Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2013

Լիարժեքորեն գնահատիր Եհովայի հատկությունները

Լիարժեքորեն գնահատիր Եհովայի հատկությունները

«Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես» (ԵՓԵՍ. 5։1

1. ա) Եհովայի ի՞նչ հատկություններ կարող ես նշել։ բ) Ի՞նչ օգուտներ կստանանք՝ ուսումնասիրելով Աստծու հատկությունները։

ԵՐԲ մտածում ես Եհովայի մասին, ի՞նչ հատկություններ են միտքդ գալիս։ Մեզնից շատերը կասեն՝ սեր, արդարություն, իմաստություն և զորություն։ Բայց մենք գիտենք, որ Եհովան ուրիշ չքնաղ հատկություններ էլ ունի։ Կարելի է թվարկել Եհովայի 40-ից ավելի հատկություն, որոնք քննարկվել են մեր հրատարակություններում։ Եթե այդ հատկություններից յուրաքանչյուրը առանձին ուսումնասիրենք մեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, ապա Եհովայի մասին բազմաթիվ հրաշալի բաներ կիմանանք և կխորացնենք մեր գնահատանքը մեր երկնային Հոր հանդեպ։ Որքան մեծ լինի այդ զգացումը, այնքան մեծ կլինի նրան մոտենալու և ընդօրինակելու մեր ցանկությունը (Հեսու 23։8; Սաղ. 73։28

2. ա) Օրինակով ցույց տուր, թե ինչպես կարող ենք ավելի շատ գնահատել Եհովայի հատկությունները։ բ) Ի՞նչ ենք քննարկելու։

2 Իսկ ի՞նչ է նշանակում «գնահատել»։ «Գնահատել» մասնավորապես նշանակում է «մեկի կամ մի բանի արժեքը ճանաչել»։ Գնահատանքը աստիճանաբար կարող է խորանալ։ Բերենք մի օրինակ։ Նոր ուտեստը ավելի շատ ենք գնահատում, երբ առնում ենք դրա անուշ բույրը, վայելում ենք ամեն մի կտորը և, վերջապես, երբ ինքներս ենք այն պատրաստում։ Նմանապես մենք ավելի շատ ենք գնահատում Եհովայի որևէ հատկություն, երբ ծանոթանում ենք այդ հատկությանը, խորհրդածում ենք դրա շուրջ և ինքներս ենք դրսևորում այն (Եփես. 5։1)։ Սովորաբար մենք կենտրոնանում ենք Եհովայի գլխավոր հատկությունների վրա և գուցե այնքան էլ հաճախ չենք մտածում նրա մյուս հատկությունների մասին։ Այս և հաջորդ երկու հոդվածների նպատակն է մղել մեզ ավելի շատ գնահատելու Եհովայի հենց այդ հատկությունները։ Յուրաքանչյուր հատկության  վերաբերյալ կքննարկենք հետևյալ հարցերը. ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս է Եհովան այն դրսևորում և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հատկությունը դրսևորելու հարցում։

ԵՀՈՎԱՆ ՄԱՏՉԵԼԻ Է

3, 4. ա) Ինչպե՞ս կնկարագրեիր մատչելի մարդուն։ բ) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան մատչելի է։

3 Քննենք մատչելիությունը։ Ինչպե՞ս կնկարագրես մատչելի մարդուն։ Գուցե ասես. «Մատչելի մարդը նա է, ով բարի է, հասանելի, հեշտությամբ է հաղորդակցվում»։ Լսելով մարդուն և դիտելով նրա ժեստերը, դեմքի արտահայտությունը և այլ ոչ խոսքային նշաններ՝ հաճախ կարելի է ասել՝ նա մատչելի է, թե ոչ։

4 Ինչպե՞ս է Եհովան դրսևորում այս հատկությունը։ Թեև նա անծայրածիր տիեզերքի ամենակարող Արարիչն է, Եհովան ուզում է և պատրաստ է լսելու մեր աղոթքները ու պատասխանելու դրանց (կարդա՛ Սաղմոս 145։18; Եսայիա 30։18, 19)։ Մենք կարող ենք Աստծու հետ խոսել անսահմանափակ, ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Կարող ենք անկաշկանդ աղոթել նրան, որովհետև նա երբեք չի նախատի մեզ դրա համար (Սաղ. 65։2; Հակ. 1։5)։ Եհովան ուզում է, որ մենք մոտենանք իրեն, ուստի Աստվածաշունչը նրա մասին պատմում է մեզ հասկանալի լեզվով։ Սուրբ Գրքից գիտենք, որ «Եհովայի աչքերն.... ուղղված» են մեզ, և որ նրա «աջ ձեռքը ամուր պահում է» մեզ (Սաղ. 34։15; 63։8)։ Եսայիա մարգարեն Եհովային նմանեցրեց հովվի՝ ասելով. «Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց» (Ես. 40։11)։ Միայն պատկերացրո՛ւ։ Եհովան ուզում է, որ իրեն շատ մոտ լինենք, ինչպես փոքրիկ գառնուկը՝ հոգատար հովվի գրկում։ Ի՜նչ մատչելի Հայր ունենք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

5. Ինչո՞ւ է կարևոր, որ երեցը մատչելի լինի։

5 Վերջերս տարբեր երկրներում ապրող մի խումբ Վկաների հարցրին. «Երեցների  ո՞ր հատկությունն եք ամենից շատ գնահատում»։ Ճնշող մեծամասնությունը պատասխանեց՝ մատչելիությունը։ Ինչ խոսք, յուրաքանչյուր քրիստոնյայից ակնկալվում է հնարավորին չափ այս հատկությունը զարգացնել, բայց դա հատկապես ակնկալվում է երեցներից (Ես. 32։1, 2)։ Մի քույր ասում է, թե ինչու է, իր կարծիքով, կարևոր, որ երեցը մատչելի լինի. «Եթե երեցը մատչելի չլինի, մենք չենք կարողանա օգուտներ քաղել նրա լավ հատկություններից»։ Դա իրոք այդպես է։ Իսկ ի՞նչն է մարդուն մատչելի դարձնում։

6. Ո՞րն է մատչելիության գաղտնիքը։

6 Մատչելի լինելու գաղտնիքը մարդկանցով անկեղծորեն հետաքրքրվելն է։ Եթե երեցը հոգատար է և պատրաստ է իր անձը տալու իր եղբայրների և քույրերի բարօրության համար, ապա նրանք, ներառյալ փոքրերը կզգան դա (Մարկ. 10։13–16)։ 12-ամյա Կառլոսն ասում է. «Ինձ դուր է գալիս, երբ երեցները ժպտում են և բարի են»։ Բավական չէ, որ երեցն ասի, թե մատչելի է. նա նաև պետք է դրսևորի այդ հատկությունը (1 Հովհ. 3։18)։ Ինչպե՞ս կարող է նա դա անել։

7. Ինչո՞ւ է անվանաքարտ կրելը հաճախ զրույցի հնարավորություն ստեղծում, և ի՞նչ ենք սովորում դրանից։

7 Բերենք մի օրինակ։ Վերջերս մի եղբայր գնացել էր արտասահման՝ մարզային համաժողովի, և հետո ինքնաթիռով վերադառնում էր տուն։ Նա չէր հանել իր անվանաքարտը, որի վրա գրված էր. «Թող գա Աստծու Թագավորությունը»։ Ուղեկցորդը նկատեց դա և ասաց. «Այո՛, թող գա։ Կուզեի ձեզ հետ մի քիչ խոսել այդ մասին»։ Զրույցից հետո ուղեկցորդը սիրով ամսագրեր վերցրեց։ Շատերիս հետ են նման հետաքրքիր դեպքեր եղել։ Իսկ ինչո՞ւ է անվանաքարտ կրելը հաճախ զրույցի հնարավորություն ստեղծում։ Որովհետև այն մարդկանց կարծես ասի. «Մի՛ ամաչեք։ Մոտեցեք այս քարտը կրողին։ Հարցրեք նրան. «Ո՞ւր ես գնում»»։ Անվանաքարտը մի նշան է, որը մարդկանց ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք խոսելու մեր համոզմունքների մասին։ Նմանապես երեցը պետք է ունենա «նշաններ», որոնց միջոցով կարծես հավատակիցներին ասի. «Ազատորեն մոտեցեք ինձ»։ Որո՞նք են այդ նշաններից մի քանիսը։

8. Ինչպե՞ս են երեցները անկեղծ հետաքրքրություն դրսևորում, և դա ինչպե՞ս է ազդում ժողովի անդամների վրա։

8 Ճիշտ է, երկրից երկիր սովորությունները տարբերվում են, բայց գրեթե ամեն տեղ անկեղծ ժպիտը, ընկերական ձեռքսեղմումը և ջերմ ողջույնը անկեղծ հետաքրքրության նշաններ են։ Մատթեոսը գրում է, որ Հիսուսը «մոտեցավ ու խոսեց» իր աշակերտների հետ (Մատթ. 28։18)։ Նմանապես երեցները պետք է մոտենան իրենց հավատակիցներին ու խոսեն նրանց հետ։ Ինչպե՞ս կարող է դա ազդել ժողովի անդամների վրա։ 88-ամյա մի ռահվիրա քույր ասում է. «Երբ մտնում եմ Թագավորության սրահ և տեսնում եմ երեցների ջերմ ժպիտը և լսում նրանց քաջալերական խոսքերը, ավելի մեծ սիրով եմ լցվում նրանց հանդեպ»։ Մեկ ուրիշ քույր ասում է. «Կարող է փոքր բան թվալ, բայց ինձ համար կարևոր է, երբ երեցը ժպիտով է դիմավորում ինձ ժողովի հանդիպմանը»։

ՄԻ՛ ԵՂԻՐ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

9, 10. ա) Ո՞ր հարցում է Եհովան հրաշալի օրինակ։ բ) Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Եհովային։

 9 Մենք չպետք է այնքան զբաղված լինենք, որ անհասանելի լինենք հավատակիցների համար։ Եհովան այս առնչությամբ գերազանց օրինակ է։ «Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։27)։ Երեցները «հեռու չեն» լինի եղբայրներից և քույրերից, եթե հանդիպումներից առաջ և հետո ժամանակ տրամադրեն ժողովի անդամներին՝ թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, ու նրանց հետ զրուցեն։ Մի ռահվիրա եղբայր ասում է. «Երբ  երեցը հարցնում է՝ ինչպե՞ս ես, և ժամանակ է տրամադրում լսելու պատասխանս, ես ինձ գնահատված եմ զգում»։ Մոտ 50 տարի Եհովային ծառայած մի քույր ասում է. «Երբ երեցները հանդիպումից հետո մի փոքր ժամանակ են տրամադրում ինձ, ես ինձ արժևորված եմ զգում»։

10 Հասկանալի է, որ հովիվները ուրիշ պարտականություններ էլ ունեն ժողովում։ Բայց նրանք հանդիպումների ժամանակ պետք է նպատակ ունենան առաջին հերթին ուշադրություն դարձնելու հոտին։

ԵՀՈՎԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ Է

11, 12. ա) Ի՞նչ է ներառում անկողմնակալությունը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան անկողմնակալ է։

11 Եհովայի մեկ ուրիշ գրավիչ հատկություն է անկողմնակալությունը։ Անկողմնակալ նշանակում է արդար, խտրություն չդնող։ Անկողմնակալությունը ներառում է երկու բան՝ մտավիճակ և գործեր։ Որպեսզի անկողմնակալություն դրսևորենք, պետք է համոզված լինենք, որ յուրաքանչյուրի՛ հանդեպ պետք է լինենք անկողմնակալ։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «անկողմնակալ» թարգմանված բառը բառացի նշանակում է «մեկի երեսը մյուսի երեսից բարձր չդասել» (Գործ. 10։34)։ Անկողմնակալ մարդը ուշադրություն է դարձնում ոչ թե մարդու արտաքինին կամ հանգամանքներին, այլ նրա հատկություններին։

12 Անկողմնակալության մեծագույն օրինակը Եհովան է։ Աստվածաշնչում գրված է, որ նա «կողմնակալ չէ» և «կողմնապահությամբ չի վարվում» (կարդա՛ Գործեր 10։34, 35; 2 Օրենք 10։17)։ Մովսեսի օրերում ստեղծված մի իրավիճակ վկայում է այդ մասին։

Սալպաադի աղջիկները բարձր գնահատեցին Աստծու անկողմնակալություն (տե՛ս պարբերություն 13, 14)

13, 14. ա) Ի՞նչ հարցի առաջ կանգնեցին Սալպաադի աղջիկները։ բ) Եհովան ինչպե՞ս անկողմնակալություն դրսևորեց։

 13 Իսրայելացիները Ավետյաց երկրի նախաշեմին էին, երբ նրանց միջից հինգ ամուրի քույրեր դժվար հարցի առաջ կանգնեցին։ Ի՞նչ էր դա։ Նրանք գիտեին, որ իրենց ընտանիքը, իսրայելացի մյուս ընտանիքների նման, ստանալիք հողաբաժին ունի (Թվեր 26։52–55)։ Սովորության համաձայն՝ հողի սեփականության իրավունքը փոխանցվում էր որդիներին, իսկ նրանց հայր Սալպաադը, որ Մանասեի ցեղից էր, մահացել էր առանց որդի ունենալու (Թվեր 26։33)։ Հնարավո՞ր էր, որ Սալպաադի հողը անցներ նրա բարեկամներին, և նրա աղջիկները մնային առանց ժառանգության։

14 Հինգ հարազատ քույրեր գնացին Մովսեսի մոտ ու ասացին. «Ինչի՞ համար մեր հոր անունը վերանա իր տոհմից այն պատճառով, որ նա որդի չուներ»։ Հետո խնդրեցին՝ ասելով. «Մեր հոր եղբայրների հետ միասին մեզ էլ կալվածք տուր»։ Ի՞նչ արեց Մովսեսը։ Արդյոք նա պատասխանե՞ց. «Օրենքում բացառություններ չկան»։ Ո՛չ։ «Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային» (Թվեր 27։2–5 Ի՞նչ պատասխանեց Աստված։ Նա Մովսեսին ասաց. «Սալպաադի աղջիկները ճիշտ են ասում։ Իրենց հոր եղբայրների հետ միասին որպես ժառանգություն նրանց անպայման կալվածք տուր և իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր»։ Եհովան ավելին արեց. նա բացառությունը դարձրեց օրենք՝ ասելով. «Եթե որևէ մարդ որդի չունենա ու մահանա, նրա ժառանգությունը փոխանցեք իր աղջկան» (Թվեր 27։6–8; Հեսու 17։1–6)։ Այդ օրվանից՝ իսրայելացի այն կանայք, ովքեր նման իրավիճակում հայտնվեին, կստանային իրենց հասանելիք ժառանգությունը։

15. ա) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր դժվար կացության մեջ են։ բ) Նշիր աստվածաշնչյան այլ դրվագներ, որոնք վկայում են Եհովայի անկողմնակալության մասին։

15 Ի՜նչ լավ և անաչառ որոշում։ Եհովան բոլոր իսրայելացիների հանդեպ արդարությամբ և հարգանքով էր վերաբերվում։ Դժվար կացության մեջ գտնվող այս հինգ քույրերը բացառություն չէին (Սաղ. 68։5)։ Սա աստվածաշնչյան այն բազմաթիվ դրվագներից մեկն է, որն արտացոլում է մի սրտառուչ ճշմարտություն. Եհովան անկողմնակալ է իր բոլոր ծառաների հանդեպ (1 Սամ. 16։1–13; Գործ. 10։30–35, 44–48

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

16. Ի՞նչը կօգնի, որ Եհովայի պես անկողմնակալ լինենք։

16 Ի՞նչը կօգնի, որ Եհովայի պես անկողմնակալ լինենք։ Հիշենք, որ անկողմնակալությունը ներառում է երկու բան՝ մտավիճակ և գործեր։ Կհամաձայնվես, որ բոլորս էլ սիրում ենք մեր մասին մտածել, թե անկողմնակալ ենք։ Բայց իրականում միշտ չէ, որ ճիշտ ենք գնահատում ինքներս մեզ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչպիսին ենք իրականում։ Երբ Հիսուսը ուզում էր իմանալ, թե մարդիկ ինչ են խոսում իր մասին, իր վստահելի ընկերներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում՝ ո՞վ է մարդու Որդին» (Մատթ. 16։13, 14)։ Ինչո՞ւ չընդօրինակենք Հիսուսին։ Հարցրու այնպիսի մարդու, ով, գիտես, անկեղծորեն կասի, թե արդյոք անկողմնակալ ես։ Գուցե նա ասի, որ ռասայական, սոցիալական կամ տնտեսական խտրականություն է նկատում քո մեջ։ Այդ դեպքում ջերմեռանդորեն աղոթիր Եհովային քո զգացումների մասին, աղաչիր նրան, որ օգնի քեզ փոխելու տրամադրվածությունդ և լիարժեքորեն դրսևորելու նրա անկողմնակալությունը (Մատթ. 7։7; Կող. 3։10, 11

17. Ինչպե՞ս կարող ենք անկողմնակալություն դրսևորել։

 17 Մենք անկողմնակալության հարցում ընդօրինակած կլինենք Եհովային, եթե բոլոր եղբայրների ու քույրերի հետ վարվենք հարգանքով, բարությամբ և սիրով։ Օրինակ՝ երբ ուզում ենք հյուրասիրություն ցույց տալ, կարող ենք հրավիրել տարբեր ծագում ունեցող հավատակիցների, ինչպես նաև նրանց, ովքեր աղքատ են, որբ կամ այրի (կարդա՛ Գաղատացիներ 2։10; Հակոբոս 1։27)։ Բացի այդ, անկողմնակալություն ենք դրսևորում, երբ Թագավորության բարի լուրը հայտնում ենք բոլոր մարդկանց, այդ թվում նաև օտարերկրացիներին։ Մենք անչափ ուրախ ենք, որ աստվածաշնչյան գրականությունը լույս է տեսնում մոտ 600 լեզվով։ Անկողմնակալության ի՜նչ վառ ապացույց։

18. Անձամբ դու ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես Եհովայի մատչելիությունն ու անկողմնակալությունը։

18 Այո՛, երբ ժամանակ ենք հատկացնում, որ խորհրդածենք Եհովայի մատչելիության և անկողմնակալության մասին, նրա հանդեպ ունեցած մեր գնահատանքը մեծանում է։ Դա էլ, իր հերթին, մղում է մեզ լիարժեքորեն ընդօրինակելու Եհովայի հատկությունները ու դրանք դրսևորելու մեր հավատակիցների և նրանց հանդեպ, ում քարոզում ենք։

«Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղ. 145։18) (տե՛ս պարբերություն 9)

«Ձեր Աստված Եհովան.... կողմնապահությամբ չի վարվում» (2 Օրենք 10։17) (տե՛ս պարբերություն 17)