Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Մեծահոգաբար ներեք միմյանց

Մեծահոգաբար ներեք միմյանց

«Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (ԿՈՂ. 3։13)։

1, 2. Ինչո՞ւ է տեղին քննել՝ արդյոք ներողամիտ ենք, թե ոչ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, թե ինչպես է Եհովան վերաբերվում մեղքին և ինչպես է արձագանքում, երբ մեղք ենք գործում։ Նաև տեղեկացնում է, որ Աստված պատրաստ է ներելու։ Նախորդ հոդվածում տեսանք, թե ինչու նա ներեց Դավթին ու Մանասեին. նրանք շատ ափսոսացին իրենց արածների համար, խոստովանեցին իրենց մեղքերը և զղջացին։ Եհովան էլ նրանց հանդեպ բարեհաճ եղավ։

2 Այժմ քննենք, թե մենք որքանով ենք պատրաստ ներելու ուրիշներին։ Եթե Մանասեի անմեղ զոհերի թվում լիներ քո հարազատներից մեկը, ի՞նչ կզգայիր այդ թագավորի հանդեպ։ Կկարողանայի՞ր ներել նրան։ Սա տեղին հարց է, որովհետև այսօր ապրում ենք անօրեն, դաժան ու եսասեր աշխարհում։ Ինչո՞ւ պետք է սովորենք լինել ներող։ Եթե քեզ հետ վատ են վարվել, ինչպե՞ս կարող ես վերահսկել զգացմունքներդ, վարվել աստվածահաճո ձևով ու ներողամիտ լինել։

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂԱՄԻՏ ԼԻՆԵՆՔ

3–5. ա) Ի՞նչ առակ պատմեց Հիսուսը՝ ցույց տալու համար, որ հարկավոր է ներողամիտ լինել։ բ) Ո՞րն է Մատթեոս 18։21–35-ում գրված առակի իմաստը։

3 Եթե ուզում ենք խաղաղ հարաբերությունների մեջ լինել Եհովայի, ընտանիքի անդամների, ընկերների և ընդհանրապես բոլորի հետ, շատ կարևոր է ներողամիտ լինել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ, անկախ այն բանից, թե մարդիկ որքան հաճախ են վիրավորում մեզ, մենք պետք է պատրաստ լինենք ներելու նրանց։ Սա քրիստոնեական պահանջ է։ Այս պահանջի ողջամտությունը ցույց տալու համար Հիսուսը պատմեց մի առակ պարտք ունեցող ծառայի մասին։

4 Ծառան իր տիրոջը պարտք էր մի ահռելի գումար։  Այն հավասար էր 60 միլիոն աշխատանքային օրվա աշխատավարձին։ Բայց տերը ներեց այդ պարտքը։ Դրանից հետո ծառան գնաց ու գտավ իր այն ծառայակցին, որն իրեն պարտք էր ընդամենը 100 աշխատանքային օրվա վարձին հավասար գումար։ Պարտապանը աղաչեց համբերել, բայց այդ ծառան, որի հսկայական պարտքը ներվել էր, իր ծառայակցին բանտը գցեց։ Սա իմանալով՝ տերը բարկացավ։ Նա կանչեց ծառային ու ասաց. ««Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա քո հանդեպ»։ Նրա տերը զայրացավ ու նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ ամբողջ պարտքը վճարի» (Մատթ. 18։21–34

Ինչո՞ւ Հիսուսը պատմեց ծառայի և տիրոջ մասին առակը

5 Ի՞նչ էր Հիսուսն ուզում սովորեցնել այս օրինակով։ Նա ասաց. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների» (Մատթ. 18։35)։ Մենք անկատար ենք, հաճախ ենք մեղք գործում և չենք կարող լիարժեքորեն համապատասխանել Եհովայի չափանիշներին։ Այդուհանդերձ, նա պատրաստ է ներելու մեզ և մոռանալու մեր մեղքերը։ Ուստի ամեն մարդ, ով ուզում է լինել Եհովայի ընկերը, պարտավոր է ներել դիմացինին։ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների» (Մատթ. 6։14, 15

6. Ինչո՞ւ է ներելը դժվար։

6 Սակայն գուցե ինչ-որ մեկն առարկի. «Ասելը հեշտ է, անելը՝ դժվար»։ Այո՛, դժվար է ներել դիմացինին, երբ նա վիրավորում է մեզ։ Մենք գուցե բարկանանք, մեզ դավաճանված զգանք, ուզենանք արդարության հասնել կամ էլ նույնիսկ վրեժ լուծել։ Ոմանք էլ զգում են, որ երբեք չեն կարողանա ներել։ Եթե դու էլ նման զգացումներ ունես, ապա ինչպե՞ս կարող ես ներողամտություն զարգացնել, մի հատկություն, որն Աստված պահանջում է յուրաքանչյուրիցս։

 ՎԵՐԼՈՒԾԻՐ

7, 8. Ի՞նչը կարող է օգնել մեզ ներողամիտ լինելու, երբ մեզ հետ վատ են վարվել։

7 Մարդը կարող է շատ սուր արձագանքել իրական կամ թվացյալ վիրավորանքին։ Մի երիտասարդ հիշում է. «Մի օր զայրացած տնից դուրս եկա ու երդվեցի այլևս չվերադառնալ։ Գեղեցիկ ամառային օր էր, քայլում էի նեղլիկ արահետով։ Շուրջս տիրող անդորրն ու գեղեցկությունը հանգստացրին ինձ, և մի քանի ժամ անց վերադարձա տուն՝ զղջալով, որ այդքան զայրացել էի»։ Այս օրինակը ցույց է տալիս, որ ժամանակ է պետք հանդարտվելու և իրավիճակին սառը գլխով նայելու համար, այլապես տրամադրված չենք լինի ներելու, ինչի համար հետո կափսոսանք (Սաղ. 4։4; Առակ. 14։29; Հակ. 1։19, 20

8 Ի՞նչ կարող ես անել, եթե բացասական զգացումները չեն անցնում։ Փորձիր հասկանալ, թե ինչու ես նեղված։ Պատճառն այն է, որ անարդա՞ր են վարվել քո հանդեպ կամ կոպիտ ու անքաղաքավարի՞ են եղել։ Կարծում ես, որ գիտակցաբա՞ր են նեղացրել քեզ։ Իսկապե՞ս քեզ հետ այդ աստիճան վատ են վարվել։ Վերլուծելով իրավիճակը և պարզելով, թե ինչու ես նեղվել՝ կկարողանաս որոշել, թե որն է լավագույն և Աստվածաշնչի տեսանկյունից ընդունելի արձագանքը (կարդա՛ Առակներ 15։28; 17։27)։ Այսպիսի վերլուծությունը կարող է օգնել քեզ լինելու օբյեկտիվ և ներողամիտ։ Դա անելը կարող է դժվար լինել, բայց այդպես վարվելով՝ թույլ կտաս, որ «Աստծու խոսքը քննի քո սրտի մտքերն ու մտադրությունները» և մղի քեզ Եհովայի պես ներողամիտ լինելու (Եբր. 4։12

ՄԻ՛ ՇՏԱՊԻՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

9, 10. ա) Ինչպե՞ս ճիշտ կլինի արձագանքել, երբ քեզ վիրավորված ես զգում։ բ) Դրական տրամադրվածությունը և ներողամտությունը ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։

9 Կյանքում շատ իրավիճակներ կան, որ կարող են զայրացնել մեզ։ Օրինակ՝ դու ավտոմեքենա ես վարում և հանկարծ մեկ ուրիշ մեքենա քիչ է մնում՝ բախվի քո մեքենային։ Ինչպե՞ս կարձագանքես։ Ոմանք այնքան են բարկանում, որ հարձակվում են մյուս վարորդի վրա։ Բայց դու, լինելով քրիստոնյա, անշուշտ, չես ցանկանա այդպես վարվել։

10 Լավ կլինի ստեղծված իրադրությունը վերլուծել։ Հնարավոր է՝ դու քո մեղքի բաժինն ունես, որովհետև մի պահ շեղվել էիր։ Իսկ մյուս վարորդի մեքենան գուցե տեխնիկական խնդիր ուներ։ Այսպիսով՝ եթե լինենք հասկացող, օբյեկտիվ և ներողամիտ, ապա կնվազեցնենք բարկության, հիասթափության և այլ բացասական զգացումները։ Ժողովող 7։9-ում ասվում է. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում»։ Շատ դեպքերում գուցե մեզ թվա, թե ուրիշները դիտավորյալ են վիրավորել մեզ, մինչդեռ իրականում տեղի ունեցածը ընդամենը անկատարության դրսևորում է կամ թյուրիմացություն։ Ձգտիր լինել օբյեկտիվ, երբ թվում է, որ քո հանդեպ անարդար են վարվել։ Սեր դրսևորիր ու ներողամիտ եղիր։ Այսպես ավելի ուրախ կլինես (կարդա՛ 1 Պետրոս 4։8

«ԹՈՂ ՁԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՎԵՐԱԴԱՌՆԱ»

11. Անկախ մարդկանց վերաբերմունքից՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը։

11 Ինչպե՞ս կարող ես պահպանել ինքնատիրապետումդ, երբ ծառայության ժամանակ քեզ կոպտում են։ Հիսուսը, երբ 70 աշակերտներին ուղարկեց քարոզելու, նրանց պատվիրեց. «Երբ որևէ տուն մտնեք, նախ ասացեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա։ Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա» (Ղուկ. 10։1, 5, 6)։ Մենք ուրախանում ենք, երբ մարդիկ  դրական են արձագանքում բարի լուրին, որովհետև դա նրանց օգուտ կբերի։ Բայց երբեմն նրանք խաղաղասեր չեն լինում մեր հանդեպ։ Այդ դեպքում այն խաղաղությունը, որ ցանկացել էինք նրանց, պետք է մնա մեզ հետ։ Անկախ արձագանքից՝ յուրաքանչյուր տնից հեռանալուց հետո մեր սրտում պետք է խաղաղություն լինի։ Եթե նեղանանք, ապա չենք կարողանա պահպանել մեր խաղաղությունը։

12. Ըստ Եփեսացիներ 4։31, 32-ի՝ ինչպե՞ս պետք է վարվենք։

12 Ձգտիր պահպանել խաղաղությունդ բոլոր իրավիճակներում և ոչ թե միայն ծառայության ժամանակ։ Ինչ խոսք, ներողամիտ լինել չի նշանակում հավանություն տալ ուրիշների սխալ վարքին կամ մեղմացնել վիրավորանքը։ Բայց եթե ներում ենք, դա նշանակում է, որ այլևս չենք սրտնեղում, և մեր սրտում խաղաղություն կա։ Ոմանք, անընդհատ վերհիշելով ուրիշների վատ արարքը և բացասականի մասին մտածելով, զրկել են իրենց ուրախությունից։ Թույլ մի՛ տուր, որ այդպիսի մտքերը ղեկավարեն քեզ։ Հիշիր, որ դու չես կարող լինել երջանիկ, եթե բարկացած ես մնում։ Ուրեմն եղիր ներողամիտ (կարդա՛ Եփեսացիներ 4։31, 32

ՎԱՐՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՀԱՃԵԼԻ ՁԵՎՈՎ

13. ա) Ինչպե՞ս է քրիստոնյան «այրվող ածուխներ կուտակում» իր թշնամու գլխին։ բ) Ի՞նչ արդյունք կարող է բերել մեղմ վերաբերմունքը։

13 Ի՞նչ կարող ես անել, երբ ոչ քրիստոնյա անհատը քեզ հետ վատ է վարվում։ Պողոս առաքյալը գրեց. ««Եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան, որովհետև այդպես անելով՝ այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին»։ Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. 12։20, 21)։ Քո սիրալիր վերաբերմունքով դու կարող ես փոխել դիմացինի նույնիսկ քարացած տեսակետը ու երևան հանել նրա լավ հատկությունները։ Քեզ վիրավորողի դրության մեջ մտնելով, նրան հասկանալով և նույնիսկ կարեկցելով՝ կարող ես նրա մեջ ցանկություն առաջացնել ավելին իմանալու աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Քո մեղմ վերաբերմունքը կարող է մղել դիմացինին հետաքրքրվելու, թե ինչու ես այդպես վարվում (1 Պետ. 2։12; 3։16

14. Ինչո՞ւ չպետք է բարկացած մնանք, նույնիսկ եթե մեր հանդեպ շատ վատ են վարվել։

14 Կան մարդիկ, որոնց հետ մենք չպետք է շփվենք։ Օրինակ՝ ընկերակցությունից զրկվածների հետ։ Նրանք մի ժամանակ ժողովի անդամ են եղել, բայց լուրջ մեղք են գործել, չեն զղջացել և զրկվել են ընկերակցությունից։ Եթե քեզ վիրավորված ես զգում ինչ-որ մեկի գործած մեղքի պատճառով, ապա քեզ համար շատ դժվար կարող է լինել նրան ներելը, նույնիսկ եթե նա զղջում է, որովհետև ժամանակ է պետք էմոցիոնալ վերքերը բուժելու համար։ Նման դեպքերում լավ կլինի շարունակ խնդրել Եհովային, որ օգնի քեզ ներողամիտ լինելու զղջացող մեղավորի հանդեպ։ Չէ՞ որ դու չգիտես, թե ինչ կա նրա սրտում։ Մինչդեռ Եհովան գիտի։ Նա տեսնում է ծածուկ մղումները և համբերատար է մեղք գործողների հանդեպ (Սաղ. 7։9; Առակ. 17։3)։ Ահա թե ինչու է Աստվածաշնչում ասվում. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ։ Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմ. 12։17–19)։ Մենք չենք կարող Եհովայի պես ամեն ինչ իմանալ, ուստի չպետք է դատենք ուրիշներին (Մատթ. 7։1, 2)։ Բայց կարող  ենք վստահ լինել, որ Եհովան արդար կդատի։

15. Ի՞նչը կօգնի, որ բարկացած չմնանք այն անհատի վրա, ով վիրավորել է մեզ։

15 Եթե կարծում ես, որ քո հանդեպ անարդար են վարվել, և դու դժվարանում ես ներել զղջացող մեղավորին, լավ կլինի հիշել, որ այդ մարդու համար էլ հեշտ չէ։ Նա նույնպես կրում է անկատարության հետևանքները (Հռոմ. 3։23)։ Եհովան կարեկցում է բոլոր անկատար մարդկանց։ Ուստի ճիշտ կլինի աղոթել մեզ վիրավորողի համար։ Քիչ հավանական է, որ շարունակենք բարկացած մնալ այն մարդու վրա, ում համար աղոթում ենք։ Այն, որ մենք չպետք է վրդովված մնանք, երևում է Հիսուսի խոսքերից. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթ. 5։44

16, 17. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ երեցները եզրակացնում են, որ մեղավորը զղջում է, և ինչո՞ւ։

16 Երեցները Եհովայից հանձնարարություն են ստացել քննելու այն դեպքերը, երբ ժողովի անդամները մեղք են գործում։ Ինչ խոսք, նրանք ի վիճակի չեն Աստծու պես խորաթափանց լինելու, այդուհանդերձ ամեն ինչ անում են, որ իրենց որոշումները հիմնված լինեն սուրբ ոգու ներշնչմամբ գրված նրա Խոսքի վրա։ Ուստի այն որոշումները, որ նրանք կայացնում են աղոթքով Եհովայի առաջնորդությունը փնտրելուց հետո, կարելի է ասել՝ արտացոլում են Եհովայի տեսակետը (Մատթ. 18։18

Ներողամիտ լինելը քրիստոնեական պահանջ է

17 Մենք պետք է վստահենք այն բանին, թե ինչպես է Եհովան խնդիրները լուծում, և ընդունենք երեցների կայացրած որոշումները։ Եթե երեցները եզրակացրել են, որ անհատը զղջում է, կներե՞նք արդյոք նրան և ցույց կտա՞նք, որ շարունակում ենք սիրել (2 Կորնթ. 2։5–8)։ Սա կարող է դժվար լինել, հատկապես եթե սխալ են վարվել մեր կամ մեր հարազատի հանդեպ։ Մենք իմաստուն վարված կլինենք, եթե վստահենք Եհովային և ժողովի հետ կապված նրա գործելակերպին։ Այդպես ցույց կտանք, որ իսկապես մեծահոգաբար ներում ենք (Առակ. 3։5, 6

18. Ինչո՞վ է օգտակար ներողամիտ լինելը։

18 Մասնագետներն ասում են, որ ներողամիտ լինելը օգտակար է։ Երբ մարդ չի ուզում ներել, նա սթրես է ապրում, փոխհարաբերությունները վատանում են, նրա առողջությունը կարող է քայքայվել։ Իսկ երբ ներում ենք, մենք ազատվում ենք կուտակված բացասական զգացումներից, ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում մարդկանց հետ։ Սակայն ամենամեծ օգուտն այն է, որ լավ փոխհարաբերություններ ենք ունենում մեր երկնային Հոր՝ Եհովայի հետ (կարդա՛ Կողոսացիներ 3։12–14