Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2012

«Սովորեցրու ինձ կատարել քո կամքը»

«Սովորեցրու ինձ կատարել քո կամքը»

«Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դո՛ւ ես իմ Աստվածը» (ՍԱՂ. 143։10

1, 2. ա) Ինչո՞ւ է մեզ համար օգտակար իրերին նայել Արարչի աչքերով։ բ) Ինչո՞ւ արժե քննել Դավիթ թագավորի կյանքից որոշ դրվագներ։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ երբևէ օգտվե՞լ ես քարտեզից։ Այն կարծես օգնում է վերևից տեսնելու տեղանքը և որոշելու, թե որն է մի վայրից մյուսը հասնելու լավագույն երթուղին։ Նմանապես եթե Արարչի բարձր դիրքից, այսինքն՝ նրա աչքերով նայենք իրերին, ապա կկարողանանք գնալ լավագույն՝ Եհովային հաճելի ճանապարհով (Ես. 30։21

2 Հին Իսրայելի Դավիթ թագավորը գրեթե ողջ կյանքում հաշվի առավ Աստծու կամքը, ինչով և հրաշալի օրինակ թողեց բոլորիս։ Եկեք քննենք Դավթի կյանքից որոշ դրվագներ և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանից, այն մարդուց, ում սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ էր (1 Թագ. 11։4

ԴԱՎԻԹԸ ԽՈՐԱՊԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԷՐ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ

3, 4. ա) Ո՞ր հատկությունների շնորհիվ Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ։ բ) Ի՞նչ վերաբերմունք ուներ Դավիթը Աստծու անվան հանդեպ։

3 Քննենք այն դրվագը, երբ Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ։ Ինչպե՞ս եղավ, որ պատանին դուրս եկավ մոտ երեք մետր հասակ ունեցող, ոտքից գլուխ սպառազինված այդ հսկայի դեմ (1 Սամ. 17։4, ծնթ.)։ Ինչ խոսք, Դավիթը քաջ էր և մեծ հավատ ուներ Աստծու հանդեպ։ Բայց հատկապես Եհովայի և նրա մեծ անվան հանդեպ ունեցած խոր հարգանքն էր, որ մղեց Դավթին այդ ամեհի հսկայի դեմ դուրս գալու։ Դավիթը բարկացած ասաց. «Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ ծաղրում է կենդանի Աստծու զորքին» (1 Սամ. 17։26

4 Հետո, երբ նա արդեն կանգնած էր Գողիաթի դիմաց, նրան ասաց. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի Տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի  Աստծու, որին դու ծաղրում ես» (1 Սամ. 17։45)։ Իր հույսը դնելով ճշմարիտ Աստծու վրա՝ Դավիթը ընդամենը մեկ քարով գետին տապալեց հսկա փղշտացուն։ Նա ոչ միայն այս դեպքում, այլև իր ողջ կյանքում վստահեց Եհովային և խոր հարգանք տածեց նրա անվան հանդեպ։ Դավիթը իր ազգակիցներին կոչ արեց «պարծենալ Եհովայի սուրբ անունով» (կարդա՛ 1 Տարեգրություն 16։8–10

5. Ինչպե՞ս են մարդիկ այսօր Գողիաթի պես անհարգալից վերաբերմունք ցուցաբերում Եհովայի հանդեպ։

5 Հպա՞րտ ես, որ Եհովան քո Աստվածն է (Երեմ. 9։24)։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քո հարազատները, հարևանները, աշխատակիցները կամ համադասարանցիները վատ են խոսում Եհովայի մասին և ծաղրում են նրա Վկաներին։ Պաշտպանո՞ւմ ես Եհովայի անունը, երբ այն փնովում են, վստա՞հ ես, որ Աստված կօգնի քեզ այդ հարցում։ Ճիշտ է, կա «լռելու ժամանակ», բայց մենք չպետք է ամաչենք ասել, որ Եհովայի վկաներ և Հիսուսի հետևորդներ ենք (Ժող. 3։1, 7; Մարկ. 8։38)։ Իսրայելացիները «սարսափեցին և շատ վախեցան», երբ լսեցին Գողիաթի ծաղրական խոսքերը։ Մենք չպետք է նրանց պես վախենանք այն մարդկանցից, ովքեր չեն հարգում Եհովային կամ նրա խոսքը։ Բայց միևնույն ժամանակ հիշում ենք, որ պետք է քաղաքավարի ու բարեկիրթ լինենք (1 Սամ. 17։11)։ Եկեք վճռական լինենք սրբացնելու Աստծու անունը։ Մենք ուզում ենք մարդկանց օգնել, որ իմանան, թե ով է իրականում Եհովան, ուզում ենք, որ նրանք հասկանան, թե որքան կարևոր է մոտենալ նրան (Հակ. 4։8

6. Ո՞րն էր Դավթի գլխավոր նպատակը, երբ նա դուրս եկավ Գողիաթի դեմ։ Իսկ ի՞նչը պետք է լինի մեր գլխավոր նպատակը։

6 Դավթի ու Գողիաթի պատմությունից մեկ այլ կարևոր բան ենք սովորում։ Մարտի դաշտ դուրս գալուց առաջ Դավիթը հարցրեց. «Ի՞նչ կլինի այն մարդուն, որը կսպանի այդ փղշտացուն և Իսրայելի վրայից կհեռացնի նախատինքը»։ Նրան պատասխանեցին. «Ով որ սպանի [Գողիաթին], թագավորը մեծ հարստություն կտա և իր աղջկան նրան կնության կտա» (1 Սամ. 17։25–27)։ Մի՞թե Դավթի գլխավոր նպատակը պարգև ստանալն էր։ Ո՛չ։ Նրա համար ավելի կարևոր բան կար. Դավիթն ուզում էր փառք բերել ճշմարիտ Աստծուն (կարդա՛ 1 Սամուել 17։46, 47)։ Իսկ ո՞րն է մեր գլխավոր նպատակը։ Մեր նպատակը չպետք է լինի մեզ համար անուն ստեղծելը հարստություն կուտակելու կամ աշխարհում հեղինակություն ձեռք բերելու միջոցով։ Անկասկած, ուզում ենք լինել Դավթի պես, որը երգեց. «Մեծարե՛ք ինձ հետ Եհովային, բարձրացնենք նրա անունը միասին» (Սաղմոս 34։3)։ Եկեք մեր հույսը Եհովայի վրա դնենք՝ նրա անունը մեր անունից վեր դասելով (Մատթ. 6։9

7. Ինչպե՞ս կարող ենք այնպիսի հավատ ունենալ, որը կօգնի մեզ շարունակելու մեր ծառայությունը։

7 Դավիթը կարողացավ Գողիաթի դեմ դուրս գալ, որովհետև լիովին վստահում էր Եհովային և մեծ հավատ ուներ։ Դավթի հավատը մասնավորապես կերտվել էր այն բանի շնորհիվ, որ նա հովիվ ժամանակ իր հույսը միշտ դնում էր Աստծու վրա (1 Սամ. 17։34–37)։ Մեր հավատը նույնպես պետք է մեծ լինի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ծառայությունը, հատկապես երբ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր լավ չեն տրամադրված մեր հանդեպ։ Մենք կարող ենք զարգացնել այդպիսի հավատ, եթե առօրյայում ապավինենք Աստծուն։ Օրինակ՝ ճշմարտության մասին կարող ենք զրույց սկսել հասարակական տրանսպորտում մեր կողքին նստած մարդու հետ։ Կարող ենք նաև զրուցել այն մարդկանց հետ, ում հանդիպում ենք փողոցում, երբ գնում ենք տնետան տարածք (Գործ. 20։20, 21

ԴԱՎԻԹԸ ՍՊԱՍԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ

Ինչո՞ւ Դավիթը չսպանեց Սավուղին, երբ դրա հնարավորությունն ուներ

8, 9. Սավուղ թագավորի հետ կապված՝ Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց, որ իր համար կարևոր է Եհովայի կամքը։

8 Դավիթը Իսրայելի առաջին թագավոր Սավուղին նայում էր Եհովայի աչքերով։  Սա ևս փաստում է, որ նա շատ էր վստահում Աստծուն։ Սավուղը, որ նախանձում էր Դավթին, երեք անգամ փորձեց նիզակով նրան պատին գամել, բայց վերջինս ամեն անգամ խույս էր տալիս, ընդ որում չէր փորձում վրեժխնդիր լինել։ Ի վերջո, նա փախավ Սավուղից (1 Սամ. 18։7–11; 19։10)։ «Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտրված մարդ վերցրեց» և գնաց անապատ՝ Դավթին փնտրելու (1 Սամ. 24։2)։ Այնպես եղավ, որ Սավուղը մտավ հենց այն քարայրը, որտեղ Դավիթն ու իր մարդիկ թաքնվել էին։ Դավիթը կարող էր օգտվել առիթից և սպանել Սավուղին. չէ՞ որ Աստծու կամքն էր, որ Սավուղի փոխարեն Դավիթը թագավոր լիներ (1 Սամ. 16։1, 13)։ Եթե Դավիթը ականջ դներ իր մարդկանց խորհրդին, ապա կսպաներ թագավորին։ Բայց նա ասաց. «Եհովան թույլ չի տա, որ իմ տիրոջը՝ Եհովայի օծյալին, ես այդպիսի բան անեմ, որ նրա վրա ձեռք բարձրացնեմ, որովհետև նա Եհովայի օծյալն է» (կարդա՛ 1 Սամուել 24։4–7)։ Սավուղը դեռևս Աստծու կողմից օծված թագավոր էր, ուստի Դավիթը չուզեց նրանից խլել թագավորությունը։ Նա Սավուղին ոչ մի վնաս չհասցրեց, միայն կտրեց նրա վերնահագուստի ծայրը՝ դրանով ցույց տալով, որ թագավորին վնասելու մտադրություն չունի (1 Սամ. 24։11

9 Երբ Դավիթը վերջին անգամ հանդիպեց թագավորին, կրկին ցույց տվեց իր հարգանքը նրա հանդեպ։ Երբ նա և Աբեսսան եկան այն վայրը, որտեղ Սավուղը ճամբար էր դրել, տեսան, որ թագավորը քնած է։ Աբեսսան եզրակացրեց, որ Աստված Դավթի թշնամուն նրա ձեռքն է տվել, ուստի ասաց. «Թույլ տուր նիզակի մեկ հարվածով գետին գամեմ նրան»։ Բայց Դավիթը թույլ չտվեց (1 Սամ. 26։7–11)։ Նա միշտ փնտրում էր Աստծու առաջնորդությունը, ուստի, չնայած Աբեսսայի հորդորին, չտատանվեց Եհովայի կամքին ներդաշնակ վարվել։

10. Ի՞նչ իրավիճակում գուցե հայտնվենք, և ի՞նչը կօգնի մեզ հաստատակամ լինելու։

10 Մենք նույնպես գուցե հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ մեր ընկերները փորձեն մեզ վրա ճնշում բանեցնել, որպեսզի, Եհովայի կամքին ներդաշնակ վարվելու փոխարեն, շարժվենք մարդկային տրամաբանությամբ։ Աբեսսայի պես՝ ոմանք գուցե հորդորեն անել մի բան, ինչը իրականում Աստծու կամքին հակառակ է։ Որպեսզի հաստատակամ լինենք ճիշտն անելու հարցում, պետք է հստակ իմանանք, թե Եհովան ինչ տեսակետ ունի տվյալ հարցի վերաբերյալ, և վճռական լինենք գնալու նրա ճանապարհներով։

11. Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց, որ իր համար ամենակարևորը Աստծու կամքը կատարելն է, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

11 Դավիթը Եհովա Աստծուն աղոթեց. «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը»  (կարդա՛ Սաղմոս 143։5, 8, 10)։ Նա շատ էր ուզում սովորել Աստծուց։ Դավիթը չէր վստահում սեփական հասկացողությանը և կուրորեն չէր հետևում ուրիշների այս կամ այն հորդորին։ Նա «մտածում էր Եհովայի բոլոր գործերի մասին, հաճույքով խորհրդածում էր նրա ձեռքերի գործերի շուրջ»։ Մենք էլ կարող ենք իմանալ, թե որն է Աստծու կամքը, եթե խորությամբ ուսումնասիրենք Աստվածաշունչը և խորհրդածենք այն բազմաթիվ դրվագների շուրջ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան այս կամ այն իրավիճակում վարվել։

ԴԱՎԻԹԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷՐ ՕՐԵՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

12, 13. Ինչո՞ւ Դավիթը թափեց ջուրը։

12 Դավիթը հասկանում էր Օրենքի հիմքում ընկած սկզբունքները և ջանում էր ապրել դրանցով։ Տեսնենք, թե ինչ եղավ, երբ նա իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»։ Դավթի մարդկանցից երեքը ներխուժեցին քաղաք, որը գտնվում էր փղշտացիների ձեռքում, և ջուր բերեցին։ Բայց «Դավիթը չուզեց խմել այդ ջրից, այլ Եհովայի առաջ թափեց»։ Ինչո՞ւ։ Նա ասաց. «Անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ, որովհետև ակնածում եմ Աստծուց։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը, քանի որ նրանք իրենց հոգիները վտանգի ենթարկելով՝ այս ջուրը բերին» (1 Տար. 11։15–19)։ Այդ ջուրը նրա համար իր երեք մարդկանց արյան պես թանկ էր։

Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Դավիթը չխմեց իր մարդկանց բերած ջուրը

13 Դավիթը Մովսիսական օրենքից գիտեր, որ արգելվում է արյուն ուտել և որ այն հարկավոր է Եհովայի առաջ թափել։ Բայց նաև գիտեր, որ «մարմնի հոգին արյան մեջ է», այսինքն՝ հասկանում էր արյան մասին օրենքի հետևում ընկած սկզբունքը։ Այդ պատճառով էլ նա կտրականապես հրաժարվեց ջուրը խմելուց և այն թափեց (Ղևտ. 17։11; 2 Օրենք 12։23, 24

14. Ի՞նչն օգնեց Դավթին ունենալու Եհովայի տեսակետը։

14 Դավթի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Աստծու օրենքների վրա։ Նա երգեց. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղ. 40։8)։ Դավիթը  ուսումնասիրում էր Աստծու օրենքները և խորհրդածում էր դրանց շուրջ։ Նա համոզված էր, որ Եհովայի պատվիրանները իմաստուն են։ Ուստի փափագում էր ոչ միայն իմանալ Մովսիսական օրենքի տառը, այլև հասկանալ դրա հետևում ընկած ոգին։ Իմաստուն վարված կլինենք, եթե Աստվածաշունչը ուսումնասիրելիս խորհրդածենք և մեր սովորած սկզբունքները պահենք մեր սրտում։ Դրանք կօգնեն մեզ վարվելու աստվածահաճո ձևով այս կամ այն իրավիճակում։

15. Ինչպե՞ս Սողոմոնը դադարեց հարգել Աստծու Օրենքը։

15 Եհովա Աստված շատ էր սիրում Դավթի որդի Սողոմոնին։ Ժամանակի ընթացքում, սակայն, Սողոմոնը դադարեց հարգել Աստծու Օրենքը։ Նա ուշադրություն չդարձրեց Եհովայի այն պատվերին, որ Իսրայելի թագավորը «իր կանանց թիվը չպետք է շատացնի» (2 Օրենք 17։17)։ Սողոմոնը ամուսնացավ բազմաթիվ օտարազգի կանանց հետ։ Երբ ծերացավ, «նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը, որ օտար աստվածների հետևից գնա»։ Սողոմոնը կարող էր հազար ու մի արդարացում բերել, թե ինչու այդպես վարվեց, բայց փաստն այն է, որ «նա սկսեց չարություն գործել Եհովայի աչքում և ամբողջությամբ չհետևեց Եհովային իր հայր Դավթի պես» (1 Թագ. 11։1–6)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է ենթարկվել Աստվածաշնչի օրենքներին ու սկզբունքներին։

16. «Միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու մասին պատվերի ոգին հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել ամուսնանալ ցանկացողներին։

16 Հնարավոր է՝ ուզում ես ամուսնանալ։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քո հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն է ցուցաբերում նա, ով քո հավատակիցը չէ։ Դավթի պե՞ս, որը ջանում էր ամեն հարցի նայել Եհովայի աչքերով, թե՞ Սողոմոնի, որն անտեսեց Եհովայի պատվիրանը։ Ճշմարիտ երկրպագուներին պատվեր է տրված ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթ. 7։39)։ Քրիստոնյան պետք է ամուսնանա միայն իր հավատակցի հետ։ Եթե հասկանանք այս սուրբգրային պահանջի հետևում ընկած սկզբունքը, ապա ոչ միայն չենք ամուսնանա մեր հավատակիցը չեղող մարդու հետ, այլև չենք ընդունի որևէ ռոմանտիկ հետաքրքրություն նրա կողմից։

17. Ի՞նչը կօգնի չընկնելու պոռնկագրության թակարդը։

17 Մենք պետք է զգուշանանք նաև պոռնկագրություն դիտելուց։ Եթե Դավթի պես միշտ ջանանք հետևել Աստծու առաջնորդությանը, ապա կկարողանանք դիմադրել պոռնկագրություն դիտելու գայթակղությանը։ Կարդա հետևյալ համարները, մտածիր դրանցում ամփոփված սկզբունքների շուրջ և ջանա տեսնել, թե որն է Աստծու կամքը այս հարցում (կարդա՛ Սաղմոս 119։37; Մատթեոս 5։28, 29; Կողոսացիներ 3։5)։ Եհովայի բարձր չափանիշների շուրջ խորհրդածելը կօգնի մեզ չընկնելու պոռնկագրության թակարդը։

ՈՒՆԵՑԻՐ ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ

18, 19. ա) Չնայած անկատարությանը՝ Դավիթն ինչո՞ւ շարունակեց ունենալ Աստծու բարեհաճությունը։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

18 Անկասկած, Դավիթը լավ օրինակ է մեզ համար, բայցևայնպես նա մի քանի լուրջ մեղք գործեց (2 Սամ. 11։2–4, 14, 15, 22–27; 1 Տար. 21։1, 7)։ Սակայն ամեն անգամ նա զղջաց։ Դավիթը Աստծու առաջ քայլեց «անարատ սրտով» (1 Թագ. 9։4)։ Ինչո՞ւ է այսպես ասվում։ Որովհետև նա ջանում էր վարվել Աստծու կամքին ներդաշնակ։

19 Չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք շարունակել ունենալ Եհովայի բարեհաճությունը։ Իսկ դրա համար պետք է ջանադրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, խորությամբ մտածենք այն ամենի շուրջ, ինչ սովորում ենք Սուրբ Գրքից, և վճռականորեն կիրառենք սովորածը։ Այդ դեպքում կնմանվենք սաղմոսերգուին, որը Եհովային աղոթեց. «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը»։