Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2013

Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

«Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու» (ՀԵՍՈՒ 24։15

1-3. ա) Ինչո՞ւ է Հեսուն մեզ համար լավ օրինակ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, երբ որոշումներ կայացնելու առաջ ենք կանգնում։

ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ քայլում ես ճանապարհով և տեսնում ես, որ այն բաժանվում է երկու մասի։ Ո՞ր ճանապարհը կընտրես։ Անշուշտ կընտրես այն ճանապարհը, որը քեզ տանում է դեպի քո նպատակակետը։ Կյանքում էլ է այդպես. ժամանակ առ ժամանակ կանգնում ենք ընտրության առաջ և պետք է որոշենք, թե որ ճանապարհով գնանք։

2 Աստվածաշնչում կան բազմաթիվ մարդկանց օրինակներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակում։ Օրինակ՝ Կայենը պետք է որոշեր՝ զսպե՞լ բարկությունը, թե՞ ոչ (Ծննդ. 4։6, 7)։ Հեսուի կյանքում եղել էր մի պահ, երբ նա պետք է որոշեր՝ ծառայել ճշմարիտ Աստծո՞ւն, թե՞ կեղծ աստվածներին։ Հեսուն ուներ նպատակ՝ մտերիմ մնալ Եհովայի հետ, ուստի այնպիսի ճանապարհ էր ընտրել, որը նրան այդ ուղղությամբ կտաներ (Հեսու 24։15)։ Կայենը չուներ նման նպատակ և այնպիսի ճանապարհ ընտրեց, որը հեռացրեց նրան Եհովայից։

3 Երբ ընտրության առաջ ենք կանգնում, պետք է հիշենք, թե որն է մեր նպատակը. մեր նպատակն է բոլոր գործերում փառք բերել Եհովային և խուսափել ցանկացած բանից, որը կարող է մեզ հեռացնել նրանից (կարդա՛ Եբրայեցիներ 3։12)։ Այս և հաջորդ հոդվածներում կքննենք յոթ բան և կտեսնենք, թե դրանց հետ կապված ինչ պետք է անենք, որպեսզի չհեռանանք Եհովայից։

ԱՇԽԱՏԱՆՔ, ԿԱՐԻԵՐԱ

4. Ինչո՞ւ է աշխատելը կարևոր։

4 Քրիստոնյաները պետք է հոգ տանեն իրենց և իրենց ընտանիքի մասին։ Աստվածաշունչն ասում է, որ եթե որևէ մեկը չի ուզում հոգ տանել իր ընտանիքի անդամներին, նա անհավատից էլ վատն է (2 Թեսաղ.  3։10; 1 Տիմոթ. 5։8)։ Անշուշտ, աշխատելը կարևոր է, բայց եթե զգույշ չլինենք, աշխատանքն ու կարիերան կարող են մեզ հեռացնել Եհովայից։ Ինչպե՞ս։

5. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնենք, երբ աշխատանք ենք փնտրում։

5 Ենթադրենք՝ գործ ես փնտրում։ Եթե ապրում ես այնպիսի երկրում, որտեղ դժվար է աշխատանք գտնել, գուցե գայթակղություն առաջանա ընդունելու ցանկացած առաջարկ։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքի բնույթը չի՞ հակասում սուրբգրային սկզբունքներին։ Աշխատանքային գրաֆիկը կամ գործի բերումով ճանապարհորդելը չե՞ն խանգարի քո հոգևոր գործունեությանը կամ չե՞ն ստիպի քեզ ավելի քիչ ժամանակ անցկացնելու ընտանիքիդ հետ։ Մտածո՞ւմ ես, թե անհարմար աշխատանք ունենալը ընդհանրապես աշխատանք չունենալուց լավ է։ Հիշիր, որ սխալ ճանապարհ ընտրելը կարող է հեռացնել քեզ Եհովայից (Եբր. 2։1)։ Անկախ նրանից՝ աշխատանք ես փնտում, թե աշխատանքդ ես ուզում փոխել, կարևոր է իմաստուն որոշում կայացնել։

6, 7. ա) Ի՞նչ նպատակ գուցե քրիստոնյան ունենա աշխատանքի հետ կապված։ բ) Ո՞ր նպատակը կմոտեցնի քեզ Եհովային, և ինչո՞ւ։

6 Ինչպես նշվեց վերևում, պետք է միշտ հիշես քո նպատակը։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչի՞ համար եմ ուզում այդ աշխատանքն անել»։ Եթե քո նպատակը քեզ ու ընտանիքիդ անհրաժեշտ նյութական միջոցներով ապահովելն է, որպեսզի կարողանաք ծառայել Եհովային, ապա նա կօրհնի ջանքերդ (Մատթ. 6։33)։ Երբ կորցնում ես աշխատանքդ կամ նյութական սուղ վիճակում ես հայտնվում, գուցե քեզ փակուղու առաջ զգաս։ Բայց հիշիր, որ Եհովան երբեք փակուղու առաջ չի հայտնվում։ Նա կարո՛ղ է քեզ օգնել (Ես. 59։1)։ Եհովան «գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9

7 Իսկ եթե քո նպատակը պարզապես հարստանա՞լն է։ Ինչ խոսք, գուցե քեզ դա հաջողվի։ Բայց հիշիր, որ այդպիսի «հաջողությունը» քեզ վրա շատ թանկ է նստելու. դա վտանգավոր ճանապարհ է (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Եթե փողն ու կարիերան ամենակարևոր բաներն են քեզ համար, ապա անպայման կհեռանաս Եհովայից։

8, 9. Ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները աշխատանքի ու կարիերայի հետ կապված։ Բացատրիր։

8 Եթե ծնող ես, մտածիր, թե քո օրինակն ինչպես կարող է ազդել երեխաներիդ վրա։ Նրանք տեսնո՛ւմ են, թե ինչն է քեզ համար ամենակարևորը՝ աշխատանքն ու կարիերա՞ն, թե՞ մտերմությունը Եհովայի հետ։ Եթե դիրքը, հեղինակությունը և փողը քո կյանքում առաջին տեղում են, ապա երեխաները, հավանաբար, քո վտանգավոր ճանապարհով կգնան։ Գուցե նույնիսկ նրանք սկսեն ավելի քիչ հարգել քեզ՝ որպես ծնողի։ Մի քրիստոնյա աղջիկ ասում է. «Ինչ հիշում եմ, հայրս միշտ տարված է եղել իր աշխատանքով։ Սկզբում թվում էր, թե նա ջանասիրաբար աշխատում է, որպեսզի իր ընտանիքը ոչ մի բանի պակասություն չունենա։ Բայց վերջերս զգացի, որ նրա նպատակը իրականում այլ է եղել։ Նա աշխատում և աշխատում է և տուն է բերում պերճանքի առարկաներ։ Դրա պատճառով էլ մենք հայտնի ենք որպես շատ փող ունեցող ընտանիք և ոչ թե մի ընտանիք, որը հորդորում է ուրիշներին հոգևոր նպատակներ դնել։ Ավելի շատ կուզեի, որ հայրս մտածի իր ընտանիքի հոգևոր և ոչ թե նյութական բարօրության մասին»։

9 Ծնողնե՛ր, թույլ մի՛ տվեք, որ աշխատանքն ու կարիերան ձեզ հեռացնեն Եհովայից։ Ձեր օրինակով ցույց տվեք երեխաներին, որ դուք համոզված եք, որ մեծագույն հարստությունը հոգևո՛ր և ոչ թե նյութական հարստությունն է (Մատթ. 5։3

10. Ինչի՞ մասին պետք է երիտասարդը մտածի մասնագիտություն ընտրելիս։

10 Գուցե երիտասարդ ես և մտածում ես մասնագիտություն ընտրելու մասին։  Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշում կայացնել։ Շատ բան կախված է այն բանից, թե ինչ կյանքով ես ուզում ապրել։ Եթե որոշել ես սովորել ինչ-որ մասնագիտություն, ապա մտածիր. դա կօգնի՞ քեզ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու, թե՞ կհեռացնի Եհովայից (2 Տիմոթ. 4։10)։ Նպատակ ունե՞ս ապրելու այն մարդկանց պես, որոնց երջանկությունը կախված է դրամապանակի պարունակությունից։ Թե՞ կցանկանայիր գնալ Դավթի ճանապարհով։ Նա ասաց. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։ Հիշիր, մի ճանապարհը հեռացնելու է քեզ Եհովայից, իսկ մյուսը տանելու է դեպի լավագույն կյանք (կարդա՛ Առակներ 10։22; Մաղաքիա 3։10)։ Ո՞րը կընտրես *։

ԺԱՄԱՆՑ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

11. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ժամանցի և զվարճության մասին, և ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք։

11 Աստվածաշունչը չի ասում, որ ուրախանալը սխալ է, որ ժամանցն ու զվարճությունը ժամանակի անիմաստ կորուստ են։ «Մարմնի մարզումը», թեկուզև «քիչ բանի համար», օգտակար է (1 Տիմոթ. 4։8)։ Աստվածաշունչն ասում է, որ կա «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ»։ Այն նաև խրախուսում է բավականաչափ հանգստանալ (Ժող. 3։4; 4։6)։ Այնուամենայնիվ, եթե զգույշ չլինես, ժամանցն ու զվարճությունը կարող են հեռացնել քեզ Եհովայից։ Որպեսզի դա տեղի չունենա, հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ ձևի ժամանց ենք ընտրում և թե որքան ժամանակ ենք ծախսում դրա վրա։

Ժամանցը թարմացնում է, երբ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ ձևի ժամանց ենք ընտրում և թե որքան ժամանակ ենք ծախսում դրա վրա

12. Ո՞ր հարցերի շուրջ պետք է խորհրդածենք։

12 Առաջին՝ քննիր ձևը։ Ինչ խոսք, այսօր զվարճությունների մեծ մասը խրախուսում է Եհովային ատելի բաներ՝ բռնություն, ոգեհարցություն, սեռական անբարոյություն և այլն։ Ուստի շատ կարևոր է մանրամասն իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ ժամանցը։ Ի՞նչ ազդեցություն այն կթողնի քեզ վրա։ Չի՞ դրդի բռնության, կատաղի մրցակցության և ազգայնամոլության (Առակ. 3։31)։ Չի՞ սպառի քո ֆինանսական միջոցները։ Չի՞ գայթակղեցնի ուրիշներին (Հռոմ. 14։21)։ Իսկ ի՞նչ ընկերակցություն կունենաս այդ ժամանցի միջոցով (Առակ.  13։20)։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանա սխալ բաներ անելու (Հակ. 1։14, 15)։ Այս հարցերը կօգնեն քեզ գտնելու ժամանցի ճիշտ ու հաճելի ձևեր։

13, 14. Ի՞նչ պետք է քննես զվարճությանը հատկացվող ժամանակի հետ կապված։

13 Երկրորդ՝ քննիր, թե որքան ժամանակ ես տրամադրելու տվյալ զվարճությանը։ Ինքդ քեզ հարցրու. «Դրանից հետո քի՞չ ժամանակ կմնա հոգևոր գործերի համար»։ Եթե չափից շատ ժամանակ հատկացնես զվարճությանը, ապա կզգաս, որ այն, միևնույնն է, ավելի շատ չի թարմացնում։ Իրականում եթե ժամանցը ճիշտ տեղում է, այն ավելի շատ թարմություն է պատճառում։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում «ավելի կարևոր» բաներին, հանգստանալիս մեր խիղճը մաքուր է լինում (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։10, 11

14 Զվարճությանը չափից շատ ժամանակ տրամադրելը կարող է հեռացնել քեզ Եհովայից։ 20-ամյա Կիմը իր փորձով է համոզվել։ Քույրն ասում է. «Որտեղ հավաքույթ լիներ, ես այնտեղ էի։ Ամեն շաբաթավերջ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, մի առիթ լինում էր։ Բայց այժմ հասկանում եմ, որ շատ ավելի կարևոր բաներ կան անելու։ Օրինակ՝ ես ռահվիրա եմ և ծառայության գնալու համար առավոտյան վեր եմ կենում ժամը վեցին, ուստի չեմ կարող մինչև գիշերվա ժամը մեկը-երկուսը շփվել։ Գիտեմ, որ ոչ բոլոր ընկերական հավաքույթներն են վատ, բայց դրանք կարող են շատ խանգարել։ Ինչպես որ ամեն ինչ, հավաքույթները պետք է իրենց տեղում լինեն»։

15. Ի՞նչ կարող են անել ծնողները, որ երեխաների ժամանցը հաճելի լինի։

15 Եթե ծնող ես, պետք է հոգաս ընտանիքիդ նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքները։ Սա նշանակում է, որ պետք է մտածես նաև ժամանցի մասին։ Մի՛ եղիր այն մարդու պես, ով փչացնում է ուրիշների ուրախությունը՝ մտածելով, որ ժամանցի բոլոր ձևերն էլ վատն են։ Միևնույն ժամանակ զգուշացիր անառողջ ազդեցությունից (1 Կորնթ. 5։6)։ Եթե լավ փնտրես, ապա կկարողանաս ընտանիքիդ համար գտնել զվարճության ընդունելի ու հաճելի ձևեր *։ Այդպես դու և քո երեխաները կգնաք այն ճանապարհով, որը ավելի կմոտեցնի ձեզ Եհովային։

ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԸ ԶՐԿՎՈՒՄ Է ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

16, 17. Ի՞նչ դժվար վիճակում են հայտնվում շատ ծնողներ, և որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հասկանում է նրանց։

16 Ծնողի ու երեխայի ջերմ կապվածությունը բնական է։ Այդ կապվածությունը այնքան զորեղ է, որ Եհովան հենց ծնողի ու երեխայի օրինակի միջոցով ցույց տվեց, թե որքան շատ է սիրում իր ժողովրդին (Ես. 49։15)։ Ուստի միանգամայն հասկանալի է, թե ինչու է ծնողը խոր վիշտ ապրում, երբ նրա զավակը հեռանում է Եհովայից։ Մի քույր, որի աղջիկը զրկվել է ընկերակցությունից, ասում է. «Ես ջախջախված էի։ Անընդհատ մտածում էի. «Ինչո՞ւ նա թողեց Եհովային»։ Ես ինձ մեղավոր էի զգում պատահածի համար»։

17 Եհովան հասկանում է քո ցավը։ Նա ինքը «ցավ զգաց իր սրտում», երբ իր մարդկային ընտանիքի առաջին անդամը, իսկ հետո մարդկության մեծ մասը, որ ապրում էր Ջրհեղեղից առաջ, ապստամբեց (Ծննդ. 6։5, 6)։ Ովքեր երբեք նման կորուստ չեն ունեցել, գուցե դժվարանան հասկանալ այդպիսի մարդկանց զգացումները։ Ինչևէ, իմաստուն չի լինի հեռանալ Եհովայից ընկերակցությունից զրկված հարազատի սխալ վարքի պատճառով։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի թեթևացնես քո վիշտը։

18. Ինչո՞ւ ծնողները չպետք է իրենց մեղադրեն այն բանի համար, որ երեխան թողնում է Եհովային։

18 Ինքդ քեզ մի՛ մեղադրիր պատահածի  համար։ Եհովան մարդկանց ընտրելու հնարավորություն է տվել, և ընտանիքի յուրաքանչյուր մկրտված անդամ պետք է պատասխանատվության «իր բեռը կրի» (Գաղ. 6։5)։ Վերջիվերջո, Աստված մեղավորին է համարում պատասխանատու իր կայացրած որոշման համար և ոչ թե քեզ (Եզեկ. 18։20)։ Մի՛ մեղադրիր նաև ուրիշներին։ Հարգիր այն կարգը, թե ինչպես է Եհովան խրատում մեղավորին։ Ընդդիմացիր Սատանային և ոչ թե երեցներին, որոնք ջանում են պաշտպանել ժողովը (1 Պետ. 5։8, 9

Սխալ չէ հույս ունենալ, որ քո հարազատը կվերադառնա

19, 20. ա) Ինչպե՞ս կարող են ընկերակցությունից զրկվածի ծնողները թեթևացնել իրենց վիշտը։ բ) Ի՞նչ հույս կարող են փայփայել այդ ծնողները։

19 Եթե զայրանաս Եհովայի վրա, ինքդ քեզ կհեռացնես նրանից։ Քո հարազատը իրականում կարիք ունի տեսնելու, որ դու վճռականորեն Եհովային ամեն ինչից վեր ես դասում, այդ թվում նաև ընտանիքից։ Ուստի ամեն ինչ արա, որ քո հոգևոր առողջությունը պահպանես։ Մի՛ մեկուսացիր քո հավատարիմ եղբայրներից ու քույրերից (Առակ. 18։1)։ Դատարկիր սիրտդ Եհովայի առաջ (Սաղ. 62։7, 8)։ Առիթներ մի՛ փնտրիր շփվելու ընկերակցությունից զրկված հարազատիդ հետ, օրինակ՝ էլեկտրոնային փոստով (1 Կորնթ. 5։11)։ Միշտ զբաղված եղիր հոգևոր գործերով (1 Կորնթ. 15։58)։ Վերոհիշյալ քույրն ասում է. «Գիտեմ, որ պետք է զբաղված լինեմ ծառայությամբ և հոգևորապես ամուր մնամ, որպեսզի երբ աղջիկս վերադառնա, կարողանամ օգնել նրան»։

20 Աստվածաշունչն ասում է, որ սերը «ամեն ինչի համար հույս ունի» (1 Կորնթ. 13։4, 7)։ Սխալ չէ հույս ունենալ, որ քո հարազատը կվերադառնա։ Ամեն տարի մեղք գործած բազմաթիվ մարդիկ վերադառնում են Եհովայի կազմակերպություն։ Եհովան չի շարունակում զայրացած մնալ նրանց վրա։ Ընդհակառակը՝ նա «պատրաստ է ներելու» (Սաղ. 86։5

ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐՈՒ

21, 22. Ի՞նչ որոշումներ ես վճռել կայացնել կյանքում։

21 Եհովան մարդկանց տվել է կամքի ազատություն (կարդա՛ 2 Օրենք 30։19, 20)։ Բայց այդ ազատությունը բերում է նաև ճիշտ որոշումներ կայացնելու պատասխանատվություն։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքն իրեն հարց տա. «Ի՞նչ ճանապարհի վրա եմ ես։ Թո՞ւյլ եմ տալիս, որ կարիերան ու աշխատանքը, ժամանցն ու զվարճությունը կամ էլ ընտանիքի անդամը հեռացնեն ինձ Եհովայից»։

22 Մարդկանց հանդեպ Եհովայի սերը երբեք չի թուլանում։ Միայն մենք ինքներս կարող ենք հեռացնել մեզ Եհովայից՝ սխալ ճանապարհ ընտրելով (Հռոմ. 8։38, 39)։ Ուստի դա թույլ մի՛ տուր։ Թող որ ոչինչ քեզ չհեռացնի Եհովայից։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս չորս բան, որոնց հետ կապված պետք է զգույշ լինենք, որ չհեռանանք Եհովայից։

^ պարբ. 10 Մասնագիտություն ընտրելու մասին ավելի շատ տեղեկություն կարող ես գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքում (հատոր 2, գլուխ 38, անգլ., ռուս.)։