Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2013

Եհովային սիրողների համար «գայթակղության քար չկա»

Եհովային սիրողների համար «գայթակղության քար չկա»

«Շատ է քո օրենքը սիրողների խաղաղությունը, և նրանց համար գայթակղության քար չկա» (ՍԱՂ. 119։165

1. Ինչպե՞ս իրեն դրսևորեց մի վազորդուհի անհաջողությունից հետո։

ՄԱՐԻ ԴԵԿԵՐԸ արդեն պատանեկան հասակում համաշխարհային կարգի վազորդի համբավ ուներ։ Բոլորն ասում էին, որ 1984թ. ամառային օլիմպիական խաղերում 3000 մետր վազքի եզրափակիչ փուլում նա է հաղթելու։ Բայց Մարին այդպես էլ չհասավ վերջնագծին։ Վազքի ժամանակ նա դիպավ մեկ ուրիշ վազորդի ոտքին ու ընկավ։ Վնասվածք ստացած վազորդուհին սպասարկուների օգնությամբ լացակումած հեռացավ վազքուղուց։ Բայց Մարին չհուսալքվեց. մեկ տարի էլ չանցած՝ 1985թ.-ին, նա վերադարձավ մրցասպարեզ և համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց կանանց մեկ մղոն վազքատարածությունում։

2. Ի՞նչ իմաստով են ճշմարիտ քրիստոնյաները վազում, և ի՞նչ նպատակ պետք է ունենանք։

2 Մենք՝ քրիստոնյաներս, կարելի է ասել, նույնպես վազում ենք։ Մենք պետք է հաղթելու նպատակ ունենանք։ Սա արագավազք չէ, որտեղ հաղթելու համար ամենակարևորը արագությունն է, և ոչ էլ սովորական դանդաղ վազք է, որի ժամանակ մարդը երբեմն կարող է կանգնել։ Այն մարաթոնյան վազք է, որում հաղթելու համար շատ կարևոր է տոկուն լինել։ Կորնթացի քրիստոնյաներին գրած նամակում Պողոսն օգտագործում է վազորդի օրինակը (Կորնթոս քաղաքը հայտնի էր մարզական մրցումներով)։ Նա ասաց. «Չգիտե՞ք, որ մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում, բայց միայն մեկն է ստանում մրցանակը։ Ուրեմն այնպես վազեք, որ ստանաք այն» (1 Կորնթ. 9։24

3. Ինչպե՞ս է հնարավոր, որ բոլոր վազորդները հաղթեն հավիտենական կյանքի մրցավազքում։

3 Աստվածաշունչը մեզ հորդորում է վազել այս փոխաբերական մրցատարածությունը (կարդա՛ 1 Կորնթացիներ 9։25–27)։ Մրցանակը լինելու է հավիտենական կյանքը՝ ոմանց համար՝ երկնքում, մյուսների համար՝ երկրի վրա։ Ի տարբերություն ուրիշ մրցումների՝ այս  մրցավազքում կարող են հաղթել բոլոր մասնակիցները, միայն թե հարկավոր է մինչև վերջ տոկալ (Մատթ. 24։13, ծնթ.)։ Մասնակիցները պարտվում են միայն այն դեպքում, երբ չեն վազում կանոնների համաձայն կամ էլ չեն հատում վերջնագիծը։ Սա միակ մրցավազքն է, որտեղ հաղթողները, որպես մրցանակ՝ հավիտենական կյանք են ստանում։

4. Ի՞նչն է դժվարացնում մեր ընթացքը հավիտենական կյանքի մրցավազքում։

4 Այս վազքատարածությունը հեշտ չէ անցնել։ Հարկավոր է լինել կարգապահ ու նպատակասլաց։ Միայն մեկ անձնավորություն է կարողացել հասնել վերջնագծին, ընդ որում այդ ընթացքում նա թեկուզ մեկ անգամ չի սայթաքել կամ ընկել։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Նրա աշակերտ Հակոբոսը գրեց, որ Քրիստոսի հետևորդները՝ «բոլորն էլ հաճախ են սխալվում» (Հակ. 3։2)։ Դա իրոք այդպես է։ Մեր կամ ուրիշների անկատարության պատճառով, հնարավոր է, դանդաղեցնում ենք մեր ընթացքը և նույնիսկ կանգ առնում։ Մեր ոտքը դիպչում է խոչընդոտի, ինչի պատճառով կորցնում ենք մեր հավասարակշռությունը, թափը և նույնիսկ ընկնում։ Բայց մենք վեր ենք կենում ու շարունակում վազքը։ Ոմանց ընկնելը շատ ցավոտ է լինում։ Նրանք կարողանում են վերսկսել վազքը միայն օգնություն ստանալուց հետո։ Այո՛, մենք երբեմն և նույնիսկ պարբերաբար գուցե սայթաքենք կամ ընկնենք (1 Թագ. 8։46

Եթե ընկնես, ընդունիր օգնությունը, վեր կաց ու շարունակիր վազել

ՄԻ՛ ԼՔԻՐ ՄՐՑԱՎԱԶՔԸ

5, 6. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ քրիստոնյայի համար «գայթակղության քար չկա», և ի՞նչն է օգնում նրան վեր կենալու։ բ) Ինչո՞ւ ոմանք ընկնելուց հետո վեր չեն կենում։

5 Ի՞նչ կարող ենք անել, երբ հոգևորապես սայթաքում կամ ընկնում ենք։ Մենք կարող ենք վեր կենալ, այսինքն՝ զղջալ, և շարունակել ծառայել Աստծուն կամ մնալ ընկած՝ չզղջալ։ Առակներ 24։16-ում գրված է. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա, բայց ամբարիշտները փորձանքի պատճառով կսայթաքեն»։

6 Եհովան թույլ չի տա, որ իրեն ապավինողներն այնպես սայթաքեն կամ ընկնեն, որ այլևս չկարողանան վեր կենալ։ Եթե մենք ամբողջ սրտով սիրում ենք նրան, ապա նա կօգնի մեզ «վեր կենալու» և շարունակելու ծառայել իրեն։ Մինչդեռ ամբարիշտները չեն ուզում վեր կենալ։ Նրանք չեն փնտրում Աստծու սուրբ ոգու և Նրա ժողովրդի օգնությունը, իսկ երբ այդ օգնությունն  առաջարկվում է, հրաժարվում են դրանից։ Բայց «Եհովայի օրենքը սիրողների» համար չկա այնպիսի գայթակղության քար, որի պատճառով նրանք մեկընդմիշտ դուրս մնան մրցավազքից (կարդա՛ Սաղմոս 119։165

7, 8. Ինչպե՞ս է հնարավոր «ընկնել» և շարունակել ունենալ Աստծու հավանությունը։

7 Ոմանք փոքր մեղքեր են գործում ինչ-որ թուլության պատճառով, ընդ որում գուցե մի քանի անգամ։ Բայց Եհովայի աչքում նրանք արդար կլինեն, եթե ամեն անգամ «վեր կենան», այսինքն՝ անկեղծորեն զղջան և ձգտեն նորից գնալ հավատարմության ճանապարհով։ Դա երևում է հին Իսրայելի օրինակից (Ես. 41։9, 10Առակներ 24։16-ը, որը մեջբերվեց վերևում, ընդգծում է ոչ թե բացասականը՝ մեր «ընկնելը», այլ դրականը՝ մեր սիրառատ Աստծու օգնությամբ «վեր կենալը» (կարդա՛ Եսայիա 55։7)։ Վստահ լինելով, որ մենք ամեն բան կանենք, որ «վեր կենանք»՝ Եհովան և Հիսուսը քաջալերում են մեզ հենց այդպես վարվել (Սաղ. 86։5; Հովհ. 5։19

8 Եթե մարաթոնյան վազքի ժամանակ վազորդը սայթաքի կամ ընկնի, նա գուցե ժամանակ ունենա, որ ուշքի գա ու շարունակի վազքը։ Հավիտենական կյանքի մրցավազքում մենք չգիտենք այն «օրն ու ժամը», թե երբ կհասնենք վերջնագծին, ուստի պետք է զգույշ լինենք, որ չընկնենք, որովհետև գուցե ժամանակ չունենանք ուշքի գալու համար (Մատթ. 24։36)։ Ուստի, որքան քիչ սայթաքենք կամ ընկնենք, այնքան ավելի կայուն կլինի մեր տեմպը, մենք կմնանք մրցավազքում և հաջողությամբ կհասնենք վերջնագծին։ Ի՞նչ կարող ենք անել, որ չսայթաքենք կամ չընկնենք։

ԻՆՉԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ ԳՈՒՑԵ ՍԱՅԹԱՔԵՆՔ ԿԱՄ ԸՆԿՆԵՆՔ

9. Ի՞նչ ենք քննարկելու։

9 Քննենք հինգ բան, որոնք կարող են գայթակղության քար լինել. անձնական թուլությունները, մարմնի ցանկությունները, հավատակիցների անարդար վերաբերմունքը մեր հանդեպ, նեղությունը կամ հալածանքը և հավատակիցների անկատարությունը։ Եթե սայթաքել ես, հիշիր, որ Եհովան շատ համբերատար է։ Նա չի շտապում մտածել, թե մենք անհավատարիմ ենք։

10, 11. Ո՞ր հարցում թերացավ Դավիթը։

10 Անձնական թուլությունները կարելի է նմանեցնել վազքուղու վրա ընկած քարերի։ Դավիթ թագավորի համար այդպիսի քար էր ինքնատիրապետման պակասը, իսկ Պետրոս առաքյալի համար՝ մարդավախությունը։

11 Դավիթ թագավորը թերացավ ինքնատիրապետում դրսևորել և մեղք գործեց Բերսաբեի հետ։ Իսկ երբ Նաբաղը նրան վիրավորեց, քիչ էր մնում՝ անմտածված քայլեր աներ։ Այո՛, թեև նա թերացավ ինքնատիրապետում դրևսորել, բայց չհուսահատվեց և շարունակեց ջանքեր թափել, որ Եհովային հաճելի լինի։ Ուրիշների օգնությամբ նա վերականգնեց իր հոգևոր հավասարակշռությունը (1 Սամ. 25։5–13, 32, 33; 2 Սամ. 12։1–13

12. Թեև Պետրոսը սայթաքեց, ինչպե՞ս կարողացավ մնալ մրցավազքում։

12 Պետրոսը երբեմն վախենում էր մարդկանց կարծիքից ու դրա պատճառով սխալներ էր գործում։ Օրինակ՝ նա մարդկանց ներկայությամբ ուրացավ իր Տիրոջը, ընդ որում ոչ թե մեկ, այլ երեք անգամ (Ղուկ. 22։54–62)։ Ավելի ուշ Պետրոսը իրեն քրիստոնեավայել չպահեց՝ այլազգի հավատակիցների հետ վարվելով այնպես, կարծես նրանք ստորադաս էին հրեա թլփատված քրիստոնյաներից։ Ի տարբերություն նրա՝ Պողոս առաքյալը հստակ հասկանում էր, որ ժողովում չպետք է լինեն դասակարգային տարբերություններ։ Քանի որ ժողովի անդամները կարող էին ընդօրինակել Պետրոսի սխալ մտածելակերպը, Պողոսը, առանց հապաղելու, խորհուրդ տվեց Պետրոսին՝ նրա հետ խոսելով երես առ երես (Գաղ. 2։11–14)։ Արդյո՞ք Պետրոսի ինքնասիրությունը այն աստիճան վիրավորվեց, որ նա թողեց կյանքի վազքը։ Ո՛չ։ Նա լրջորեն մտածեց Պողոսի տված խորհրդի մասին, կիրառեց այն և մնաց մրցավազքում։ Պետրոսը շարունակեց հավատարիմ մնալ Հիսուսին ու Եհովային։

13. Առողջական խնդիրը ինչպե՞ս կարող է խոչընդոտ լինել կյանքի մրցավազքում։

13 Երբեմն գայթակղության քար է լինում  առողջական խնդիրը։ Այն կարող է դանդաղեցնել մեր հոգևոր ընթացքը, հանել հավասարակշռությունից և ուժասպառ անել։ Մի ճապոնացի քույր, որը մկրտությունից հետո 17 տարի տառապել է մի հիվանդությունից, այնքան տարվեց իր առողջական խնդրով, որ հոգևորապես թուլացավ։ Ժամանակի ընթացքում նա դարձավ ոչ ակտիվ քարոզիչ։ Երկու երեց այցելեց նրան։ Ոգևորվելով նրանց բարի խոսքերից՝ քույրը սկսեց հաճախել հանդիպումներին։ Նա ասում է. «Երբ եղբայրներն ինձ ջերմորեն ողջունեցին, ես սկսեցի արտասվել»։ Այժմ քույրը կրկին մրցավազքում է։

14, 15. Ի՞նչ պետք է անենք, երբ մեր մեջ սխալ ցանկություններ են առաջանում։ Բեր օրինակ։

14 Մարմնի ցանկությունների պատճառով շատերն են սայթաքում։ Մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ունենանք մաքուր մտքեր, լինենք բարոյապես և հոգևորապես մաքուր։ Հիսուսն ասաց, որ «մի կողմ գցենք» ցանկացած բան, որ կարող է գայթակղեցնել մեզ։ Մենք պետք է զգուշանանք անբարո մտքերից և գործերից, որովհետև դրանք կարող են հանել մեզ մրցավազքից (կարդա՛ Մատթեոս 5։29, 30

15 Մի եղբայր, որը մեծացել է քրիստոնյաների ընտանիքում, գրում է, որ ինչքան իրեն հիշում է, միշտ պայքարել է միասեռական հակման դեմ։ Եղբայրն ասում է. «Ես ինձ միշտ մի տեսակ էի զգում։ Տեղս ոչ մի տեղ չէի գտնում»։ 20 տարեկանում նա դարձավ ընդհանուր ռահվիրա և ժողովում ծառայող օգնական էր։ Հետո նա մեղք գործեց ու Աստվածաշնչի հիման վրա խրատ ստացավ։ Երեցները շարունակեցին հոգևորապես օգնել նրան։ Աղոթքի, Աստվածաշնչի ուսումնասիրության և ուրիշներին օգնելու վրա կենտրոնանալով՝ եղբայրը իրեն հավաքեց ու շարունակեց մրցավազքը։ Տարիներ անց նա ասում է. «Երբեմն սխալ ցանկությունները արթնանում են, բայց ես թույլ չեմ տալիս, որ դրանք իշխեն ինձ վրա։ Ես հասկացել եմ, որ Եհովան թույլ չի տալիս փորձվելու ուժիցդ վեր։ Հավատում եմ, որ Աստված վստահ է իմ ուժերի վրա»։ Եղբայրը վերջում ասում է. «Անհամբեր սպասում եմ նոր աշխարհին, երբ բոլոր տառապանքներս վերջ կգտնեն։ Իսկ մինչ այդ շարունակելու եմ պայքարս»։ Նա վճռական է մնալու մրցավազքում։

16, 17. ա) Ի՞նչն օգնեց մի եղբոր վերադառնալու վազքուղի։ բ) Գայթակղությունից խուսափելու համար ի՞նչ պետք է անենք։

16 Հավատակիցների անարդար վերաբերմունքը մեր հանդեպ նույնպես կարող է գայթակղության քար լինել։ Ֆրանսիայում ապրող մի նախկին երեց, իր կարծիքով, անարդար վերաբերմունքի արժանացավ։ Եղբայրը դառը զգացումներով լցվեց, դադարեց հաճախել ժողովի հանդիպումներին ու շփվել հավատակիցների հետ։ Նա դարձավ ոչ ակտիվ քարոզիչ։ Երկու երեց այցելեց նրան։ Մինչ եղբայրը ներկայացնում էր իր տեսակետը, նրանք ուշադիր լսում էին՝ առանց ընդհատելու։ Երեցները հորդորեցին նրան իր հոգսը գցել Եհովայի վրա և շեշտեցին, որ ամենակարևոր բանը Եհովային հաճելի լինելն է։ Նա դրականորեն արձագանքեց և կարճ ժամանակ անց վերադարձավ վազքուղի։ Հիմա եղբայրը ակտիվորեն մասնակցում է ժողովի գործերին։

17 Բոլոր քրիստոնյաները պետք է կենտրոնանան ժողովի Գլխի՝ Հիսուս Քրիստոսի վրա և ոչ թե անկատար մարդկանց։ Հիսուսը, որի աչքերը «կրակի բոցի պես» են, ամեն ինչ հստակ տեսնում է. նա անհամեմատ ավելին է տեսնում, քան մենք (Հայտն. 1։13–16)։ Օրինակ՝ թյուրիմացության մեջ ընկնելով՝ գուցե մտածենք, որ մեր հավատակիցը անարդար է վարվել մեր հանդեպ, մինչդեռ Հիսուսը գիտի, թե իրականում ինչ է եղել։ Քրիստոսը ժողովի կարիքների մասին հոգում է լավագույն ձևով և ճիշտ ժամանակին։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ մեր հավատակիցների արարքներն ու որոշումները գայթակղության քար դառնան մեզ համար։

18. Ինչպե՞ս կարող ենք դիմանալ փորձություններին։

18 Գայթակղության քարեր են նաև նեղությունը կամ հալածանքը և հավատակիցների անկատարությունը։ Սերմնացանի առակում Հիսուսն ասաց, որ «նեղության կամ հալածանքի» պատճառով ոմանք կգայթակղվեն։ Նշանակություն չունի, թե քրիստոնյային ով կհալածի՝ ընտանիքի անդամները, հարևանները թե պետական իշխանությունները.  եթե նա «իր մեջ արմատ չունի», այսինքն՝ հոգևորապես թույլ է, ապա հալածանքի ներքո կարող է դուրս մնալ կյանքի մրցավազքից (Մատթ. 13։21)։ Բայց եթե ճիշտ տրամադրվածություն ունենանք, ապա Թագավորության սերմը խոր արմատներ կգցի մեր սրտում, և մեր հավատը ամուր կլինի։ Երբ դժվարությունները ճնշում են մեզ, մենք պետք է աղոթենք Եհովային ու խորհրդածենք գովասանքի արժանի բաների մասին (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։6–9)։ Եհովայի օգնությամբ կկարողանանք դիմանալ փորձություններին, կանցնենք գայթակղության քարերի վրայով ու կշարունակենք վազքը։

Թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի քեզ հասնելու վերջնագծին

19. Ի՞նչ կարող ենք անել, որ ուրիշների սխալները մեզ համար գայթակղության քար չդառնան։

19 Ցավոք, ոմանք ուրիշների սխալների պատճառով սայթաքել ու ընկել են և տարիներ շարունակ այդպես մնացել։ Մյուսների համար գայթակղության քար է եղել խղճի հետ կապված հարցերում տեսակետների տարբերությունը (1 Կորնթ. 8։12, 13)։ Եթե ինչ-որ մեկը մեզ նեղացնի, թույլ կտա՞նք, որ դա մեծ հարց դառնա։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է չդատել և չկենտրոնանալ սեփական իրավունքների վրա (Ղուկ. 6։37)։ Ինքդ քեզ հարցրու. «Արդյոք չե՞մ դատում ուրիշներին սեփական չափանիշներով։ Իմանալով որ հավատակիցներս անկատար են՝ թույլ կտա՞մ, որ նրանց այս կամ այն արարքի պատճառով դուրս մնամ հավիտենական կյանքի մրցավազքից»։ Եհովայի հանդեպ սերը կարող է լցնել մեզ վճռականությամբ, որ թույլ չտանք՝ որևէ մեկի արարքը խանգարի մեզ հասնելու վերջնագծին։

ՎԱԶԻՐ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ, ԽՈՒՍԱՓԻՐ ՍԱՅԹԱՔԵԼՈՒՑ

20, 21. Ի՞նչ ես վճռել անել կյանքի մրցավազքում։

20 Վճռե՞լ ես «ավարտել մրցավազքը» (2 Տիմոթ. 4։7, 8)։ Եթե այո, ուրեմն հիշիր, որ առանց անձնական ուսումնասիրության դա հնարավոր չէ։ Ուստի ուսումնասիրիր Աստվածաշունչը և մեր հրատարակությունները, խորհրդածիր և իմացիր, թե ինչ քարեր կարող են հանդիպել քո ճանապարհին։ Աղոթիր սուրբ ոգին ստանալու համար. այն քեզ հոգևոր լիցք կտա։ Հիշիր, որ ոչ մի վազորդ կյանքի մրցավազքում դատապարտված չէ ձախողման միայն այն պատճառով, որ երբեմն սայթաքում կամ ընկնում է։ Նա կարող է վեր կենալ և շարունակել վազքը։ Նա նույնիսկ գայթակղության քարերը կարող է օգտագործել իր վազքը հաջողությամբ շարունակելու համար, այսինքն՝ օգտակար դասեր քաղել հավատի փորձություններից։

21 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հավիտենական կյանքի մրցավազքը ակտիվ և ոչ թե պասիվ պրոցես է։ Այն ավտոբուսով գնալ չէ, երբ ուղևորները նստած կամ կանգնած են, իսկ ավտոբուսը շարժվում է դեպի նշանակված վայրը։ Կյանքի մրցավազքում մենք ինքներս պետք է հասնենք վերջնագծին. մենք պետք է վազենք։ Մինչ վազում ենք, Եհովայից եկող «խաղաղությունը» կլինի ինչպես մեր հետևից փչող քամի (Սաղ. 119։165)։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կշարունակի օրհնել մեզ վազքի ընթացքում, իսկ երբ հասնենք վերջնագծին, նա կտա մեզ անվերջ օրհնություններ (Հակ. 1։12