Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2013

Քչերի ձեռքով կերակրվում են շատերը

Քչերի ձեռքով կերակրվում են շատերը

«Հացերը կտրելուց հետո բաժանեց իր աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին» (ՄԱՏԹ. 14։19

1–3. Նկարագիր, թե Հիսուսն ինչպես կերակրեց Բեթսայիդայի մոտակայքում հավաքված մեծ բազմությանը (տե՛ս 15-րդ էջի նկարը)։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ տեսարանը (կարդա՛ Մատթեոս 14։14–21)։ 32թ. Պասեքի նախօրեն է։ 5000 հոգի՝ չհաշված կանանց ու երեխաներին, Հիսուսի և նրա աշակերտների հետ գտնվում են Գալիլեայի ծովի հյուսիսային ափին՝ Բեթսայիդա գյուղի մոտակայքում՝ մի ամայի վայրում։

2 Հիսուսը, խղճալով հավաքված մարդկանց, բուժում է հիվանդներին ու շատ բաներ է սովորեցնում Աստծու Թագավորության մասին։ Երբ ժամն արդեն ուշ է լինում, աշակերտները Հիսուսին ասում են, որ արձակի ժողովրդին, որպեսզի մարդիկ գնան մոտակա գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն։ Բայց Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրա խոսքերը, հավանաբար, տարակուսանքի մեջ են գցում աշակերտներին, որովհետև նրանք ունեն ընդամենը հինգ հաց և երկու փոքր ձուկ։

3 Կարեկցանքը Հիսուսին մղում է հրաշք անելու, միակ հրաշքը, որն արձանագրվել է բոլոր չորս ավետարանագիրների կողմից (Մարկ. 6։35–44; Ղուկ. 9։10–17; Հովհ. 6։1–13)։ Հիսուսն ու նրա աշակերտները մարդկանց ասում են, որ խմբերով՝ «հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն», նստեն խոտերին։ Ապա օրհնելուց հետո նա հացն ու ձուկը սկսում է կտրել։ Սակայն դրանք ոչ թե անմիջապես բաժանում է մարդկանց, այլ տալիս է իր «աշակերտներին, որ աշակերտները բաժանեն ժողովրդին»։ Եվ ահա հրաշք. ուտելիքը բոլորին բավականացնում է և դեռ ավելանում է։ Այո՛, Հիսուսը հազարավոր մարդկանց կերակրում է մի քանիսի՝ իր աշակերտների միջոցով *։

4. ա) Իր հետևորդներին ինչպիսի՞ սնունդ տալու հարցով էր Հիսուսն ավելի շատ անհանգստացած և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս և հաջորդ հոդվածում։

4 Սակայն Հիսուսն ավելի շատ անհանգստացած էր իր հետևորդներին հոգևոր սնունդ տալու հարցով։ Նա գիտեր, որ հոգևոր սնունդ, այսինքն՝ սուրբգրային ճշմարտությունները ընդունելը տանում է հավիտենական կյանքի (Հովհ. 6։26, 27; 17։3)։ Այն նույն կարեկցանքը,  որը մղեց Հիսուսին հացով ու ձկով կերակրելու բազմությանը, նրան մղեց նաև շատ ժամանակ տրամադրելու իր հետևորդներին՝ նրանց սովորեցնելու համար (Մարկ. 6։34)։ Հիսուսը գիտեր, որ երկրի վրա իրեն քիչ ժամանակ է մնացել, և ինքը շուտով վերադառնալու է երկինք (Մատթ. 16։21; Հովհ. 14։12)։ Ինչպե՞ս էր նա երկնքից հոգ տանելու, որ երկրի վրա իր հետևորդները բավականաչափ հոգևոր սնունդ ունենան։ Նա վարվելու էր նույն կերպ. շատերին կերակրելու էր քչերի միջոցով։ Իսկ ովքե՞ր էին լինելու այդ քչերը։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես է Հիսուսը քչերի միջոցով կերակրել առաջին դարի իր բազմաթիվ օծյալ հետևորդներին։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք մի հարց, որը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, այն է՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ովքեր են այն քչերը, որոնց միջոցով Հիսուսն այսօր կերակուր է տալիս մեզ։

Հազարավորներ կերակրվեցին քչերի ձեռքով (տե՛ս պարբերություն 4)

ՀԻՍՈՒՍԸ ԸՆՏՐՈՒՄ Է ՔՉԵՐԻՆ

5, 6. ա) Ի՞նչ կարևոր որոշում կայացրեց Հիսուսը, որպեսզի իր մահից հետո իր հետևորդները բավականաչափ հոգևոր սնունդ ունենան։ բ) Ինչպե՞ս էր Հիսուսը իր աշակերտներին պատրաստում մի կարևոր գործի համար, որը նրանք պետք է անեին իր մահից հետո։

5 Ընտանիքի հոգատար հայրը քայլեր է ձեռնարկում, որ իր մահվան դեպքում իր ընտանիքը ապահովված լինի։ Նմանապես Հիսուսը, որը դառնալու էր քրիստոնեական ժողովի Գլուխ, քայլեր ձեռնարկեց, որ իր մահից հետո իր հետևորդները հոգևոր առումով ապահովված լինեն (Եփես. 1։22)։ Օրինակ՝ մահից երկու տարի առաջ նա մի շատ կարևոր որոշում կայացրեց։ Նա ընտրեց «քչերի» առաջին անդամներին, որոնց միջոցով հետագայում կերակրելու էր շատերին։ Տեսնենք՝ ինչպես։

6 Ողջ գիշեր աղոթելուց հետո Հիսուսը հավաքեց իր աշակերտներին և նրանց միջից ընտրեց 12 առաքյալների (Ղուկ. 6։12–16)։ Հաջորդ երկու տարիներին նա մտերմացավ նրանց հետ՝ սովորեցնելով և՛ խոսքով, և՛ օրինակով։ Նա գիտեր, որ նրանք դեռ շատ բան ունեն սովորելու. իզուր չէ, որ նրանք շարունակում էին կոչվել «աշակերտներ» (Մատթ. 11։1; 20։17)։ Նա նրանց արժեքավոր անհատական խորհուրդներ տվեց և մանրամասնորեն սովորեցրեց, թե ինչպես ծառայել (Մատթ. 10։1–42; 20։20–23; Ղուկ. 8։1; 9։52–55)։ Քրիստոսը ակներևաբար նրանց շատ կարևոր գործի համար էր պատրաստում, որը նրանք պետք է անեին իր մահից և երկինք վերադառնալուց հետո։

7. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, թե որն է լինելու առաքյալների գլխավոր գործը։

7 Ի՞նչ գործ էին անելու առաքյալները։ Մոտենում էր 33թ. Պենտեկոստեն և հստակ էր դառնում, որ նրանք «վերակացության պատասխանատվություն» էին ստանձնելու (Գործ. 1։20)։ Իսկ գլխավորապես ի՞նչ էին նրանք անելու։ Այս հարցի պատասխանը երևում է այն զրույցից, որը տեղի ունեցավ Պետրոս առաքյալի և Հիսուսի միջև վերջինիս հարությունից հետո (կարդա՛ Հովհաննես 21։1, 2, 15–17)։ Մի քանի առաքյալների ներկայությամբ Հիսուսը Պետրոսին ասաց. «Կերակրի՛ր իմ գառնուկներին»։ Դրանով նա ցույց տվեց, որ իր առաքյալները լինելու են այն քչերի մեջ, որոնց միջոցով ինքը հոգևոր կերակուր է տալու շատերին։ Աստվածաշնչյան այս դրվագը վառ կերպով ցույց է տալիս, թե Հիսուսը որքան շատ է սիրում իր «գառնուկներին» *։

ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻՑ ՍԿՍԱԾ՝ ԿԵՐԱԿՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ

8. Պենտեկոստեի ժամանակ նորահավատներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ լիովին ընդունում են այն միջոցը, որով Քրիստոսը կերակուր է տալիս։

8 33թ. Պենտեկոստեից սկսած՝ հարություն առած Հիսուսը իր առաքյալների միջոցով կերակրեց իր մյուս օծյալ աշակերտներին (կարդա՛ Գործեր 2։41, 42)։ Այդ միջոցը լիովին ընդունվեց այն հրեաների ու պրոզելիտների կողմից, ովքեր Պենտեկոստեի օրը դարձան ոգով օծված քրիստոնյաներ։ Նրանք «շարունակում էին սովորել առաքյալներից»՝ լիովին վստահելով նրանց։ Ըստ մի գիտնականի՝ այն հունարեն բայը, որը թարգմանվել է «շարունակում էին», կարող է ունենալ նաև «որոշակի  բանի հանդեպ անբեկանելի նվիրվածության» իմաստ։ Նորահավատները հոգևոր մեծ քաղց ունեին և հստակ գիտեին, թե որտեղ հագեցնեն այն։ Նրանք վստահում էին առաքյալներին և նրանցից էին սպասում, որ բացատրեն Հիսուսի խոսքերն ու գործերը և նոր լույս սփռեն սուրբգրային այն համարների վրա, որոնք վերաբերում էին նրան * (Գործ. 2։22–36

9. Առաքյալներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ Հիսուսի գառներին կերակրելը ամենից կարևոր բանն է իրենց համար։

9 Առաքյալների համար ամենից կարևոր բանը միշտ եղել է Հիսուսի գառներին կերակրելը։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչպես նրանք լուծեցին նորաստեղծ ժողովում առաջացած մի հարց, որը կարող էր բաժանումներ մտցնել ժողովի անդամների միջև։ Հետաքրքիր է, որ այդ հարցը վերաբերում էր ֆիզիկական սննդին։ Հունախոս այրիները, ի տարբերություն եբրայախոս այրիների, անտեսվում էին մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ։ Ինչպե՞ս էին առաքյալները լուծելու այս նուրբ հարցը։ «Տասներկու առաքյալները» նշանակեցին յոթ հասուն եղբայրների, որպեսզի վերջիններս վերահսկեն «այս գործը»՝ մթերքի բաշխումը։ Առաքյալները, որոնց մեծ մասը, անկասկած, մասնակցել էր այն ուտելիքի բաշխմանը, որը Հիսուսը հրաշքի միջոցով ստեղծել էր բազմությանը կերակրելու համար, հասկացան, որ իրենք ավելի շատ պետք է կենտրոնանան հոգևոր սնունդ տալու վրա։ Ուստի նրանք իրենց «անձերը նվիրեցին Աստծու խոսքն ուսուցանելուն» (Գործ. 6։1–6

10. Հիսուսն ի՞նչ արեց Երուսաղեմի առաքյալների ու երեցների միջոցով։

10 49թ.-ին առաքյալներին միացան որոշ հասուն երեցներ (կարդա՛ Գործեր 15։1, 2)։ Նրանք միասին ծառայեցին որպես կառավարիչ մարմին։ Լինելով ժողովի Գլուխ՝ Քրիստոսը հասուն տղամարդկանցից բաղկացած այս փոքր խմբի միջոցով լուծեց ուսմունքային հարցեր, վերահսկեց ու առաջնորդեց Թագավորության բարի լուրի քարոզչության և ուսուցանելու գործը (Գործ. 15։6–29; 21։17–19; Կող. 1։18

11, 12. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան օրհնել էր այն միջոցը, որով Հիսուսը հոգևորապես սնում էր առաջին դարի ժողովներին։ բ) Ինչպե՞ս կարելի էր հստակ ճանաչել այն միջոցը, որով Հիսուսը հոգևոր սնունդ էր տալիս։

11 Օրհնե՞ց Եհովան այն միջոցը, որով Հիսուսը հոգևորապես սնեց առաջին դարի ժողովներին։ Անկասկա՛ծ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ «Գործեր» գրքում կարդում ենք. «Երբ նրանք [Պողոս առաքյալն ու նրա ուղեկիցները] անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեն դրանց։ Ուստի ժողովները  շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։ Ուշադրություն դարձնենք, որ այս ժողովները հոգևորապես բարգավաճում էին, որովհետև հավատարմորեն համագործակցում էին Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնի հետ։ Մի՞թե սա ապացույց չէ, որ Եհովան օրհնել էր այն միջոցը, որով Հիսուսը հոգևորապես սնում էր առաջին դարի ժողովներին։ Եկեք հիշենք, որ հոգևոր բարգավաճումը հնարավոր է միայն Եհովայի առատ օրհնության դեպքում (Առակ. 10։22; 1 Կորնթ. 3։6, 7

12 Մենք տեսանք, որ Հիսուսն իր հետևորդներին հոգևոր կերակուր էր տալիս այն ձևով, ինչ ձևով որ ֆիզիկական կերակուր տվեց բազմությանը. նա շատերին կերակրեց քչերի միջոցով։ Այն միջոցը, որով Հիսուսը հոգևոր սնունդ էր տալիս, հստակ կարելի էր ճանաչել։ Վերջիվերջո, «առաքյալների ձեռքով [որոնք կառավարիչ մարմնի առաջին անդամներն էին] շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում ժողովրդի մեջ», ինչը երկնային աջակցության տեսանելի ապացույց էր * (Գործ. 5։12)։ Հետևաբար քրիստոնյա դարձած ոչ մի մարդ պատճառ չուներ հարցնելու. «Ո՞ւմ միջոցով է Քրիստոսը կերակրում իր գառներին»։ Բայց առաջին դարի վերջում իրավիճակը փոխվեց։

Առաջին դարում հստակ էր, թե ում միջոցով է Հիսուսը հոգևոր կերակուր տալիս ժողովին (տե՛ս պարբերություն 12)

ԵՐԲ ՈՐՈՄԸ ՇԱՏ ԷՐ, ՑՈՐԵՆԸ՝ ՔԻՉ

13, 14. ա) Ի՞նչ կանխագուշակեց Հիսուսը, և նրա խոսքերը ե՞րբ սկսեցին կատարվել։ բ) Ո՞ր երկու կողմից էր լինելու հարձակումը (տե՛ս ծանոթագրությունը)։

13 Հիսուսը կանխագուշակեց, որ քրիստոնեական ժողովը հարձակման է ենթարկվելու։ Հիշենք, որ ցորենի և որոմների մարգարեական առակով նա նախազգուշացրեց, որ ցորենի (օծյալ քրիստոնյաներ) նոր ցանված արտում ցանվելու էր որոմ (կեղծ քրիստոնյաներ)։ Նա ասաց, որ թույլ էր տրվելու, որ դրանք միասին աճեն մինչև հնձի ժամանակը, որը տեղի էր ունենալու «աշխարհի վախճանին» (Մատթ. 13։24–30, 36–43)։ Կարճ ժամանակ անց Քրիստոսի խոսքերը սկսեցին կատարվել *։

14 Առաջին դարում հավատուրացությունը փորձեց գլուխ բարձրացնել քրիստոնեական ժողովում, բայց Հիսուսի հավատարիմ առաքյալները «արգելք հանդիսացան»՝ կանխելով կեղծ ուսմունքների տարածումն ու ազդեցությունը (2 Թեսաղ. 2։3, 6, 7)։ Բայց վերջին առաքյալի մահից հետո հավատուրացությունը արմատներ գցեց և սկսեց տարածվել աճի ժամանակահատվածում, որը տևեց դարեր։ Բացի դրանից, այդ ընթացքում շատացան որոմները, իսկ ցորենը քիչ էր։ Հոգևոր սննդի մատակարարման համար չկար մի միջոց, որը կգործեր անխափան և կազմակերպված ձևով։ Իրավիճակը, սակայն, փոխվելու էր։ Իսկ ե՞րբ։

ՀՆՁԻ ԺԱՄԱՆԱԿ Ո՞Վ ԷՐ ՍՆՈՒՆԴ ՏԱԼՈՒ

15, 16. Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ արդյունքների հասան՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, և ի՞նչ հարց է առաջանում։

15 Որքան աճի ժամանակահատվածը մոտենում էր ավարտին, այնքան մեծանում էր հետաքրքրությունը Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ։ Հիշենք, որ 1870-ականներին մարդկանց մի փոքր խումբ, որն անկեղծորեն փնտրում էր ճշմարտությունը, հավաքվեց և կազմեց աստվածաշնչյան դասարաններ։ Այդպիսով նրանք առանձնացան որոմներից՝ քրիստոնեական եկեղեցիների ու աղանդների կեղծ քրիստոնյաներից։ Ունենալով խոնարհ սիրտ և լինելով անկողմնակալ՝ այս Աստվածաշունչ ուսումնասիրողները (նրանք իրենց այսպես էին անվանում) աղոթում էին և ուշադրությամբ ուսումնասիրում Սուրբ Գիրքը (Մատթ. 11։25

16 Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծ արդյունքների հասան՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Սուրբ Գիրքը։ Այդ հավատարիմ տղամարդիկ ու կանայք քողազերծեցին կեղծ ուսմունքները և տարածեցին հոգևոր ճշմարտությունները՝ հրատարակելով աստվածաշնչյան գրականություն և այն տարածելով ամենուր։ Նրանց աշխատանքի շնորհիվ ճշմարտությունը հասավ հոգևորապես սոված ու ծարավ բազմաթիվ  մարդկանց սրտերին ու մտքերին։ Ուստի շատ հետաքրքիր հարց է առաջանում. «Աստվածաշունչ ուսումնասիրողնե՞րն էին այն միջոցը, որով Քրիստոսը կերակրելու էր իր գառներին մինչև 1914թ. ընկած ժամանակահատվածը»։ Ո՛չ։ Նրանք դեռևս գտնվում էին աճի ժամանակահատվածում, իսկ այն միջոցը, որով հոգևոր կերակուր էր մատակարարվելու, դեռևս ձևավորման փուլում էր։ Ժամանակը դեռ չէր եկել, որ որոմանման՝ կեղծ քրիստոնյաները առանձնացվեին ցորենանման՝ ճշմարիտ քրիստոնյաներից։

17. Ի՞նչ կարևոր իրադարձություններ սկսեցին տեղի ունենալ 1914թ.-ին։

17 Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, հնձի ժամանակը սկսվեց 1914թ.-ին։ Այդ տարի մի քանի կարևոր իրադարձություններ սկսեցին տեղի ունենալ։ Հիսուսը նշանակվեց Թագավոր, և սկսվեցին վերջին օրերը (Հայտն. 11։15)։ 1914թ.-ից մինչև 1919թ. առաջին կեսը Հիսուսն իր Հոր հետ մտավ հոգևոր տաճար, որպեսզի կատարի անչափ անհրաժեշտ ստուգումն ու մաքրումը * (Մաղ. 3։1–4)։ Հետո՝ սկսած 1919թ.-ից, սկսվեց ցորենի հավաքումը։ Վերջապես եկե՞լ էր այն ժամանակը, որ Քրիստոսը նշանակեր մի կազմակերպված խմբի, որը հոգևոր սնունդ կմատակարարեր։ Այո՛, եկել էր։

18. Ի՞նչ կանխագուշակեց Հիսուսը, և ի՞նչն էր շատ կարևոր իմանալ։

18 Վերջի ժամանակի վերաբերյալ մարգարեությունում Հիսուսը կանխագուշակեց, որ նշանակելու է մի «ծառայի», որի միջոցով հոգևոր «կերակուր է տալու ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45–47)։ Ո՞վ էր լինելու այդ «ծառան»։ Հիսուսը մեկ անգամ ևս քչերի ձեռքով կերակրելու էր շատերին։ Վերջին օրերը նոր էին սկսվել, և շատ կարևոր էր իմանալ, թե ովքեր էին լինելու այդ քչերը։ Այս հարցի և Հիսուսի մարգարեության վերաբերյալ այլ հարցերի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

 

^ պարբ. 3 Պարբերություն 3։ [1] Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը հրաշքի միջոցով կերակրեց 4000 հոգու՝ չհաշված կանանց ու երեխաներին, նա դարձյալ կերակուրը «բաժանեց աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին» (Մատթ. 15։32–38

^ պարբ. 7 Պարբերություն 7։ [2] Պետրոսի ժամանակներում բոլոր «գառնուկները», որոնք կերակրվելու էին, երկնային հույս ունեին։

^ պարբ. 8 Պարբերություն 8։ [3] Այն, որ նորահավատները «շարունակում էին սովորել առաքյալներից», ցույց է տալիս, որ առաքյալները կանոնավորաբար էին սովորեցնում։ Առաքյալների սովորեցրած բաներից մի քանիսը արձանագրված են Աստծու կողմից ներշնչված այն գրքերում, որոնք այսօր Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս են կազմում։

^ պարբ. 12 Պարբերություն 12։ [4] Թեև առաքյալներից բացի ուրիշներն էլ ստացան ոգու պարգևներ, նրանք, հավանաբար, այդ պարգևները հիմնականում ստացել են անմիջապես որևէ առաքյալի միջոցով կամ նրա ներկայությամբ (Գործ. 8։14–18; 10։44, 45

^ պարբ. 13 Պարբերություն 13։ [5] Պողոսի՝ Գործեր 20։29, 30 համարներում գրված խոսքերից երևում է, որ ժողովը հարձակման էր ենթարկվելու երկու կողմից։ Առաջին՝ կեղծ քրիստոնյաները («որոմները») «մտնելու են» ճշմարիտ քրիստոնյաների մեջ։ Երկրորդ՝ ճշմարիտ քրիստոնյաների «միջից» ելնելու էին հավատուրացներ, որոնք խոսելու էին «ծուռումուռ բաներ»։

^ պարբ. 17 Պարբերություն 17։ [6] Տե՛ս այս «Դիտարանի» «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» հոդվածը, էջ 11, պարբերություն 6։