Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունվար 2013

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Նորվեգիա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Նորվեգիա

ՌՈԱԼԴՆ ու Էլսեբեթը մոտ հիսուն տարեկան ամուսիններ են։ Մի քանի տարի առաջ նրանք իրենց աղջկա ու տղայի՝ Իսաբելի և Ֆաբիանի հետ ապրում էին իրենց հարմարավետ տանը Նորվեգիայի երկրորդ մեծ քաղաքում՝ Բերգենում։ Այս ընտանիքը հավատարմորեն ծառայում էր Եհովային իրենց ժողովի հետ։ Ռոալդը երեց էր, Էլսեբեթը՝ ռահվիրա, Իսաբելն ու Ֆաբիանը քարոզիչներ էին և ակտիվ էին ծառայության մեջ։

2009թ. սեպտեմբերին ընտանիքը որոշեց փոփոխություն մտցնել իր կյանքում՝ մեկ շաբաթով գնալ հեռավոր տարածք՝ քարոզելու։ Ռոալդը, Էլսեբեթը և 18 տարեկան Ֆաբիանը գնացին Նորդկին թերակղզի, որը գտնվում է Ֆինմարկ մարզում՝ Հյուսիսային բևեռային շրջագծից այն կողմ։ Նրանք քարոզեցին Կյոլեֆիորդ գյուղում, ուր քարոզելու էին եկել նաև ուրիշ եղբայրներ ու քույրեր։ Ռոալդը հիշում է. «Շաբաթվա սկզբում ինձ լրիվ բավարարված էի զգում, որ գործերս այնպես եմ կազմակերպել, որ մի ամբողջ շաբաթ մասնակցեմ այս հատուկ ծառայությանը»։ Բայց հետո՝ այդ նույն շաբաթվա ընթացքում, Ռոալդը կորցրեց բավարարվածության զգացումը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ եղավ։

 ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՐՑ

Ռոալդը պատմում է. «Մարիո անունով մի ռահվիրա, որը ծառայում էր Ֆինմարկում, հարցրեց մեզ, թե կցանկանայինք արդյոք տեղափոխվել Լակսելվ քաղաք՝ օգնելու տեղի ժողովի 23 քարոզիչներին»։ Ռոալդի համար այս հարցն անսպասելի էր, և նա անակնկալի եկավ։ Ռոալդն ասում է. «Ես ու Էլսեբեթը մտածել էինք, որ այն բանից հետո, երբ երեխաները սկսեն ինքնուրույն ապրել, կարող ենք ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա»։ Այդ մի քանի օրվա ընթացքում Ռոալդը տեսավ, որ այդ կողմերի բնակիչները ուզում են գիտելիքներ ստանալ Եհովայի մասին։ Նրանք օգնության կարիք ունեին հիմա՛ և ոչ թե հետո։ Նա շարունակում է. «Այդ հարցից հետո խիղճս սկսեց տանջել. մի քանի գիշեր չէի կարողանում քնել»։ Մարիոն Ռոալդին, Էլսեբեթին և Ֆաբիանին ավտոմեքենայով տարավ Լակսելվ, որը Կյոլեֆիորդից հեռու է 240 կիլոմետր դեպի հարավ։ Նա ուզում էր, որ այցելուները սեփական աչքով տեսնեն տեղի փոքրիկ ժողովը։

Լակսելվի ժողովում ծառայում էր երկու երեց։ Նրանցից մեկի անունը Անդրեաս էր։ Նա այցելուներին ծանոթացրեց տեղանքին և Թագավորության սրահին։ Ժողովի անդամները ջերմորեն ընդունեցին նրանց և Ռոալդին ու Էլսեբեթին ասացին, որ շատ ուրախ կլինեն, եթե նրանց ընտանիքը տեղափոխվի Լակսելվ և օգնի իրենց քարոզչական գործում։ Անդրեասը ժպտալով ասաց, որ արդեն պայմանավորվել է, որ Ռոալդն ու Ֆաբիանը աշխատանքի ընդունվելու համար հարցազրույց անցնեն։ Ի՞նչ էին որոշելու նրանք։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ֆաբիանի առաջին արձագանքը այսպիսին էր. «Ես չեմ ուզում տեղափոխվել»։ Նրան դուր չէր գալիս այն միտքը, որ պետք է թողնի ընկերներին, ում հետ մեծացել էր նույն ժողովում, և ապրի մի փոքրիկ քաղաքում։ Բացի այդ, նա չէր ավարտել էլեկտրիկի մասնագիտություն սովորելը։ Հետաքրքիր է, որ երբ Իսաբելին (այն ժամանակ 21 տարեկան էր) հարցրին, թե ինչ է կարծում տեղափոխվելու մասին, աղջիկը ոգևորված ասաց. «Դա հենց այն է, ինչի մասին երազել եմ»։ Բայց հետո... Իսաբելն ասում է. «Երբ ավելի խորը մտածեցի, ինքս ինձ հարցրի. «Իսկապե՞ս ուզում եմ գնալ։ Ընկերներիս չե՞մ կարոտի։ Ավելի լավ չէ՞ մնալ ժողովում, որտեղ ամեն ինչ ընթանում է իր հունով և կանխատեսելի է»»։ Իսկ Էլսեբե՞թը։ «Ինձ թվաց, թե Եհովան մեր ընտանիքին հանձնարարություն տվեց,— պատմում է նա։— Բայց միևնույն ժամանակ միտքս եկավ մեր նոր վերանորոգված տունը և այն բոլոր իրերը, որ ձեռք էինք բերել 25 տարիների ընթացքում»։

Էլսեբեթն ու Իսաբելը

Երբ այդ հատուկ շաբաթն ավարտվեց, Ռոալդը ընտանիքի հետ վերադարձավ Բերգեն։ Նրանք անընդհատ հիշում էին 2100 կիլոմետր հեռու՝ Լակսելվում ապրող հավատակիցներին։ Էլսեբեթն ասում է. «Շատ էի աղոթում Եհովային և կապ էի պահում այնտեղի հավատակիցների հետ, որոնք դարձել էին մեր ընկերները։ Իրար նկարներ էինք ուղարկում, պատմում դեպքեր ծառայությունից»։ Ռոալդն ասում է. «Ինձ ժամանակ էր պետք, որպեսզի տեղափոխվելու միտքը սրտիս հասներ։ Նաև պետք է մտածեի, թե ինչպես ենք ապրելու այնտեղ։ Շատ էի աղոթում Եհովային, զրուցում էի ընտանիքիս անդամների և փորձառու եղբայրների հետ»։ Ֆաբիանը հիշում է. «Որքան շատ էի մտածում տեղափոխվելու մասին, ավելի շատ էի հասկանում, որ իրականում ոչ մի հիմնավոր պատճառ չունեմ հրաժարվելու։ Հաճախ էի այս մասին աղոթում Եհովային, և տեղափոխվելու ցանկությունս ուժեղացավ»։ Իսկ Իսաբե՞լը։ Նա Բերգենում սկսեց ծառայել ռահվիրա, որպեսզի, եթե տեղափոխվեին, պատրաստ լիներ։ Վեց ամսվա ընթացքում ծառայելով ռահվիրա, ինչպես նաև Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը ավելի շատ ժամանակ տրամադրելով՝ Իսաբելը զգաց, որ պատրաստ է այդ մեծ փոփոխությանը։

ՔԱՅԼԵՐ՝ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տեղափոխվելու ցանկությունը գնալով մեծանում էր, և Ռոալդենց ընտանիքը սկսեց քայլեր ձեռնարկել իր նպատակին հասնելու համար։ Ռոալդը լավ վարձատրվող աշխատանք ուներ, ընդ որում այդ աշխատանքը իրեն հաճույք էր պատճառում։ Նա գործատիրոջից մեկ տարով բացակայելու թույլտվություն խնդրեց։ Բայց գործատերը ուրիշ բան առաջարկեց. երկու շաբաթ աշխատել, վեց շաբաթ բացակայել։ «Իմ աշխատավարձը կտրուկ նվազեց, բայց ոչինչ, մենք գոհ էինք»,— ասում է Ռոալդը։

Էլսեբեթն ասում է. «Ամուսինս խնդրեց ինձ զբաղվել Լակսելվում տուն գտնելու և Բերգենի մեր տունը վարձով տալու հարցերով։ Դրա համար շատ ժամանակ ու ջանք պահանջվեց, բայց, ի վերջո, ամեն ինչ ստացվեց։ Որոշ ժամանակ անց երեխաները կես դրույքով աշխատանք գտան։ Նրանք օգնում են մեզ փակելու սննդի ու տրանսպորտի ծախսերը»։

Իսաբելն ասում է. «Քանի որ տեղափոխվեցինք փոքր քաղաք և ռահվիրա էի, իմ ամենամեծ խնդիրը եղավ աշխատանք գտնելը։ Երբեմն թվում էր՝ ոչ մի տարբերակ  չկա»։ Բայց Իսաբելը պատրաստ էր կես դրույքով ցանկացած գործ անելու։ Նա մեկ տարվա ընթացքում ինը աշխատանք փոխեց, ինչի շնորհիվ կարողացավ հոգալ իր կարիքները։ Իսկ Ֆաբիա՞նը։ «Որպեսզի ստանայի էլեկտրիկի որակավորում, պետք է էլեկտրիկի աշակերտ աշխատեի։ Դա արեցի Լակսելվում։ Հետագայում քննություն հանձնեցի և իմ մասնագիտությամբ կես դրույքով աշխատանք գտա»։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մարելիուսն ու Կեսիան վկայություն են տալիս մի սաամ կնոջ Նորվեգիայում

Մարելիուսը և նրա կինը՝ Կեսիան, նույնպես ցանկացան ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Մարելիուսը, որն այժմ 29 տարեկան է, ասում է. «Երբ համաժողովների ժամանակ լսում էի ռահվիրայության մասին ելույթներ և հարցազրույցներ, ակամայից սկսում էի մտածել ծառայությունս ընդլայնելու մասին»։ Սակայն Կեսիան, որը հիմա 26 տարեկան է, չէր ուզում հեռանալ ընտանիքից։ «Ես սարսափում էի այն մտքից, որ պետք է հեռանամ իմ սիրելի մարդկանցից»,— ասում է նա։ Բացի այդ, Մարելիուսը աշխատում էր լրիվ դրույքով, որպեսզի կարողանային վճարել տան վարկը։ Նա պատմում է. «Մենք շատ աղոթեցինք Եհովային և նրա օգնությամբ կարողացանք փոփոխություններ անել ու տեղափոխվել»։ Նախ՝ նրանք ավելի շատ ժամանակ հատկացրին Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Հետո՝ վաճառեցին իրենց տունը, դուրս եկան աշխատանքից և 2011թ. օգոստոսին տեղափոխվեցին Նորվեգիայի հյուսիս՝ Ալտա քաղաք։ Իրենց կարիքները հոգալու համար Մարելիուսը սկսեց աշխատել հաշվապահ, իսկ Կեսիան աշխատանք գտավ խանութում։

Ամուսիններ Կնուտն ու Լիսբեթը, որոնք այժմ 30-ն անց են, շատ էին տպավորվել «Տարեգրքի» այն պատմություններից, որտեղ խոսվում է հեռավոր տարածք տեղափոխված քարոզիչների մասին։ «Կարդալով այդ դեպքերը՝ մենք սկսեցինք մտածել արտասահմանում ծառայելու մասին,— պատմում է Լիսբեթը։— Բայց վստահ չէի, որ ինձ նման հասարակ մարդը կարող է դա անել»։ Ինչևէ, նրանք քայլեր ձեռնարկեցին իրենց նպատակին հասնելու համար։ Կնուտն ասում է. «Մեր բնակարանը վաճառեցինք ու միջոցներ խնայելու նպատակով տեղափոխվեցինք մորս մոտ։ Հետո, որպեսզի զգանք, թե ինչ է նշանակում ծառայել օտարախոս տարածքում, մեկ տարով տեղափոխվեցինք Բերգենի անգլիական ժողով։ Մենք ապրեցինք Լիսբեթի մոր հետ»։ Շուտով Կնուտն ու Լիսբեթը զգացին, որ պատրաստ են տեղափոխության և այն էլ ի՜նչ տեղափոխության. նրանք ուղևորվեցին Ուգանդա։ Տարվա ընթացքում Կնուտն ու Լիսբեթը երկու ամսով վերադառնում են Նորվեգիա՝ աշխատելու, ինչը նրանց հնարավորություն է տալիս բավարար միջոցներ ունենալու և տարվա մնացած մասը ծառայելու Ուգանդայում։

«ՃԱՇԱԿԵ՛Ք ԵՎ ՏԵՍԵ՛Ք, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԲԱՐԻ Է»

«Մենք իրար հետ ավելի ենք մտերմացել» (Ռոալդ)

Իսկ ի՞նչ օգուտներ ստացան այս անձնվիրաբար ծառայողները։ Ռոալդն ասում է. «Այստեղ մեր ընտանիքը ավելի շատ ժամանակ է անցկացնում միասին, քան Բերգենում։ Մենք իրար հետ ավելի ենք մտերմացել։ Օրհնություն է, որ մեր երեխաները հոգևորապես աճում են։ Բացի այդ, հիմա ավելի հավասարակշռված տեսակետ ունենք նյութականի վերաբերյալ։ Այն այդքան մեծ նշանակություն չունի, որքան մեզ էր թվում»։

 Էլսեբեթը որոշեց օտար լեզու սովորել։ Ինչո՞ւ։ Լակսելվի ժողովի տարածքը ներառում է Կարասյոկ գյուղը, որը սաամների տարածքի կենտրոնում է ընկած (սաամները Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հյուսիսային շրջաններում ապրող բնիկներ են)։ Այդ մարդկանց քարոզելու համար Էլսեբեթը սաամերենի դասընթաց անցավ։ Նա բավականաչափ տիրապետեց լեզվին և կարողանում է զրույց վարել։ Երբ նրան հարցրին, թե արդյոք իրեն դուր է գալիս նոր տարածքում ծառայելը, նրա աչքերը ուրախությունից փայլեցին. «Ես ունեմ վեց ուսուցում։ Ուրիշ որտե՞ղ կարող էի այսքան շատ ուրախություն ստանալ»։

Ֆաբիանը, որն այժմ ռահվիրա է և ծառայող օգնական, պատմում է, որ ինքն ու Իսաբելը օգնել են իրենց նոր ժողովի երեք պատանիների, որ ավելի շատ ներգրավվեն ժողովի գործունեության մեջ։ Բոլոր երեքն էլ այժմ ակտիվ ծառայողներ են։ Նրանցից երկուսը մկրտվեցին և 2012թ. մարտին ծառայեցին ենթառահվիրա։ Պատանիներից մեկը, որը սկսել էր հոգևորապես թուլանալ, շնորհակալություն հայտնեց Ֆաբիանին և Իսաբելին, որ օգնեցին իրեն «նորից առաջ շարժվելու»։ Ֆաբիանն ասում է. «Ես շատ հուզվեցի, երբ նա ասաց այդ մասին։ Այնքան մե՜ծ է ուրախությունը, երբ օգնում ես ինչ-որ մեկին»։ Իսաբելն ասում է. «Ես իսկապես «ճաշակեցի և տեսա, որ Եհովան բարի է» (Սաղ. 34։8)։ Այստեղ ծառայելը մի աննկարագրելի բան է»»։

Մարելիուսն ու Կեսիան հիմա ավելի պարզ, բայցև ավելի հարուստ կյանքով են ապրում։ Ալտայի ժողովում, որտեղ հիմա նրանք ծառայում են, կա 41 քարոզիչ։ Մարելիուսն ասում է. «Մենք շատ ուրախ ենք, որ մեր կյանքն այսքան փոխվել է։ Շնորհակալ ենք Եհովային, որ կարող ենք ծառայել ռահվիրա այստեղ։ Ոչինչ ավելի մեծ բավականություն չի պատճառում, քան այս ծառայությունը»։ Կեսիան ասում է. «Ես սովորել եմ ավելի շատ վստահել Եհովային, և նա մեր մասին հոգ է տանում։ Նաև, ապրելով հեռու, սկսեցի ավելի թանկ գնահատել այն պահերը, որ անց եմ կացնում հարազատներիս հետ, երբ հանդիպում ենք։ Ես երբեք չեմ ափսոսել մեր որոշման համար»։

Կնուտն ու Լիսբեթը ուսումնասիրություն են անցկացնում մի ընտանիքի հետ Ուգանդայում

Իսկ ի՞նչ են պատմում Կնուտն ու Լիսբեթը։ Կնուտն ասում է. «Ժամանակ էր պետք նոր պայմաններին և մշակույթին հարմարվելու համար։ Ճիշտ է, երբեմն ջուր և էլեկտրականություն չի լինում, ստամոքսի հետ կապված խնդիրներ ենք ունենում, բայց փոխարենը՝ մեր սրտի ուզածի չափ կարող ենք ուսուցումներ անցկացնել»։ Լիսբեթն ասում է. «Մեր բնակավայրից ոչ այնքան հեռու կան տարածքներ, որտեղ բարի լուրը երբեք չի հասել։ Բայց հետաքրքիր է, որ երբ գնում ենք այնտեղ, գտնում ենք մարդկանց, ովքեր Աստվածաշունչ են կարդում և խնդրում են մեզ սովորեցնել իրենց։ Այսպիսի խոնարհ մարդկանց Աստվածաշունչ սովորեցնելը մի այնպիսի ուրախություն է բերում, որը ոչնչի հետ չես համեմատի»։

Որքա՜ն ուրախ պետք է որ լինի մեր Առաջնորդ Հիսուս Քրիստոսը՝ երկնքից տեսնելով, թե ինչպես է իր սկսած գործը ավելի շատ վայրերում տարածվում։ Այո՛, Աստծու բոլոր ծառաները մեծ ուրախությամբ անձնվիրաբար կատարում են Հիսուսի պատվերը. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19, 20

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Ի՞նչ դպրոցներ են կազմակերպված նրանց համար, ովքեր իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրել են Թագավորության քարոզչության գործին։