Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2013

Պրետորական գվարդիան վկայություն է ստանում

Պրետորական գվարդիան վկայություն է ստանում

59 թվականն է։ Ճանապարհից հոգնած զինվորների ուղեկցությամբ մի խումբ բանտարկյալներ Հռոմ են մտնում քաղաքի չորս գլխավոր դարպասներից մեկով՝ Պորտա Կապենայով։ Պալատինյան բլրի վրա փռված է Ներոն կայսրի պալատը, որը պահպանում են սրերը հագուստի (տոգայի) տակ պահած պրետորական զինվորները *։ Բանտարկյալները Հուլիոս հարյուրապետի հսկողությամբ անցնում են Հռոմեական ֆորումի մոտով և սկսում բարձրանալ Վիմինալ բլուրը։ Նրանք անցնում են մի պարտեզի միջով, որտեղ կան հռոմեական աստվածների բազմաթիվ զոհասեղաններ։ Հետո քայլում են մի հրապարակի մոտով, որտեղ անցկացվում են շքերթներ և զորավարժություններ։

Պրետորական զինվորներ բարձրաքանդակի վրա։ Ոմանց կարծիքով՝ այն Կլավդիոսի կամարի մաս է եղել (կառուցվել է 51թ.-ին)

Բանտարկյալների մեջ է նաև Պողոս առաքյալը։ Ամիսներ առաջ, երբ նա փոթորկից տարուբերվող նավում էր, Աստծու հրեշտակը նրան ասել էր. «Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես» (Գործ. 27։24)։ Մի՞թե հիմա հրեշտակի ասածները իրականություն են դառնում։ Հռոմեական կայսրության մայրաքաղաքում նա, անկասկած, հիշում է այն խոսքերը, որ Տեր Հիսուսն ասել էր Երուսաղեմում՝ Անտոնիոսի ամրոցում. «Քա՛ջ եղիր, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես» (Գործ. 23։10, 11

Պողոսի առջև հառնում է Կաստրա Պրետորիա հսկայական ամրոցը, որն ունի կարմիր աղյուսից կառուցված ատամնավոր պարիսպներ և պարիսպների վրա վեր խոյացող աշտարակներ։ Ամրոցում ապրում են պրետորական գվարդիայի անդամները (12 կոհորտա *), որոնք կայսրի  թիկնապահներն են, քաղաքային մի քանի կոհորտա, որոնք պահպանում են կարգուկանոնը, և հեծելազորը։ Կաստրա Պրետորիա ամրոցը բոլորին հիշեցնում է կայսրի մեծ իշխանության մասին։ Քանի որ պրետորական գվարդիան նաև պատասխանատու է կայսրության պրովինցիաներից բերված բանտարկյալների համար, վերոհիշյալ բանտարկյալներին բերում է հենց պրետորական գվարդիայի սպա Հուլիոսը։ Մի քանի ամիս տևած վտանգավոր ճանապարհորդությունից հետո նրանք վերջապես տեղ են հասել (Գործ. 27։1–3, 43, 44

ԱՌԱՔՅԱԼԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է «ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԱՐԳԵԼՔԻ»

Հռոմի ճանապարհին զարմանալի դեպքեր տեղի ունեցան։ Ծովում փոթորկի ժամանակ Աստված Պողոսին հայտնեց, որ նավում գտնվող բոլոր մարդիկ փրկվելու են նավաբեկությունից։ Թունավոր օձը կծեց Պողոսին, բայց ոչինչ չեղավ։ Երբ Մալթա կղզում նա բուժեց հիվանդներին, բնակիչները սկսեցին ասել, որ նա աստված է։ Այս ամենի մասին լուրերը, հավանաբար, տարածվեցին պրետորական գվարդիայի սնահավատ զինվորների շրջանում։

Պողոսը արդեն հանդիպել է Հռոմի եղբայրներին, որոնք նրան դիմավորելու համար եկել էին «մինչև Ապիոսի շուկան և Երեք իջևանները» (Գործ. 28։15)։ Իսկ ինչպե՞ս էր առաքյալը քարոզելու բարի լուրը Հռոմում. չէ՞ որ նա բանտարկյալ էր (Հռոմ. 1։14, 15)։ Որոշ մասնագետների կարծիքով՝ բանտարկյալներին տարան գվարդիայի հրամանատարի մոտ։ Եթե իրոք այդպես է եղել, ուրեմն Պողոսին տարան գվարդիայի պրեֆեկտի՝ Ափրանիոս Բուռոսի մոտ, որը թերևս կայսրից հետո երկրորդն էր իշխանությամբ *։ Ինչևէ, հիմա Պողոսին հսկում է ընդամենը մի շարքային զինվոր։ Առաքյալին թույլատրվում է տուն վարձել, հյուրեր ընդունել և քարոզել նրանց՝ «առանց որևէ արգելքի» (Գործ. 28։16, 30, 31

ՊՈՂՈՍԸ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՄԵԾԵՐԻՆ ԵՎ ՓՈՔՐԵՐԻՆ

Կաստրա Պրետորիայի պարիսպն այսօր

Բուռոսը նախքան Պողոս առաքյալին Ներոն կայսրի մոտ ուղարկելը, հավանաբար, զրուցում է նրա հետ կա՛մ պալատում, կա՛մ պրետորական ճամբարում։ Պողոսը առիթը բաց չի թողնում, որպեսզի «վկայություն տա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին» (Գործ. 26։19–23)։ Մենք չգիտենք, թե Բուռոսը ինչ մտածեց առաքյալի մասին, բայց գիտենք, որ նա Պողոսին չուղարկեց պրետորական ճամբարի բանտ *։

Այն տունը, որը վարձել է Պողոսը, բավական մեծ է, ուստի առաքյալը կարող է իր մոտ ընդունել և վկայություն  տալ «հրեաների ազդեցիկ մարդկանց», ինչպես նաև ուրիշների, որոնք գալիս են «[իր] մոտ՝ իր բնակության վայրը»։ Պողոսը «առավոտից մինչև երեկո.... հիմնովին վկայություն» է տալիս Թագավորության և Հիսուսի մասին։ Նրան ակամա լսում են նաև իրեն հսկող զինվորները (Գործ. 28։17, 23

Զինվորները ակամա լսում էին, երբ Պողոսը նամակներ էր թելադրում

Պալատը հսկող պրետորական զինվորները ամեն օր ութերորդ ժամին փոխվում են։ Պողոսին հսկող զինվորները նույնպես պարբերաբար փոխվում են։ Բանտարկության երկու տարիներին առաքյալը գրում է նամակներ՝ եփեսացիներին, փիլիպպեցիներին, կողոսացիներին, եբրայեցիներին և Փիլիմոնին։ Պողոսը միայն վերջին նամակն է անձամբ գրել, մյուսները թելադրել է, հետևաբար զինվորները տեղյակ են եղել դրանց բովանդակությանը։ Բանտում գտնվելիս առաքյալը հոգ է տանում Օնեսիմոս անունով մի ստրուկի մասին, որը փախել է իր տիրոջից և որի համար առաքյալը «հոր պես է դառնում բանտի կապանքների մեջ»։ Պողոսը նրան հետ է ուղարկում իր տիրոջ մոտ (Փիլիմ. 10)։ Անկասկած, նա չի անտեսում նաև իրեն հսկող զինվորներին (1 Կորնթ. 9։22)։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես է առաքյալը հարցեր տալիս նրանց իրենց սպառազինության տարբեր մասերի վերաբերյալ և այդ ինֆորմացիան օգտագործում իր օրինակներից մեկում (Եփես. 6։13–17

 ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԱՆՎԱԽՈՐԵՆ ՔԱՐՈԶԻՐ

Պողոսի բանտարկությունը նպաստում է «բարի լուրի տարածմանը» ողջ պրետորական գվարդիայի և ուրիշների շրջանում (Փիլիպ. 1։12, 13)։ Գվարդիայի անդամները կապեր ունեն Հռոմեական կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև հենց կայսրի և նրա մեծ տան հետ, որը բաղկացած է կայսրի ընտանիքի անդամներից, ծառաներից և ստրուկներից։ Նրանցից մի քանիսը դառնում են քրիստոնյաներ (Փիլիպ. 4։22)։ Տեսնելով, թե ինչ համարձակությամբ է Պողոսը վկայություն տալիս՝ Հռոմի եղբայրները լցվում են քաջությամբ և «անվախորեն քարոզում են Աստծու խոսքը» (Փիլիպ. 1։14

Ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, գուցե կարողանանք վկայություն տալ նրանց, ովքեր այս կամ այն ծառայությունն են անում մեզ համար

Պողոսի՝ Հռոմում կատարած ծառայությունը ոգևորիչ է նաև մեզ համար։ Այն մղում է քարոզելու «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ» (2 Տիմոթ. 4։2)։ Մեզնից ոմանք գտնվում են ծերանոցում, հիվանդանոցում կամ էլ բանտարկված են հավատի համար։ Ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, մենք գուցե կարողանանք վկայություն տալ նրանց, ովքեր այցելում են մեզ՝ տեսակցելու կամ զանազան ծառայություններ կատարելու համար։ Երբ ամեն առիթի դեպքում անվախորեն վկայություն ենք տալիս, անձամբ ենք համոզվում, որ «Աստծու խոսքը կապանքների մեջ չէ» (2 Տիմոթ. 2։8, 9

^ պարբ. 2 Տե՛ս «Պրետորական գվարդիան Ներոնի օրերում» շրջանակը։

^ պարբ. 4 Հռոմեական մեկ կոհորտան բաղկացած էր մինչև 1000-ի հասնող զինվորներից։

^ պարբ. 7 Տե՛ս «Սեքստոս Ափրանիոս Բուռոս» շրջանակը։

^ պարբ. 9 36–37 թթ.-ին այս բանտում էր գտնվում Հերովդես Ագրիպպասը։ Տիբերիոս կայսրը նրան ձերբակալել էր այն բանի համար, որ վերջինս ցանկացել էր Կալիգուլային տեսնել կայսրի պաշտոնում։ Գահ բարձրանալուց հետո Կալիգուլան պարգևատրեց Հերովդեսին՝ նրան տալով թագավորություն (Գործ. 12։1