Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2013

Գնահատիր Եհովայի նվիրվածությունն ու ներողամտությունը

Գնահատիր Եհովայի նվիրվածությունն ու ներողամտությունը

«Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ» (ՍԱՂ. 86։5

1, 2. ա) Ինչո՞ւ ենք թանկ գնահատում նվիրված և ներողամիտ ընկերներին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

ԸՍՏ քեզ՝ ո՞ւմ կարելի է համարել իսկական ընկեր։ Աշլի անունով մի քույր ասում է. «Ինձ համար իսկական ընկերը նա է, ով միշտ կողքիս է և ներում է սխալներս»։ Բոլորս էլ թանկ ենք գնահատում այն ընկերներին, ովքեր նվիրված են ու ներողամիտ։ Նրանց կողքին մեզ ապահով ու սիրված ենք զգում (Առակ. 17։17

2 Եհովան մեր ամենից նվիրված և ամենից ներողամիտ ընկերն է։ Սաղմոսերգուն ասաց. «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը [կամ՝ նվիրված սերը] բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ» (Սաղ. 86։5)։ Իսկ ի՞նչ է նշանակում լինել նվիրված և ներողամիտ։ Ինչպե՞ս է Եհովան դրսևորում այս գեղեցիկ հատկությունները, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Այս հարցերի պատասխանները կօգնեն, որ ավելի շատ սիրենք մեր լավագույն ընկերոջը՝ Եհովային, և ավելի մտերմանանք մեր ընկերների հետ (1 Հովհ. 4։7, 8

ԵՀՈՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ Է

3. Ի՞նչ է նշանակում լինել նվիրված։

3 Նվիրված մարդը հավատարիմ է ու անձնվեր։ Նա փոփոխամիտ չէ, ջերմ կապվածություն է զգում տվյալ անձի (կամ բանի) հանդեպ՝ ամուր կառչած մնալով նրան (կամ դրան) նույնիսկ դժվարությունների ներքո։ Աստվածաշնչում հստակ գրված է, որ Եհովան նվիրված է։ Նա ամենից նվիրված անձնավորությունն է (Հայտն. 16։5

4, 5. ա) Ինչպե՞ս է Եհովան նվիրվածություն դրսևորում։ բ) Ինչո՞ւ ենք հոգևորապես զորանում, երբ մտածում ենք Եհովայի նվիրվածության մասին։

4 Ինչպե՞ս է Եհովան նվիրվածություն դրսևորում։ Նա երբեք չի լքում իր հավատարիմ երկրպագուներին։ Դավիթ թագավորը գովաբանեց Եհովային նվիրվածության համար (կարդա՛ 2 Սամուել 22։26)։ Երբ  Դավիթը դժվարությունների մեջ էր, Աստված, նվիրվածություն դրսևորելով, առաջնորդեց, պաշտպանեց ու փրկեց նրան (2 Սամ. 22։1)։ Այո՛, Դավիթը անձամբ համոզվեց, որ Եհովան նվիրված Աստված է։ Իսկ ինչո՞ւ Եհովան նվիրվածությամբ վարվեց նրա հետ։ Որովհետև Դավիթն ինքը «նվիրված» էր։ Եհովան թանկ է գնահատում իր երկրպագուների նվիրվածությունը, և ինքն էլ նվիրվածությամբ է վարվում նրանց հետ (Առակ. 2։6–8

5 Մենք հոգևորապես կզորանանք, եթե խորհրդածենք այն գործերի շուրջ, որ Եհովան արել է՝ նվիրվածությունից մղված։ «Ես մեծ օգուտներ եմ քաղում, երբ կարդում եմ այն մասին, թե Եհովան ինչ արեց Դավթի համար, երբ վերջինս դժվարությունների մեջ էր,— ասում է Ռիդ անունով մի հավատարիմ եղբայր։— Երբ նա փախուստի մեջ էր և ապրում էր քարայրերում և այլուր, Եհովան միշտ աջակցում էր նրան։ Սա ինձ համար շատ քաջալերական է։ Դավթի պատմությունը ինձ հիշեցնում է, որ անկախ այն բանից, թե որքան անելանելի կարող է թվալ իրավիճակը, Եհովան կողքիս կլինի, եթե նվիրված մնամ իրեն»։ Անկասկած, դու էլ այսպիսի համոզվածություն ունես (Հռոմ. 8։38, 39

6. Ուրիշ ինչպե՞ս է Եհովան նվիրվածություն դրսևորում, և դա ի՞նչ օգուտներ է բերում իր երկրպագուներին։

6 Ուրիշ ինչպե՞ս է Եհովան նվիրվածություն դրսևորում։ Նա հավատարիմ է մնում իր չափանիշներին։ Աստված մեզ վստահեցնում է. «Մինչև ձեր ծերությունը ես նույնն եմ» (Ես. 46։4)։ Նա իր որոշումները միշտ կայացնում է ճշտի ու սխալի վերաբերյալ իր անփոփոխ չափանիշների հիման վրա (Մաղ. 3։6)։ Բացի դրանից, Եհովան նվիրվածություն է դրսևորում՝ հավատարիմ մնալով իր խոստումներին (Ես. 55։11)։ Եհովայի նվիրվածության այս դրսևորումները օգուտ են բերում իր բոլոր հավատարիմ երկրպագուներին։ Ինչպե՞ս։ Եթե ամեն ինչ անենք, որ կառչած մնանք նրա չափանիշներին, կարող ենք վստահ լինել, որ նա կպահի մեզ օրհնելու մասին իր խոստումը (Ես. 48։17, 18

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի նվիրվածությունը։

 7 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի նվիրվածությունը։ Օրինակ՝ կարող ենք օգնել դժվար կացության մեջ գտնվողներին (Առակ. 3։27)։ Հավատակիցներիցդ ինչ-որ մեկը վհատվա՞ծ է առողջական խնդիրների, ընտանիքի կողմից եկող հակառակության կամ էլ անձնական թերությունների պատճառով։ Կարո՞ղ ես «բարի և մխիթարական խոսքեր» ասել նրան * (Զաք. 1։13)։ Այդպես վարվելով՝ դու կփաստես, որ նվիրված և իսկական ընկեր ես, այնպիսի «ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակ. 18։24

8. Ինչպե՞ս կարող ենք նվիրված լինել, օրինակ, մեր կողակցին։

8 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի նվիրվածությունը։ Մենք պետք է հավատարիմ լինենք նրանց, ում սիրում ենք։ Օրինակ՝ ամուսնացած քրիստոնյաները գիտեն, որ պետք է հավատարիմ մնան իրենց կողակցին, ուստի խուսափում են նույնիսկ ամենափոքր բաներից, որոնք կարող են տանել անբարոյության (Առակ. 5։15–18; Մատթ. 5։28)։ Բացի այդ, մենք պետք է նվիրված լինենք մեր հավատակիցներին։ Ուստի հեռու ենք մնում բամբասանքից ու զրպարտությունից՝ դրանք չտարածելով և անգամ չլսելով (Առակ. 12։18

9, 10. ա) Հատկապես ո՞ւմ ենք ուզում նվիրված լինել։ բ) Ինչո՞ւ միշտ չէ, որ հեշտ է հնազանդվել Եհովայի պատվերներին։

9 Բայց ամենից շատ մենք ցանկանում ենք նվիրված մնալ Եհովային։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Ձգտելով իրերին նայել նրա աչքերով, այսինքն՝ սիրենք  այն, ինչ նա է սիրում և ատենք այն, ինչ նա է ատում, և, ինչ խոսք, դա փաստենք մեր գործերով (կարդա՛ Սաղմոս 97։10)։ Որքան ավելի մեր մտքերն ու զգացումները համապատասխանեցնենք Աստծու մտքերին ու զգացումներին, այնքան ավելի հակված կլինենք հնազանդվելու նրա պատվերներին (Սաղ. 119։104

10 Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ է հնազանդվել Եհովայի պատվերներին։ Գուցե հարկ լինի պայքարել նրան նվիրված մնալու համար։ Որոշ ամուրի քրիստոնյաներ ուզում են ամուսնանալ, բայց դեռ չեն գտել համապատասխան կողակից Եհովայի երկրպագուների մեջ (1 Կորնթ. 7։39)։ Ամուրի քրոջ ոչ Վկա աշխատակիցները գուցե անընդհատ փորձեն նրան ծանոթացնել ինչ-որ մեկի հետ։ Քրոջը գուցե տանջում է միայնության զգացումը։ Բայց նա վճռական է պահպանելու իր անարատությունը։ Մենք շատ բարձր ենք գնահատում այսպիսի նվիրված քույրերին ու եղբայրներին։ Աստված անպայման կպարգևատրի բոլոր նրանց, ովքեր, չնայած դժվարություններին, հավատարիմ են մնում իրեն (Եբր. 11։6

«Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակ. 18։24) (տե՛ս պարբերություն 7)

«Մեծահոգաբար ներեք իրար» (Եփես. 4։32) (տե՛ս պարբերություն 16)

ԵՀՈՎԱՆ ՆԵՐՈՂԱՄԻՏ Է

11. Ի՞նչ է նշանակում լինել ներողամիտ։

11 Եհովայի մեկ այլ չքնաղ հատկություն է ներողամտությունը։ Ի՞նչ է նշանակում լինել ներողամիտ։ Ներողամիտ մարդը ներում է, երբ դրա համար հիմքեր կան։ Ներել չի նշանակում հաշտվել վիրավորանքի հետ կամ ժխտել, որ նման բան է տեղի ունեցել։ Ներողամիտ մարդը սրտնեղած չի մնում։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան պատրաստ է ներելու նրանց, ովքեր իսկապես զղջում են (Սաղ. 86։5

12. ա) Ինչպե՞ս է Եհովան ներում։ բ) Ի՞նչ է նշանակում այն, որ մարդու մեղքերը «ջնջվում» են։

12 Ինչպե՞ս է Եհովան ներում։ Նա ներում է «մեծահոգաբար», լիովին ու վերջնականապես (Ես. 55։7)։ Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան լիովին է ներում։ Ուշադրություն դարձնենք Գործեր 3։19 համարին (կարդա՛)։ Պետրոս առաքյալը իր ունկնդիրներին հորդորում է «զղջալ և դարձի գալ»։ Երբ մեղք գործողը անկեղծորեն զղջում է, դա նշանակում է, որ նա խորապես ափսոսում է իր սխալ ընթացքի  համար, նաև վճռական է այլևս չկրկնելու սխալը (2 Կորնթ. 7։10, 11)։ Ավելին, նա «դարձի է գալիս», այսինքն՝ թողնում է սխալ ընթացքը և սկսում է գնալ աստվածահաճո ճանապարհով։ Ի՞նչ արդյունք է բերում այսպիսի ընթացքը։ Նրա մեղքերը «ջնջվում» են։ Այսպիսով՝ երբ Եհովան ներում է, այլևս չի հիշում անցածը։ Նա ներում է լիովին (Եբր. 10։22; 1 Հովհ. 1։7

13. Ինչո՞ւմ են վստահեցնում «նրանց մեղքն այլևս չեմ հիշի» խոսքերը։

13 Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան վերջնականապես է ներում։ Քննենք նոր ուխտի վերաբերյալ Երեմիայի մարգարեությունը։ Այդ ուխտը, որ կնքվել է օծյալ քրիստոնյաների հետ, մեղքերի ներման հնարավորություն է տալիս փրկանքին հավատացողներին (կարդա՛ Երեմիա 31։34)։ Եհովան ասում է. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»։ Այս խոսքերից հստակ երևում է, որ ներելով՝ Եհովան ապագայում երբեք չի հիշի մեր նախկին մեղքերը և մեր դեմ չի գործի։ Աստված մեր մեղքերը չի պահում իր մտքում, որ նորից մեղադրի մեզ ու պատժի։ Նա դրանք գցում է իր մեջքի հետևը, այսինքն՝ ներում է վերջնականապես (Հռոմ. 4։7, 8

14. Ինչպե՞ս կարող ենք մխիթարվել՝ խորհրդածելով Եհովայի ներողամտության մասին։ Բեր օրինակ։

14 Մենք մեծապես կմխիթարվենք, եթե խորհրդածենք Եհովայի ներողամտության մասին։ Քննենք մի օրինակ։ Շատ տարիներ առաջ մի քույր, որին կանվանենք Իլեն, զրկվեց ընկերակցությունից։ Մի քանի տարի անց նա վերականգնվեց։ Իլենն ասում է. «Թեև ինքս ինձ և ուրիշներին ասում էի՝ «համոզված եմ՝ Եհովան ներել է ինձ», բայց միշտ թվում էր, թե նա ինձնից հեռու է, կամ թե ուրիշները ավելի մոտ են նրան, և նա ավելի իրական է նրանց համար»։ Բայց Իլենի համար մխիթարական եղավ խորհրդածելը աստվածաշնչյան այն պատկերավոր խոսքերի շուրջ, որոնցով նկարագրվում է Եհովայի ներողամտությունը։ «Ես իսկապես զգացի, որ Եհովան սիրում է ինձ և քնքշորեն է վերաբերվում։ Նման զգացում նախկինում երբեք չէի ունեցել»,— ասում է Իլենը։ Նրան հատկապես հուզել էր այն միտքը, որ գրված է «Մոտեցիր Եհովային» գրքում. «Երբ Եհովան ներում է մեր մեղքերը, այլևս չպետք է մտածենք, թե անջնջելի հետքի նման շարունակ կրելու ենք դրանք մեր ամբողջ կյանքի ընթացքում» *։ Իլենն ասում է. «Հասկացա, որ չէի հավատում, որ Եհովան կարող է լիովին ներել ինձ, և մտածում էի, որ այդ բեռը կրելու եմ իմ ողջ կյանքում։ Գիտեմ՝ ժամանակ է հարկավոր ճիշտ ձևով մտածելու համար, բայց արդեն հիմա զգում եմ, որ կարող եմ մոտենալ Եհովային, և որ ինձ ճնշող բեռը ընկել է վրայիցս»։ Ի՜նչ սիրառատ ու ներողամիտ Աստծու ենք ծառայում (Սաղմոս 103։9

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։

15 Մենք ընդօրինակած կլինենք Եհովայի ներողամտությունը, եթե ներենք դիմացինին, երբ հիմքեր կան դա անելու (կարդա՛ Ղուկաս 17։3, 4)։ Հիշենք, որ Եհովան, երբ ներում է, մոռանում է մեր մեղքերը, այսինքն՝ հետագայում դրանք չի հիշեցնում և չի օգտագործում մեր դեմ։ Մենք էլ, ընդօրինակելով Եհովային, կարող ենք մոռանալ վիրավորանքը և ապագայում նորից չհիշեցնել։

16. ա) Ներողամիտ լինելը նշանակո՞ւմ է հաշտվել վիրավորանքի հետ կամ թույլ տալ, որ չարաշահեն մեր ներողամտությունը։ Բացատրիր։ բ) Եթե ուզում ենք ներվել Եհովայի կողմից, ի՞նչ պետք է անենք։

 16 Ներողամիտ լինել չի նշանակում հաշտվել վիրավորանքի հետ կամ թույլ տալ, որ չարաշահեն մեր ներողամտությունը։ Դա նշանակում է, որ մեր մեջ այլևս վրդովմունք կամ սրտնեղություն չկա։ Կարևոր է նաև հիշել, որ եթե ուզում ենք ներվել Եհովայի կողմից, ինքներս պետք է ներողամիտ  լինենք (Մատթ. 6։14, 15)։ Եհովան կարեկից է և հիշում է, որ «հող ենք մենք» (Սաղ. 103։14)։ Չպե՞տք է ուրեմն մենք էլ կարեկից լինենք և մեծահոգաբար ներենք՝ հիշելով, որ մարդիկ անկատար են (Եփես. 4։32; Կող. 3։13

Սրտա՛նց աղոթիր նրա համար, ով նեղացրել է քեզ (տե՛ս պարբերություն 17

17. Ի՞նչ կարող ենք անել, եթե հավատակիցը մեզ վիրավորել է։

 17 Ինչ խոսք, միշտ չէ, որ ներելը հեշտ է։ Առաջին դարում նույնիսկ օծյալ քրիստոնյաներից ոմանք դժվարանում էին լուծել իրենց տարաձայնությունները (Փիլիպ. 4։2)։ Ի՞նչ կարող ենք անել, եթե հավատակիցը մեզ վիրավորել է։ Քննենք Հոբի օրինակը։ Նրա «ընկերները»՝ Եղիփազը, Բաղդատը և Սոֆարը, անհիմն մեղադրանքներ տեղացին նրա վրա և խորապես վիրավորեցին (Հոբ 10։1; 19։2)։ Եհովան հանդիմանեց նրանց և պատվիրեց գնալ Հոբի մոտ ու ողջակեզներ մատուցել իրենց մեղքերի համար (Հոբ 42։7–9)։ Բայց Աստված նաև Հոբին պատվիրեց ինչ-որ բան անել։ Եհովան նրան ասաց, որ աղոթի իրեն մեղադրողների համար։ Հոբը հենց այդպես էլ արեց, և Եհովան օրհնեց նրան ներողամիտ ոգի ցուցաբերելու համար (կարդա՛ Հոբ 42։10, 12, 16, 17)։ Ի՞նչ ենք սովորում։ Մեզ վիրավորողի համար սրտանց աղոթելը կօգնի ազատվելու սրտնեղությունից։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18, 19. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ավելի շատ գնահատել Եհովայի չքնաղ հատկությունները։

18 Անշուշտ, մեծ բավականություն ստացանք՝ քննելով Եհովայի սիրառատ անձնավորության տարբեր երեսակներ։ Տեսանք, որ նա մատչելի է, անկողմնակալ, առատաձեռն, խոհեմ, նվիրված և ներողամիտ։ Ինչ խոսք, դեռ շատ բան ունենք սովորելու Եհովայի մասին, և դրա համար մեր առջև ունենք ողջ հավիտենությունը (Ժող. 3։11)։ Մենք միանում ենք Պողոս առաքյալին, որը գրեց. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները» (Հռոմ. 11։33)։ Անկասկած, նման ձևով կարող ենք արտահայտվել Աստծու սիրո և քննարկված վեց հատկությունների մասին։

19 Թող որ բոլորս շարունակենք ավելի շատ գնահատել Եհովայի չքնաղ հատկությունները։ Մենք կարող ենք դա անել՝ ծանոթանալով այդ հատկություններին, խորհրդածելով դրանց շուրջ և դրանք դրսևորելով մեր կյանքում (Եփես. 5։1)։ Եթե այդպես վարվենք, անկասկած, ավելի ու ավելի կհամոզվենք սաղմոսերգուի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղ. 73։28

^ պարբ. 7 Տե՛ս «Դիտարան», 1995, հունվարի 15, էջ 21–23 (անգլ., ռուս.); «Դիտարան», 1995, ապրիլի 1, էջ 15–20 (անգլ., ռուս.)։

^ պարբ. 14 Գլուխ 26, պարբերություն 10։