Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2013

Զգուշացիր սրտիդ մտադրություններից

Զգուշացիր սրտիդ մտադրություններից

«Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմ. 17։9)։ Մենք միշտ պատճառներ ենք գտնում անելու մեր սրտի ուզածը։

Աստվածաշնչում գրված է. «Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթ. 15։19)։ Մեր փոխաբերական սիրտը կարող է մոլորեցնել մեզ. գուցե սխալը անելուց հետո միայն հասկանանք, որ Աստծու կամքին հակառակ ենք վարվել։ Ավելին, սիրտը կարող է դրդել մեզ արդարացնելու մեր սխալները։ Սակայն եթե իմանանք մեր սրտի մտադրությունները, ապա սխալ քայլեր չենք անի։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԻՄԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԿԱ ՔՈ ՍՐՏՈՒՄ

Ամեն օր Աստվածաշունչ կարդալն ինչպե՞ս է ազդում մեր այլաբանական սրտի վրա

Ամեն օր կարդա Աստվածաշունչը և խորհրդածիր կարդացածիդ շուրջ։

Պողոս առաքյալը գրեց. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու.... բաժանումը»։ Այն «կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբր. 4։12)։ Եթե մեզ նայենք Սուրբ Գրքի լույսի ներքո, ապա կկարողանանք բացահայտել մեր սրտի մտադրությունները։ Ուստի անչափ կարևոր է ամեն օր կարդալ Աստվածաշունչը և խորհրդածել կարդացածի շուրջ։ Այդպիսով կսկսենք մտածել Եհովայի պես և կունենանք նրա տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ։

Աստվածաշնչյան խորհուրդները ընդունելով և կիրառելով, ինչպես նաև առաջնորդվելով Սուրբ Գրքի սկզբունքներով՝ մենք կրթում ենք մեր խիղճը։ Խիղճը մեր ներքին ձայնն է, որը «վկայություն է  տալիս» (Հռոմ. 9։1)։ Այն օգնում է, որ չարդարացնենք մեր սխալ քայլերը։ Աստվածաշնչում նաև կան բազմաթիվ օրինակներ՝ «մեզ զգուշացում լինելու համար» (1 Կորնթ. 10։11)։ Եթե սովորենք այդ օրինակներից, սխալ ճանապարհով չենք գնա։

Աղոթքը կօգնի մեզ իմանալու, թե ինչ կա մեր սրտում

Աղոթիր Աստծուն։

Եհովան «քննում է սիրտը» (1 Տար. 29։17)։ Նա «մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհ. 3։20)։ Աստծուն հնարավոր չէ խաբել։ Եթե անկեղծորեն աղոթենք Եհովային մեր մտահոգությունների, զգացմունքների և ցանկությունների մասին, նա կօգնի մեզ տեսնելու մեր սրտի մտադրությունները։ Մենք կարող ենք խնդրել Աստծուն, որ «մաքուր սիրտ ստեղծի» մեր մեջ (Սաղ. 51։10)։ Ուստի մեր սրտի մտադրություններն իմանալու համար շատ կարևոր է աղոթել։

Հանդիպումների միջոցով կարող ենք իմանալ մեր սրտի մտադրությունները

Ուշադիր եղիր ժողովի հանդիպումների ժամանակ։

Եթե հանդիպումների ժամանակ ուշադիր լինենք, ապա կկարողանանք անկեղծորեն քննել, թե ինչպիսի մարդ ենք իրականում։ Գուցե ամեն հանդիպման ժամանակ նոր տեղեկություն չստանանք, բայց, ներկա լինելով, ավելի լավ կհասկանանք սուրբգրային սկզբունքները և խորհուրդները, ինչն էլ կօգնի մեզ քննելու մեր սրտի մտադրությունները։ Եղբայրների ու քույրերի մեկնաբանությունները նույնպես կարող են օգնել մեզ, որ մաքրենք մեր ներքին անձնավորությունը (Առակ. 27։17)։ Եթե մեկուսանանք և կանոնավորաբար ներկա չլինենք հանդիպումներին, ապա ինքներս մեզ կվնասենք։ Գուցե սկսենք փնտրել մեր «եսասիրական ցանկությունը» (Առակ. 18։1)։ Ինքդ քեզ հարցրու. «Սովորություն ունե՞մ ներկա լինելու բոլոր հանդիպումներին և օգուտներ քաղելու դրանցից» (Եբր. 10։24, 25

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՄԵՐ ՍԻՐՏԸ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՄԵԶ

Մեր նենգավոր սիրտը կարող է տարբեր կերպերով մոլորեցնել մեզ։ Քննենք չորս բան, որոնց միջոցով սիրտը կարող է մոլորեցնել. նյութական ապահովության ձգտում, ոգելից խմիչք, ընկերակցություն և ժամանց։

Նյութական ապահովության ձգտում։

Ֆիզիկական կարիքները բավարարելը բնական է։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ չափազանց շատ կարևորություն չտանք նյութականին։ Հիսուսը սրա վերաբերյալ մի առակ պատմեց։ Մի հարուստ մարդ իր բերքը ամբարելու տեղ չուներ, որովհետև նրա ամբարները արդեն լիքն էին։ Նա որոշեց քանդել դրանք և ավելի մեծերը կառուցել։ Այդ մարդն ասաց. «Իմ ամբողջ ցորենն ու բարիքները այնտեղ կհավաքեմ և իմ հոգուն կասեմ. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»։ Այդ հարուստ մարդը մոռացել էր, որ ամեն վայրկյան իր կյանքը կարող էր ավարտվել (Ղուկ. 12։16–20

Տարիքի հետ գուցե սկսենք ավելի շատ մտածել ապագայում նյութապես ապահովված լինելու մասին և դրա պատճառով ժողովի հանդիպման ժամերին արտաժամ աշխատենք կամ չկատարենք մեր այս կամ այն քրիստոնեական պարտականությունը։ Կամ ենթադրենք՝ երիտասարդ ենք ու հասկանում ենք, որ լիաժամ ծառայությունից լավ բան չկա։ Կհետաձգե՞նք այդ ծառայությունը այն պատճառով, որ մտածում ենք՝ հարկավոր է նախ ֆինանսապես ապահովված լինել։ Մենք պետք է զգուշանանք նման մտայնությունից։ Մի՞թե հենց այսօր չպետք է լավագույնն  անենք Աստծու աչքին հարուստ լինելու համար։ Չէ՞ որ չգիտենք՝ վաղը կենդանի կլինենք, թե ոչ։

Ոգելից խմիչք։

«Մի՛ եղիր գինով հարբողների մեջ»,— գրված է Առակներ 23։20-ում։ Եթե մարդը սիրում է խմել, նա գուցե արդարացնի կանոնավորաբար ալկոհոլ օգտագործելը, ասի, որ ալկոհոլ օգտագործում է հանգստանալու և ոչ թե հարբելու համար։ Եթե ուզում ենք հանգստանալ և դրա համար ոգելից խմիչք օգտագործելու կարիք ենք զգում, ուրեմն ժամանակն է ազնվորեն ինքնաքննություն անելու և տեսնելու, թե ինչպիսին են իրականում մեր սրտի մտադրությունները։

Ընկերակցություն։

Մեր հավատը չընդունող մարդկանց հետ մենք առնչվում ենք դպրոցում, աշխատավայրում, ծառայության ժամանակ և այլուր։ Բայց մի բան է առնչվել և բոլորովին այլ բան է ընկերական շփում ունենալ նրանց հետ։ Ցավոք, որոշ քրիստոնյաներ նույնիսկ մտերիմ հարաբերություններ են հաստատում իրենց հավատակիցը չեղող մարդկանց հետ։ Արդարացնո՞ւմ ենք այդպիսի ընկերակցությունը՝ ասելով, որ նրանք բազմաթիվ լավ հատկություններ ունեն։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։ Ճիշտ ինչպես որ չնչին քանակությամբ կեղտը աղտոտում է մաքուր ջուրը, այնպես էլ մտերմությունը այն մարդկանց հետ, ովքեր չեն սիրում Աստծուն, աղտոտում է մեր հոգևոր մաքրությունը. գուցե որդեգրենք նրանց հայացքները, հագուկապը, խոսելաոճը և վարքը։

Ժամանց։

Այսօր ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մատչելի են ժամանցի ամենատարբեր ձևեր։ Դրանց մեծ մասը, սակայն, անհարիր է քրիստոնյային։ Պողոսը գրեց. «Թող.... ամեն տեսակ անմաքրություն.... նույնիսկ չհիշատակվ[ի] ձեր մեջ» (Եփես. 5։3)։ Հակվա՞ծ է մեր սիրտը դիտելու կամ լսելու անմաքուր բաներ։ Գուցե ասենք, որ ամեն մարդ հանգստի ու ժամանցի կարիք ունի, և նա ինքն է որոշում, թե ինչով զբաղվի։ Բայց լավ կլինի, որ ականջ դնենք Պողոսի խորհրդին և չդիտենք կամ չլսենք անմաքուր բաներ։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՆԵԼ

Եթե նենգավոր սրտի զոհն ենք դարձել և մեր սխալ վարքը արդարացնելը դարձրել ենք սովորություն, ապա անհապաղ փոփոխություններ պետք է անենք (Եփես. 4։22–24)։ Քննենք երկու ժամանակակից դեպք։

Միգելը * կարիք ուներ շտկելու իր մտածելակերպը նյութական բաների հետ կապված։ Նա ասում է. «Ես, կինս և որդիս ապրել ենք այնպիսի երկրում, որտեղ շատ կարևոր է համարվում ունենալ ամենանոր և ամենալավ տեխնիկան ու կյանքի հարմարությունները։ Եղավ մի պահ, որ ցանկացա այս աշխարհից վերցնել հնարավոր ամեն ինչ. մտածում էի, որ նյութապաշտ չեմ դառնա։ Բայց շուտով գլխի ընկա, որ նյութականի հետևից վազելը նման է մի այնպիսի ճանապարհով գնալուն, որը վերջ չունի։ Աղոթեցի Եհովային իմ տեսակետների և սրտի մտադրությունների մասին։ Ասացի, որ ընտանիքով ուզում ենք ծառայել իրեն լիարժեքորեն։ Մենք կարողացանք մեր կյանքը պարզեցնել և տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Շուտով ռահվիրայություն սկսեցինք։ Հասկացանք, որ մեզ շատ բան պետք չէ երջանիկ և լիարժեք կյանքով ապրելու համար»։

Լիի օրինակը ցույց է տալիս, որ անկեղծ ինքնաքննությունը կարող է օգնել վերջ դնելու վատ ընկերակցությանը։ Նա պատմում է. «Աշխատանքի բերումով հաճախ էի շփվում օտարերկրյա մատակարարների հետ։ Գիտեի, որ նրանք, երբ հավաքվում են, շատ խմիչք են օգտագործում, բայց ինձ դուր էր գալիս նրանց ընկերակցությունը։ Շատ է եղել, որ գրեթե հարբել եմ, բայց հետո խիղճս տանջել է։ Ես պետք է անկեղծորեն քննեի սիրտս։ Աստվածաշունչը և երեցների տված խորհուրդներն օգնեցին հասկանալու, որ ինձ իրականում դուր էր գալիս ընկերություն անելը նրանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային։ Հիմա գործերս անում եմ հեռախոսով և հնարավորինս նվազագույնի եմ հասցրել մատակարարների հետ շփումը»։

Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և բացահայտենք մեր սրտի մտադրությունները։ Դա անելու համար պետք է աղոթենք Եհովային և օգնություն խնդրենք, «քանի որ նա գիտի սրտի գաղտնիքները» (Սաղ. 44։21)։ Աստված նաև տվել է մեզ իր Խոսքը, որը կարող է ծառայել որպես հայելի (Հակ. 1։22–25)։ Օգտակար են նաև մեր հրատարակությունների և հանդիպումների միջոցով տրվող հիշեցումներն ու խորհուրդները։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք պահպանել մեր սիրտը և շարունակել ընթանալ արդարության ճանապարհով։

^ պարբ. 18 Անունները փոխված են։