Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2013

Ծառայիր՝ առանց ափսոսալու

Ծառայիր՝ առանց ափսոսալու

«Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները» (ՓԻԼԻՊ. 3։13

1-3. ա) Ի՞նչ է ափսոսանքը։ բ) Պողոսի օրինակը ո՞ր հարցում կարող է օգնել մեզ։

ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ասել է. «Երբևէ գրված կամ ասված խոսքերից ամենատխուրը սրանք են. «Եթե միայն...»»։ Այդ բանաստեղծը Ջոն Ուիթիերն է։ Մարդիկ այս խոսքերն ասում են, երբ ափսոսանք են զգում. նրանք կուզեին, որ անցյալում ինչ-որ բան այլ կերպ արած լինեին։ «Ափսոսալ» նշանակում է ցավ զգալ արած կամ չարած բանի համար։ Բոլորս էլ, հավանաբար, այդպիսի զգացում ունեցել ենք։ Իսկ ինչի՞ համար ես դու ափսոսում։

2 Որոշ մարդիկ մեծ սխալներ են արել կյանքում և նույնիսկ լուրջ մեղք են գործել։ Ոմանք էլ ոչ մի լուրջ սխալ չեն արել, բայց վստահ չեն, որ իրենց կայացրած որոշումները իսկապես լավագույնն են եղել։ Կան այնպիսի մարդիկ էլ, ովքեր չեն ապրում անցյալով և առաջ են նայում։ Մյուսներն էլ շարունակ տանջվում են «եթե միայն»-ներից (Սաղ. 51։3)։ Իսկ ի՞նչ կարող ես ասել քո մասին։ Կցանկանայի՞ր ծառայել Աստծուն՝ առանց ափսոսանքի զգացում ունենալու։ Պողոս առաքյալի օրինակը կարող է օգնել քեզ այս հարցում։

3 Պողոսն իր կյանքում և՛ սարսափելի սխալներ է արել, և՛ իմաստուն որոշումներ կայացրել։ Նա խոր ցավ էր զգում իր անցյալի համար, բայց նաև սովորեց կենտրոնանալ ծառայության վրա և լավագույնն անել՝ առանց հետ նայելու։ Տեսնենք, թե ինչ ենք սովորում առաքյալից։

ՊՈՂՈՍԻ ՑԱՎԱԼԻ ԱՆՑՅԱԼԸ

4. Ի՞նչ անցյալ է ունեցել Պողոսը։

4 Պողոսը, երբ երիտասարդ փարիսեցի էր, արեց այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջաց։ Օրինակ՝ նա կատաղի հալածում էր Քրիստոսի աշակերտներին։ Աստվածաշնչում ասվում է, որ Ստեփանոսի նահատակությունից անմիջապես հետո «Սողոսը [հետագայում՝ Պողոս] սկսեց դաժանորեն խոշտանգել ժողովը. ներխուժում էր տնից տուն և տղամարդկանց ու կանանց դուրս քաշելով՝ բանտ էր գցել տալիս» (Գործ.  8։3)։ Աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզը ասում է, որ «դաժանորեն խոշտանգել» թարգմանված հունարեն բառը «ուժեղ խոսք է, որով ընդգծվում է [Սողոսի] եռանդն ու կատաղությունը»։ Ինչպես ասում է Բարնզը, «Սողոսը կատաղած գազանի պես ընկել էր եկեղեցու հետևից»։ Լինելով նվիրված հրեա՝ նա համոզված էր, որ իր սուրբ պարտականությունն է արմատախիլ անել քրիստոնեությունը։ Ուստի քրիստոնյաներին հալածում էր առանձնակի դաժանությամբ և «սպառնալիք ու մահ էր շնչում Տիրոջ աշակերտների վրա»՝ լինեին «տղամարդ թե կին» * (Գործ. 9։1, 2; 22։4

5. Ինչպե՞ս Սողոսը դադարեց Քրիստոսի հետևորդներին հալածելուց և սկսեց քարոզել նրա մասին։

5 Սողոսը մտադիր էր գնալ Դամասկոս, քրիստոնյաներին հանել իրենց տներից, տանել Երուսաղեմ ու հանձնել Սինեդրիոնին։ Բայց դա նրան չհաջողվեց, որովհետև նա, փաստորեն, դուրս էր եկել քրիստոնեական ժողովի Գլխի դեմ (Եփես. 5։23)։ Երբ Սողոսը «մոտենում էր Դամասկոսին, հանկարծակի երկնքից մի լույս փայլատակեց նրա շուրջը, և նա.... մի ձայն լսեց»։ Դա Հիսուսն էր։ Նա պայծառ լույսից կուրացած Սողոսին ուղարկեց Դամասկոս, որտեղ վերջինս սպասելու էր հետագա առաջնորդության։ Այն, թե ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի (Գործ. 9։3–22

6, 7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պողոսը շատ լավ գիտակցում էր, թե ինչ սխալներ է գործել անցյալում։

6 Պողոսը դադարեց լինել քրիստոնեության թշնամի, ավելին, սկսեց եռանդորեն պաշտպանել այն։ Հետագայում նա իր մասին գրեց. «Անշուշտ, դուք լսել եք հուդայականության մեջ իմ նախկին վարքի մասին, որ ծայրաստիճան հալածում էի Աստծու ժողովը և ամայացնում էի այն» (Գաղ. 1։13)։ Ավելի ուշ կորնթացիներին, փիլիպպեցիներին և Տիմոթեոսին գրելիս նա կրկին նշեց իր անցյալի մասին (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։9; Փիլիպ. 3։6; 1 Տիմոթ. 1։13)։ Պողոսը չէր հպարտանում՝ գրելով այդ մասին, բայցև իրեն այնպես չէր պահում, կարծես թե ոչինչ չէր եղել։ Նա շատ լավ հասկանում էր, որ լուրջ սխալներ է արել (Գործ. 26։9–11

7 Աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Ֆարարը գրել է այն մասին, թե ինչ դեր է խաղացել Պողոսը քրիստոնյաներին հալածելու մեջ։ Ըստ Ֆարարի՝ մենք միայն այն դեպքում «կարող ենք հասկանալ, թե խղճի ինչ խայթ է, ըստ ամենայնի, նա զգացել և թե ինչ նախատինք է կրել չարամիտ թշնամիների կողմից», եթե խորությամբ պատկերացնենք նրա կյանքի այդ ցավալի ժամանակաշրջանը իր մանրամասներով։ Հավանաբար, երբ Պողոսը այցելում էր տարբեր ժողովներ, այն եղբայրները, ովքեր առաջին անգամ էին տեսնում նրան, ասում էին. «Այդ դո՞ւ ես Պողոսը, որը մեզ հալածում էր» (Գործ. 9։21

8. ա) Ի՞նչ է ասել Պողոսը իր հանդեպ Եհովայի և Հիսուսի ցուցաբերած բարության ու սիրո մասին։ բ) Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

8 Պողոսը գիտակցում էր, որ միայն Աստծու անզուգական բարության շնորհիվ է կատարում իր ծառայությունը։ Նա իր 14 նամակներում Եհովայի այս հատկության մասին հիշատակում է մոտ 90 անգամ, ավելի շատ, քան Աստվածաշնչի որևէ այլ գրող (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։10)։ Պողոսը խորապես գնահատում էր Աստծու՝ իր հանդեպ ցուցաբերած բարությունը և ուզում էր ամեն ինչ անել, որ այդ բարությունը իզուր չլիներ։ Ուստի նա մյուս առաքյալներից «ավելի շատ աշխատեց»։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի օրինակից։ Եթե խոստովանենք մեր մեղքերը և փոխենք մեր ընթացքը, ապա Եհովան Հիսուսի քավիչ զոհի հիման վրա կների նույնիսկ մեր ամենածանր մեղքերը։ Եթե կարծում ես, որ քո մեղքերը չափազանց ծանր են ու չեն կարող ներվել Հիսուսի քավիչ զոհի հիման վրա, հիշիր Պողոսի  օրինակը (կարդա՛ 1 Տիմոթեոս 1։15, 16)։ Նա, որ կատաղի հալածել էր Քրիստոսին, գրեց. «Աստծու [Որդին].... սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղ. 2։20; Գործ. 9։5)։ Պողոսը հասկացավ, որ եթե լավագույն ձևով ծառայի Աստծուն, ապա ափսոսալու նոր բան չի ունենա։ Դո՞ւ էլ ես այդպես մտածում։

Պողոսը սովորեց ծառայել՝ առանց ափսոսանքի զգացում ունենալու

ԱՓՍՈՍՈ՞ՒՄ ԵՍ

9, 10. ա) Եհովայի ծառաներից ոմանք ինչո՞ւ են ափսոսանքի զգացում ունենում։ բ) Ինչո՞ւ ճիշտ չէ շարունակ անհանգստանալ անցյալում արած կամ չարած բաների համար։

9 Արե՞լ ես նախկինում այնպիսի բաներ, որոնց համար հիմա ափսոսում ես։ Գուցե քո ուժերն ու ժամանակը վատնել ես սխալ բաների վրա կամ քո պատճառով ուրիշները տուժել են։ Ի՞նչ կարող ես անել ափսոսանքի դառը զգացումից ազատվելու համար։

10 Ցավոք, շատերը անընդհատ անհանգստանում են։ Մինչդեռ շարունակ անհանգստանալը ուժասպառ է անում մարդուն. դու կարծես ինքդ քեզ հալածես։ Անհանգստանալով որևէ խնդիր չես լուծի։ Պատկերացրու հետևյալը։ Նստած ես ճոճաթոռին և փորձում ես ճոճվելով առաջ շարժվել։ Կհաջողվի՞։ Նույնիսկ եթե ժամերով ճոճվես, միևնույն է, էական արդյունքի չես հասնի։ Նույն ձևով էլ անհանգստանալը օգուտ չի տա։ Հարկավոր է ինչ-որ դրական քայլ անել։ Օրինակ՝ եթե մեկի հանդեպ սխալ բան ես արել, ներողություն խնդրիր և փորձիր վերականգնել փոխհարաբերությունները։ Զգուշացիր այն ամենից, ինչը արդեն իսկ տարել է սխալ քայլի. այդպիսով կխուսափես հետագա խնդիրներից։ Բայց որոշ դեպքերում ուրիշ ոչինչ չի մնում, քան պարզապես կրել սեփական սխալի հետևանքները։ Կարելի է ասել, որ անհանգստությունը կաթվածի մի տեսակ է, որը կարող է խանգարել մեզ լիարժեքորեն ծառայելու Աստծուն։

11. Ինչպե՞ս կարող ենք արժանանալ Եհովայի ողորմածությանն ու սիրուն և հոգեկան անդորր ձեռք բերել։

11 Ոմանք հին սխալների համար այն աստիճան են անհանգստանում, որ սկսում  են մտածել, թե Աստծու աչքում ոչ մի արժեք չունեն, քանի որ, ըստ իրենց, այդ սխալները շատ լուրջ են եղել կամ էլ չափազանց շատ են եղել։ Բայց իրականում նրանք, անկախ այն բանից, թե ինչ են արել, կարո՛ղ են զղջալ, փոխվել և Եհովայից ներում խնդրել (Գործ. 3։19)։ Եհովան կարող է նրանց հանդեպ ողորմածություն և սեր դրսևորել, ինչպես որ դրսևորել է բազմաթիվ ուրիշ մարդկանց հանդեպ։ Եհովան մեծ սրտով կների նրան, ով խոնարհ է ու ազնիվ, ով անկեղծորեն զղջում է իր մեղքերի համար։ Նա այդպես վարվեց Հոբի հետ։ Վերջինս ասաց. «Փոշու և մոխրի մեջ զղջում եմ» (Հոբ 42։6)։ Բոլորս պետք է կիրառենք մի աստվածային բանաձև, եթե ուզում ենք հոգեկան անդորր ձեռք բերել. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակ. 28։13; Հակ. 5։14–16)։ Այո՛, մենք կարող ենք մեր մեղքերը խոստովանել Աստծուն, աղոթել ներում ստանալու համար և քայլեր ձեռնարկել սխալն ուղղելու նպատակով (2 Կորնթ. 7։10, 11)։ Եթե այս բաներն անենք, ապա կարժանանանք Եհովայի ողորմությանը, որը «մեծահոգաբար ներում» է (Ես. 55։7

12. ա) Հետևելով Դավթի օրինակին՝ ի՞նչ պետք է անենք, երբ մեր խիղճը տանջում է։ բ) Ի՞նչ իմաստով է Եհովան ափսոսացել, և ինչո՞ւ պետք է ուրախ լինենք դրա համար (տե՛ս շրջանակ)։

12 Աղոթքը մեծ ուժ ունի։ Մի գեղեցիկ սաղմոսում Դավիթը, հավատով լի աղոթելով, իր խոր զգացումներն է արտահայտում (կարդա՛ Սաղմոս 32։1–5)։ Երբ նա փորձեց խղճի ձայնը լռեցնել, նրա ոսկորները, ինչպես ինքն է ասում, մաշվեցին։ Ակներևաբար Դավիթը կորցրել էր ուրախությունը և տանջվում էր։ Բայց երբ խոստովանեց իր մեղքը, Եհովան ներեց նրան։ Դավթի սիրտը թեթևացավ, նա կրկին ուրախ էր։ Աստված պատասխանեց Դավթի աղոթքներին և ուժ տվեց նրան շարունակելու ապրել ու անել ճիշտ գործեր։ Նմանապես եթե անկեղծ սրտով աղոթես Եհովային, ապա կարող ես վստահ լինել, որ նա անպայման ուշադրություն կդարձնի քո աղաչանքին։ Եթե անցյալ սխալներդ անհանգստացնում են քեզ, ինչքան հնարավոր է, ուղղիր դրանք և հավատա, որ Եհովան ներել է քեզ (Սաղ. 86։5

ԱՌԱ՛Ջ ՆԱՅԻՐ

13, 14. ա) Ինչի՞ վրա պետք է կենտրոնանաք։ բ) Ո՞ր հարցերի միջոցով կարող ենք քննել մեր ներկա վիճակը։

13 Ասում են, որ կյանքը կարող ես հասկանալ, եթե հետ նայես, բայց որպեսզի ապրես, պետք է առաջ նայես։ Անցյալի համար շարունակ անհանգստանալու փոխարեն՝ մենք պետք է կենտրոնանանք ներկայի և ապագայի վրա։ Ինքդ քեզ հարցրու. «Ապագայում կափսոսա՞մ այն բանի համար, ինչը այսօր անում եմ կամ չեմ անում։ Կասե՞մ ինքս ինձ. «Երանի՜ այլ կերպ արած լինեի»։ Հավատարմորե՞ն  եմ ծառայում Աստծուն, այնպես, որ հետագայում չափսոսամ որևէ բանի համար»։

14 Մեծ նեղությունը մոտենում է, և մենք չենք ցանկանա հետագայում ինքներս մեզ ասել. «Կարո՞ղ էի ավելի շատ բան անել ծառայության մեջ։ Ինչո՞ւ չծառայեցի ռահվիրա, երբ հնարավորություն ունեի։ Ի՞նչը ինձ հետ պահեց, որ ծառայող օգնական դառնամ։ Իսկապե՞ս ջանքեր եմ գործադրել նոր անձնավորությունը հագնելու համար։ Այնպիսի անձնավորությո՞ւն եմ, որին Եհովան ուզում է տեսնել իր նոր աշխարհում»։ Կարդալով այս սթափեցնող հարցերը՝ մենք ոչ թե պետք է պարզապես անհանգստանանք, որ այս կամ այն բանը չենք արել, այլ այդ հարցերի միջոցով պետք է ինքնաքննություն անենք և հավաստիանանք, որ Եհովային տալիս ենք լավագույնը։ Հակառակ դեպքում կշարունակենք ապրել այնպիսի կյանքով, ինչի համար հետո կափսոսանք (2 Տիմոթ. 2։15

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԱՓՍՈՍԱ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԴ ՀԱՄԱՐ

15, 16. ա) Ի՞նչ զոհողություններ են արել շատերը, որպեսզի ծառայությունը իրենց կյանքում առաջին տեղում դնեն։ բ) Ինչո՞ւ չպետք է ափսոսանք, որ զոհողություններ ենք արել հանուն Թագավորության շահերի։

15 Եթե լիաժամ ծառայող ես, ապա, անկասկած, զոհողություններ ես արել։ Գուցե հրաժարվել ես խոստումնալից կարիերայից կամ եկամտաբեր բիզնեսից, որպեսզի պարզեցնես կյանքդ և ավելի շատ ժամանակ ունենաս Թագավորության շահերի համար։ Գուցե ամուրի ես մնացել կամ էլ եթե ամուսնացել ես, որոշել ես երեխա չունենալ, որպեսզի կարողանաս լիաժամ ծառայել, օրինակ՝ Բեթելում, միջազգային շինարարական ծրագրում, շրջագայական կամ միսիոներական ծառայության մեջ։ Թերևս անցել են տարիներ. ափսոսո՞ւմ ես քո կայացրած որոշման համար։ Քեզ թվո՞ւմ է, որ չարժեր զոհողություններ անել կամ որ կարող էիր ավելի ուշ սկսել լիաժամ ծառայությունը։ Մի՛ ափսոսա։

16 Դու այդ որոշումները կայացրել ես, որովհետև Եհովային շատ ես սիրել և շատ ես ուզել օգնել ուրիշներին, որ ծառայեն նրան։ Մի՛ մտածիր, որ ավելի լավ կապրեիր, եթե կյանքդ այլ կերպ դասավորեիր։ Համոզված եղիր, որ ճիշտ որոշում ես կայացրել քո հանգամանքներում։ Ծառայելով լիաժամ՝ քո լավագույնն ես անում Եհովայի համար։ Նա երբեք չի մոռանա քո անձնազոհ ծառայությունը։ Երբ իսկական կյանքը գա, Աստված շատ ավելի մեծ օրհնություններ կտա քեզ, քան պատկերացնում ես (Սաղ. 145։16; 1 Տիմոթ. 6։19

ԻՆՉՊԵՍ ԾԱՌԱՅԵԼ ԱՌԱՆՑ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄԻ

17, 18. ա) Ի՞նչը օգնեց Պողոսին, որ ափսոսալու նոր բան չունենա։ բ) Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին։

17 Ի՞նչը օգնեց Պողոսին, որ ափսոսալու նոր բան չունենա։ Ըստ Ֆիլիպսի թարգմանության (անգլ.)՝ Պողոսը գրեց. «Ես անցյալը թողնում եմ հետևում և ձեռքերս մեկնած առջևում եղած բաներին՝ գնում եմ ուղիղ դեպի նպատակը» (կարդա՛ Փիլիպպեցիներ 3։13, 14)։ Պողոսը անընդհատ չէր մտածում նախկին սխալների մասին։ Դրա փոխարեն՝ նա կենտրոնացել էր իր նպատակի վրա և ամեն ինչ անում էր, որ հավատարիմ մնա Եհովային ու ստանա հավիտենական կյանքի մրցանակը։

18 Բոլորս էլ կարող ենք հետևել նրա օրինակին։ Մենք մեր ձեռքերը պետք է մեկնենք ոչ թե դեպի անցյալը, այլ դեպի առջևում եղած բաները։ Ինչ խոսք, չենք կարող բառացիորեն մոռանալ հին սխալները, բայց կարիք էլ չկա ինքներս մեզ անընդհատ կշտամբելու դրանց համար. ինչ-որ եղել է, արդեն եղել է։ Եկեք անցյալը թողնենք հետևում, ծառայենք Եհովային լավագույն ձևով և նայենք առաջ՝ փառավոր ապագային։

^ պարբ. 4 Այն հիշատակումները, որ Սողոսը կանանց էլ է հալածել, ցույց է տալիս, որ նրանք մեծ դեր են խաղացել առաջին դարում քրիստոնեության տարածման գործում։ Կանայք այսօր էլ մեծ դեր են խաղում բարի լուրի տարածման գործում (Սաղ. 68։11