Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2013

Լավ հաղորդակցություն՝ ամուր ամուսնություն

Լավ հաղորդակցություն՝ ամուր ամուսնություն

«Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են» (ԱՌԱԿ. 25։11

1. Ի՞նչ օգուտներ են ստանում ամուսինները՝ լավ հաղորդակցվելով։

«ԿԻՆՍ իմ լավագույն ընկերն է,— ասում է մի եղբայր (Կանադա)։— Նրա հետ ուրախություններս բազմապատկվում են, իսկ դժվարություններս՝ պակասում»։ Ավստրալիայում ապրող մի եղբայր ասում է. «Մեր 11 տարվա ամուսնական կյանքում չի եղել մի օր, որ ես ու կինս իրար հետ չխոսենք։ Հաճախակի և բովանդակալից զրույցների շնորհիվ մեր ամուսնական կապը շատ ամուր է, և ո՛չ ես, ո՛չ կինս երբեք անվստահ չենք զգացել կամ չենք անհանգստացել այս առումով»։ Իսկ մի քույր (Կոստա Ռիկա) ասում է. «Լավ հաղորդակցության շնորհիվ մեր փոխհարաբերությունները ավելի են ամրացել։ Բացի այդ, ավելի ենք մտերմացել Եհովայի հետ, պաշտպանված ենք գայթակղություններից, միասնական ենք դարձել և ավելի շատ ենք սիրում իրար»։

2. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ամուսինների միջև լավ հաղորդակցություն չլինի։

2 Իսկ դու և կողակիցդ լա՞վ եք հաղորդակցվում իրար հետ, թե՞ ձեզ համար դժվար է բովանդակալից զրույցներ ունենալ։ Հասկանալի է, որ դժվարություններ կլինեն. չէ՞ որ ամուսնությունը միություն է երկու անկատար մարդկանց, որոնք կարող են իրարից տարբերվել բնավորությամբ, մշակույթով, դաստիարակությամբ և անգամ հաղորդակցվելու ձևով (Հռոմ. 3։23)։ Իզուր չէ, որ ամուսնության գծով մասնագետներ Ջոն Գոտմանն ու Նան Սիլվերը ասում են, որ ամուսնական կառույցը պահպանելու համար անհրաժեշտ են «քաջություն, վճռականություն և հարմարվողականություն»։

3. Ի՞նչն է օգնել շատ զույգերի ամրացնելու իրենց ամուսնությունը։

3 Հաջող ամուսնական կյանք ունենալու համար հարկավոր է շատ ջանք թափել։ Այդ դեպքում այն մեծ ուրախության աղբյուր կարող է լինել զույգերի համար։ Այն կողակիցները, ովքեր սիրում են իրար, կարող են իսկապես երջանիկ լինել (Ժող. 9։9)։ Օրինակ՝ Իսահակն ու Ռեբեկան  (Ծննդ. 24։67)։ Թեև նրանք վաղուց էին ամուսնացել, բայց առաջվա պես սիրում էին իրար։ Նույնը կարելի է ասել մերօրյա շատ զույգերի մասին։ Իսկ ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Նրանք սովորել են անկեղծորեն և միևնույն ժամանակ նրբանկատորեն արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները, սովորել են դրսևորել հասկացողություն, սեր, խոր հարգանք և խոնարհություն։ Ինչպես կտեսնենք, երբ կողակիցները այս հատկությունները դրսևորում են, նրանց միջև միշտ բաց հաղորդակցություն է լինում։

ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՔ

4, 5. Ինչպե՞ս կարող են կողակիցներն իրար ավելի լավ հասկանալ։ Բեր օրինակներ։

4 Առակներ 16։20-ում ասվում է. «Որևէ հարցում հասկացողություն դրսևորողը բարիք կգտնի»։ Այս խոսքերը, անշուշտ, ճշմարիտ են ամուսնության և ընտանեկան կյանքի առնչությամբ (կարդա՛ Առակներ 24։3)։ Հասկացողության և իմաստության լավագույն աղբյուրը Աստծու Խոսքն է։ Ծննդոց 2։18-ում ասվում է, որ Աստված կնոջը ստեղծեց որպես ամուսնու լրացում և ոչ թե որպես նրա կրկնօրինակ։ Ահա թե ինչու կանանց հաղորդակցվելու ձևը տարբերվում է տղամարդկանց հաղորդակցվելու ձևից։ Իհարկե, ամեն մարդ տարբեր է, բայց, ընդհանուր առմամբ, կանայք սիրում են խոսել իրենց զգացմունքների, մարդկանց և փոխհարաբերությունների մասին։ Նրանց դուր է գալիս հաճելի, մտերմիկ հաղորդակցությունը, որովհետև այդպես նրանք իրենց սիրված են զգում։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ ավելի քիչ են հակված խոսելու իրենց զգացումների մասին։ Նրանք ավելի հաճախ խոսում են գործերի, խնդիրների և դրանց լուծումների մասին։ Նրանց համար կարևոր է հարգված լինել։

5 «Ամուսինս, ինձ մինչև վերջ չլսած, միանգամից խնդրի լուծում է առաջարկում։ Բայց ես դրանից վատ եմ զգում, որովհետև իմ ուզածը շատ բան չէ, ընդամենը ուզում եմ, որ նա ինձ լսի»,— ասում է մի քույր (Մեծ Բրիտանիա)։ Մի եղբայր գրում է. «Երբ նոր էինք ամուսնացել, և կինս որևէ խնդրի մասին էր ինձ հետ խոսում, անմիջապես լուծում էի առաջարկում։ Բայց շուտով հասկացա, որ նա իրականում ուզում էր, որ լսեմ իրեն» (Առակ. 18։13; Հակ. 1։19)։ Հասկացող ամուսինը ուշադիր է իր կնոջ զգացումների հանդեպ և փորձում է համապատասխան մոտեցում ցույց տալ։ Նա հավաստիացնում է կնոջը, որ իր համար կարևոր են նրա մտքերն ու զգացումները (1 Պետ. 3։7)։ Կինն էլ իր հերթին փորձում է հասկանալ ամուսնու տեսակետը։ Երբ ամուսինն ու կինը հասկանում ու գնահատում են իրար և կատարում են իրենց սուրբգրային դերը, նրանց միությունը ուրախության աղբյուր է դառնում։ Բացի այդ, նրանք կարողանում են միասին իմաստուն և հավասարակշռված որոշումներ կայացնել և իրականացնել դրանք։

6, 7. ա) Ժողովող 3։7-ում գրված սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել կողակիցներին հասկացողություն դրսևորելու։ բ) Ինչպե՞ս կարող է կինը խորաթափանց լինել, և ի՞նչ պետք է անի ամուսինը։

6 Հասկացողություն դրսևորող կողակիցները նաև գիտեն, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժող. 3։1, 7)։ Մի քույր, որը տասը տարի է, ինչ ամուսնացած է, խոստովանում է. «Հիմա գիտեմ, որ կան պահեր, երբ պետք չէ ինչ-որ խնդրի մասին խոսել։ Երբ տեսնում եմ, որ ամուսինս ծանրաբեռնված է աշխատանքով կամ ուրիշ պարտականություններով, անմիջապես չեմ խոսում ինձ անհանգստացնող հարցի մասին։ Դրա շնորհիվ մեր զրույցները ավելի հանգիստ են անցնում»։ Խորաթափանց կինը նաև սիրալիր է խոսում՝ հասկանալով, որ լավ մտածված և «ճիշտ ժամանակին ասված խոսքը» հաճելի է ամուսնուն և գնահատվում է նրա կողմից (կարդա՛ Առակներ 25։11

Փոքր բաները կարող են մեծ ազդեցություն ունենալ

7 Քրիստոնյա ամուսնուց ակնկալվում է ոչ միայն լսել կնոջը, այլև ջանալ արտահայտել իր զգացմունքները։ Մի երեց, որը 27 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Ինձ համար հեշտ չէ կնոջս ասել, թե ինչ եմ զգում սրտիս խորքում»։ Մեկ այլ եղբայր, որը 24 տարի է, ինչ ամուսնացած է, անկեղծանում է. «Ես կարող եմ զգացմունքներս պահել իմ մեջ՝ մտածելով. «Եթե չխոսեմ այս խնդրի մասին, այն ինքն իրեն կլուծվի»։ Բայց հասկացա, որ զգացմունքների մասին խոսելը թուլության նշան չէ։ Երբ ջանում եմ արտահայտվել, աղոթում եմ, որ ճիշտ բառեր ընտրեմ և ճիշտ  ձևով խոսեմ։ Հետո խորը շունչ եմ քաշում և սկսում եմ խոսել»։ Կարևոր է նաև ճիշտ պահ ընտրել խոսելու համար, օրինակ՝ երբ ամուսիններով քննում եք օրվա խոսքը կամ Աստվածաշունչ եք կարդում։

8. Ուրիշ ի՞նչը կարող է մղել զույգերին բարելավելու իրենց հաղորդակցությունը։

8 Կարևոր է, որ և՛ ամուսինը, և՛ կինը աղոթեն Աստծուն և մեծ ցանկություն ունենան բարելավելու իրենց հաղորդակցական ունակությունները։ Ինչ խոսք, հեշտ չէ փոխել արմատավորված սովորությունները։ Բայց նրանք կցանկանան փոփոխություններ անել, եթե սիրեն Եհովային, խնդրեն նրանից իր ոգին և իրենց միությունը սուրբ համարեն։ 26 տարվա ամուսնացած մի կին գրում է. «Ես ու ամուսինս լուրջ ենք վերաբերվում ամուսնության մասին Եհովայի տեսակետին, ուստի մեր մտքով անգամ չի անցնում իրարից հեռանալ։ Դրա համար էլ ամեն ջանք թափում ենք, որ միասին քննարկենք խնդիրները և լուծենք դրանք»։ Վարվելով այսպես՝ ամուսինները ցույց են տալիս, որ հավատարիմ են Աստծուն։ Եհովային հաճելի է նրանց նվիրվածությունը, և նա օրհնում է նման զույգերին (Սաղ. 127։1

ԱՃԵՔ ՍԻՐՈ ՄԵՋ

9, 10. Ինչպե՞ս կարող են կողակիցները ամրացնել իրենց սիրո կապը։

9 Սերը, որը «միասնության կատարյալ կապն է», ամենակարևոր հատկությունն է ամուսնության մեջ (Կող. 3։14)։ Իսկական սերը աճում է, երբ հավատարիմ կողակիցները կյանքի թե՛ ուրախ և թե՛ դժվար պահերին իրար հետ են լինում։ Նրանք ավելի մտերիմ ընկերներ են դառնում և թանկ են գնահատում միմյանց հետ շփումը։ Մի քանի հերոսական արարքնե՛րը չեն, որ ամրացնում են ամուսնական միությունը, ինչպիսիք որ ներկայացվում են ֆիլմերում, այլ բազմաթիվ փոքր բաները՝ գրկախառնությունը, քաղցր խոսքը, գեղեցիկ արարքը, ջերմ ժպիտը կամ անկեղծորեն «ինչպե՞ս անցավ օրդ» ասելը։ Այս փոքր բաները կարող են մեծ ազդեցություն ունենալ։ 19 տարվա երջանիկ մի ամուսնական զույգ ասում է, որ իրենք օրվա ընթացքում զանգում կամ հաղորդագրություններ են գրում իրար, ինչպես ամուսինն է ասում, «պարզապես իմանալու համար, թե ինչպես են գործերը»։

10 Իրար սիրող կողակիցները նաև ջանում են իրար ավելի լավ ճանաչել (Փիլիպ. 2։4), ինչն էլ իր հերթին մղում է նրանց, չնայած իրենց թերություններին, ավելի շատ սիրելու միմյանց։ Հաջող ամուսնությունը ժամանակի ընթացքում ծաղկում է։ Եթե ամուսնացած ես, ինքդ քեզ հարցրու. «Որքա՞ն լավ եմ ճանաչում կողակցիս։ Հասկանո՞ւմ եմ նրա զգացումներն ու մտքերը այս կամ այն հարցի հետ կապված։ Որքա՞ն հաճախ եմ մտածում կողակցիս մասին. օրինակ՝ խորհրդածո՞ւմ եմ այն հատկությունների շուրջ, որոնք գրավեցին ինձ մեր փոխհարաբերությունների սկզբում»։

 ՀԱՐԳԵՔ ՄԻՄՅԱՆՑ

11. Ինչո՞ւ է հարգանքը կարևոր երջանիկ ամուսնական կյանքի համար։ Բեր օրինակ։

11 Նույնիսկ ամենից երջանիկ կողակիցները երբեմն տարակարծիք են լինում այս կամ այն հարցում։ Օրինակ՝ Աբրահամն ու Սառան միշտ չէ, որ իրար հետ համաձայն էին (Ծննդ. 21։9–11)։ Սակայն դա պատճառ չեղավ, որ սեպ խրվի նրանց փոխհարաբերություններում։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք իրար հետ վարվում էին արժանապատվությամբ և հարգանքով։ Օրինակ՝ Աբրահամը Սառայի հանդեպ այդպիսի վերաբերմունք դրսևորեց՝ նրա հետ խոսելիս ասելով՝ «խնդրում եմ» (Ծննդ. 12։11, 13)։ Իսկ Սառան հնազանդվեց Աբրահամին և իր մտքում նրան «տեր» անվանեց (Ծննդ. 18։12)։ Երբ կողակիցները չեն հարգում միմյանց, դա սովորաբար արտացոլվում է նրանց խոսելաձևի և ձայնի տոնի մեջ (Առակ. 12։18)։ Եթե նրանք չկարգավորեն իրենց փոխհարաբերությունները, ապա ամեն ինչ կարող է ավարտվել ողբերգությամբ (կարդա՛ Հակոբոս 3։7–10, 17, 18

12. Ինչո՞ւ հատկապես նորապսակները պետք է ջանան իրար հետ հարգալից խոսել։

12 Հատկապես նորապսակները պետք է ջանան իրար հետ խոսել բարյացակամորեն և հարգալից կերպով, ինչը կստեղծի ազատ և անկեղծ հաղորդակցության մթնոլորտ։ Մի եղբայր հիշում է. «Ամուսնության առաջին տարիները թեև ուրախ են անցնում, բայց երբեմն կարող են նաև հիասթափեցնել։ Երբ դու և կողակիցդ հասկանում եք, որ պետք է հաշվի առնեք միմյանց զգացումները, սովորությունները և կարիքները, ապա փոխհարաբերությունները մի քիչ փխրուն կարող են դառնալ։ Սակայն նորապսակների համար լավ կլինի, որ լինեն ողջամիտ, չկորցնեն հումորի զգացումը, դրսևորեն խոնարհություն, համբերություն և ապավինեն Եհովային»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։

ԴՐՍԵՎՈՐԵՔ ԻՍԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

13. Ինչո՞ւ է խոնարհությունը կարևոր առողջ ու երջանիկ ամուսնական փոխհարաբերությունների համար։

13 Կողակիցների միջև լավ հաղորդակցությունը նման է պարտեզի միջով անցնող հանդարտահոս առվակի։ Որպեսզի «առվակը» շարունակի հոսել, շատ կարևոր է «խոնարհամիտ» լինել (1 Պետ. 3։8)։ 11 տարվա ամուսնացած մի եղբայր ասում է. «Տարաձայնությունը հարթելու ամենագործուն միջոցը խոնարհություն դրևսորելն է, որովհետև եթե խոնարհ ես, պատրաստ ես ներողություն խնդրելու»։ Մի երեց, որը 20 տարի է, ինչ ամուսնացած է ու երջանիկ է, ասում է. «Երբեմն «կներես» ասելը ավելի կարևոր է, քան «ես քեզ սիրում եմ» ասելը։—  Հետո ավելացնում է.— Խոնարհ լինելու համար շատ կարևոր է աղոթքը։ Երբ ես ու կինս աղոթում ենք Եհովային, հասկանում ենք, որ անկատար ենք և Աստծու անզուգական բարության կարիքն ունենք։ Դա օգնում է ինձ իրերին ճիշտ տեսանկյունից նայելու»։

Պահպանիր լավ հաղորդակցություն

14. Հպարտությունն ինչպե՞ս կարող է ազդել ամուսնության վրա։

14 Հպարտությունը, սակայն, երբեք չի նպաստում համերաշխությանը։ Այն սպանում է հաղորդակցությունը։ Հպարտ մարդը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ քաջություն ունի ներողություն խնդրելու։ Փոխանակ խոնարհաբար ասելու՝ «խնդրում եմ, ներիր ինձ»՝ նա արդարացումներ է բերում։ Իր թուլությունը քաջաբար ընդունելու փոխարեն՝ նա դիմացինին մեղադրում է, խաղաղության հետամուտ լինելու փոխարեն՝ արագ վիրավորվում է և գուցե կոպտի կամ ընդհանրապես չխոսի (Ժող. 7։9)։ Այո՛, հպարտությունը կարող է մահացու լինել ամուսնության համար։ Լավ կլինի՝ միշտ հիշենք, որ «Աստված հակառակվում է գոռոզներին, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (Հակ. 4։6

15. Բացատրիր, թե Եփեսացիներ 4։26, 27 համարները ինչպես կարող են օգնել կողակիցներին հաղթահարելու տարաձայնությունները։

15 Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե հպարտությունը երբեք գլուխ չի բարձրացնի։ Եթե մեր մեջ նկատենք հպարտության որևէ դրսևորում, ապա պետք է արագ քայլեր ձեռնարկենք դրա դեմ։ Պողոսն իր հավատակիցներին ասաց. «Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք, ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ Աստծու Խոսքին չհետևելը կարող է տխուր հետևանքներ ունենալ։ Մի քույր ցավով ասում է. «Երբեմն ես ու ամուսինս չենք կիրառել Եփեսացիներ 4։26, 27-ը։ Արդյունքում մի քանի գիշեր չեմ քնել»։ Որքա՜ն ավելի լավ կլինի հարցերը քննարկել անհապաղ՝ նպատակ ունենալով հաշտվելու։ Ինչ խոսք, գուցե կարիք լինի, որ կողակիցները մի որոշ ժամանակ սպասեն, մինչև որ կրքերը հանդարտվեն։ Հարկավոր է նաև աղոթել Եհովային՝ ճիշտ մտավիճակ ունենալու համար։ Օրինակ՝ կարող ենք խնդրել խոնարհամտություն։ Եթե այսպես վարվենք, ապա կկենտրոնանանք խնդրի վրա և ոչ թե սեփական անձի, ինչն էլ կնպաստի, որ իրավիճակը չբարդանա (կարդա՛ Կողոսացիներ 3։12, 13

16. Խոնարհությունն ինչպե՞ս կարող է օգնել կողակիցներին ճիշտ վերաբերվելու միմյանց ուժեղ կողմերին։

16 Խոնարհությունն ու համեստությունը կողակիցներին կօգնեն կենտրոնանալու միմյանց ուժեղ կողմերի վրա։ Օրինակ՝ կինը գուցե որոշ հմտություններ ունենա, որոնք նա օգտագործում է ընտանիքի բարօրության համար։ Եթե նրա ամուսինը խոնարհ ու համեստ է, ապա չի մտածի, որ իր գլխավորությունը հարցականի տակ է դրվում, այլ կխրախուսի կնոջը օգտագործել իր ընդունակությունները՝ դրանով ցույց տալով, որ թանկ է գնահատում նրան (Առակ. 31։10, 28; Եփես. 5։28, 29)։ Իսկ խոնարհ և համեստ կինը ցուցադրական կերպով չի դրսևորի իր ունակությունները և չի նսեմացնի իր ամուսնուն։ Նրանք «մեկ մարմին» են, և եթե ինչ որ բան ցավեցնում է մեկին, ցավեցնում է նաև մյուսին (Մատթ. 19։4, 5

17. Ի՞նչը կարող է օգնել կողակիցներին, որ երջանիկ լինեն ու Եհովային պատիվ բերեն։

17 Անկասկած, ուզում ես, որ քո ամուսնությունը նման լինի Աբրահամի ու Սառայի, Իսահակի ու Ռեբեկայի ամուսնությանը, այսինքն՝ որ ունենաս իսկապես երջանիկ, հարատև ու Եհովային պատիվ բերող ամուսնություն։ Դրա համար հարկավոր է ամուսնության վերաբերյալ ունենալ Եհովայի տեսակետը։ Հասկացողություն և իմաստություն փնտրիր նրա Խոսքում։ Կողակցիդ մասին երախտագիտությամբ խորհրդածելով՝ քո մեջ կզարգացնես իսկական սեր, որը «Յահի բոցն է» (Երգ 8։6)։ Ամեն ինչ արա, որ խոնարհ լինես։ Հարգանքով վերաբերվիր կողակցիդ։ Եթե այս բաներն անես, ապա կողակցիդ հետ քո փոխհարաբերությունները ուրախություն կբերեն քեզ ու քո երկնային Հորը (Առակ. 27։11)։ Մի եղբայր, որը 27 տարի է, ինչ ամուսնացած է, գրեց. «Չեմ կարող պատկերացնել կյանքս առանց իմ կնոջ։ Մեր կապը օր օրի ամրանում է, որովհետև մենք սիրում ենք Եհովային և միշտ հաղորդակցվում ենք իրար հետ»։ Անշուշտ, դու էլ կարող ես այս խոսքերն ասել։