Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2013

Երեցնե՛ր, կթարմացնե՞ք «հոգնած հոգին»

Երեցնե՛ր, կթարմացնե՞ք «հոգնած հոգին»

Անժելան *, որը մոտ 30 տարեկան ամուրի քույր է, մի քիչ անհանգիստ է։ Նա սպասում է երեցներին։ Ինչի՞ մասին են խոսելու նրանք։ Անժելան ժողովի մի քանի հանդիպում բաց է թողել։ Նա ողջ օրը աշխատում է՝ խնամում է տարեց մարդկանց, և շատ է հոգնում։ Բացի այդ, նրա մայրը վատառողջ է, և ինքը շատ է անհանգստանում նրա համար։

Եթե հովվական այց անելու լինեիր Անժելային, ինչպե՞ս կոգևորեիր նրան (Երեմ. 31։25)։ Իսկ ինչպե՞ս կնախապատրաստվեիր այդ այցելությանը։

ՄՏԱԾԻՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբեմն բոլորս էլ հոգնում ենք աշխատանքի կամ աստվածապետական պարտականությունների պատճառով։ Օրինակ՝ Դանիել մարգարեն «ուժասպառ եղավ», երբ մի տեսիլք ստացավ, բայց չկարողացավ հասկանալ (Դան. 8։27)։ Նա օգնություն ստացավ Գաբրիել հրեշտակից։ Աստծու պատգամաբերը հասկացողություն տվեց նրան, վստահեցրեց, որ Եհովան լսել է նրա աղոթքները, և ասաց, որ Դանիելը առաջվա պես «թանկագին մարդ» է (Դան. 9։21–23)։ Մեկ ուրիշ անգամ մեկ այլ հրեշտակ լավ ընտրված խոսքերով զորացրեց հոգնած մարգարեին (Դան. 10։19

Նախքան հովվական այց անելը խորհրդածիր հավատակցիդ հանգամանքների շուրջ

Դու էլ կարող ես այդպես զորացնել ժողովի այն անդամին, ով հոգնած է կամ վհատված։ Ժամանակ տրամադրիր, որ մտածես հավատակցիդ հանգամանքների շուրջ։ Ի՞նչ խնդիրներ նա ունի։ Ինչպե՞ս են դրանք ազդում նրա վրա։ Ի՞նչ լավ հատկություններ է նա դրսևորում։ Ռիչարդը, որը ավելի քան 20 տարի է, ինչ երեց է, ասում է. «Ես  կենտրոնանում եմ հավատակիցների ուժեղ կողմերի վրա։ Երբ նախքան նրանց այցելելը մանրամասնորեն քննում եմ նրանց հանգամանքները, ինձ համար ավելի հեշտ է լինում տալ այն քաջալերանքը, որի կարիքը նրանք ունեն»։ Եթե հովվական այցը անելու ես մեկ այլ երեցի հետ, լավ կլինի՝ հավատակցի հանգամանքները քննեք միասին։

ԱՅՆՊԵՍ ԱՐԱ, ՈՐ ԱԶԱՏ ԶԳԱ

Հավանաբար կհամաձայնվես, որ հավատակցի համար կարող է դժվար լինել իր զգացումների մասին խոսել երեցների հետ։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել, որ նա իրեն ազատ զգա։ Քո անկեղծ ժպիտը և բարի խոսքերը կարող են մեծ դեր խաղալ։ Մայքլը, որը ավելի քան 40 տարի է, ինչ երեց է, այցելելով հավատակցին՝ հաճախ նրան ասում է. «Երեցի համար ամենահաճելի բաներից մեկը հավատակիցներին այցելելն ու նրանց ավելի լավ ճանաչելն է։ Ես անհամբերությամբ սպասում էի, որ այցելեմ քեզ»։

Գուցե որոշես այցելության սկզբում աղոթել։ Պողոս առաքյալն իր աղոթքներում նշում էր իր հավատակիցների հավատի, սիրո և տոկունության մասին (1 Թեսաղ. 1։2, 3)։ Աղոթքում գնահատանքով նշելով եղբոր կամ քրոջ լավ հատկությունների մասին՝ դու պատրաստում ես քո և նրա սիրտը կերտիչ զրույցի։ Աղոթքը նաև կարող է նպաստել, որ նա իրեն ազատ զգա։ Ռեյ անունով մի փորձառու երեց ասում է. «Երբեմն մոռանում ենք մեր արած լավ բաները, ու երբ մեկը դրանց մասին հիշեցնում է մեզ, թարմանում ենք»։

ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐԳԵՎ ՓՈԽԱՆՑԻՐ

Պողոսի պես՝ դու կարող ես «հոգևոր պարգև» փոխանցել՝ քննարկելով անգամ մեկ սուրբգրային համար (Հռոմ. 1։11)։ Օրինակ՝ վհատված հավատակիցը գուցե իրեն թերարժեք է զգում, ինչպես սաղմոսերգուն, որը ինքն իրեն համեմատեց «ծխի մեջ կախված» ու կնճռոտված տկի հետ (Սաղ. 119։83, 176)։ Այս արտահայտության մասին համառոտ բացատրություն տալուց հետո կարող ես վստահություն հայտնել, որ եղբայրը կամ քույրը «չի մոռացել» Աստծու պատվիրանները։

Հնարավոր է՝ քույրը աստիճանաբար հեռացել է ժողովից կամ դանդաղեցրել է քրիստոնեական ընթացքը։ Այդ դեպքում կարող ես օգտագործել կորած դրախմայի առակը (Ղուկ. 15։8–10)։ Կորած դրախման կարող էր լինել արծաթե մետաղադրամներից պատրաստված վզնոցի մի մետաղադրամ։ Այս օրինակի միջոցով քույրը կարող է տեսնել, որ ինքը ժողովի արժեքավոր մի մասնիկն է։ Այնուհետև կարող ես շեշտել, թե որքան շատ է Եհովան հոգ տանում իր մասին, ինչպես հովիվը՝ իր փոքրիկ գառնուկի։

Մեր հավատակիցները սովորաբար հաճույքով են խոսում իրենց կարդացած աստվածաշնչյան համարների շուրջ, ուստի ամբողջ ժամանակ միայն դու մի՛ խոսիր։ Նրանց իրավիճակին համապատասխան մի սուրբգրային համար կարդալուց հետո կարող ես առանձնացնել մի բառ կամ արտահայտություն ու եղբորը կամ քրոջը խնդրել, որ մեկնաբանի այն։ Օրինակ՝ 2 Կորնթացիներ 4։16-ը կարդալուց հետո կարող ես հարցնել. «Անձամբ զգացե՞լ ես, թե ինչպես է Եհովան նորոգում քեզ»։ Այսպիսի հարցեր տալը կնպաստի, որ «փոխադարձ քաջալերություն» ստանաք (Հռոմ. 1։12

Մեր հավատակիցները սովորաբար հաճույքով են խոսում իրենց կարդացած աստվածաշնչյան համարների շուրջ

Հավատակցիդ կարող ես թարմացնել նաև աստվածաշնչյան այն կերպարի մասին խոսելով, որի իրավիճակը նման է նրա իրավիճակին։ Եթե նա ընկճված է, ապա նրա համար օգտակար կարող է լինել Աննայի կամ Եպաֆրոդիտոսի օրինակը. նրանք երբեմն ընկճվում էին, բայց դա չէր նշանակում, որ արժեք չունեին Աստծու աչքում (1 Սամ. 1։9–11, 20; Փիլիպ. 2։25–30)։ Տարբեր իրավիճակների հետ կապված համապատասխան սուրբգրային օրինակներ բերելը կարող է շատ օգտակար լինել։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ

Ինչպե՞ս կարող ես փաստել, որ անկեղծորեն հետաքրքրված ես եղբորով կամ քրոջով։ Հովվական այցից հետո շարունակիր հետաքրքրվել նրանով (Գործ. 15։36)։ Օրինակ՝ երբ այցը վերջացնես, գուցե պայմանավորվես նրա հետ, որ միասին գնաք ծառայության։ Բեռնարդը, որը փորձառու երեց է, երբ կրկին հանդիպում է հավատակցին, որին վերջերս է այցելել, նրբանկատորեն անդրադառնում է այն խորհրդին, որ տվել էր նրան այցի ժամանակ։ Նա հարցնում է, թե արդյոք խորհուրդը օգնել է իրեն։ Անձնական հետաքրքրություն ցույց տալով՝ կիմանաս, թե հավատակիցդ հետագա ինչ օգնության կարիք ունի։

Այսօր մեր եղբայրներն ու քույրերը ավելի քան երբևէ կարիք ունեն հոգատարության, հասկացողության և սիրո (1 Թեսաղ. 5։11)։ Ուստի նախքան հովվական այց անելը ժամանակ տրամադրիր, որ մտածես եղբոր կամ քրոջ հանգամանքների շուրջ։ Աղոթիր այդ մասին։ Ընտրիր համապատասխան սուրբգրային համարներ։ Եթե այս բաներն անես, ապա կգտնես համապատասխան խոսքեր, որպեսզի թարմացնես «հոգնած հոգուն»։

^ պարբ. 2 Անունները փոխված են։