Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2013

Ունե՞ս այնպիսի սիրտ, որ ճանաչես Եհովային

Ունե՞ս այնպիսի սիրտ, որ ճանաչես Եհովային

«Նրանց մի սիրտ կտամ, որպեսզի ճանաչեն ինձ, որ ես Եհովան եմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն» (ԵՐԵՄ. 24։7

1, 2. Ինչո՞ւ են շատերը թանկ գնահատում թուզը։

ՍԻՐՈ՞ՒՄ ես թուզ։ Այս միրգը աշխարհի շատ վայրերում է աճում, և շատերն են սիրում այն։ Հին հրեաները թանկ էին գնահատում թզենիները (Նաում 3։12; Ղուկ. 13։6–9)։ Թուզը պարունակում է մանրաթելեր, հակաօքսիդիչներ և հանքային նյութեր։ Ոմանց կարծիքով՝ այն օգտակար է սրտի համար։

2 Մի անգամ Եհովան մարդկանց համեմատեց թզերի հետ։ Նա այդ համեմատությունն արեց ցույց տալու համար, թե ինչ կա նրանց սրտում։ Այն, ինչ Աստված ասաց, կարևոր է ինչպես մեր սրտի, այնպես էլ մեր հարազատների սրտի համար։ Իսկ ի՞նչ ասաց Եհովան, և ի՞նչ կարող ենք սովորել աստվածաշնչյան այս դրվագից։

3. Ի՞նչ են խորհրդանշում Երեմիա 24-րդ գլխում հիշատակված թզերը։

3 Մ.թ.ա. 607թ.-ին Հուդայի բնակիչները հոգևոր վատ վիճակում էին։ Եհովան Երեմիային մի տեսիլքի միջոցով ցույց տվեց Հուդայի ապագան։ Այդ տեսիլքում Աստված Երեմիային ցույց տվեց թզով լի երկու զամբյուղ. մեկում «շատ լավ» թզեր էին, մյուսում՝ «շատ վատ» (կարդա՛ Երեմիա 24։1–3)։ Վատ թզերը Սեդեկիա թագավորն ու այն հրեաներն էին, որոնք շուտով դաժան վերաբերմունքի էին արժանանալու Նաբուգոդոնոսորի և նրա զորքի կողմից։ Իսկ լավ թզերը Եզեկիելը, Դանիելը և նրա երեք ընկերներն էին, որոնք արդեն Բաբելոնում էին, ինչպես նաև այն հավատարիմ հրեաները, որոնք շուտով գերի էին տարվելու։ Նրանց մնացորդը վերադառնալու էր, որպեսզի վերակառուցի Երուսաղեմն ու տաճարը, ինչն էլ ժամանակին տեղի ունեցավ (Երեմ. 24։8–10; 25։11, 12; 29։10

4. Ինչո՞ւ են լավ թզերի մասին Աստծու խոսքերը քաջալերական մեզ համար։

4 Եհովան լավ թզերի մասին ասաց. «Նրանց մի սիրտ կտամ, որպեսզի ճանաչեն ինձ, որ ես Եհովան եմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն» (Երեմ. 24։7 Այս համարը, որ հոդվածի բնաբանն է, շատ քաջալերական միտք է պարունակում։ Աստված ուզում է մեզ տալ «մի սիրտ, որպեսզի ճանաչենք իրեն»։ Այստեղ «սիրտ» ասելով պետք է հասկանալ մարդու տրամադրվածությունը։ Անշուշտ, ուզում ես ունենալ այդպիսի սիրտ և լինել Աստծու ժողովրդի մի մասը։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել Աստծու Խոսքը և սովորածը կիրառել, հարկավոր է զղջալ, դարձի գալ, կյանքը նվիրել Աստծուն և մկրտվել Հոր, Որդու և սուրբ ոգու անունով (Մատթ. 28։19, 20; Գործ. 3։19)։ Գուցե արդեն արել ես այս քայլերը կամ, հնարավոր է, կանոնավորաբար շփվում ես Եհովայի վկաների հետ և այդ քայլերը սկսել ես անել։

5. Հիմնականում ո՞ւմ սրտերի մասին է գրել Երեմիան։

5 Անկախ այն բանից՝ հիշյալ քայլերից մի քանիսն ենք արել, թե բոլորը, միշտ պետք է հետևենք մեր տրամադրվածությանը և վարքին։ Իսկ թե ինչու պետք է այդպես անենք, երևում է սրտի վերաբերյալ Երեմիայի գրած ուրիշ խոսքերից։ «Երեմիա» գրքի որոշ գլուխներ շրջակա ազգերի մասին են, բայց մարգարեն հիմնականում խոսում է Հուդայի թագավորներից հինգի կառավարման ընթացքում ապրած հրեաների մասին (Երեմ. 1։15, 16)։ Այո՛, Երեմիան գրեց գլխավորապես այն տղամարդկանց, կանանց ու երեխաների մասին, որոնք ուխտի հիման վրա հաստատված փոխհարաբերություններ ունեին Եհովայի հետ։ Նրանց նախնիները հոժարակամորեն ուխտ էին կապել Աստծու հետ (Ելք 19։3–8)։ Երեմիայի օրերում էլ ժողովուրդն ասաց, որ նվիրված է Եհովային. «Ահա մենք քեզ մոտ ենք եկել, որովհետև դու ես մեր Աստվածը, ո՛վ Եհովա» (Երեմ. 3։22)։ Բայց արդյո՞ք նրանք լավ սիրտ ունեին։

«ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ» ԿԱՐԻՔ ՈՒՆԵԻՆ

6. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ է Աստված ասել սրտի մասին։

6 Այսօր բժիշկները իրենց ձեռքի տակ ունեն առաջավոր տեխնիկա, որի միջոցով կարող են տեսնել, թե ինչ վիճակում է մարդու սիրտը և թե ինչպես է այն աշխատում։ Բայց Եհովան շատ ավելին կարող է տեսնել։ Նա ասաց. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան։ Ես՝ Եհովաս, քննում եմ սիրտը.... որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհի ու իր գործերի պտղի համեմատ հատուցեմ» (Երեմ. 17։9, 10)։ «Քննել սիրտը» արտահայտությունը չի նշանակում բժշկական քննության ենթարկել սիրտ օրգանը, որը 70 կամ 80 տարվա ընթացքում բաբախում է մոտ երեք միլիարդ անգամ։ Այս համարներում Եհովան խոսում է այլաբանական սրտի մասին։ Այդ «սիրտը» վերաբերում է մարդու ներքին անձնավորությանը՝ ցանկություններին, մտքերին, հակումներին, տրամադրվածությանը և նպատակներին։ Այո՛, Եհովան քննում է մեր սիրտը։ Իսկ մենք կարո՞ղ ենք քննել այն։ Ինչ-որ չափով՝ այո։

7. Ինչպիսի՞ն էր հրեաների մեծ մասի սիրտը Երեմիայի օրերում։

7 Նախքան մեր սիրտը քննելը տեսնենք, թե ինչպիսին էր Երեմիայի օրերում ապրած հրեաների մեծամասնության սրտի վիճակը։ Երեմիա մարգարեն գրեց. «Ահա օրեր են գալիս,— ասում է Եհովան,— երբ ես հաշիվ եմ պահանջելու անթլփատ մնացած բոլոր թլփատվածներից.... Իսրայելի ամբողջ տունը սրտով է անթլփատ» (Երեմ. 9։25, 26)։ Եհովայի աչքում թլփատված հրեաները «սրտով անթլփատ էին»։ Ի՞նչ էին նշանակում այս խոսքերը։

8, 9. Սրտի հետ կապված ի՞նչ պետք է աներ հրեաների մեծամասնությունը։

8 «Սրտով անթլփատ» լինելու իմաստը կարող ենք հասկանալ հետևյալ խոսքերից. «Հեռացրեք ձեր սրտի թլիփը, ո՛վ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներ, որ չլինի թե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունը.... բորբոքվի»։ Որտեղի՞ց էին ծագում այդ չար գործերը։ Իրենց ներսից՝ սրտից (կարդա՛ Մարկոս  7։20–23)։ Այո՛, Աստված ճշգրտորեն ախտորոշեց, թե որն էր հրեաների չար գործերի պատճառը։ Նրանց սիրտը կամակոր էր և ըմբոստ։ Նրանց մղումներն ու մտածելակերպը տհաճ էին Եհովային (կարդա՛ Երեմիա 5։23, 24; 7։24–26)։ Ուստի Աստված նրանց ասաց. «Թլփատվեք Եհովայի համար և հեռացրեք ձեր սրտի թլիփը» (Երեմ. 4։4; 18։11, 12

9 Այո՛, Երեմիայի օրերի հրեաները այլաբանական սրտի վիրահատության՝ թլփատման կարիք ունեին, ճիշտ այնպես, ինչպես Մովսեսի օրերում ապրած իսրայելացիները (2 Օրենք 10։16; 30։6)։ «Սրտի թլիփը հեռացնելու» համար նրանք պետք է ազատվեին այն ամենից, ինչն իրենց սիրտը անընկալունակ էր դարձնում՝ Աստծուն տհաճ մտածելակերպից, ցանկություններից և մղումներից (Գործ. 7։51

ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԻ ՍԻՐՏԸ՝ ԱՅՍՕՐ

10. Դավթի պես՝ ի՞նչ պետք է խնդրենք Եհովային։

10 Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ օգնում է մեզ հասկանալու մեր այլաբանական սիրտը։ Բայց ոմանք գուցե հարցնեն. «Մի՞թե Եհովայի վկաները կարիք ունեն անհանգստանալու իրենց սրտի համար»։ Ինչ խոսք, Եհովայի վկաները հոգևոր այնպիսի վիճակում չեն, ինչպիսի վիճակում որ հին հրեաներից շատերն էին։ Անշուշտ, այսօր Աստծու ծառաները հավատարիմ են նրան և մաքուր են նրա առաջ։ Նրանք «վատ թզեր» չեն։ Բայց հիշենք, որ Դավիթը, որ արդար մարդ էր, Եհովային խնդրեց. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի» (Սաղ. 17։3; 139։23, 24

11, 12. ա) Ինչո՞ւ պետք է մեզնից յուրաքանչյուրը ցանկանա ստուգել իր սիրտը։ բ) Ի՞նչ չի անում Աստված։

11 Եհովան ուզում է, որ մենք իր հետ լավ փոխհարաբերություններ ունենանք և պահպանենք դրանք։ Երեմիան ասաց. «Դու, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, քննում ես արդարին, տեսնում ես երիկամներն ու սիրտը» (Երեմ. 20։12)։ Քանի որ Ամենակարողը քննում է արդարի սիրտը, մենք պետք է անկեղծ ինքնաքննություն անենք (կարդա՛ Սաղմոս 11։5)։ Գուցե մեր սրտի խորքում հայտնաբերենք ինչ-որ սխալ տրամադրվածություն, նպատակ կամ բացասական զգացում։ Գուցե տեսնենք մի բան, որը մեր սիրտը պակաս զգայուն է դարձնում, և կարիք լինի «սրտի թլիփը» հեռացնելու, այլ խոսքով՝ սրտի «վիրահատության»։ Իսկ ի՞նչ սխալ տրամադրվածություն և բացասական զգացումներ կարող են լինել մեր սրտում, և ինչպե՞ս կարող ենք ազատվել դրանցից (Երեմ. 4։4

12 Եհովան չի ստիպում մեզ փոխվել։ Նա ասաց, որ «լավ թզերին» «մի սիրտ կտա, որպեսզի ճանաչեն» իրեն։ Նա չասաց, որ կստիպի նրանց փոխելու իրենց սիրտը։ «Լավ թզերն» իրենք պետք է ցանկանային ունենալ այնպիսի սիրտ, որը կմղեր իրենց ճանաչելու Աստծուն։ Իսկ դու ցանկանո՞ւմ ես նման սիրտ ունենալ։

Մենք կօրհնվենք, եթե քննենք մեր սիրտը և ազատվենք անպատշաճ ցանկություններից

13, 14. Քրիստոնյայի սիրտն ինչպե՞ս կարող է վնասել իրեն։

13 Հիսուսն ասաց. «Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները,  սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթ. 15։19)։ Պարզ է, որ եթե քրիստոնյան իր սրտում անպատշաճ ցանկություններ զարգացնի, ապա նա գուցե շնություն կամ պոռնկություն գործի, և եթե գործի ու չզղջա, կզրկվի Աստծու հավանությունից։ Բայց հնարավոր է նաև, որ նա նման մեղք չգործի, թեև նրա սրտում սխալ ցանկություններ լինեն (կարդա՛ Մատթեոս 5։27, 28)։ Հենց այստեղ է, որ անհրաժեշտ է ինքնաքննության միջոցով ստուգել սիրտը։ Նկատո՞ւմ ես քո մեջ անպատշաճ զգացում հակառակ սեռի հանդեպ։ Ունե՞ս այնպիսի ցանկություններ, որոնք Աստծուն տհաճ են և պետք է հեռացվեն։

14 Կամ էլ գուցե եղբայրը բառացի սպանություն չգործի, բայց թույլ տա, որ հավատակցի հանդեպ ունեցած զայրույթն այնքան խորանա, որ սկսի ատել նրան (Ղևտ. 19։17)։ Ջանքեր կգործադրի՞ նա ազատվելու այդ զգացումից, որը կարող է նրա սիրտը անզգա դարձնել (Մատթ. 5։21, 22

15, 16. ա) Բեր օրինակ, թե ինչպես կարող է քրիստոնյան «սրտով անթլփատ» լինել։ բ) Քո կարծիքով՝ ինչո՞ւ է «անթլփատ սիրտը» տհաճ Եհովային։

15 Անշուշտ, ուրախ ենք, որ քրիստոնյաների մեծ մասը չունի սրտի նման խնդիրներ։ Այդուհանդերձ, Հիսուսը խոսեց նաև «չար մտքերի» մասին։ Օրինակ՝ քրիստոնյան կարող է մտածել, որ հարազատին նվիրված լինելը ամեն ինչից վեր է. ինչպես շատերն են ասում, «արյունը ջուր չի դառնա»։ Իհարկե, քրիստոնյաներն ուզում են «բնական կապվածություն» ունենալ իրենց հարազատների հետ և չլինել շատերի պես, ովքեր այս «վերջին օրերում» կորցրել են այդ կապվածությունը (2 Տիմոթ. 3։1, 3)։ Բայց այս հարցում պետք է զգույշ լինենք, որ ծայրահեղության մեջ չընկնենք։ Եթե մեր հարազատին վիրավորեն, գուցե դա անձնական վիրավորանք համարենք և ամեն գնով պաշտպանենք նրան։ Հիշենք Դինայի եղբայրներին և Աբիսողոմին, որոնք բացասական զգացումների ազդեցության տակ սպանություն գործեցին (Ծննդ. 34։13, 25–30; 2 Սամ. 13։1–30)։ Այո՛, «չար մտքերը» կարող են շատ վտանգավոր լինել։

16 Ճիշտ է, մենք մարդ չենք սպանի, բայց ինչպե՞ս ենք վերաբերվում մեր այն հավատակցին, որը վիրավորել է մեր հարազատին (կամ էլ մեզ է թվում, թե վիրավորել է)։ Հնարավոր է՝ մեր մեջ խիստ բացասական զգացումներ առաջանան նրա հանդեպ։ Գուցե չընդունենք նրա հյուրասիրությունը կամ էլ ինքներս հյուրասիրություն ցույց չտանք նրան (Եբր. 13։1, 2)։ Մենք չպետք է մատների արանքով նայենք նման զգացումներին, որովհետև  դրանցում չկա սեր։ Սրտեր Քննողը կարող է ախտորոշել դա որպես «սրտի անթլփատություն» (Երեմ. 9։25, 26)։ Հիշենք, որ նա հորդորում է. «Հեռացրեք ձեր սրտի թլիփը» (Երեմ. 4։4

ՄԻՇՏ ՈՒՆԵՑԻՐ ԱՅՆՊԻՍԻ ՍԻՐՏ, ՈՐ ՃԱՆԱՉԵՍ ԱՍՏԾՈՒՆ

17. Աստվածավախությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ընկալունակ սիրտ ունենալու։

17 Ի՞նչ կարող ենք անել, եթե, ստուգելով մեր սիրտը, հայտնաբերենք, որ այն բավականաչափ զգայուն չէ Եհովայի խորհուրդների հանդեպ և ինչ-որ չափով «անթլփատ» է։ Գուցե այնտեղ կա մարդավախություն, հռչակի կամ ճոխության ձգտում, կամակոր կամ անկախ լինելու հակում։ Նման բաներ կարող են լինել ցանկացած մարդու մեջ (Երեմ. 7։24; 11։8)։ Երեմիան գրեց, որ իր օրերի անհավատարիմ հրեաները «կամակոր ու ըմբոստ սիրտ» ունեին։ «Նրանք չասացին իրենց սրտում. «Մեր Աստծուց՝ Եհովայից վախենանք, որը հորդառատ անձրևը, աշնան ու գարնան անձրևը տալիս է ճիշտ ժամանակին»»,— ասում է մարգարեն (Երեմ. 5։23, 24)։ Ինչպես տեսնում ենք այս խոսքերից, մենք պետք է առողջ վախ ունենանք Եհովայի հանդեպ և երախտագետ լինենք նրան, որպեսզի կարողանանք մեր «սրտի թլիփը» հեռացնել և ընկալունակ սիրտ ունենալ։

18. Ի՞նչ է խոստացել Եհովան նոր ուխտի մեջ եղողներին։

18 Եթե ջանքեր գործադրենք, Եհովան մեզ «մի սիրտ կտա, որպեսզի ճանաչենք իրեն»։ Հենց սա նա խոստացավ նոր ուխտի մեջ եղողներին՝ օծյալներին. «Իմ օրենքը նրանց ներսում կդնեմ և նրանց սրտերի վրա կգրեմ։ Ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»։ Իսկ ի՞նչ է ասում Աստված իրեն ճանաչելու մասին. «Նրանցից ոչ մեկը իր ընկերոջը կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «ճանաչե՛ք Եհովային», քանի որ նրանք բոլորը՝ փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ.... Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի» * (Երեմ. 31։31–34

19. Ի՞նչ հեռանկար ունեն ճշմարիտ քրիստոնյաները։

19 Անկախ այն բանից՝ ակնկալում ենք հավիտենական օգուտներ ստանալ նոր ուխտից երկնքում թե երկրի վրա, մենք պետք է ցանկանանք ճանաչել Եհովային և լինել նրա ժողովրդի մի մասը։ Այդ օգուտները ստանալու համար կարիք ունենք, որ մեր մեղքերը ներվեն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա։ Միայն այն փաստը, որ դրանք կարող են ներվել, պետք է մղի մեզ ներողամիտ լինելու նույնիսկ նրանց հանդեպ, ում նկատմամբ դառը զգացումներ ունենք։ Եթե պատրաստ լինենք ազատվելու բացասական զգացումներից, ապա դրանով կնպաստենք մեր այլաբանական սրտի առողջությանը։ Այդպիսով ցույց կտանք, որ ուզում ենք ոչ միայն ծառայել Եհովային, այլև մտերմանալ նրա հետ։ Մենք կնմանվենք նրանց, ում Եհովան Երեմիայի միջոցով ասաց. «Կփնտրեք ինձ ու կգտնեք, որովհետև ձեր ամբողջ սրտով եք ինձ փնտրելու։ Եվ ես թույլ կտամ, որ գտնեք ինձ» (Երեմ. 29։13, 14

^ պարբ. 18 Նոր ուխտի մասին խոսվում է «Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով» գրքի 14-րդ գլխում։