Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2013

Երբեք հույսդ մի՛ կտրիր

Երբեք հույսդ մի՛ կտրիր

Երկար տարինե՞ր է, ինչ Եհովայի վկա ես, և կողակիցդ չի՞ ընդունում քո համոզմունքները։

Ուսումնասիրողդ, որի հետ մեծ հույսեր էիր կապում, հրաժարվե՞լ է ճշմարտությունից։

 Երեք դեպքեր, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, կօգնեն քեզ չկորցնելու հույսդ։ Դու կտեսնես, թե ինչպես կարող ես, ինչպես գրված է Ժողովող 11։1-ում, «հացդ ջրերի երեսին արձակել» և օգնել նրանց, ովքեր դեռևս չեն ընդունել ճշմարտությունը։

ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԼԻՆԵԼ

Շատ կարևոր է հաստատակամ լինել, կառչած մնալ Եհովայից ու ճշմարտությունից (2 Օրենք 10։20)։ Խեորխինան հենց այդպես է վարվել։ Երբ 1970թ.-ին նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, նրա ամուսինը՝ Կիրյակոսը, շատ զայրացավ։ Նա փորձում էր այնպես անել, որ Խեորխինան դադարեցնի ուսումնասիրությունը, Վկաներին տուն չէր ընդունում և ոչնչացնում էր նրանց ցանկացած հրատարակություն, որ գտնում էր։

Երբ Խեորխինան սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին, Կիրյակոսը ավելի բարկացավ։ Մի օր նա գնաց Թագավորության սրահ՝ վիճաբանելու։ Քույրերից մեկը, տեսնելով որ Կիրյակոսը հունարեն ավելի լավ է խոսում, քան անգլերեն, զանգահարեց մի հույն եղբոր, որը ուրիշ ժողովից էր, ու խնդրեց գալ և օգնել։ Եղբոր բարյացակամ վերաբերմունքը դրականորեն ազդեց Կիրյակոսի վրա, և վերջինս նույնիսկ մի քանի ամիս Աստվածաշունչ ուսումնասիրեց նրա օգնությամբ, բայց հետո դադարեցրեց։

Երեք տարուց ավելի Կիրյակոսը հակառակվում էր Խեորխինային։ Նա նույնիսկ ասաց, որ կբաժանվի, եթե կինը մկրտվի։ Մկրտության օրը Խեորխինան ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, որ Կիրյակոսը չհեռանա իրենից։ Երբ Վկաները եկան, որ Խեորխինային տանեն համաժողով, Կիրյակոսը նրանց ասաց. «Դուք գնացեք առջևից, մենք մեր մեքենայով կգանք ձեր հետևից»։ Նա ներկա եղավ համաժողովի առավոտյան ծրագրին, ինչպես նաև կնոջ մկրտությանը։

Վկաներին առաջին անգամ հանդիպելուց գրեթե 40 տարի անց Խեորխինան մեծ ուրախություն ապրեց. նրա ամուսինը վերջապես մկրտվեց

Դրանից հետո Կիրյակոսը սկսեց ավելի քիչ հակառակվել և շատ փոխվեց։ Վկաներին առաջին անգամ հանդիպելուց գրեթե 40 տարի անց Խեորխինան մեծ ուրախություն ապրեց. նրա ամուսինը վերջապես մկրտվեց։ Նշելով, որ իր կինը մեծ դեր է ունեցել այս հարցում՝ Կիրյակոսն ասում է. «Ես շնորհակալ եմ Խեորխինային իր հաստատակամության համար»։ Իսկ Խեորխինան ասում է. «Չնայած ամուսնուս հակառակությանը՝ ես վճռական էի շարունակելու երկրպագել իմ Աստծուն։ Ամբողջ ժամանակ աղոթել եմ Եհովային ու երբեք հույսս չեմ կտրել»։

ԿԱՐԵՎՈՐ Է ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԳՆԵԼ

Կողակցին օգնելու համար կարևոր է նաև քրիստոնեական հատկություններ զարգացնել։ Պետրոս առաքյալը քրիստոնյա կանանց հորդորեց. «Հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով» (1 Պետ. 3։1)։ Քրիստինը ապրեց այս խորհրդի համաձայն, թեև իրենից երկար տարիներ պահանջվեցին, որ ամուսնուն շահի։ Այս քույրը Վկա է դարձել ավելի քան քսան տարի առաջ։ Այն ժամանակ նրա ամուսինը՝ Ջոնը, չէր հավատում Աստծուն և չէր ուզում որևէ կրոնի անդամ լինել, բայց տեսնում էր, որ Քրիստինի համար իր նոր կրոնը շատ թանկ է։ Նա պատմում է. «Ես տեսնում էի, որ նա երջանիկ է։ Նա դարձավ բնավորությամբ ուժեղ և վստահելի կին, և դա ինձ օգնեց բազմաթիվ դժվար իրավիճակներում»։

Քրիստինը երբեք չէր ստիպում ամուսնուն ընդունելու իր հավատը։ Ջոնն ասում է. «Կինս հենց սկզբից հասկացավ, որ լավ կլինի ինձ հետ չխոսել իր կրոնի մասին։ Նա, զինվելով համբերությամբ, թողեց, որ ես գիտելիքներ ստանամ իմ չափով և իմ ձևով»։ Երբ Քրիստինը «Դիտարանում» կամ «Արթնացե՛ք»-ում տեսնում էր այնպիսի հոդվածներ, որոնք Ջոնին դուր կգային, օրինակ՝ գիտության և բնության մասին, նա դրանք ցույց էր տալիս նրան ու ասում. «Ինձ թվում է՝ քեզ կհետաքրքրեն այս հոդվածները»։

Ժամանակի ընթացքում Ջոնը թոշակի անցավ և սկսեց զբաղվել այգով։ Նա արդեն ավելի շատ ազատ ժամանակ ուներ խորհրդածելու կյանքի լուրջ հարցերի շուրջ և ինքն իրեն հարցրեց. «Կյանքը երկրի վրա պատահականորե՞ն է առաջացել, թե՞ ստեղծվել է ինչ-որ նպատակով»։ Մի օր, երբ Ջոնը զրուցում էր մեր եղբայրներից մեկի հետ, վերջինս նրան հարցրեց. «Չսկսե՞նք ուսումնասիրել»։ «Դե, քանի որ արդեն սկսել էի հավատալ Աստծուն, համաձայնվեցի»,— պատմում է Ջոնը։

Այն, որ Քրիստինը երբեք հույսը չկորցրեց, շատ կարևոր էր։ Նա 20 տարի շարունակ աղոթում էր, որ Ջոնը ընդունի ճշմարտությունը և մկրտվի։ Վերջապես դա տեղի ունեցավ։ Այժմ նրանք միասին եռանդորեն ծառայում են Եհովային։ Ջոնն ասում է. «Երկու բան ինձ մղեց ընդունելու ճշմարտությունը. Վկաները բարյացակամ էին իմ հանդեպ, իսկ կինս հավատարիմ էր, վստահելի և անձնազոհ»։ Այո՛, Քրիստինը գործնականում կիրառեց 1 Պետրոս 3։1-ի խորհուրդը և համոզվեց դրա ճշմարտացիության մեջ։

 ՍԵՐՄԵՐԸ ՊՏՈՒՂ ԵՆ ՏԱԼԻՍ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ

Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը այս կամ այն պատճառով կորցնում է հետաքրքրությունը ճշմարտության հանդեպ։ «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն» (Ժող. 11։6)։ Երբեմն ճշմարտության սերմերը անհատի սրտում ծլարձակում են տարիներ անց, և մարդը, ի վերջո, հասկանում է Աստծուն մոտենալու կարևորությունը (Հակ. 4։8)։ Այո՛, մի գեղեցիկ օր դու գուցե հաճելիորեն զարմանաս։

Օրինակ՝ Էլիսը, որը Հնդկաստանից տեղափոխվել էր Անգլիա, 1974թ.-ին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա հինդի լեզվով էր խոսում, բայց ուզում էր բարելավել անգլերենը։ Ուսումնասիրությունը շարունակվեց մի քանի տարի, և այդ ընթացքում Էլիսը մի քանի անգամ ներկա եղավ անգլիախոս ժողովի հանդիպումներին։ Նա գիտեր, որ այն, ինչ ուսումնասիրում է, ճշմարտություն է, բայց դրան վերաբերվում էր ինչպես հոբբիի։ Բացի այդ, նա շատ էր սիրում փող և ընկերական հավաքույթներ։ Վերջիվերջո, Էլիսը դադարեցրեց ուսումնասիրությունը։

Գրեթե 30 տարի անց Ստելան (այն ժամանակ սովորաբար նա էր Էլիսին ուսուցանում) նամակ ստացավ Էլիսից։ Այնտեղ գրված էր. «Համոզված եմ՝ կապշես, որ նա, ում հետ 1974թ.-ին ուսուցում ես անցկացրել, այս մարզային համաժողովում մկրտվել է։ Դու շատ կարևոր դեր ես ունեցել իմ կյանքում։ Դու սերմեցիր ճշմարտության սերմերը իմ մեջ, ու թեև այն ժամանակ դեռևս պատրաստ չէի կյանքս նվիրելու Աստծուն, սրտիս խորքում պահել էի ճշմարտության սերմը»։

Էլիսը գրեց. «Համոզված եմ՝ կապշես, որ նա, ում հետ 1974թ.-ին ուսուցում ես անցկացրել, այս մարզային համաժողովում մկրտվել է»

Ի՞նչ էր տեղի ունեցել այդ ընթացքում։ Էլիսը պատմում է, որ ամուսնու մահից հետո (1997թ.) ինքը դեպրեսիայի մեջ ընկավ։ Մի օր նա աղոթեց Աստծուն։ Տասը րոպե անց փենջաբերեն խոսող երկու Վկա թակեցին իր տան դուռը և տվեցին «Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» թերթիկը։ Էլիսը համոզված էր, որ դա իր աղոթքի պատասխանն է, ու որոշեց կապ հաստատել Եհովայի վկաների հետ։ Բայց որտե՞ղ կարող էր նրանց գտնել։ Նա պատահականորեն գտավ մի հին տետր, որտեղ գրված էր փենջաբի լեզվով ժողովի հասցեն, որը իրեն տվել էր Ստելան։ Էլիսը գնաց Թագավորության սրահ։ Այնտեղ փենջաբերեն խոսող եղբայրներն ու քույրերը ջերմորեն ողջունեցին նրան։ «Հասկացա, որ ինձ առաջվա պես սիրում են, և դա օգնեց դեպրեսիայի դեմ պայքարում»,— ասում է Էլիսը։

Նա սկսեց կանոնավորաբար հաճախել հանդիպումներին և վերականգնեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ինչպես նաև սովորեց սահուն խոսել ու կարդալ փենջաբերեն։ 2003թ.-ին Էլիսը մկրտվեց։ Ստելային գրած նամակը ավարտվում էր այսպես. «Անչափ շնորհակալ եմ քեզ, որ 29 տարի առաջ սերմեցիր ճշմարտությունն իմ սրտում և լավ օրինակ եղար ինձ համար»։

«Անչափ շնորհակալ եմ քեզ, որ 29 տարի առաջ սերմեցիր ճշմարտությունն իմ սրտում և լավ օրինակ եղար ինձ համար» (Էլիս)

Ի՞նչ կարող ես սովորել այս օրինակներից։ Եթե մարդը հոգևորապես քաղցած է, ազնիվ է ու խոնարհ, Եհովան այնպես կանի, որ ճշմարտության սերմը նրա սրտում սկսի աճել։ Հիշենք, որ Հիսուսի պատմած առակում ասվում է. «Սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, [սերմնացանը] չի իմանում։ Հողը ինքնիրեն պտուղ է տալիս. դուրս է գալիս նախ ցողունը, հետո հասկը, ապա հասած ցորենը՝ հասկի մեջ (Մարկ. 4։27, 28)։ Այդպիսի աճը տեղի է ունենում աստիճանաբար և «ինքնիրեն»։ Մեզնից ոչ ոք չգիտի, թե աճի պրոցեսը ինչպես է կատարվում։ Բայց եթե առատորեն ցանես, առատորեն էլ կհնձես։

Այս ամենից բացի, շատ կարևոր է աղոթել։ Խեորխինան և Քրիստինը անդադար աղոթում էին Եհովային։ Եթե «աղոթքում հարատևես» ու երբեք հույսդ չկտրես, ապա «շատ օրեր անց» թերևս գտնես այն «հացը», որը «ջրերի երեսին էիր արձակել» (Հռոմ. 12։12; Ժող. 11։1