Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Վարվեք փոքրի պես

Վարվեք փոքրի պես

«Ով փոքրի պես է վարվում ձեր մեջ, նա է մեծ» (ՂՈՒԿ. 9։48

1, 2. Հիսուսն ի՞նչ հորդորեց առաքյալներին և ինչո՞ւ։

ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ թվականն էր։ Հիսուսն իր առաքյալների հետ Գալիլեայում էր։ Վերջիններս իրար հետ վիճաբանում էին, թե ով է իրենցից մեծը։ Ղուկասը գրում է. «Նրանց մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծը։ Հիսուսն էլ, իմանալով, թե իրենց սրտում ինչ են խորհում, վերցրեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց իր կողքին ու նրանց ասաց. «Ով որ այս երեխային ընդունի իմ անունով, ինձ էլ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին։ Ով փոքրի պես է վարվում ձեր մեջ, նա է մեծ»» (Ղուկ. 9։46–48)։ Հիսուսը համբերատար կերպով օգնեց առաքյալներին հասկանալու, որ հարկավոր է խոնարհ լինել։

2 Քրիստոսի այս տեսակետը տարբերվում էր առաջին դարի հրեաների տեսակետից։ Մի աստվածաբանական բառարանում այդ ժամանակների մասին գրված է. «Հասարակության մեջ միշտ հարց էր առաջանում, թե ով է ավելի մեծ։ Յուրաքանչյուրի համար շատ կարևոր էր այն, թե ում ինչ չափով պետք է պատվել» (Theological Dictionary of the New Testament)։ Հիսուսն իր առաքյալներին հորդորում էր այս հարցում տարբերվել մյուսներից։

3. ա) Ի՞նչ է նշանակում վարվել փոքրի պես, և ինչո՞ւ դա կարող է դժվար լինել։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 «Փոքր» թարգմանված հունարեն բառը օգտագործվում էր այն մարդու առնչությամբ, ով համեստ է, խոնարհ, քիչ հարգանք է վայելում և քիչ ազդեցություն ունի։ Փոքր երեխայի միջոցով Հիսուսը առաքյալներին ուզում էր ցույց տալ, որ երեխաների պես պետք է խոնարհ ու համեստ լինեն։ Սա, անշուշտ, վերաբերում է նաև մեզ։ Մեզ համար գուցե դժվար լինի վարվել փոքրի պես, հատկապես որոշ իրավիճակներում։ Անկատար մարդը հակված է հպարտանալու, ուշադրություն գրավելու։  Աշխարհում տիրող մրցակցության ոգին կարող է դրդել մեզ լինելու եսասեր, ագրեսիվ, իշխող։ Ի՞նչը կօգնի մեզ, որ վարվենք փոքրի պես։ Ինչպե՞ս է «փոքրի պես վարվողը մեծ»։ Կյանքի ո՞ր ոլորտներում պետք է ձգտենք խոնարհ լինել։

«ԱՌԱՏ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.... ԽՈՐՆ ԵՆ ՆՐԱ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ»

4, 5. Ի՞նչը կարող է մղել մեզ վարվելու փոքրի պես։ Բեր օրինակ։

4 Մենք կարող ենք փոքրի պես վարվել, եթե մտածենք այն մասին, թե մարդու համեմատությամբ որքան մեծ է Եհովան։ «Նրա իմաստությունն անքննելի է» (Ես. 40։28)։ Պողոս առաքյալը Եհովայի մեծության մասին գրեց. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (Հռոմ. 11։33)։ Ճիշտ է, մարդիկ այսօր անհամեմատ ավելի շատ գիտելիքներ ունեն, քան 2000 տարի առաջ, երբ Պողոսը գրեց այս խոսքերը, այդուհանդերձ դրանք ճշմարիտ են նաև այսօր։ Անկախ մեր գիտելիքների չափից՝ մենք խոնարհաբար պետք է ընդունենք, որ միշտ սովորելու բան ունենք Եհովայի, նրա գործերի և ճանապարհների մասին։

5 Լեո * անունով մի մարդ հասկացավ, որ մարդը Եհովայի ճանապարհների մասին երբեք չի կարող ամեն ինչ իմանալ։ Այս բանի գիտակցումը օգնեց նրան խոնարհություն զարգացնելու։ Երիտասարդ տարիքում Լեոն տարվել էր գիտությամբ։ Նա ուզում էր, որքան հնարավոր է, շատ բան իմանալ տիեզերքի մասին, ուստի սկսեց աստղաֆիզիկա ուսումնասիրել և մի կարևոր եզրահանգման եկավ։ Լեոն ասում է. «Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայիս գիտական տեսությունները չեն կարող լիարժեք բացատրել տիեզերքը։ Ուստի սկսեցի իրավունք ուսումնասիրել»։ Ժամանակի ընթացքում Լեոն դարձավ մարզային դատախազ, իսկ հետագայում՝ դատավոր։ Ավելի ուշ նա և իր կինը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, ընդունեցին ճշմարտությունը և մկրտվեցին։ Ի՞նչը մղեց մեծ գիտելիքներ ունեցող այս մարդուն վարվելու փոքրի պես։ Նա համոզված ասում է. «Ես հասկացա, որ կապ չունի, թե ինչքան շատ գիտելիք ունեմ Եհովայի ու տիեզերքի մասին։ Ինձ համար պարզ է, որ դեռ շա՜տ բան կա սովորելու»։

Եհովան պատվի է արժանացնում մեզ՝ հնարավորություն տալով քարոզելու բարի լուրը

6, 7. ա) Ինչպե՞ս է Եհովան խոնարհություն դրսևորում մեր հանդեպ։ բ) Ինչպե՞ս է Եհովայի խոնարհությունը մարդուն «բարձրացնում»։

6 Մեզ կօգնի խոնարհ լինելու նաև այն, որ հենց Եհովան ինքն է խոնարհություն դրսևորում, նա, որի «համագործակիցներն»  ենք մենք (1 Կորնթ. 3։9)։ Եհովան, մեզնից շատ բարձր լինելով, մեզ համարում է իր համագործակիցները։ Նա պատվի է արժանացնում մեզ՝ հնարավորություն տալով կատարելու մեր ծառայությունը իր Խոսքի միջոցով։ Ճիշտ է, Եհովան է աճեցնում այն սերմերը, որոնք մենք տնկում և ջրում ենք, այնուամենայնիվ, մեզ համար մեծ պատիվ է լինել նրա համագործակիցները (1 Կորնթ. 3։6, 7)։ Սա խոնարհության ապշեցուցիչ դրսևորում է Եհովայի կողմից։ Անկասկած, Աստծու խոնարհությունը պետք է յուրաքանչյուրիս մղի վարվելու փոքրի պես։

7 Սաղմոսերգու Դավիթը ցնցված էր Եհովայի խոնարհությունից։ Նա երգեց. «Դու կտաս ինձ քո փրկության վահանը. քո խոնարհությունը բարձրացնում է ինձ» (2 Սամ. 22։36)։ Ինչպե՞ս էր Աստծու խոնարհությունը բարձրացնում Դավթին։ Դավիթը գիտեր, որ ինքը Իսրայելում «բարձրացել» էր, այսինքն՝ մեծ գործեր էր արել միայն ու միայն Եհովայի շնորհիվ. Աստված, խոնարհություն դրսևորելով, ուշադրություն էր դարձրել նրան և օգնել էր (Սաղ. 113։5–7)։ Եհովան նույն ձևով է վարվում մեզ հետ։ Բոլոր այն հատկությունները, ունակությունները և առանձնաշնորհումները, որ ունենք, նրանից ենք «ստացել» (1 Կորնթ. 4։7)։ Այն մարդը, ով փոքրի պես է վարվում, «մեծ» է այն իմաստով, որ ավելի արժեքավոր ծառա է դառնում Եհովայի համար (Ղուկ. 9։48)։ Այս մասին քննարկենք ավելի մանրամասն։

«ՈՎ ՓՈՔՐԻ ՊԵՍ Է ՎԱՐՎՈՒՄ ՁԵՐ ՄԵՋ, ՆԱ Է ՄԵԾ»

8. Ինչո՞ւ է կարևոր խոնարհ լինել Եհովայի կազմակերպությունում։

8 Խոնարհ լինելը շատ կարևոր է, եթե ուզում ենք Աստծու կազմակերպությունում երջանիկ լինել։ Խոնարհ քրիստոնյան թիկունք է կանգնում ժողովի գործերին։ Պետրա անունով մի երիտասարդ կին, որը մեծացել էր Վկաների ընտանիքում, չցանկանալով հնազանդվել աստվածապետական կարգին, հեռացավ ժողովից։ Տարիներ անց նա նորից սկսեց շփվել ժողովի հետ։ Հիմա Պետրան երջանիկ է, որ Եհովայի կազմակերպությունում է, և ուրախությամբ աջակցում է ժողովի գործերին։ Ի՞նչն էր փոխվել։ Նա ասում է. «Ես պետք է հասկանայի, որ եթե ուզում եմ Աստծու կազմակերպությունում ինձ զգալ ինչպես տանը, պետք է դրսևորեմ երկու շատ կարևոր հատկություն՝ խոնարհություն և համեստություն»։

9. Խոնարհ մարդն ի՞նչ վերաբերմունք ունի հոգևոր սննդի հանդեպ, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ դա նրան ավելի արժեքավոր է դարձնում։

9 Խոնարհ մարդը սրտանց երախտապարտ է այն բոլոր բարիքների համար, որ Եհովան տալիս է, այդ թվում նաև՝ հոգևոր սննդի համար։ Ուստի նման անհատը ջանասիրաբար ուսումնասիրում է Աստվածաշունչը և կլանված ընթերցում է «Դիտարան» ու «Արթնացե՛ք» ամսագրերը։ Եհովայի շատ հավատարիմ ծառաների նման՝ նա սովորություն ունի յուրաքանչյուր նոր հրատարակություն անմիջապես կարդալու։ Երբ ընթերցում և ուսումնասիրում ենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր գրականությունը, ցույց ենք տալիս, որ խոնարհ ենք և երախտապարտ ենք Եհովային։ Մենք հոգևորապես աճում ենք և հնարավորություն ենք տալիս Եհովային ավելի շատ օգտագործելու մեզ ծառայության մեջ (Եբր. 5։13, 14

10. Ինչպե՞ս կարող ենք փոքրի պես վարվել ժողովում։

10 Փոքրի պես վարվողը «մեծ», կամ՝ ավելի արժեքավոր է մեկ առումով ևս։ Յուրաքանչյուր ժողովում կան սուրբ ոգու առաջնորդությամբ նշանակված երեցներ։ Նրանք կազմակերպում են ժողովի հանդիպումները, քարոզչական ծառայությունը, ինչպես նաև հովվական  այցեր են անում։ Երբ հոժարակամորեն աջակցում ենք երեցներին, մենք վարվում ենք փոքրի պես ու նպաստում ենք ժողովի ուրախությանը, խաղաղությանը և միասնությանը (կարդա՛ Եբրայեցիներ 13։7, 17)։ Եթե երեց ես կամ ծառայող օգնական, դրսևորո՞ւմ ես խոնարհություն՝ բարձր գնահատելով Եհովայի կողմից քեզ տրված առանձնաշնորհումը։

11, 12. Ինչպիսի՞ տրամադրվածությունը մեզ ավելի արժեքավոր կդարձնի Եհովայի կազմակերպության համար և ինչո՞ւ։

11 Այսպիսով՝ փոքրի պես վարվողը «մեծ» է, կամ՝ ավելի արժեքավոր է Եհովայի կազմակերպության համար, քանի որ նրա խոնարհությունը նրան լավ և պիտանի ծառա է դարձնում Աստծու համար։ Հիսուսը ստիպված էր հորդորելու իր աշակերտներին վարվելու փոքրի պես, քանի որ նրանցից ոմանց վրա ազդել էր հասարակության մեջ տիրող հպարտության ոգին։ Ղուկաս 9։46-ում ասվում է. «Նրանց մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծը»։ Մենք չպետք է մտածենք, թե ինչ-որ առումով ավելի լավն ենք մեր հավատակիցներից և ընդհանրապես մարդկանցից։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ հպարտ են ու եսասեր։ Այս հատկություններից զերծ կլինենք, եթե դրսևորենք խոնարհություն։ Երբ խոնարհ ենք լինում և Եհովայի կամքն առաջին տեղում ենք դնում, մենք թարմացուցիչ ազդեցություն ենք թողնում մեր քույրերի և եղբայրների վրա։

12 Հիսուսի խորհուրդը՝ վարվել փոքրի պես, մղում է մեզ խոնարհ լինելու կյանքի բոլոր ոլորտներում։ Քննենք դրանցից երեքը։

ՁԳՏԻՐ ԼԻՆԵԼ ՓՈՔՐԻ ՊԵՍ

13, 14. Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը վարվել փոքրի պես, և դա ինչպե՞ս կարող է ազդել նրանց ամուսնական կապի վրա։

13 Կողակցի հանդեպ։ Այսօր շատերը այնքան են տարված իրենց իրավունքները պաշտպանելով, որ նույնիսկ պատրաստ են ոտնահարելու ուրիշների իրավունքները։ Ի տարբերություն նրանց՝ փոքրի պես վարվող մարդը առաջնորդվում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերով. «Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում և նպաստում է միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։19)։ Փոքրի պես վարվող մարդը ջանում է խաղաղ հարաբերություններ ունենալ բոլորի հետ և հատկապես կողակցի հետ։

14 Օրինակ՝ կողակիցների նախասիրությունները ժամանցի հարցում կարող են տարբերվել։ Գուցե ամուսինը սիրում է մնալ տանը ու գիրք կարդալ։ Իսկ կինը նախընտրում է ճաշել դրսում կամ այցելել ընկերներին։ Կնոջ համար շատ ավելի հեշտ կլինի հարգել ամուսնուն, եթե վերջինս խոնարհություն դրսևորի և հաշվի առնի, թե կինը ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Իսկ ամուսինն էլ կսիրի և բարձր կգնահատի կնոջը, եթե վերջինս հաշվի առնի նրա ցանկությունները։ Ամուսնական կապը ամրանում է, երբ կողակիցներից յուրաքանչյուրը վարվում է փոքրի պես (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։1–4

15, 16. Ըստ Սաղմոս 131-ի՝ ի՞նչ է հորդորում Դավիթը իր ազգակիցներին, և ինչպե՞ս կարող ենք հետևել նրա խորհրդին ժողովում։

15 Ժողովում։ Աշխարհում շատերի ուշքն ու միտքը սեփական ցանկությունները անհապաղ բավարարելն է։ Նրանք համբերել չգիտեն, ուստի սպասելը նրանց համար տանջալից փորձություն է։ Եթե սովորենք վարվել փոքրի պես, ապա կկարողանանք սպասել Եհովային (կարդա՛ Սաղմոս 131։1–3)։ Եթե խոնարհ լինենք ու սպասենք Եհովային, մեզ ապահով, մխիթարված ու երջանիկ կզգանք։ Հասկանալի է, թե ինչու Դավիթն իր ազգակիցներին հորդորեց համբերությամբ սպասել Աստծուն։

 16 Եթե խոնարհաբար սպասես Եհովային, ապա Դավթի պես կմխիթարվես (Սաղ. 42։5)։ Գուցե ձգտում ես «լավ գործի», այսինքն՝ «վերակացուի պարտականության» (1 Տիմոթ. 3։1–7)։ Ինչ խոսք, հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անես, որ թույլ տաս սուրբ ոգուն քո մեջ կերտելու այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են վերակացու դառնալու համար։ Բայց հնարավոր է՝ քեզ թվում է, որ քո նշանակվելը ձգձգվում է։ Փոքրի պես վարվողը համբերությամբ սպասում է և շարունակում է ուրախությամբ ծառայել Եհովային ու կատարել այն հանձնարարությունները, որ իրեն տալիս են։

17, 18. ա) Ի՞նչ օգուտներ են լինում, երբ ներողություն ենք խնդրում և երբ ներում ենք։ բ) Ի՞նչ խորհուրդ է տրվում Առակներ 6։1–5-ում։

17 Փոխհարաբերություններում։ Մարդկանց մեծ մասը դժվարանում է ներողություն խնդրել։ Այնինչ Աստծու ծառաներն ընդունում են իրենց սխալները և ներողություն են խնդրում։ Իսկ երբ ուրիշներն են սխալ գործում, պատրաստակամորեն ներում են։ Այսպես վարվելով՝ նրանք սովորում են լինել փոքրի պես։ Միշտ պետք է հիշենք, որ հպարտությունը ծնում է բաժանում և մրցակցություն, մինչդեռ ներողամտությունը առաջ է բերում խաղաղություն։

18 Օրինակ՝ հնարավոր է՝ ինչ-որ մեկի հետ գործարք ենք կնքել, բայց մեզնից անկախ պատճառով չենք կարողանում կատարել ստանձնած պարտավորությունը։ Նման դեպքերում խոնարհ քրիստոնյան կենտրոնանում է իր թերացումների վրա և ընդունում է դրանք, թեև տեղի ունեցածի համար գուցե միայն ինքը չէ մեղավոր (կարդա՛ Առակներ 6։1–5

Ի՞նչ հնարավորություններ ունես վարվելու փոքրի պես

19. Ի՞նչ պատճառներ ունենք երախտապարտ լինելու Եհովային։

19 Անկասկած, երախտապարտ ենք Եհովային, որ իր Խոսքի միջոցով սովորեցնում է մեզ վարվել փոքրի պես։ Եթե ճիշտ տեսակետ ունենանք այն մասին, թե ինչ դիրք ունենք Արարչի համեմատությամբ, և եթե նրա խոնարհությունը բարձր գնահատենք, ապա մեզ համար հեշտ կլինի վարվել փոքրի պես։ Այսպես մենք ավելի արժեքավոր ծառաներ կլինենք Եհովայի համար։ Ուստի թող որ յուրաքանչյուրս վարվի փոքրի պես։

^ պարբ. 5 Անունները փոխված են։