Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2013

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եռանդորեն ծառայում ենք Եհովային՝ անկախ նշանակումից

Եռանդորեն ծառայում ենք Եհովային՝ անկախ նշանակումից

Մինչ այդ երբեք մենակ չէի քարոզել։ Այնքան էի անհանգստանում, որ ամեն անգամ, երբ տնից դուրս էի գալիս, ծնկներս սկսում էին դողալ։ Սա դեռ քիչ էր, մարդիկ չափազանց վատ էին տրամադրված բարի լուրի հանդեպ։ Ոմանք բացահայտ ագրեսիվ էին ու սպառնում էին ծեծել ինձ։ Ռահվիրա ծառայելու առաջին ամսին ընդամենը մի գրքույկ էի բաժանել (Մարկուս)։

ՍԱ ԱՎԵԼԻ քան 60 տարի առաջ էր՝ 1949թ.-ին։ Ես ծնվել եմ 1927թ.-ին Դոնդերենում, որը մի փոքրիկ գյուղ է հյուսիսային Դրենտեում (Նիդերլանդներ)։ Ես յոթ երեխաներից չորրորդն էի։ Հայրս՝ Հենդրիկը, կոշկակար էր ու այգեգործ։ Մեր տունը գտնվում էր մի ցեխոտ ճանապարհի վրա։ Հարևանների մեծ մասը ֆերմեր էր։ Ես սիրում էի գյուղի կյանքը։ 1947թ.-ին, երբ 19 տարեկան էի, մեր հարևաններից մեկը՝ Թյոնիս Բենը, ինձ ծանոթացրեց ճշմարտությանը։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ հանդիպեցի Թյոնիսին, չհավանեցի նրան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած՝ նա դարձավ Եհովայի վկա և շատ ավելի բարյացակամ էր, քան առաջ։ Նման փոփոխությունը շարժեց հետաքրքրությունս, ուստի, երբ Թյոնիսը սկսեց պատմել այն մասին, որ Աստված դրախտ է հաստատելու երկրի վրա, լսեցի նրան։ Անմիջապես ընդունեցի ճշմարտությունը, և մենք ընդմիշտ ընկերներ դարձանք *։

Ես սկսեցի քարոզել 1948թ. մայիսին, իսկ հենց հաջորդ ամսին՝ հունիսի 20-ին, Ուտրեխտում կայացած համաժողովում մկրտվեցի։ 1949թ. հունվարի 1-ից սկսեցի ռահվիրա ծառայել և նշանակվեցի Բորկուլո քաղաք (արևելյան Նիդերլանդներ), որտեղ մի փոքրիկ ժողով կար։ Այնտեղ հասնելու համար պետք է 130 կիլոմետր անցնեի։ Որոշեցի հեծանվով գնալ։ Կարծում էի՝ մի վեց ժամում կհասնեմ, բայց հորդառատ անձրևի և ուժեղ քամու պատճառով ճանապարհորդությունս տևեց 12 ժամ. հեծանվով գնացի ընդամենը 40 կիլոմետր, մնացած  ճանապարհը անցա գնացքով։ Տեղ հասա ուշ երեկոյան։ Մնալու էի մի Վկա ընտանիքի տանը։

Հետպատերազմյան տարիներին մարդիկ շատ բան չունեին։ Իմ ունեցած-չունեցածը մի կոստյում էր և մի տաբատ. կոստյումը չափազանց մեծ էր վրաս, իսկ տաբատը՝ չափազանց կարճ։ Ինչպես նշեցի սկզբում, առաջին ամիսը Բորկուլոյում դժվար էր, բայց Եհովան օրհնեց ինձ և Աստվածաշնչի մի քանի ուսուցում տվեց։ Ինը ամիս հետո նշանակվեցի Ամստերդամ։

ԳՅՈՒՂԻՑ՝ ՔԱՂԱՔ

Գյուղում մեծացած տղան հանկարծ հայտնվում է Ամստերդամում՝ Նիդերլանդների ամենամեծ քաղաքում։ Ծառայությունը ընտիր էր։ Առաջին ամսին տարածեցի ավելի շատ գրականություն, քան անցած ինը ամիսներին։ Ի զարմանս ինձ՝ շուտով անցկացնում էի ութ ուսուցում։ Երբ նշանակվեցի ժողովի ծառայող (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր), հանձնարարություն ստացա ներկայացնելու իմ առաջին ելույթը։ Ես շատ էի անհանգստանում, թե կկարողանամ արդյոք այն ներկայացնել։ Չեք պատկերացնի, թե ինչ թեթևացում զգացի, երբ ինձ նշանակեցին ուրիշ ժողով հենց այն ժամանակ, երբ մոտենում էր ելույթը ներկայացնելու օրը։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ հետագա տարիներին ներկայացնելու եմ 5000-ից ավելի ելույթ։

Մարկուսը (աջից առաջինը) փողոցում վկայություն է տալիս Ամստերդամի մոտակայքում, 1950թ.

1950-ի մայիսին նշանակվեցի Հառլեմ քաղաք։ Այդ ժամանակ շրջանային ծառայության հրավեր ստացա։ Քունս փախավ. երեք օր չէի կարողանում քնել։ Ռոբերտ Վինկլերին, որը ծառայում էր մասնաճյուղում, ասացի, որ ինձ թվում է՝ գլուխ չեմ հանի այդ գործից։ Բայց նա ասաց. «Դու պարզապես լրացրու բլանկները։ Կսովորես»։ Մեկ ամիս ուսուցանվելուց հետո սկսեցի ծառայել շրջանային ծառայող (շրջանային վերակացու)։ Երբ այցելեցի ժողովներից մեկը, ծանոթացա Յանի Թատխենի՝ մի կենսուրախ ու երիտասարդ քրոջ հետ, որը շատ էր սիրում Եհովային և անձնազոհ ոգի ուներ։ Մենք ամուսնացանք 1955-ին։ Հիմա Յանին կպատմի, թե ինչպես է դարձել ռահվիրա, և ինչպես ենք միասին ծառայել ամուսնությունից հետո։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Յանի։ Մայրս Եհովայի վկա դարձավ 1945-ին. այդ ժամանակ 11 տարեկան էի։ Նա անմիջապես հասկացավ, որ իր երեք երեխաներին պետք է Աստվածաշունչ սովորեցնի։ Հայրս դեմ էր ճշմարտությանը, ուստի մայրս մեզ կրթում էր, երբ նա տանը չէր լինում։

Առաջին հավաքույթը, որին ներկա եղա, 1950-ին Հաագայում տեղի ունեցած համաժողովն էր։ Իսկ մեկ շաբաթ անց ներկա եղա Ասսեն քաղաքի (Դրենտեի մարզ) Թագավորության սրահում անցկացվող հանդիպմանը։ Հայրս ահավոր բարկացավ ու ինձ տնից դուրս հանեց։ Մայրս ասաց ինձ. «Դու գիտես, թե ում մոտ գնաս»։ Ես գիտեի, որ նա նկատի ուներ իմ հոգևոր եղբայրներին ու քույրերին։ Տեղափոխվեցի հարևանությամբ ապրող Վկաների ընտանիք։ Բայց հայրս չէր հանդարտվում և շարունակում էր անհանգստացնել ինձ։ Ուստի տեղափոխվեցի Դևենտեր (Օվերեյսելի մարզ), որը  95 կիլոմետր հեռու էր։ Քանի որ անչափահաս էի, հայրս խնդիրներ ունեցավ իշխանությունների հետ ինձ տնից հանելու համար։ Նա հետ կանչեց ինձ։ Թեև այդպես էլ չընդունեց ճշմարտությունը, բայց թույլ տվեց, որ գնամ բոլոր հանդիպումներին և քարոզեմ։

Յանին (աջից առաջինը) 1952թ.-ին, երբ կարճաժամկետ ռահվիրա էր

Տուն վերադառնալուցս կարճ ժամանակ անց մայրս ծանր հիվանդացավ, և տան բոլոր գործերն ինձ վրա ընկան։ Չնայած դրան՝ շարունակեցի հոգևորապես առաջադիմել և 1951-ին, երբ 17 տարեկան էի, մկրտվեցի։ 1952-ին մայրս ապաքինվեց, ու ես երեք ուրիշ քույրերի հետ երկու ամսով ծառայեցի կարճաժամկետ ռահվիրա (այժմ՝ ենթառահվիրա)։ Ապրում էինք լողացող տնակում։ Քարոզում էինք Դրենտեի երկու քաղաքներում։ 1953-ին դարձա ընդհանուր ռահվիրա։ Մեկ տարի անց մեր ժողով այցելեց մի երիտասարդ շրջանային վերակացու։ Դա Մարկուսն էր։ Մենք հասկացանք, որ միասին ավելի լավ կարող ենք ծառայել Եհովային և 1955-ի մայիսին ամուսնացանք (Ժող. 4։9–12

Աջում՝ մեր հարսանիքի օրը, 1955թ.

Մարկուս։ Հարսանիքից հետո նշանակվեցինք ռահվիրաներ Վենդամում (Գրոնինգենի մարզ)։ Մենք ապրում էինք շատ փոքր սենյակում՝ ընդամենը 6 քառակուսի մետր։ Բայց Յանին այն դարձրեց գեղեցիկ ու հարմարավետ։ Ամեն երեկո մենք սեղանն ու երկու աթոռակները հանում էինք, որպեսզի մեր ծալովի մահճակալի համար տեղ բացվի։

Վեց ամիս անց մեզ հրավիրեցին շրջագայական ծառայության Բելգիայում։ 1955-ին այդ երկրում կար մոտ 4000 քարոզիչ։ Այժմ նրանց թիվը վեց անգամ ավելի շատ է։ Ֆլանդրիայում, որը գտնվում է Բելգիայի հյուսիսում, մարդիկ խոսում են այն նույն լեզվով, ինչ լեզվով որ խոսում են Նիդերլանդներում։ Սակայն բելգիական խոսվածքը զգալիորեն տարբերվում է, ուստի սկըզբում պետք է հաղթահարեինք լեզվական խոչընդոտը։

Յանի։ Շրջագայական ծառայությունը պահանջում է անձնազոհություն։ Մենք ժողովներ էինք այցելում հեծանվով և մնում էինք եղբայրների ու քույրերի տանը։ Քանի որ տուն չունեինք, երկուշաբթի օրը մնում էինք մեր այցելած ժողովում, իսկ երեքշաբթի առավոտյան նոր գնում էինք հաջորդ ժողով։ Չնայած դրան՝ մեր ծառայությունը միշտ համարում էինք Եհովայի կողմից տրված օրհնություն։

Մարկուս։ Սկզբում հավատակիցներից ոչ մեկին չէինք ճանաչում, բայց նրանք շատ բարի և հյուրասեր էին մեր հանդեպ (Եբր. 13։2)։ Տարիների ընթացքում մենք մի քանի անգամ այցելեցինք Բելգիայի բոլոր հոլանդախոս ժողովները։ Դա շատ օրհնություններ բերեց մեզ։ Օրինակ՝ մենք ծանոթացանք հոլանդախոս տարածքի գրեթե բոլոր Վկաների հետ և շատ սիրեցինք նրանց։ Հարյուրավոր պատանիներ մեր աչքի առաջ մեծացան, հոգևորապես աճեցին ու նվիրվեցին Եհովային՝ Թագավորության շահերն իրենց կյանքում առաջին տեղում դնելով։ Մեծ ուրախություն էինք ապրում՝ տեսնելով, թե ինչպես են նրանցից շատերը լիաժամ ծառայում Եհովային և հավատարիմ մնում նրան (3 Հովհ. 4)։ Այս «փոխադարձ քաջալերությունն»  օգնել է մեզ շարունակելու ամբողջ սրտով կատարել մեր ծառայությունը (Հռոմ. 1։12

ՄԵԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Մարկուս։ Ամուսնության օրվանից՝ մեր երազանքն էր սովորել «Գաղաադ» դպրոցում։ Ամեն օր ամենաքիչը մեկ ժամ տրամադրում էինք անգլերենին։ Այնուամենայնիվ, հեշտ չէր միայն գրքերով այդ լեզուն սովորելը, դրա համար որոշեցինք արձակուրդը անցկացնել Անգլիայում և բարելավել մեր անգլերենը՝ քարոզելով այնտեղ։ Վերջիվերջո, 1963թ.-ին գլխավոր վարչությունից (Բրուքլին) մի ծրար ստացանք։ Ծրարում երկու նամակ կար՝ մեկը ինձ համար, մյուսը՝ Յանիի։ Իմ նամակում հրավիրում էին սովորելու «Գաղաադ» դպրոցում։ Դասընթացը տևելու էր տասը ամիս, և սովորելու էին հիմնականում եղբայրները։ Նրանք կազմակերպչական հմտություններ էին ձեռք բերելու այնտեղ։ 100 հրավիրվածներից 82-ը եղբայր էր։

Յանի։ Իմ նամակում ինձ խնդրում էին աղոթքով խորհրդածել այն հարցի շուրջ, թե արդյոք համաձայն եմ, որ ես մնամ Բելգիայում, իսկ Մարկուսը գնա սովորելու «Գաղաադում»։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում հիասթափվեցի։ Ինձ թվում էր՝ Եհովան չի օրհնում ջանքերս։ Բայց ես ինձ հիշեցնում էի, թե որն է «Գաղաադ» դպրոցի նպատակը. պատրաստել միսիոներներ, որոնք կարող են նպաստել բարի լուրի քարոզչությանը ամբողջ աշխարհում։ Ուստի համաձայնվեցի մնալ։ Ես նշանակվեցի հատուկ ռահվիրա Գենտ քաղաքում (Բելգիա) Աննա և Մարիա Քոլպերտների հետ, որոնք փորձառու հատուկ ռահվիրաներ էին։

Մարկուս։ Ես պետք է բարելավեի անգլերենս, ուստի ինձ հրավիրեցին Բրուքլին դասերը սկսվելուց հինգ ամիս առաջ։ Ինձ նշանակեցին առաքման և ծառայողական բաժիններ։ Ծառայելով գլխավոր վարչությունում և օգնելով, որ գրականությունը առաքվի Ասիա, Եվրոպա և Հարավային Ամերիկա՝ ավելի լավ հասկացա, թե ինչ է միջազգային եղբայրությունը։ Հատկապես հիշում եմ եղբայր Մակմիլանին, որը եղբայր Ռասելի օրերում պիլիգրիմ է եղել (այժմ՝ շրջագայող վերակացու)։ Նա արդեն բավական ծեր էր և լավ չէր լսում, սակայն հավատարմորեն ներկա էր լինում ժողովի բոլոր հանդիպումներին։ Նրա օրինակը մեծ տպավորություն թողեց ինձ վրա, և ես սովորեցի, որ չպետք է սովորական բան համարեմ քրիստոնեական հանդիպումները (Եբր. 10։24, 25

Յանի։ Ես ու Մարկուսը շաբաթը մի քանի անգամ նամակ էինք գրում իրար։ Շատ էինք կարոտում իրար։ Ինչևէ, Մարկուսը հաճույքով էր սովորում «Գաղաադում», ես էլ ուրախություն էի ստանում իմ ծառայությունից։ Երբ Մարկուսը վերադարձավ ԱՄՆ-ից, ես 17 ուսուցում ունեի։ Իրոք, շատ դժվար էր 15 ամիս իրարից առանձին լինելը, բայց տեսնում էի, որ Եհովան օրհնում է մեզ մեր զոհողությունների համար։ Այն օրը, երբ Մարկուսը վերադառնալու էր, նրա թռիչքը մի քանի ժամով հետաձգվեց, և երբ նա վերջապես տեղ հասավ, մենք գրկախառնվեցինք և սկսեցինք լաց լինել։ Այդ օրվանից՝ մենք անբաժան ենք։

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Մարկուս։ 1964թ. դեկտեմբերին վերադարձա, և մենք նշանակվեցինք Բեթել։ Բայց Բեթելը մեր մշտական նշանակումը չեղավ։ Ընդամենը երեք ամիս անց նշանակվեցինք մարզային ծառայության Ֆլանդրիայում։ Երբ Օլզեն և Էլս Վիխերսմաները եկան Բելգիա՝ որպես միսիոներ, և նշանակվեցին  մարզային ծառայության, մենք հետ եկանք Բեթել, որտեղ ես ծառայեցի ծառայողական բաժնում։ 1968–1980թթ.-ին մեր նշանակումները մի քանի անգամ փոխվեցին՝ Բեթելից՝ շրջագայական ծառայության և հակառակը։ Իսկ 1980–2005թթ.-ին ես արդեն մշտական մարզային վերակացու էի։

Թեև մեր նշանակումները հաճախ էին փոխվում, մենք երբեք չէինք մոռանում, որ նվիրվել ենք Եհովային և խոստացել ամբողջ սրտով ծառայել նրան։ Մենք հաճույքով էինք ստանձնում յուրաքանչյուր նշանակում՝ վստահ լինելով, որ ծառայության մեջ ցանկացած փոփոխություն նպաստում է Թագավորության շահերին։

Յանի։ Ինձ համար մեծ առանձնաշնորհում էր Մարկուսի հետ 1977-ին Բրուքլին և 1997-ին Պատերսոն գնալը։ Պատերսոնում նա լրացուցիչ կրթություն ստացավ՝ որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ։

ԵՀՈՎԱՆ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ

Մարկուս։ 1982-ին Յանին վիրահատվեց։ Երեք տարի անց Լյովենի ժողովը սիրով մեզ կացարան տրամադրեց իրենց Թագավորության սրահի վերին հարկում։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մեր մշտական մնալու տեղն ունեցանք։ Երեքշաբթի օրերին, երբ հավաքում էինք իրերը՝ հերթական ժողովն այցելելու համար, աստիճաններով (54 աստիճան) վերուվար էի անում ուղեբեռը ներքև իջեցնելու համար։ Շատ ուրախացանք, երբ 2002-ին կացարան ստացանք առաջին հարկում։ Երբ դարձա 78 տարեկան, նշանակվեցինք հատուկ ռահվիրա Լոկերենում։ Մենք անչափ ուրախ ենք մեր նոր նշանակման մեջ և որ կարող ենք ամեն օր գնալ ծառայության։

«Հաստատ համոզված ենք, որ կարևոր չէ, թե որտեղ ես ծառայում և ինչ նշանակում ունես. կարևորն այն է, թե ում ես ծառայում»

Յանի։ Միասին լիաժամ ծառայության մեջ ենք արդեն 120-ից ավելի տարի։ Անձամբ ենք համոզվել այն բանում, որ երբ հավատարիմ ես լինում Եհովային, նա «ոչ մի դեպքում քեզ չի թողնում», և դու «ոչ մի բանի պակասություն չես զգում» (Եբր. 13։5; 2 Օրենք 2։7

Մարկուս։ Մենք նվիրվել ենք Եհովային երիտասարդ տարիքում։ Երբեք մեզ համար մեծամեծ բաներ չենք փնտրել։ Պատրաստ ենք եղել ընդունելու ցանկացած նշանակում, որովհետև հաստատ համոզված ենք եղել, որ կարևոր չէ, թե որտեղ ես ծառայում և ինչ նշանակում ունես. կարևորն այն է, թե ում ես ծառայում։

^ պարբ. 5 Տարիների ընթացքում հայրս, մայրս, մեծ քույրս և երկու փոքր եղբայրներս նույնպես Վկաներ դարձան։