Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2013

Գնահատո՞ւմ ես մեր հոգևոր ժառանգությունը

Գնահատո՞ւմ ես մեր հոգևոր ժառանգությունը

«Աստված.... իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (ԳՈՐԾ. 15։14)։

1, 2. ա) Ի՞նչ էր «Դավթի տաղավարը», և ինչպե՞ս էր այն վերականգնվելու։ բ) Ովքե՞ր են այսօր միասին ծառայում Եհովային։

49 ԹՎԱԿԱՆԻՆ Երուսաղեմում տեղի ունեցած մի հիշարժան հանդիպման ժամանակ Հակոբոս աշակերտն ասաց. «Շմավոնը [այսինքն՝ Պետրոսը] մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար։ Եվ սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է. «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու կվերականգնեմ Դավթի ընկած տաղավարը, կվերականգնեմ նրա ավերակները և վերստին կկանգնեցնեմ այն, որպեսզի մարդկանցից մնացածները ջանադրաբար փնտրեն Եհովային բոլոր ազգերից եղող ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,— ասում է Եհովան՝ այս բաներն անողը, որոնք վաղուց ի վեր որոշել էր»» (Գործ. 15։13–18

2 Դավթի «տաղավարը», այսինքն՝ թագավորական դինաստիան, ընկավ, երբ Սեդեկիա թագավորը գահընկեց եղավ (Ամոս 9։11)։ Սակայն այդ «տաղավարը» վերականգնվելու էր, երբ Դավթի հետնորդ Հիսուսը դառնար թագավոր (Եզեկ. 21։27; Գործ. 2։29–36)։ Ինչպես Հակոբոսը նշեց այդ պատմական հանդիպման ժամանակ, ըստ Ամոսի մարգարեության՝ հրեաներն ու ոչ հրեաները օծվելու էին որպես Հիսուսի իշխանակիցներ։ Այսօր օծյալ քրիստոնյաների մնացորդը և Հիսուսի «ուրիշ ոչխարները», որոնց թիվը հասնում է միլիոնների, միասին քարոզում են ճշմարտությունը (Հովհ. 10։16

ԵՀՈՎԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԵՐԻ Է ՏԱՐՎՈՒՄ

3, 4. Ինչպե՞ս Եհովայի ժողովուրդը հոգևորապես ամուր մնաց Բաբելոնում։

3 Երբ հրեաներին գերության տարան Բաբելոն, պարզ դարձավ, որ «Դավթի տաղավարը» ընկել էր։ Ինչպե՞ս Աստծու ժողովուրդը կարողացավ 70 տարի (մ.թ.ա. 607–537) հոգևորապես ամուր մնալ Բաբելոնում, որտեղ ծաղկում էր կեղծ կրոնը։ Այն նույն ձևով,  ինչ ձևով որ մենք ենք ամուր մնում Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհում (1 Հովհ. 5։19)։ Մեզ մեր հոգևոր հարուստ ժառանգությունն է օգնում հավատարիմ մնալու Աստծուն։

4 Աստծու գրավոր Խոսքը մեր հոգևոր ժառանգության մի մասն է։ Բաբելոնում գտնվող հրեաները իրենց ձեռքի տակ ունեին Մովսիսական օրենքը, որի մեջ էին մտնում Տասը պատվիրանները։ Նրանք գիտեին «Սիոնի երգերը» և շատ առակներ, գիտեին Եհովայի վաղեմի ծառաների բազում սխրանքների մասին։ Հրեա գերիները լաց էին լինում, երբ հիշում էին Սիոնը. այո՛, նրանք չէին մոռացել Եհովային (կարդա՛ Սաղմոս 137։1–6)։ Դա օգնում էր նրանց, որ հոգևորապես ամուր մնան Բաբելոնում, որը լի էր կեղծ կրոնական ուսմունքներով և սովորույթներով։

ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈՒՍՄՈՒՆՔ ՉԷ

5. Աստվածների ի՞նչ եռյակներ կային հին Բաբելոնում և Եգիպտոսում։

5 Աստվածների եռյակը, կամ՝ երրորդությունը բաբելոնյան կրոնի գլխավոր բաղադրիչներից է եղել։ Այդպիսի մի եռյակ էին Սին (լուսնի աստված), Շամաշ (արևի աստված) և Իշտար (պտղաբերության և պատերազմի աստվածուհի) աստվածները։ Հին Եգիպտոսում աստվածը սովորաբար ամուսնացած էր լինում աստվածուհու հետ, որը որդի էր ծնում նրա համար։ Նրանք կազմում էին «աստվածների եռյակ կամ երրորդություն, որում հայրը միշտ չէր, որ գլխավորն էր. նա բավարարվում էր միայն իշխող աստվածուհու ամուսնու դերով։ Տեղի բնակիչների համար գլխավոր աստվածությունը աստվածուհին էր» (New Larousse Encyclopedia of Mythology)։ Եգիպտական աստվածների մի այդպիսի եռյակ էին կազմում Օսիրիս աստվածը, Իսիս աստվածուհին և նրանց որդի Հորը։

6. Ի՞նչ է Երրորդությունը, և ինչո՞ւ Եհովայի ծառաները չեն հավատում դրան։

6 Քրիստոնեական աշխարհն էլ իր եռաստվածությունն ունի՝ Երրորդությունը։ Հոգևորականներն ասում են, որ Հայրը, Որդին և սուրբ ոգին մեկ Աստված են։ Բայց դա ոտնձգություն է Եհովայի գերիշխանության դեմ, որովհետև ստացվում է, որ նա ընդամենը ինչ-որ աստվածության մեկ երրորդ մասն է կազմում։ Եհովայի ծառաները պաշտպանված են այս սխալ հավատալիքից։ Մենք լիովին համաձայն ենք, որ «մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» (2 Օրենք 6։4)։ Հիսուսը, երբ երկրի վրա էր, կրկնեց այս խոսքերը։ Մի՞թե կգտնվի մի ճշմարիտ քրիստոնյա, որը համաձայն չի լինի այդ խոսքերին (Մարկ. 12։29

7. Ինչո՞ւ մարդը չի կարող մկրտվել, եթե հավատում է Երրորդությանը։

7 Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթ. 28։19)։ Նրա այս խոսքերը նշանակում են, որ եթե մարդն ուզում է մկրտվել ու դառնալ ճշմարիտ քրիստոնյա, պետք է ընդունի, որ Հայրը՝ Եհովան, Գերիշխանն է, իսկ Հիսուսը, որին Հայրը իշխանություն է տվել, նրա Որդին է։ Մկրտվել ցանկացողը նաև պետք է հավատա, որ սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է և ոչ թե Երրորդության մաս (Ծննդ. 1։2)։ Եթե մարդը շարունակում է հավատալ Երրորդությանը, նա չի կարող մկրտվել։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ տվել է հոգևոր այնպիսի ժառանգություն, որը պաշտպանում է մեզ աստվածանարգ ուսմունքներից։

ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅՈՒՆ

8. Ի՞նչ տեղ էին գրավում աստվածներն ու դևերը բաբելոնացիների կյանքում։

8 Բացի զանազան աստվածներ պաշտելուց, բաբելոնացիները նաև տարված էին ոգեհարցությամբ և դևերով։ Աստվածաշնչի մի հանրագիտարանում ասվում է. «Բաբելոնյան կրոնում աստվածներից հետո երկրորդ տեղում էին դևերը, որոնք զորություն ունեին մարդկանց պատճառելու ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ։ Ըստ ամենայնի, դևերի դեմ պայքարը շատ մեծ տեղ էր գրավում բաբելոնացիների կյանքում, և ամենուրեք նրանք աղոթում էին աստվածներին, որ իրենց օգնեն դևերի դեմ պայքարում»  (The International Standard Bible Encyclopaedia)։

9. ա) Բաբելոնյան գերությունից հետո ինչպե՞ս շատ հրեաներ որդեգրեցին կեղծ կրոնական գաղափարներ։ բ) Ինչպե՞ս ենք պաշտպանված ոգեհարցությունից։

9 Բաբելոնյան գերությունից հետո շատ հրեաներ որդեգրեցին հակասուրբգրային գաղափարներ։ Տարվելով հունական փիլիսոփայությամբ՝ նրանք սկսեցին հավատալ, որ կան լավ ու վատ դևեր, ինչով և իրենց ենթարկեցին դևերի ազդեցությանը։ Մենք Աստվածաշնչից գիտենք, որ դևերի հետ հաղորդակցվելը վտանգավոր է ու սխալ։ Այս ճշմարտությունը մեր հոգևոր ժառանգության մաս է կազմում (Ես. 47։1, 12–15)։ Մենք պաշտպանված ենք, որովհետև առաջնորդվում ենք ոգեհարցության մասին Աստծու տեսակետով (կարդա՛ 2 Օրենք 18։10–12; Հայտնություն 21։8

10. Ի՞նչ կարող ենք ասել Մեծ Բաբելոնի սովորությունների և հավատալիքների մասին։

10 Հին բաբելոնացիների պես՝ այսօր շատերը, ովքեր թիկունք են կանգնում Մեծ Բաբելոնին՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությանը, զբաղվում են ոգեհարցությամբ (Հայտն. 18։21–24)։ Աստվածաշնչի մի բացատրական բառարանում ասվում է. «[Մեծ] Բաբելոնի մեջ մտնում է մեկից ավելի կայսրություն կամ մշակույթ։ Նա բնորոշվում է ոչ թե աշխարհագրական կամ պետական սահմաններով, այլ գերիշխող պաշտամունքներով» (The Interpreter’s Dictionary of the Bible, Vol. 1, p. 338)։ Մեծ Բաբելոնը մինչև կոկորդը թաղված է ոգեհարցության, կռապաշտության և այլ մեղքերի մեջ, ուստի դատապարտված է կործանման, ինչին շատ քիչ է մնացել (կարդա՛ Հայտնություն 18։1–5

11. Ի՞նչ նախազգուշացումներ են տրվել մեր հրատարակություններում ոգեհարցության մասին։

11 Եհովան անհավատարիմ հրեաներին ասաց. «Մոգական ուժեր եք օգտագործում. ես չեմ կարող հանդուրժել դա» (Ես. 1։13)։ Այո՛, Եհովան դեմ է ոգեհարցությանը։ 19-րդ դարում ոգեհարցությունը մեծ ազդեցություն էր թողնում մարդկանց մտածելակերպի վրա, ուստի «Սիոնի Դիտարանի» 1885թ. մայիս ամսվա համարում գրվեց. «Այն հավատալիքը, թե մահացածները կենդանի են և գտնվում են մեկ այլ ոլորտում կամ վիճակում, նոր չէ։ Այս հավատալիքը գալիս է հին ժողովուրդների կրոնից և ընկած է բոլոր առասպելների հիմքում»։ Այս նույն հոդվածում նաև ասվում էր, որ այն ոչ սուրբգրային միտքը, թե մահացածները հաղորդակցվում են մարդկանց հետ, «քողարկում և ազդեցիկ է դարձնում այն խաբեությունները, որ անում են դևերը՝ մարդու մարմնից իբրև թե անջատված հոգիների դիմակ հագած։ Նրանք ուրախ են, որ կարող են այս կերպ իրենց ինքնությունը թաքցնել և այդպիսով հավերժացնել իրենց իշխանությունը շատերի մտքի ու կյանքի նկատմամբ»։ Այսպիսի նախազգուշացումներ են տրվել 19-րդ դարի վերջում լույս տեսած «Ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը ոգեհարցության մասին» գրքույկում, ինչպես նաև վերջերս լույս տեսած այլ հրատարակություններում։

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ՏԱՆՋՎՈ՞ՒՄ ԵՆ ԴԺՈԽՔՈՒՄ

12. Աստծու ներշնչանքով՝ ի՞նչ է ասել Սողոմոնը մահացածների վիճակի մասին։

12 «Բոլոր նրանք, ովքեր [գիտեն] ճշմարտությունը», գիտեն այս հարցի պատասխանը (2 Հովհ. 1)։ Մենք, անշուշտ, համաձայն ենք Սողոմոնի հետևյալ խոսքերին. «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է։ Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա, որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (Ժող. 9։4, 5, 10

13. Ի՞նչ ազդեցություն ունեցավ հրեաների վրա հելլենական մշակույթն ու կրոնը։

13 Հրեաները գիտեին մահացածների մասին ճշմարտությունը։ Երբ Հունաստանը բաժանվեց Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների միջև, նրանք փորձեցին հունական  կրոնի և հելլենական մշակույթի միջոցով Հուդան միավորել Ասորիքի հետ։ Արդյունքում հրեաները սկսեցին հավատալ հոգու անմահությանը և անդրշիրիմյան աշխարհին։ Սակայն տանջվող հոգիներով լի ստորերկրյա աշխարհի մասին կեղծ ուսմունքը չի ծագել հույներից։ Բաբելոնացիները, ինչպես ասվում է մի աշխատությունում, մտածում էին, թե «անդրշիրիմյան աշխարհը.... լի է սարսափներով.... որտեղ իշխում են դաժան և զորավոր աստվածներ ու դևեր» (The Religion of Babylonia and Assyria)։ Այո՛, հոգու անմահության գաղափարը գալիս է Բաբելոնից։

14. Ի՞նչ գիտեին Հոբն ու Աբրահամը մահվան և հարության մասին։

14 Թեև Հոբի ժամանակներում Աստվածաշունչ չկար, նա գիտեր ճշմարտությունը մահվան մասին։ Այդ արդար մարդը գիտեր նաև, որ Եհովան սիրառատ Աստված է և համապատասխան ժամանակին հարություն կտա իրեն (Հոբ 14։13–15)։ Աբրահամը նույնպես հավատում էր հարությանը (կարդա՛ Եբրայեցիներ 11։17–19)։ Աստվածավախ Հոբն ու Աբրահամը չէին հավատում անմահ հոգու գաղափարին. հնարավոր չէ հարություն տալ նրան, ով մահացած չէ։ Աստծու ոգին, անկասկած, օգնեց նրանց հասկանալու, թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները, և հավատալու հարությանը։ Այս ճշմարտությունները ևս մեր հոգևոր ժառանգության մաս են կազմում։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՓՐԿԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ

15, 16. Ինչպե՞ս կարող ենք ազատվել մեղքից ու մահից։

15 Մենք երախտապարտ ենք Աստծուն նաև այն բանի համար, որ հայտնել է, թե ինչպես է ազատելու մեզ Ադամից ժառանգած մեղքից ու մահից (Հռոմ. 5։12)։ Մենք գիտենք, որ Հիսուսը «եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մարկ. 10։45)։ Անշուշտ, մեծ թեթևություն ենք զգում՝ իմանալով այն «ազատության [մասին], որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» (Հռոմ. 3։22–24

 16 Առաջին դարում հրեաներն ու ոչ հրեաները կարիք ունեին զղջալու իրենց մեղքերի համար և հավատ ընծայելու Հիսուսի քավիչ զոհին։ Հակառակ դեպքում նրանք չէին կարող ներում ստանալ։ Նմանապես այսօր (Հովհ. 3։16, 36)։ Եթե մարդը կառչած է մնում կեղծ ուսմունքներից, օրինակ՝ Երրորդությունից կամ հոգու անմահությունից, նա չի կարող օգուտներ ստանալ փրկանքից։ Բայց մենք կարող ենք. մենք գիտենք ճշմարտությունը Աստծու «սիրելի Որդու» մասին, «ում միջոցով փրկանքի շնորհիվ մենք ստացանք մեր ազատությունը, այսինքն՝ մեր մեղքերի ներումը» (Կող. 1։13, 14

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

17, 18. Որտե՞ղ կարող ենք օգտակար տեղեկություն գտնել մեր պատմության մասին, և մեր սովորածը ինչպե՞ս կարող է օգնել մեզ շարունակելու մեր ծառայությունը։

17 Անշուշտ, Աստված շատ ուրիշ բաներ էլ է սովորեցրել մեզ, շատ ուրիշ կերպերով օգնել և հոգևոր ու նյութական առումներով օրհնել։ Տասնամյակներ շարունակ մեր «Տարեգրքերում» տպագրվել են տարբեր երկրներում մեր գործունեության մասին հուզիչ դեպքեր։ Եհովայի վկաների պատմությունը ներկայացված է «Կենդանի հավատ» երկմասանոց ֆիլմում և տարբեր գրքերում, օրինակ՝ «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողներ» գրքում (անգլ., ռուս.)։ Բացի այդ, մեր ամսագրերում կարդում ենք առաջին դեմքով գրված սրտառուչ պատմություններ մեր սիրելի հավատակիցների մասին։

18 Մենք օգուտներ ենք քաղում, երբ ուսումնասիրում ենք Եհովայի կազմակերպության պատմությունը, ճիշտ ինչպես որ իսրայելացիները օգուտներ քաղեցին՝ խորհրդածելով այն մասին, թե ինչպես Աստված փրկեց իրենց Եգիպտոսի լծից (Ելք 12։26, 27)։ Մովսեսը, երբ արդեն տարիքն առել էր, իսրայելացիներին ասաց. «Հիշիր վաղեմի օրերը, մտածիր անցած սերունդների տարիների մասին, հարցրու քո հորը, և նա կպատմի քեզ, ծերերին, և նրանք կասեն քեզ» (2 Օրենք 32։7)։ Լինելով «Եհովայի ժողովուրդ և նրա արոտի ոչխարներ»՝ մենք ուրախությամբ հռչակում ենք նրա փառքը և պատմում նրա հզոր գործերի մասին (Սաղ. 79։13)։ Այն, ինչ սովորում ենք մեր պատմությունից, օգնում է մեզ շարունակելու նվիրված ծառայել Եհովային։

19. Լինելով հոգևոր լույսի մեջ՝ ի՞նչ պետք է անենք։

19 Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային այն բանի համար, որ չենք խարխափում խավարում, այլ վայելում ենք նրանից ճառագող հոգևոր լույսը (Առակ. 4։18, 19)։ Ուստի եկեք ջանադրաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը, եռանդորեն տարածենք ճշմարտությունը ու սաղմոսերգուի պես փառաբանենք Եհովային։ Նա ասաց. «Կխոսեմ քո արդարության, միմիայն քո արդարության մասին։ Ո՛վ Աստված, դու սովորեցրել ես ինձ դեռևս իմ մանկությունից. մինչև հիմա ես քո զարմանահրաշ գործերի մասին եմ պատմում։ Մի՛ լքիր ինձ, նույնիսկ երբ ծերանամ և ալևոր դառնամ, ո՛վ Աստված, որպեսզի քո բազկի մասին պատմեմ հաջորդ սերնդին և քո հզորության մասին՝ բոլոր նրանց, որ պիտի գան» (Սաղ. 71։16–18

20. Ո՞ր հարցերում պետք է վճռական լինենք։

20 Սատանան ամեն ջանք գործադրում է, որ իշխի Աստծու ժողովրդի և ընդհանրապես մարդկանց վրա։ Բայց մենք Եհովայի գերիշխանությունն ենք ընդունում և վճռական ենք միշտ նրան հավատարիմ մնալու։ Մենք հռչակում ենք այն անժխտելի ճշմարտությունը, որ Եհովան Տիեզերքի Գերիշխանն է և արժանի է բացարձակ նվիրվածության (Հայտն. 4։11)։ Նրա ոգին ունենալով՝ մենք հեզերին բարի լուր ենք հայտնում, կոտրված սրտերին վիրակապ ենք դնում և մխիթարում սգավորներին (Ես. 61։1, 2)։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հոգևոր ժառանգությունը և վճռական ենք պահելու մեր անարատությունը ու գովերգելու Գերիշխան Տեր Եհովային այժմ և հավիտյան (կարդա՛ Սաղմոս 26։11; 86։12

 

 

Իմացիր ավելին

Անսասան հավատ ունեցիր Թագավորության հանդեպ

Եհովան վեց ուխտերի միջոցով երաշխավորում է, որ իր Թագավորությունը իրագործելու է իր նպատակը։