Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

«Ժամանակավոր բնակիչներ»՝ միավորված ճշմարիտ երկրպագության մեջ

«Ժամանակավոր բնակիչներ»՝ միավորված ճշմարիտ երկրպագության մեջ

«Ձեր հողագործներն ու խաղողագործները օտարականները կլինեն։ Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ» (ԵՍ. 61։5, 6

1. Ինչպե՞ս են որոշ մարդիկ վերաբերվում օտարականներին, և ինչո՞ւ է նրանց տեսակետը սխալ։

ԻՆՉՊԵՍ նշվեց նախորդ հոդվածում, մարդիկ արհամարհանքով են վերաբերվում օտարականներին և նույնիսկ ատում են նրանց։ Եթե մարդը մտածում է, որ այս կամ այն ազգը ստորադաս է իր ազգից, նա անհարգալից է վերաբերվում այդ ազգի ներկայացուցիչներին։ Այդպիսի տեսակետը նաև խոսում է այն մասին, որ այդ մարդը անտեղյակ է փաստերին։ «Մարդկության ռասաները» գրքույկում ասվում է. «Տարբեր ռասաների պատկանող մարդիկ իրականում եղբայրներ են, ինչպես որ հենց Աստվածաշունչն է ասում» (The Races of Mankind)։ Եղբայրները հաճախ իրարից շատ են տարբերվում, բայցևայնպես նրանք եղբայրներ են։

2, 3. Ի՞նչ տեսակետ ունի Եհովան օտարականների մասին։

2 Իսրայելացիները Օրենքի ուխտի հիման վրա հատուկ փոխհարաբերություններ ունեին Եհովա Աստծու հետ։ Սակայն դա չէր նշանակում, որ նրանք կարող էին բարձրից նայել ոչ իսրայելացիներին։ Օրենքը իսրայելացիներից պահանջում էր հարգալից և ազնվորեն վերաբերվել նրանց։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաներից նույնպես պահանջվում է այդպիսի վերաբերմունք դրսևորել այլազգիների հանդեպ։ Քրիստոնյաները պետք է լինեն անկողմնակալ և զերծ՝ նախապաշարումներից։ Ինչո՞ւ։ Պետրոս առաքյալն ասաց. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35

3 Հին Իսրայելում օտարականներն իրենց ապահով էին զգում, որովհետև Եհովան ընդունում էր նրանց։ Հետագայում Պողոս առաքյալը Եհովայի մասին գրեց. «Մի՞թե նա միայն հրեաների Աստվածն է։ Արդյոք մյուս ազգերինն էլ չէ՞։ Այո՛, մյուս ազգերինն էլ է» (Հռոմ. 3։29; Հովել 2։32

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «Աստծու Իսրայելում» օտարականներ չկան։

 4 Երբ Աստված նոր ուխտ կնքեց օծյալ քրիստոնյաների ժողովի հետ, Իսրայել ազգը դադարեց Աստծու հետ հատուկ փոխհարաբերություններ ունենալուց։ Օծյալների ժողովը կոչվում է «Աստծու Իսրայել» (Գաղ. 6։16)։ Ինչպես Պողոսն ասաց, այս նոր ազգում «չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, չկա օտարական, սկյութացի, ծառա կամ ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և բոլորի մեջ» (Կող. 3։11)։ Այս իմաստով՝ քրիստոնեական ժողովում օտարականներ չպետք է լինեն։

5, 6. ա) Ինչո՞ւ կարող է հարց առաջանալ Եսայիա 61։5, 6 համարների վերաբերյալ։ բ) Ովքե՞ր են «Եհովայի քահանաները», և ովքե՞ր են «օտարականները»։ գ) Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք։

5 Բայց գուցե մեր մեջ հարց առաջանա Եսայիա 61-րդ գլխում գրված այն մարգարեության վերաբերյալ, որը կատարվում է քրիստոնեական ժողովի վրա։ 6-րդ համարում խոսվում է նրանց մասին, ովքեր ծառայելու են որպես «Եհովայի քահանաներ»։ Իսկ 5-րդ համարում խոսվում է «օտարականների» մասին, որոնք օգնելու էին այդ «քահանաներին»։

6 «Եհովայի քահանաները» օծյալ քրիստոնյաներն են։ Նրանք «բաժին ունեն առաջին հարության մեջ» ու «Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտն. 20։6)։ Իսկ «օտարականները» երկրային հույս ունեցող քրիստոնյաներն են։ Թեև նրանք սերտորեն համագործակցում են օծյալների հետ, այնուամենայնիվ, փոխաբերական իմաստով, օտարականներ են։ Նրանք ուրախ են, որ կարող են աջակցել «Եհովայի քահանաներին»՝ լինելով նրանց, այսպես ասած, «հողագործներն ու խաղողագործները»։ Այո՛, քարոզելով և ուսուցանելով ճշմարտությունը՝ նրանք օգնում են օծյալ քրիստոնյաներին, որ փառք բերեն Աստծուն։ Թե՛ օծյալները և թե՛ «ուրիշ ոչխարները» փնտրում են ազնվասիրտ մարդկանց, սովորեցնում են նրանց Աստծու Խոսքը և օգնում, որ հավիտյան ծառայեն Աստծուն (Հովհ. 10։16

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐ», ԻՆՉՊԵՍ ԱԲՐԱՀԱՄԸ

7. Ի՞նչ առումով են այսօրվա քրիստոնյաները նման Աբրահամին և հնում ապրած մյուս հավատարիմներին։

7 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, ճշմարիտ քրիստոնյաները նման են  օտարականների կամ ժամանակավոր բնակիչների Սատանայի ամբարիշտ աշխարհում։ Այս առումով նրանք նման են հնում ապրած հավատարիմ ծառաներին, որոնցից էր Աբրահամը։ Նրանց մասին ասվում է, որ «իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ» էին (Եբր. 11։13)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկրային է, թե երկնային՝ մենք կարող ենք Եհովայի հետ ունենալ այն փոխհարաբերությունները, որ ուներ Աբրահամը։ Հակոբոսը գրեց. ««Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց», և նա կոչվեց «Եհովայի ընկերը»» (Հակ. 2։23

8. Ի՞նչ խոստացավ Աստված Աբրահամին, և վերջինս ինչո՞ւմ էր համոզված։

8 Աստված խոստացավ, որ Աբրահամի սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերի բոլոր ընտանիքները օրհնվելու են (կարդա՛ Ծննդոց 22։15–18; Ծննդ. 28։14)։ Թեև Աստծու այս խոստումը կատարվելու էր հեռավոր ապագայում, Աբրահամը մինչև վերջ համոզված էր, որ այդ խոստումը կատարվելու է։ Իր կյանքի կեսից ավելին նա և նրա ընտանիքը անընդհատ տեղափոխվում էին մի վայրից մյուսը։ Այդ ողջ ընթացքում նա մնաց Եհովայի ընկերը։

9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամին։ բ) Ինչի՞ հնարավորություն է տալիս Եհովան բոլոր մարդկանց։

9 Աբրահամը չգիտեր, թե ինչքան պետք է սպասեր իր հույսի իրականացմանը, բայց դա չթուլացրեց Եհովայի հանդեպ նրա սերն ու նվիրվածությունը։ Նա չէր մտածում որևէ երկրում մշտական բնակիչ դառնալու մասին (Եբր. 11։14, 15)։ Մենք իմաստուն վարված կլինենք, եթե հետևենք Աբրահամի օրինակին. ապրենք պարզ կյանքով, չափազանց չանհանգստանանք նյութական բաների մասին, չձգտենք անուն ձեռք բերելու կամ կարիերա ստեղծելու։ Ի՞նչ իմաստ ունի ձգտել ապրելու, այսպես կոչված, նորմալ կյանքով այն համակարգում, որը շուտով վերանալու է։ Ի՞նչ իմաստ ունի սիրել այն, ինչը ժամանակավոր է։ Աբրահամի պես՝ մենք շատ ավելի լավ բանի ենք սպասում և ուզում ենք համբերությամբ սպասել մեր հույսի իրականացմանը (կարդա՛ Հռոմեացիներ 8։25

Աբրահամի պես՝ հայացքդ հառած կպահե՞ս Աստծու խոստման վրա

10 Եհովան այսօր շարունակում է մարդկանց հնարավորություն տալ օրհնվելու Աբրահամի սերնդի միջոցով։ Օծյալները՝ «Եհովայի քահանաները», ինչպես նաև «ուրիշ ոչխարները»՝ «օտարականները», բարի լուրը քարոզում են ավելի քան 600 լեզվով։

ՍԻՐԵՆՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ

11. Ի՞նչ է երևում Սողոմոնի խոսքերից։

11 Մ.թ.ա. 1026թ.-ին տաճարի հանդիսավոր բացման ժամանակ Սողոմոնը՝ աղոթեց Աստծուն. «Եթե մի օտարական, որ քո Իսրայել ժողովրդից չէ, գա հեռու երկրից քո անվան համար (որովհետև նրանք կլսեն քո մեծ անվան, քո հզոր ձեռքի ու մեկնած բազկի մասին), գա ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթք անի, դու լսիր երկնքից՝ քո բնակության տեղից, և ամեն ինչ արա այնպես, ինչպես որ օտարականը կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, վախենան քեզանից, ինչպես քո Իսրայել ժողովուրդը» (1 Թագ. 8։41–43)։ Սողոմոնի այս խոսքերից երևում է, որ բոլոր ազգերի մարդիկ փառաբանելու էին Եհովային։ Այո՛, այլազգիները կարող էին օգուտներ քաղել Եհովայի՝ Աբրահամին տված խոստումից։

12. Ինչո՞ւ ոմանք գուցե Վկաներին տարօրինակ համարեն կամ վերաբերվեն ինչպես «օտարականի»։

12 Օտարականը նա է, ով ապրում է այն երկրում, որն իր հայրենիքը չէ։ Օտարական է կոչվում նաև նա, ով տվյալ համայնքին կամ կոլեկտիվին չի պատկանում։ Եհովայի վկաները նման են օտարականների։ Նրանք աջակցում են Աստծու Թագավորությանը, որը երկնային կառավարություն է Քրիստոսի գլխավորությամբ։  Վկաները լիովին չեզոք են մնում քաղաքական հարցերում, նույնիսկ եթե ոմանք նրանց տարօրինակ են համարում։

Եհովան այս մարդկանցից ոչ մեկին չի համարում օտարական

13. ա) Ինչո՞ւ է «օտարական» հասկացությունը տեսակետի հարց։ բ) Ո՞րն էր Եհովայի նպատակը մարդկանց առնչությամբ։ Բացատրիր։

13 Օտարականները հաճախ տարբերվում են լեզվով, սովորություններով, ֆիզիկական առանձնահատկություններով և նույնիսկ հագուկապով։ Փաստորեն, մարդը օտարական է համարվում զուտ այն պատճառով, որ ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից։ Բայց լավ կլինի ավելի շատ ուշադրություն դարձնել տարբեր ազգերի մարդկանց միջև եղած ընդհանրություններին և ոչ թե տարբերություններին։ Երբ մենք սովորում ենք չտեսնել իրական կամ երևակայական տարբերությունները, «օտարական» բառը զգալիորեն իմաստազրկվում է։ Եթե բոլոր մարդիկ մեկ պետության քաղաքացիներ լինեին, ապա ոչ ոք «օտարական» չէր կոչվի՝ բառի քաղաքական իմաստով։ Եհովան հենց սկզբում նպատակ ուներ, որ բոլոր մարդիկ մեկ ընտանիք լինեն մեկ իշխանության՝ իր իշխանության ներքո։ Կարո՞ղ են բոլոր ազգերը հասնել այս նպատակին։

14, 15. Ինչպե՞ս են Վկաները վերաբերվում տարբեր ազգերի մարդկանց։

14 Եսասեր և ազգայնամոլ աշխարհում հաճելի է գտնել այնպիսի մարդկանց, որոնք տարբերություն չեն դնում ազգերի միջև։ Ինչ խոսք, նախապաշարումը հաղթահարելը կարող է դժվար լինել։ Սի-Էն-Էն հեռուստաընկերության հիմնադիր Թեդ Թերները, որն աշխատել է տարբեր ազգերի մի շարք տաղանդավոր մարդկանց հետ, ասում է. «Նրանք հրաշալի մարդիկ էին։ Ես սկսեցի նրանց դիտել ոչ թե որպես օտարականների, այլ որպես Երկիր մոլորակի իմ համաքաղաքացիների։ «Օտարական» բառը ինձ համար «նվաստացուցիչ» իմաստը ստացավ, և ես Սի-Էն-Էն-ում կարգադրեցի, որ այդ բառը չօգտագործվի եթերում և աշխատասենյակներում։ Փոխարենը՝ հարկավոր էր օգտագործել «միջազգային» բառը»։

15 Եհովայի վկաները՝ որպես խումբ, միակն են աշխարհում, ովքեր Աստծու տեսանկյունից են նայում բոլոր ազգերի մարդկանց։ Վկաները սովորում են Եհովայի պես վարվել և կաշկանդված չեն ազգային սահմաններով։ Նրանք այլազգիներին չեն վերաբերվում անվստահությամբ, կասկածանքով և, անշուշտ, ատելություն չեն զգում նրանց հանդեպ։ Վկաների համար մարդկանց միջև տարբերությունները նման են մի գեղեցիկ ծաղկեփնջի, որը բաղկացած է ամենատարբեր ծաղիկներից։ Իսկ դու մտածե՞լ ես այս մասին, զգացե՞լ ես, թե ինչքան լավ է, երբ տարբերություն չենք դնում մարդկանց միջև։

 ԱՇԽԱՐՀ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԼԻՆԻ ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐ

16, 17. Անձամբ քեզ համար Հայտնություն 16։16 և Դանիել 2։44 համարների կատարումը ի՞նչ է նշանակում։

16 Շուտով բոլոր ազգերը դուրս են գալու Աստծու իշխանության դեմ և պատերազմելու են Հիսուս Քրիստոսի և նրա երկնային զորքերի դեմ։ Այդ ճակատամարտը «եբրայերեն Հար-Մագեդոն է կոչվում» (Հայտն. 16։14, 16; 19։11–16)։ Ավելի քան 2500 տարի առաջ Դանիել մարգարեն Աստծու ներշնչանքով գրեց, թե ինչ է սպասում մարդկային կառավարություններին. «Այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դան. 2։44

17 Պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակելու անձամբ քեզ համար։ Մարդկանց գծած սահմանները, որոնք ինչ-որ իմաստով յուրաքանչյուր մարդու դարձնում են օտարական, վերանալու են։ Ցանկացած տարբերություն, որ կլինի մարդկանց միջև, պարզապես կշեշտի Աստծու ստեղծագործության ապշեցուցիչ բազմազանությունը։ Այսպիսի հեռանկարը պետք է յուրաքանչյուրիս մղի ամբողջ կարողությամբ փառաբանելու մեր Արարչին՝ Եհովա Աստծուն։

Բաղձանքով սպասո՞ւմ ես այն ժամանակներին, երբ այլևս չեն լինի ազգային սահմաններ, երբ «օտարական» բառը անցյալի գիրկն անցած կլինի

18. Ի՞նչ է տեղի ունեցել վերջերս, որը ցույց է տալիս, որ «օտարական» հասկացությունը զգալիորեն կորցրել է իր իմաստը Վկաների շրջանում։

18 Անհավանակա՞ն է այսպիսի գլոբալ փոփոխությունը։ Իրականում, ո՛չ։ Ավելին, միանգամայն տրամաբանական է հավատալ, որ այդպիսի բան տեղի կունենա։ «Օտարական» հասկացությունը արդեն զգալիորեն կորցրել է իր իմաստը Եհովայի վկաների շրջանում, որովհետև նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում մարդու ազգային պատկանելությանը։ Օրինակ՝ վերջերս մի քանի փոքր մասնաճյուղեր միացվեցին այլ մասնաճյուղերի, որպեսզի վերակացության գործը պարզեցվի, ինչպես նաև Թագավորության բարի լուրի քարոզչությունը ավելի արդյունավետ դառնա (Մատթ. 24։14)։ Այդ միավորումներն անելիս եղբայրները միջպետական սահմանները հաշվի չեն առել, եթե, իհարկե, օրենքով այլ բան նախատեսված չի եղել։ Այո՛, սա ևս մեկ ապացույց է, որ Հիսուս Քրիստոսը, լինելով Եհովայի կողմից նշանակված Կառավարիչ, այսօր իսկ վերացնում է սահմանները և շուտով ավարտին կհասցնի իր հաղթանակը (Հայտն. 6։2

19. Ճշմարտության մաքուր լեզուն ի՞նչն է հնարավոր դարձնում։

19 Եհովայի վկաները տարբեր ազգային ծագում ունեն, բայց բոլորն էլ «խոսում» են ճշմարտության լեզվով։ Այսպես ստեղծվում է մի այնպիսի միություն, որը հնարավոր չէ քանդել (կարդա՛ Սոփոնիա 3։9)։ Եհովայի վկաները կազմում են մի միջազգային ընտանիք, որն ապրում է այս չար աշխարհում, բայց նրա մի մասը չի դառնում։ Այս միասնական ընտանիքը նախապատկերն է այն աշխարհի, որտեղ չեն լինելու օտարականներ։ Այն ժամանակ յուրաքանչյուր մարդ կհաստատի այն խոսքերի ճշմարտացիությունը, որոնք մեջբերվեցին այս հոդվածի սկզբում. «Տարբեր ռասաների պատկանող մարդիկ իրականում եղբայրներ են, ինչպես որ հենց Աստվածաշունչն է ասում»։