Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2013

Ծնողնե՛ր ու երեխանե՛ր, հաղորդակցվեք սիրով

Ծնողնե՛ր ու երեխանե՛ր, հաղորդակցվեք սիրով

«Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (ՀԱԿ. 1։19

1, 2. Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ են զգում ծնողներն ու երեխաները միմյանց հանդեպ, և ի՞նչ դժվարության են նրանք երբեմն բախվում։

«ԵԹԵ իմանայիք, որ վաղը ձեր ծնողները մահանալու են, ամենից շատ ի՞նչ կուզեիք ասել նրանց»։ Այսպիսի հարց տվեցին հարյուրավոր երեխաների Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հարցվածների 95 տոկոսը պատասխանեց՝ «ներողություն» և «ես ձեզ շատ եմ սիրում»։ Երեխաները այդ պահին չհիշեցին իրենց խնդիրները և ծնողների հետ ունեցած տարաձայնությունները («For Parents Only» գիրք, հեղինակներ՝ Շոնտի Ֆելդհան և Լիսա Ռայս)։

2 Ընդհանուր առմամբ՝ երեխաները սիրում են ծնողներին, ծնողներն էլ՝ երեխաներին։ Սա ճշմարիտ է հատկապես քրիստոնյա ընտանիքների համար։ Ճիշտ է, ծնողներն ու երեխաները ուզում են մտերիմ լինել և, հնարավոր է, ազատորեն հաղորդակցվում են բազմաթիվ հարցերի շուրջ, բայց կան թեմաներ, որոնց մասին նրանք չեն խոսում։ Ինչո՞ւ։ Ի՞նչն է խոչընդոտում լավ հաղորդակցությանը, և ինչպե՞ս կարելի է հաղթահարել խոչընդոտները։

Թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի լավ հաղորդակցությանը ընտանիքում

ԺԱՄԱՆԱԿ «ԳՆԵՔ» ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

3. ա) Ինչո՞ւ այսօր շատ ընտանիքներում հաղորդակցության պակաս կա։ բ) Ինչո՞ւ հին Իսրայելում հաղորդակցության խնդիր չկար ընտանիքներում։

3 Այսօր շատ ընտանիքներ դժվարանում են բավականակաչափ ժամանակ գտնել մտերմիկ շփում ունենալու համար։ Հնում, սակայն, այդպես չի եղել։ Մովսեսը իսրայելացի հայրերին պատվիրեց. «[Աստծու] խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։ Երեխաները օրը անցկացնում էին կա՛մ մոր հետ տանը, կա՛մ հոր հետ դաշտում կամ աշխատավայրում։ Ծնողներն ու երեխաները անսպառ ժամանակ ունեին միասին լինելու և իրար  հետ զրուցելու համար։ Դա ծնողներին հնարավորություն էր տալիս հասկանալու, թե ինչ կարիքներ, ցանկություններ և բնավորություն ունեն իրենց զավակները։ Նույն ձևով էլ երեխաները բավականաչափ ժամանակ և հնարավորություն ունեին ավելի լավ ճանաչելու իրենց ծնողներին։

4. Ինչո՞ւ այսօր շատ ընտանիքներում չկա լավ հաղորդակցություն։

4 Այսօր կյանքն ուրիշ է։ Որոշ երկրներում երեխաները նախադպրոցական հաստատություններ են հաճախում շատ վաղ տարիքից, անգամ երկու տարեկանից։ Շատ հայրեր ու մայրեր աշխատում են տնից հեռու։ Արդյունքում ծնողներն ու երեխաները քիչ են միասին լինում, լինելուց էլ հաճախ ոչ թե հաղորդակցվում են իրար հետ, այլ նստում են հեռուստացույցի և համակարգչի առջև կամ զբաղվում այլ էլեկտրոնային սարքավորումներով։ Շատ ընտանիքներում երեխաներն ու ծնողները առանձին կյանքով են ապրում։ Նրանք օտարներ են իրար համար և նրանց միջև գրեթե գոյություն չունի բովանդակալից հաղորդակցություն։

5, 6. Ինչպե՞ս են որոշ ծնողներ ժամանակ «գնում», որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։

5 Կարո՞ղ ես ժամանակ «գնել» այլ բաների հաշվին, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնես ընտանիքիդ հետ (կարդա՛ Եփեսացիներ 5։15, 16)։ Որոշ ընտանիքներ սահմանափակել են հեռուստադիտումները և համակարգչի օգտագործումը։ Ուրիշները ձգտում են օրական գոնե մեկ անգամ միասին հաց ուտել։ Ընտանեկան երկրպագությունը հրաշալի միջոց է, որ ծնողներն ու երեխաները մտերմանան իրար հետ և հանգիստ միջավայրում հոգևոր թեմաներ քննարկեն։ Ինչ խոսք, լավ է, երբ ընտանիքը ամեն շաբաթ ժամանակ է հատկացնում ընտանեկան երկրպագությանը։ Սակայն դա ընդամենը լավ հաղորդակցության սկիզբն է։ Ծնողներն ու երեխաները պետք է զրուցեն իրար հետ ամեն օր։ Նախքան երեխադ կգնա դպրոց, մի կերտիչ բան ասա նրան, քննարկիր օրվա խոսքը, նրա հետ աղոթիր։ Սա շատ օգտակար կարող է լինել նրա համար օրվա ընթացքում։

6 Որոշ ծնողներ փոփոխություններ են  արել իրենց առօրյայում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն երեխաների հետ։ Լորա * անունով մի կին, որ երկու զավակ ունի, հենց այս նպատակով թողեց ամբողջ օրով աշխատանքը։ Նա պատմում է. «Առավոտյան բոլորս շտապում էինք աշխատանքի կամ դպրոց։ Երբ երեկոյան գալիս էի տուն, երեխաներս արդեն քնած էին լինում (դայակն էր քնեցնում)։ Աշխատանքից հեռանալը նշանակում էր, որ ավելի քիչ փողով պետք է ապրեինք։ Բայց, դրա փոխարեն, հիմա գիտեմ, թե երեխաներս ինչ են մտածում ու թե ինչ խնդիրներ ունեն։ Կարող եմ լսել, թե ինչ են ասում, երբ աղոթում են։ Կարող եմ ուղղություն տալ նրանց, հորդորել և ուսուցանել»։

«ԱՐԱԳ ԵՂԵՔ ԼՍԵԼՈՒ ՄԵՋ»

7. Ինչի՞ց են հիմնականում բողոքում երեխաներն ու ծնողները։

7 Երեխաների հետ բազմաթիվ հարցազրույցներ անցկացնելով՝ վերոհիշյալ գրքի հեղինակները մեկ ուրիշ բան տեսան, որը խոչընդոտում է ծնողների ու երեխաների հաղորդակցությանը։ Նրանք ասում են. «Ամենից շատ երեխաները գանգատվում էին այն բանից, որ ծնողները իրենց չեն լսում»։ Բայց հաճախ ծնողներն էլ նույն բողոքն ունեն երեխաներից։ Ուստի որպեսզի հաղորդակցությունը բաց լինի, ընտանիքի անդամները պետք է լսեն միմյանց, իսկապե՛ս լսեն (կարդա՛ Հակոբոս 1։19

8. Ծնողներն ինչպե՞ս կարող են իսկապես լսել իրենց երեխաներին։

8 Ծնողնե՛ր, իսկապես լսո՞ւմ եք ձեր երեխաներին։ Դա կարող է դժվար լինել, երբ հոգնած եք, կամ երբ զրույցը անկարևոր է թվում։ Բայց այն, ինչը անկարևոր է ձեզ համար, կարող է շատ կարևոր լինել երեխայի համար։ «Արագ լինել լսելու մեջ» նշանակում է ոչ միայն ուշադրություն դարձնել երեխայի խոսքերին, այլև այն բանին, թե ինչպես է նա ասում այդ խոսքերը։ Ձայնը, դեմքի արտահայտությունը և ժեստերը շատ բան կարող են ասել, թե ինչ է երեխան զգում կամ ինչ է մտածում։ Կարևոր է նաև հարցեր տալ։ Աստվածաշունչն ասում է. «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակ. 20։5)։ Շատ կարևոր է լինել խորաթափանց, հատկապես երբ երեխայիդ հետ ուզում ես խոսել նուրբ հարցերի մասին։

9. Ինչո՞ւ երեխաները պետք է լսեն ծնողներին։

9 Երեխանե՛ր, հնազանդվո՞ւմ եք ձեր ծնողներին։ Սուրբ Գիրքն ասում է. «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակ. 1։8)։ Հիշի՛ր, ծնողներդ սիրում են քեզ և քո լավն են ուզում, ուստի ճիշտ կանես, որ լսես նրանց (Եփես. 6։1)։ Հեշտ է հնազանդվել, երբ կա լավ հաղորդակցություն, և երբ գիտես, որ քեզ սիրում են։ Ասա ծնողներիդ, թե ինչ ես մտածում այս կամ այն բանի մասին։ Այդպես կօգնես նրանց հասկանալու քեզ։ Ինչ խոսք, դու էլ պետք է ձգտես հասկանալ նրանց։

10. Ի՞նչ ենք սովորում Ռոբովամի պատմությունից։

10 Երբ քեզ խորհուրդ են տալիս հասակակիցներդ, զգույշ եղիր։ Հնարավոր է՝ նրանք ականջիդ հաճելի բաներ ասեն, բայց այդ խորհուրդը ընդհանրապես չօգնի քեզ և նույնիսկ վնասի։ Չունենալով մեծերի իմաստությունն ու փորձը՝ երեխաների մեծամասնությունը չի կարողանում պատկերացնել իր կայացրած որոշումների հեռավոր հետևանքները։ Հիշիր Սողոմոնի որդի Ռոբովամին։ Երբ նա դարձավ Իսրայելի թագավոր, իրենից մեծերի խորհրդին հետևելու փոխարեն՝ լսեց իր հետ մեծացած երիտասարդներին, որոնք սխալ խորհուրդ տվեցին նրան։ Հետևանքը եղավ այն, որ նա կորցրեց իր հպատակների մեծ մասի աջակցությունը (1 Թագ. 12։1–17)։ Մի՛ ընդօրինակիր Ռոբովամի անխոհեմությունը, այլ ջանա միշտ հաղորդակցվել ծնողներիդ հետ։ Պատմիր նրանց քո մտքերը, հետևիր նրանց խորհրդին և սովորիր նրանց իմաստությունից (Առակ. 13։20

11. Ի՞նչ կարող է լինել, երբ ծնողները մատչելի չեն։

 11 Ծնողնե՛ր, եթե չեք ուզում, որ ձեր երեխաները խորհրդի համար դիմեն իրենց հասակակիցներին, մատչելի եղեք։ Մի պատանի քույր գրում է. «Բավական է՝ մի տղայի անուն տամ, ծնողներս իսկույն սկսում են անհանգստանալ։ Նրանց արձագանքից ես ինձ վատ եմ զգում ու էլ չեմ ուզում շարունակել զրույցը»։ Մի ուրիշ քույր ասում է. «Շատ պատանիներ ուզում են, որ ծնողները խորհուրդ տան իրենց, բայց երբ ծնողները լուրջ չեն մոտենում երեխային, նա ուրիշի մոտ է գնում խորհրդի համար, նույնիսկ նրա մոտ, ով անփորձ է»։ Եթե պատրաստ լինես հասկացողությամբ լսելու երեխայիդ, ինչ հարցով էլ որ նա դիմի քեզ, ապա նա իր սիրտը քո առաջ կբացի և ուրախությամբ կհետևի քո խորհուրդներին։

«ԴԱՆԴԱՂ՝ ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ»

12. Ծնողների արձագանքն ինչպե՞ս կարող է խոչընդոտել երեխաների հետ շփմանը։

12 Հաղորդակցությանը խոչընդոտում է նաև այն, որ ծնողները բուռն ու բացասաբար են արձագանքում իրենց երեխաների ասածներին։ Հասկանալի է, որ քրիստոնյա ծնողները ուզում են պաշտպանել իրենց երեխաներին, որովհետև այս «վերջին օրերում» բազմաթիվ հոգևոր և այլ վտանգներ կան (2 Տիմոթ. 3։1–5)։ Այնուամենայնիվ, ծնողները գուցե մտածեն, որ պաշտպանում են իրենց երեխային, մինչդեռ երեխայի համար դա կարող է նշանակել ազատության խիստ սահմանափակում։

13. Ծնողներն ինչո՞ւ չպետք է շտապեն արձագանքել երեխայի ասածներին։

13 Ծնողները լավ կանեն, եթե չշտապեն արձագանքել երեխայի ասածներին։ Ինչ խոսք, հեշտ չէ հանդարտ մնալ, երբ երեխայիդ խոսքերը ցավեցնում են քեզ։ Այդուհանդերձ, կարևոր է զուսպ մնալ և ուշադիր լսել։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (Առակ. 18։13)։ Եթե հանգիստ մնաս, երեխադ կշարունակի խոսել։ Դու պետք է մինչև վերջ լսես նրան, որպեսզի կարողանաս օգնել։ «Անսանձ խոսքերի» հետևում կարող է խռովահույզ սիրտ լինել (Հոբ 6։1–3)։ Լինելով սիրող ծնող՝ լսիր երեխայիդ, որպեսզի հասկանաս, և խոսիր, որպեսզի դարմանես։

14. Ինչո՞ւ երեխաները պետք է դանդաղ լինեն խոսելու մեջ։

14 Երեխանե՛ր, դուք նույնպես պետք է «դանդաղ [լինեք] խոսելու մեջ» և անմիջապես չառարկեք ձեր ծնողներին, որովհետև նրանց Աստված է պատվիրել, որ դաստիարակեն ձեզ (Առակ. 22։6)։ Հնարավոր է՝ նրանք եղել են այն իրավիճակներում, որոնցում այսօր դու ես հայտնվում։ Բացի այդ, նրանք ափսոսում են այն սխալների համար, որ արել են երեխա ժամանակ, և սրտանց ուզում են պաշտպանել քեզ նման սխալներից։ Ուստի ծնողներիդ համարիր համախոհ և ոչ թե ընդդիմադիր, խորհրդական և ոչ թե հակառակորդ (կարդա՛ Առակներ 1։5)։ «Պատվիր քո հորն ու մորը» և փաստիր, որ սիրում ես նրանց այնպես, ինչպես իրենք են սիրում քեզ։ Եթե այսպես անես, նրանց համար ավելի հեշտ կլինի քեզ «դաստիարակել Եհովայի խրատով և նրա մտածելակերպը քո մեջ սերմանելով» (Եփես. 6։2, 4

«ԴԱՆԴԱՂ՝ ԶԱՅՐԱՆԱԼՈՒ ՄԵՋ»

15. Ի՞նչը կօգնի մեզ համբերատար լինելու մեր հարազատների նկատմամբ և չվշտանալու։

15 Հաճախ մենք համբերատար չենք նրանց հանդեպ, ում սիրում ենք։ Պողոս առաքյալը «Կողոսայի սրբերին և հավատարիմ եղբայրներին, որ միության մեջ [էին] Քրիստոսի հետ», գրեց. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա։ Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կող. 1։1, 2; 3։19, 21)։ Իսկ եփեսացիներին գրեց. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփես. 4։31)։ Համբերատարություն, մեղմություն և ինքնատիրապետում  զարգացնելը, որոնք սուրբ ոգու պտղի հատկություններից են, կնպաստի այն բանին, որ հանդարտ մնանք լարված իրավիճակներում (Գաղ. 5։22, 23

16. Ինչպե՞ս Հիսուսը ուղղեց իր աշակերտներին, և ինչո՞ւ է դա ուշագրավ։

16 Հիսուսի կյանքից քննենք այն դրվագը, երբ նա վերջին անգամ էր սեղանի շուրջ թիկնում իր առաքյալների հետ։ Անկասկած, այդ ժամանակ նա հոգեկան մեծ լարվածություն էր զգում։ Քրիստոսը գիտեր, որ շուտով մահանալու է՝ դանդաղ ու տանջալից։ Իր Հոր անվան սրբացումը և մարդկության փրկությունը կախված էր իր հավատարմությունից։ Եվ հենց այդ ժամանակ առաքյալների միջև «բուռն վիճաբանություն.... ծագեց, թե իրենցից ով է մեծը»։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա իր ձայնը չբարձրացրեց նրանց վրա կամ դառնացած չխոսեց։ Փոխարենը՝ հանդարտորեն տրամաբանեց։ Քրիստոսը հիշեցրեց, որ նրանք միշտ իր հետ են եղել դժվար պահերին։ Թեև Սատանան պահանջում էր, որ մաղի նրանց ցորենի պես, Հիսուսը վստահություն հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան։ Ավելին, նա ուխտ կապեց նրանց հետ (Ղուկ. 22։24–32)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ ծնողները կարող են հանդարտ մնալ լարված իրավիճակներում։

Ուշադի՞ր ես լսում, երբ երեխադ խոսում է

17. Ի՞նչը կօգնի երեխաներին հանդարտ մնալու։

17 Երեխաները նույնպես պետք է ջանան հանդարտ մնալ։ Սա վերաբերում է հատկապես պատանիներին։ Նրանց գուցե թվա, թե ծնողները իրենց չեն վստահում։ Պատանինե՛ր, ձեր ծնողների անհանգստությունը իրականում սիրո դրսևորում է ձեր հանդեպ։ Եթե ինքդ քեզ տիրապետես, առանց բորբոքվելու լսես ծնողներիդ ու համագործակցես նրանց հետ, ապա կշահես նրանց հարգանքը և ձեռք կբերես պատասխանատու մարդու համբավ։ Արդյունքում հնարավոր է՝ որոշ հարցերում ավելի մեծ ազատություն ստանաս։ Ինքնատիրապետումը իմաստության դրսևորում է։ Առակներ 29։11-ում գրված է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում»։

18. Ինչպե՞ս է սերը նպաստում լավ հաղորդակցությանը։

18 Սիրելի՛ ծնողներ ու երեխաներ, մի՛ վհատվեք, եթե հաղորդակցությունը ձեր ընտանիքում այնպիսին չէ, ինչպիսին որ կցանկանայիք։ Շարունակեք ջանքեր գործադրել, շարունակեք քայլել ճշմարտության մեջ (3 Հովհ. 4)։ Նոր աշխարհում մարդիկ կլինեն կատարյալ և կկարողանան ճիշտ ձևով հաղորդակցվել իրար հետ։ Չեն լինի տարաձայնություն և մրցակցություն։ Իսկ այսօր, ցավոք, բոլորս էլ անում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք։ Ուստի մի՛ հապաղեք ներողություն խնդրել։ Մեծահոգաբար ներեք։ «Միավորված [եղեք] սիրո մեջ» (Կող. 2։2)։ Սերը մեծ ուժ ունի։ «Սերը համբերատար է ու բարի.... բարկությամբ չի բորբոքվում.... ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է» (1 Կորնթ. 13։4–7)։ Եթե շարունակ ձեր սրտում սեր զարգացնեք, ապա հաղորդակցությունը ընտանիքում կծաղկի՝ բերելով ուրախություն տան անդամներին և փառք՝ Եհովային։

^ պարբ. 6 Անունը փոխված է։