանակին հետաքրքրում էր առաքյալներին։

ՀԻՍՈՒՍԻ երկրային ծառայությունը մոտենում էր ավարտին, և նրա աշակերտները շատ էին ուզում իմանալ, թե ինչ է լինելու ապագայում։ Ուստի Հիսուսի մահից մի քանի օր առաջ առաքյալներից չորսը հարցրին նրան. «Ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3; Մարկ. 13։3)։ Քրիստոսի պատասխանը մի ծավալուն մարգարեություն էր, որն արձանագրված է Մատթեոսի Ավետարանի 24-րդ և 25-րդ գլուխներում։ Նա բազմաթիվ ուշագրավ իրադարձություններ մարգարեացավ։ Նրա խոսքերը մեզ համար անչափ կարևոր են, որովհետև մեզ նույնպես շատ է հետաքրքրում ապագան։

2. ա) Տարիների ընթացքում ի՞նչն ենք ջանացել ավելի լավ հասկանալ։ բ) Ի՞նչ երեք հարց ենք քննարկելու։

2 Տարիներ շարունակ Եհովայի ծառաները ուսումնասիրել են Հիսուսի՝ վերջին օրերի մասին մարգարեությունը և աղոթել են Աստծուն, որ իրենց հասկացողություն տա։ Նրանք ջանացել են ավելի լավ հասկանալ, թե երբ են կատարվելու Հիսուսի խոսքերը։ Քննենք երեք հարց, որոնք կօգնեն մեզ տեսնելու, թե մեր հասկացողությունն ինչպես է հստակեցվել։ Ե՞րբ է սկսվում «մեծ նեղությունը»։ Ե՞րբ է Հիսուսը դատում «ոչխարներին» և «այծերին»։ Ե՞րբ է Հիսուսը «գալիս» (Մատթ. 24։21; 25։31–33

Ե՞ՐԲ Է ՍԿՍՎՈՒՄ ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԸ

3. Անցյալում ո՞րն էր մեր հասկացողությունը այն մասին, թե երբ է սկսվում մեծ նեղությունը, և ինչ մասերից է այն բաղկացած։

3 Երկար տարիներ մենք կարծում էինք, որ մեծ նեղությունը սկսվել է 1914թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմով, և որ Եհովան 1918թ.-ին, երբ պատերազմն ավարտվեց, «այդ օրերը կարճացրեց», որպեսզի օծյալ մնացորդը հնարավորություն ունենա բարի լուրը քարոզելու բոլոր ազգերին (Մատթ. 24։21, 22)։ Երբ քարոզչությունը ավարտվեր, Սատանայի կայսրությունը կործանվելու էր։ Այսպիսով՝ մտածում էինք, որ մեծ նեղությունը բաղկացած է երեք մասից.  այն ունի սկիզբ (1914–1918), ընդհատում (1918-ից սկսած), և ավարտ՝ Արմագեդոն։

4. Ավելի խորը ուսումնասիրելով վերջին օրերի մասին Հիսուսի մարգարեությունը՝ ի՞նչ հասկացանք։

4 Բայց ավելի խորը ուսումնասիրելով Հիսուսի մարգարեությունը՝ հասկացանք, որ Հիսուսի՝ վերջին օրերի մասին մարգարեության մի մասը ունի երկու կատարում (Մատթ. 24։4–22)։ Առաջին կատարումը տեղի էր ունեցել Հրեաստանում առաջին դարում, երկրորդը տեղի էր ունենալու մեր օրերում համաշխարհային մասշտաբով։ Այս ըմբռնման հիման վրա կատարվեց մի քանի վերաճշտում *։

5. ա) Ինչի՞ սկիզբն էր 1914թ.։ բ) «Ցավերի» ժամանակաշրջանը առաջին դարի ո՞ր թվականներին է համապատասխանում։

5 Մենք նաև հասկացանք, որ մեծ նեղության առաջին փուլը չի սկսվել 1914թ.-ին։ Ինչո՞ւ ենք այսպիսի եզրակացության եկել։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ մեծ նեղությունը սկսվում է ոչ թե ազգամիջյան պատերազմով, այլ կեղծ կրոնի վրա հարձակումով։ Այսպիսով՝ 1914թ. ոչ թե մեծ նեղության սկիզբն էր, այլ «ցավերի սկիզբը» (Մատթ. 24։8)։ Այդ «ցավերը» համապատասխանում են այն ամենին, ինչ տեղի է ունեցել Երուսաղեմում և Հրեաստանում 33–66թթ.-ին։

6. Ի՞նչ իրադարձությամբ է սկսվելու մեծ նեղությունը։

6 Ինչի՞ց ենք իմանալու, որ մեծ նեղությունը սկսվել է։ Հիսուսը մարգարեացավ. «Երբ տեսնեք ամայացում բերող պղծությունը (որի մասին Դանիել մարգարեն խոսեց)՝ կանգնած սուրբ վայրում (կարդացողը թող խորաթափանց լինի), այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն» (Մատթ. 24։15, 16)։ «Կանգնած սուրբ վայրում» խոսքերը առաջին անգամ կատարվեցին 66թ.-ին, երբ հռոմեական բանակը («պղծությունը») հարձակվեց Երուսաղեմի ու տաճարի վրա (որը սուրբ վայր էր հրեաների համար)։ «Կանգնելը» երկրորդ անգամ տեղի է ունենալու այն ժամանակ, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը (ժամանակակից  «պղծությունը») հարձակվի քրիստոնեական աշխարհի վրա (որը սուրբ է կեղծ քրիստոնյաների համար) և Մեծ Բաբելոնի մնացած մասի վրա։ Այս հարձակման մասին խոսվում է նաև Հայտնություն 17։16–18 համարներում։ Այս իրադարձությամբ սկսվելու է մեծ նեղությունը։

7. ա) Ինչպե՞ս «մարմինը» փրկվեց առաջին դարում։ բ) Ի՞նչ է տեղի ունենալու ապագայում։

7 Քրիստոսը նաև մարգարեացավ. «Այդ օրերը կկարճացվեն»։ Այս խոսքերի առաջին կատարումը տեղի ունեցավ 66թ.-ին, երբ հռոմեական բանակը «կարճացրեց» իր հարձակումը՝ դադարեցնելով Երուսաղեմի պաշարումը։ Դրանից հետո Երուսաղեմում և Հրեաստանում ապրող օծյալ քրիստոնյաները փախան և հնարավորություն ունեցան փրկելու իրենց «մարմինը», այսինքն՝ կյանքը (կարդա՛ Մատթեոս 24։22; Մաղ. 3։17)։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու գալիք մեծ նեղության ժամանակ։ Եհովան «կարճացնելու» է ՄԱԿ-ի հարձակումը կեղծ կրոնի վրա, որպեսզի ճշմարիտ կրոնը կեղծ կրոնի հետ չկործանվի։ Աստծու ժողովուրդը փրկվելու է։

8. ա) Ի՞նչ դեպքեր են տեղի ունենալու մեծ նեղության առաջին փուլից հետո։ բ) Ակներևաբար ո՞ր պահին է 144000-ի վերջին անդամը ստանալու իր երկնային պարգևը (տե՛ս ծանոթագրությունը)։

 8 Ի՞նչ է տեղի ունենալու մեծ նեղության առաջին փուլից հետո։ Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ այս փուլից մինչև Արմագեդոնի սկսվելը լինելու է մի ժամանակամիջոց։ Ի՞նչ դեպքեր են տեղի ունենալու այդ ընթացքում։ Այդ մասին գրված է Եզեկիել 38։14–16 և Մատթեոս 24։29–31 համարներում (կարդա՛) *։ Դրանից հետո տեղի է ունենալու Արմագեդոնը, որը լինելու է մեծ նեղության գագաթնակետը։ Սրա զուգահեռը Երուսաղեմի կործանումն է 70թ.-ին (Մաղ. 4։1)։ Քանի որ մեծ նեղության գագաթնակետը լինելու է Արմագեդոն պատերազմը, մեծ նեղությունը լինելու է եզակի իրադարձություն, որի «նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթ. 24։21)։ Այնուհետև սկսվելու է Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը։

9. Մեծ նեղության մասին մարգարեությունը ի՞նչ ազդեցություն է թողնում Եհովայի ծառաների վրա։

 9 Մեծ նեղության մասին այս մարգարեությունը զորացնում է մեզ՝ Եհովայի ծառաներիս։ Ինչո՞ւ։ Որովհետև վստահեցնում է, որ անկախ այն բանից, թե ինչ դժվարությունների կբախվենք, մենք՝ որպես խումբ, վերապրելու ենք մեծ նեղությունից (Հայտն. 7։9, 14)։ Բայց ամենից շատ ուրախ ենք նրա համար, որ Արմագեդոնին Եհովան արդարացնելու է իր գերիշխանությունը և սրբացնելու է իր սուրբ անունը (Սաղ. 83։18; Եզեկ. 38։23

Ե՞ՐԲ Է ՀԻՍՈՒՍԸ ԴԱՏՈՒՄ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԾԵՐԻՆ

10. Նախկինում ո՞րն էր մեր տեսակետը այն մասին, թե երբ է կատարվում ոչխարներին ու այծերին դատելու մասին առակը։

10 Այժմ քննենք, թե երբ է կատարվում Հիսուսի մարգարեության մեկ ուրիշ մաս՝ ոչխարներին ու այծերին դատելու մասին առակը (Մատթ. 25։31–46)։ Նախկինում մտածում էինք, որ մարդկանց դատելը, թե ով է ոչխար և ով՝ այծ, տեղի է ունենում վերջին օրերի (որոնք սկսվել են 1914 թ.-ին) ողջ ընթացքում։ Մենք եզրակացրել էինք, որ ովքեր մերժում են Թագավորության լուրը և մահանում են նախքան մեծ նեղության սկսվելը, մահանում են որպես այծ՝ առանց հարության հույսի։

11. Ինչո՞ւ ոչխարների և այծերի դատը չէր կարող սկսվել 1914թ.-ին։

11 1990-ականների կեսերին «Դիտարանում» վերանայվեց Մատթեոս 25։31-ի բացատրությունը։ Այդ համարում կարդում ենք. «Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին»։ «Դիտարանում» նշվեց, որ 1914թ.-ին Հիսուսը դարձել է Աստծու Թագավորության Թագավոր, բայց չի նստել «իր փառքի գահին» որպես «բոլոր ազգերի» Դատավոր (Մատթ. 25։32; համեմատի՛ր Դանիել 7։13)։ Սակայն ոչխարների և այծերի առակում Հիսուսը գլխավորապես ներկայանում է որպես Դատավոր (կարդա՛ Մատթեոս 25։31–34, 41, 46)։ Քանի որ Հիսուսը 1914թ.-ին չէր գործում որպես բոլոր ազգերի Դատավոր, նրա կողմից մարդկանց՝ որպես ոչխարների կամ այծերի դատելը չէր կարող սկսվել այդ տարի *։ Այդ դեպքում ե՞րբ է Հիսուսը սկսում դատել։

12. ա) Ե՞րբ է Հիսուսը առաջին անգամ բոլոր ազգերի Դատավոր լինելու։ բ) Ի՞նչ իրադարձություններ են նկարագրված Մատթեոս 24։30, 31 և Մատթեոս 25։31–33, 46 համարներում։

 12 Հիսուսի՝ վերջին օրերի մասին մարգարեությունից երևում է, որ նա առաջին անգամ հանդես է գալու որպես բոլոր ազգերի Դատավոր կեղծ կրոնի կործանումից հետո։ Ինչպես նշվեց  8-րդ պարբերությունում, որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու այդ ժամանակ, գրված են Մատթեոս 24։30, 31-ում։ Այս համարները ուսումնասիրելիս կնկատենք, որ Հիսուսը այստեղ մարգարեանում է այնպիսի իրադարձություններ, որոնք նման են ոչխարների և այծերի մասին առակում նշված իրադարձություններին, օրինակ՝ մարդու Որդին գալիս է փառքով և հրեշտակների հետ, բոլոր ցեղերն ու ազգերը հավաքվում են, նրանք, ովքեր դասվում են ոչխարների շարքին, «բարձրացնում են իրենց գլուխները», որովհետև նրանց «հավիտենական կյանք» է սպասում *։ Այծերի շարքին դասվածները, հասկանալով որ իրենց «հավիտենական մահ» է սպասում, «կողբան և կուրծք կծեծեն» (Մատթ. 25։31–33, 46

13. ա) Ե՞րբ է Հիսուսը դատելու մարդկանց՝ որպես ոչխարների կամ այծերի։ բ) Ինչպե՞ս է այս ըմբռնումը անդրադառնում ծառայության վերաբերյալ մեր տեսակետի վրա։

13 Ի՞նչ կարող ենք եզրակացնել։ Հիսուսը մեծ նեղության ժամանակ գալու է դատելու բոլոր ազգերի մարդկանց՝ որպես ոչխարների կամ այծերի։ Հետո՝ Արմագեդոնին, որը մեծ նեղության գագաթնակետն է, «այծերը» «կգնան դեպի հավիտենական մահ»։ Ինչպե՞ս է այս ըմբռնումը անդրադառնում քարոզչական ծառայության վերաբերյալ մեր տեսակետի վրա։ Այն օգնում է մեզ տեսնելու, թե որքան կարևոր է մեր քարոզչական գործը։ Քանի դեռ մեծ նեղությունը չի սկսվել, մարդիկ ժամանակ ունեն փոխելու իրենց մտածելակերպը և  սկսելու քայլել նեղ ճանապարհով, «որը դեպի կյանք է տանում» (Մատթ. 7։13, 14)։ Ինչ խոսք, մարդիկ այսօր գուցե դրսևորեն այծանման կամ ոչխարանման հատկություններ։ Այնուամենայնիվ, պետք է հիշենք, որ վերջնականապես մեծ նեղության ընթացքում է որոշվելու, թե ով է ոչխար և ով՝ այծ։ Ուստի մենք լուրջ պատճառ ունենք շարունակելու որքան հնարավոր է շատ մարդկանց առաջարկել լսել Թագավորության մասին լուրը և արձագանքել դրան։

Քանի դեռ մեծ նեղությունը չի սկսվել, մարդիկ ժամանակ ունեն փոխելու իրենց մտածելակերպը

Ե՞ՐԲ Է ՀԻՍՈՒՍԸ ԳԱԼԻՍ

14, 15. Աստվածաշնչյան ո՞ր չորս համարներն են վերաբերում Քրիստոսի ապագա գալստյանը՝ որպես Դատավորի։

 14 Կա՞ն Հիսուսի մարգարեությունում նշված ուրիշ կարևոր իրադարձություններ, որոնց կատարման ժամանակի վերաբերյալ մեր հասկացողությունը պետք է վերաճշտվի։ Մարգարեությունն ինքը պատասխանում է այս հարցին։

15 Իր մարգարեության այն մասում, որն արձանագրված է Մատթեոս 24։29–25։46 համարներում, Հիսուսը գլխավորապես կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենալու վերջին օրերի և գալիք մեծ նեղության ընթացքում։ Այստեղ Հիսուսը ութ անգամ խոսում է իր «գալու» մասին։ Մեծ նեղության հետ կապված՝ նա ասում է՝ «մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա.... գալիս», «չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու», «այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա»։ Իսկ ոչխարների և այծերի առակում Հիսուսն ասում է. «Երբ մարդու Որդին գա իր փառքով» (Մատթ. 24։30, 42, 44; 25։31)։ Այս չորս համարներից յուրաքանչյուրը վերաբերում է Քրիստոսի ապագա գալստյանը՝ որպես Դատավորի։

16. Հիսուսի գալու մասին ուրիշ ո՞ր համարներում է խոսվում։

16 Իսկ որո՞նք են մյուս չորս համարները, որտեղ խոսվում է Հիսուսի գալստյան մասին։ Հավատարիմ և իմաստուն ծառայի հետ կապված՝ Հիսուսն ասում է. «Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի»։ Կույսերի մասին առակում Հիսուսն ասում է. «Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ»։ Տաղանդների մասին առակում Հիսուսն ասում է. «Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ»։ Այս նույն առակում տերն ասում է. «Երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի» (Մատթ. 24։46; 25։10, 19, 27)։ Ո՞ր ժամանակներին են վերաբերում Հիսուսի գալստյան վերաբերյալ այս խոսքերը։

17. Ի՞նչ է գրվել մեր հրատարակություններում Հիսուսի՝ Մատթեոս 24։46-ում նշված «գալու» վերաբերյալ։

 17 Անցյալում մեր հրատարակություններում գրվել է, որ այս վերջին չորս խոսքերը վերաբերում են Հիսուսի գալստյանը 1918թ.-ին։ Ուշադրություն դարձնենք, օրինակ, «հավատարիմ և իմաստուն ծառայի» վերաբերյալ Հիսուսի խոսքերին (կարդա՛ Մատթեոս 24։45–47)։ Մենք մտածում էինք, որ 46-րդ համարում նշված «գալը» վերաբերում է այն ժամանակին, երբ 1918թ.-ին Հիսուսը եկավ ստուգելու օծյալների հոգևոր վիճակը։ Նաև մտածում էինք, որ ծառայի նշանակումը Տիրոջ ողջ ունեցվածքի վրա տեղի է ունեցել 1919թ.-ին (Մաղ. 3։1)։ Սակայն Հիսուսի մարգարեության հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս մարգարեության որոշ երեսակների կատարման ժամանակի մասին մեր հասկացողությունը վերաճշտման կարիք ունի։ Տեսնենք, թե ինչպես։

18. Հիսուսի ամբողջ մարգարեությունն ուսումնասիրելով՝ ի՞նչ եզրակացության ենք հանգում նրա գալստյան վերաբերյալ։

18 Մատթեոս 24։46-ին նախորդող համարներում «գալ» բառը վերաբերում է այն ժամանակին, երբ մեծ նեղության ժամանակ Հիսուսը գալիս է, որպեսզի հայտնի դատավճիռը և այն իրականացնի (Մատթ. 24։30, 42, 44)։ Բացի այդ, ինչպես քննեցինք  12-րդ պարբերությունում, Մատթեոս 25։31-ում նշված «գալը» նույնպես վերաբերում է ապագայում դատելու ժամանակին։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ, երբ Հիսուսը գալիս է հավատարիմ ծառային իր ողջ ունեցվածքի վրա նշանակելու, ինչպես նշված է Մատթեոս 24։46, 47 համարներում, դա նույնպես վերաբերում է նրա ապագա գալստյանը, որը լինելու է մեծ նեղության ժամանակ։ Իսկապես, Հիսուսի ամբողջ մարգարեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գալու վերաբերյալ բոլոր ութ համարները վերաբերում են ապագային, երբ Հիսուսը գալու է մեծ նեղության ժամանակ դատելու։

19. Ի՞նչ վերաճշտումներ քննեցինք և ի՞նչ հարցերի պատասխաններ ենք իմանալու հաջորդ հոդվածներում։

19 Ի՞նչ սովորեցինք։ Հոդվածի սկզբում նշվեց երեք հարց, որոնք սկսվում են «երբ» բառով։ Նախ՝ խոսեցինք, որ մեծ նեղությունը չի սկսվել 1914-ին, այլ սկսվելու է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը հարձակվի Մեծ Բաբելոնի վրա։ Հետո՝ վերհիշեցինք թե ինչու Հիսուսի կողմից ոչխարներին ու այծերին դատելը չի սկսվել 1914-ին, այլ տեղի է ունենալու մեծ նեղության ընթացքում։ Այնուհետև՝ քննեցինք ու տեսանք, թե ինչու հավատարիմ ծառային իր ողջ ունեցվածքի վրա նշանակելու համար Հիսուսի գալը տեղի չի ունեցել 1919-ին, այլ դա տեղի է ունենալու մեծ նեղության ընթացքում։ Այսպիսով՝ այդ երեք հարցերը վերաբերում են ապագային։ Այս վերաճշտումը անդրադառնո՞ւմ է հավատարիմ ծառայի մասին օրինակի վերաբերյալ մեր հասկացողության վրա։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի պատմած մյուս օրինակների և առակների մասին, որոնք կատարվում են այս վերջին օրերում։ Այս կարևոր հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածներում։

 

^ պարբ. 4 Պարբերություն 4։ [1] Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարան», 1994, փետրվարի 15, էջ 8–21 (անգլ., ռուս.) և «Դիտարան», 1999, մայիսի 1, էջ 15–27։

^ պարբ. 8 Պարբերություն 8։ [2] Այս համարներում նշված իրադարձություններից մեկը «ընտրյալների հավաքումն» է (Մատթ. 24։31)։ Ուստի կարելի է մտածել, որ բոլոր օծյալները, ովքեր դեռ կլինեն երկրի վրա մեծ նեղության առաջին փուլից հետո, կվերցվեն երկինք նախքան Արմագեդոն պատերազմի սկսվելը։ Սա այն բանի վերաճշտումն է, ինչ գրվել է «Դիտարանի» 1990թ. օգոստոսի 15-ի համարում («Ընթերցողների հարցերը», էջ 30, անգլ., ռուս.)։

^ պարբ. 11 Պարբերություն 11։ [3] Տե՛ս «Դիտարան», 1995, հոկտեմբերի 15, էջ 18–28 (անգլ., ռուս.)։

^ պարբ. 12 Պարբերություն 12։ [4] Տե՛ս Ղուկաս 21։28-ում գրված զուգահեռ արձանագրությունը։