Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար։

Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար։

«Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ.... ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (ԵԼՔ 34։6, 7

1, 2. ա) Ինչպիսի՞ Աստված էր Եհովան Իսրայել ազգի համար։ բ) Ի՞նչ հարց ենք քննարկելու այս հոդվածում։

ՆԵԵՄԻԱՅԻ օրերում մի խումբ ղևտացիներ հրապարակավ աղոթելիս խոստովանեցին, որ իրենց նախահայրերը շարունակ չեն հնազանդվել Եհովայի պատվիրաններին։ Բայց Եհովան նորից ու նորից փաստել էր, որ «ներողամիտ, գթառատ և ողորմած Աստված է.... արագ չի բարկանում և լի է սիրառատ բարությամբ»։ Եհովան հայրենադարձ հրեաների հանդեպ շարունակում էր անզուգական բարություն դրսևորել (Նեեմ. 9։16, 17

2 Յուրաքանչյուրս կարող է իրեն հարց տալ. «Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում ինձ համար»։ Այս կարևոր հարցին պատասխանելու համար քննենք, թե ինչ մեղքեր գործեցին Դավիթ ու Մանասե թագավորները և թե Աստված ինչու ներեց նրանց։

ԴԱՎԻԹԸ ԼՈՒՐՋ ՄԵՂՔԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ

3–5. Ինչպե՞ս Դավիթը լուրջ մեղքեր գործեց։

3 Դավիթը աստվածավախ մարդ էր, բայց նա, այնուամենայնիվ, լուրջ մեղքեր գործեց։ Նա շնություն գործեց Բերսաբեի հետ և սպանել տվեց նրա ամուսնուն՝ Ուրիային։ Այս մեղքերի հետևանքները շատ ցավալի եղան։ Բայց այն, թե Աստված ինչպես վարվեց Դավթի հետ, շատ բան է մեզ ասում Նրա ներողամտության մասին։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։

4 Դավիթը Իսրայելի բանակը ուղարկեց ամմոնացիների մայրաքաղաք Ռաբան պաշարելու։ Այս քաղաքը գտնվում էր Երուսաղեմից 80 կիլոմետր արևելք՝ Հորդանան գետի մյուս կողմում։ Մի երեկո Դավիթը իր պալատի տանիքից տեսավ Բերսաբեին լողանալիս։ Նրա ամուսինը գտնվում էր պատերազմի դաշտում։ Թագավորն այնքան հրապուրվեց այդ կնոջով, որ նրան բերել տվեց պալատ և շնություն գործեց նրա հետ (2 Սամ. 11։1–4

 5 Երբ Դավիթն իմացավ, որ Բերսաբեն հղի է, Ուրիային կանչել տվեց Երուսաղեմ՝ հուսալով, որ նա սեռական հարաբերություն կունենա իր կնոջ հետ։ Բայց Ուրիան նույնիսկ տուն չմտավ, չնայած որ Դավիթը հորդորում էր նրան դա անել։ Տեսնելով, որ ուզածը չի ստացվում՝ թագավորը նամակ գրեց իր զորագլխին՝ պատվիրելով. «Ուրիային դրեք սաստիկ պատերազմի դիմացը, և դուք նրանից հետ քաշվեք, որ նրան հարվածեն ու նա մեռնի»։ Ուրիան սպանվեց, ինչպես և թագավորը ծրագրել էր (2 Սամ. 11։12–17)։ Սպանելով անմեղ մարդու՝ Դավիթը ծանրացրեց Բերսաբեի հետ գործած մեղքը։

ԴԱՎԻԹԸ ԶՂՋՈՒՄ Է

6. Ի՞նչ արեց Եհովան, երբ Դավիթը մեղքեր գործեց, և ի՞նչ է դա ասում Նրա մասին։

6 Դավիթ թագավորը, ի վերջո, ամուսնացավ Բերսաբեի հետ։ Բայց նրա մեղքը «չար երևաց Եհովայի աչքին» (2 Սամ. 11։27)։ Այո՛, ոչինչ չէր վրիպել Աստծու ուշադրությունից (Առակ. 15։3)։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Լինելով ներողամիտ Աստված՝ Եհովան ակներևաբար հիմք էր փնտրում ներելու նրան։ Եհովայի այսպիսի մոտեցումը, իրոք, մեր սիրտը ջերմացնում է։ Նա չստիպեց Դավթին զղջալու, այլ պարզապես Նաթանին ուղարկեց նրա մոտ, և մարգարեն մի պատմության միջոցով թագավորին ցույց տվեց, թե որքան վատ է վերջինս վարվել (կարդա՛ 2 Սամուել 12։1–4)։ Եհովան տպավորիչ կերպով օգնեց Դավթին հասկանալու իր սխալը։

7. Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը Նաթանի պատմությանը։

7 Նաթանի պատմությունը հասավ թագավորի սրտին։ Նրա մեջ արդարության զգացումը արթնացավ։ Դավիթը բարկացավ հարուստ մարդու վրա և ասաց. «Կենդանի՛ է Եհովան, այդ բանն անող մարդը մահվա՛ն է արժանի»։ Ավելին, թագավորն ասաց, որ անարդարության զոհը պետք է փոխհատուցում ստանա։ Հենց այստեղ էլ Նաթանն ասաց. «Այդ մարդը դո՛ւ ես»։ Հետո ավելացրեց, որ Դավթի արածների պատճառով «սուրը» չի հեռանա նրա տնից, և դժբախտություն կպատահի նրա ընտանիքին։ Թագավորը նաև հանրության առաջ խայտառակ էր լինելու։ Դավիթը հասկացավ իր մեղքերի ծանրությունը և խորապես զղջաց՝ ասելով. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ» (2 Սամ. 12։5–14

ԴԱՎԻԹՆ ԱՂՈԹՈՒՄ Է, ԵՎ ԱՍՏՎԱԾ ՆԵՐՈՒՄ Է

8, 9. 51-րդ սաղմոսն ինչպե՞ս է բացահայտում Դավթի ամենախոր զգացումները և ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի մասին։

8 Այս դեպքերից հետո Դավիթը մի երգ գրեց, որում արտացոլված է նրա անկեղծ զղջումը։ Դա 51-րդ սաղմոսն է։ Թագավորն աղերսում էր Եհովային, որ օգնի իրեն։ Այս սաղմոսից երևում է, որ նա ոչ միայն ընդունել էր իր մեղքերը, այլև զղջացել էր դրանց համար։ Դավթին առաջին հերթին անհանգստացնում էր Աստծու և իր փոխհարաբերությունները։ Նա խոստովանեց. «Քո՛, միմիայն քո՛ դեմ մեղք գործեցի»։ Հետո աղերսեց. «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում.... Վերադարձրո՛ւ ինձ քո բերած փրկության ցնծությունը և պատրաստակամ ոգի արթնացրու իմ մեջ» (Սաղ. 51։1–4, 7–12)։ Դավթի պես ջերմեռանդ ու անկե՞ղծ ես, երբ Եհովայի հետ խոսում ես զգացումներիդ մասին։

9 Եհովան չպաշտպանեց Դավթին նրա մեղքերի հետևանքներից։ Թագավորը մինչև կյանքի վերջը կրելու էր իր մեղքերի հետևանքները։ Բայց քանի որ Դավթի «սիրտը կոտրված ու փշրված» էր, ինչը ցույց էր տալիս, որ նա զղջացել էր, Եհովան ներեց նրան (կարդա՛  Սաղմոս 32։5; Սաղ. 51։17)։ Ամենակարող Աստվածը գիտի մեղք գործողի իրական մղումներն ու տրամադրվածությունը։ Մովսիսական օրենքով՝ շնացողներին մահապատիժ էր հասնում (Ղևտ. 20։10)։ Բայց Աստված ինքը դատեց Դավթին ու Բերսաբեին և ողորմածաբար ներեց և նույնիսկ նրանց որդի Սողոմոնին հետագայում Իսրայելի թագավոր դարձրեց (1 Տար. 22։9, 10

10. ա) Հավանաբար, Դավթին ներելու ուրիշ ի՞նչ հիմք ուներ Եհովան։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան ների մեր մեղքերը։

10 Հնարավոր է՝ Եհովան ներեց Դավթին նաև այն պատճառով, որ վերջինս ողորմածաբար էր վարվել Սավուղ թագավորի հետ (1 Սամ. 24։4–7)։ Հիսուսն ասաց, որ Եհովան մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք վարվում ուրիշների հետ. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Մատթ. 7։1, 2)։ Անչափ մխիթարական է իմանալ, որ Աստված պատրաստ է ներելու մեր մեղքերը, անգամ այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք շնությունն ու սպանությունն են։ Նա կների, եթե լինենք ներողամիտ, խոստովանենք մեր մեղքերը նրան և փոխենք մեր վերաբերմունքը մեր արածի հանդեպ։ «Եհովան թարմություն կբերի» մեզ, եթե անկեղծորեն զղջանք (կարդա՛ Գործեր 3։19

ՄԱՆԱՍԵՆ ԾԱՆՐ ՄԵՂՔԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ, ՀԵՏՈ ԶՂՋՈՒՄ Է

11. Ի՞նչ չար գործեր արեց Մանասեն։

11 Քննենք մեկ ուրիշ օրինակ, որը ցույց է տալիս, թե որքան մեծ է Եհովայի ներողամտությունը։ Դավթի՝ թագավոր դառնալուց մոտ 360 տարի անց Հուդայի թագավոր դարձավ Մանասեն, որն իշխեց 55 տարի։ Իր կառավարման տարիներին Մանասեն ահավոր չարագործություններ արեց, ինչով վիրավորեց Եհովային։ Նա Բահաղի համար զոհասեղաններ դրեց, երկրպագեց «երկնքի ողջ զորքին», իր որդիներին այրեց և զբաղվեց ոգեհարցությամբ։ Այո՛, «նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում» (2 Տար. 33։1–6

12. Ինչպե՞ս Մանասեն վերադարձավ դեպի Եհովան։

12 Ի վերջո, Մանասեին գերեվարեցին և տարան Բաբելոն։ Բանտում նա, հավանաբար, հիշեց հետևյալ խոսքերը, որոնք Մովսեսն ասել էր իսրայելացիներին. «Երբ սաստիկ նեղության մեջ լինես, և այս բոլոր խոսքերը կատարվեն քեզ վրա այս օրերի վերջում, դու կվերադառնաս դեպի քո Աստված Եհովան ու կլսես նրա ձայնին» (2 Օրենք 4։30)։ Մանասեն վերադարձավ դեպի Եհովան։ Նա «մեծապես խոնարհվեց» և  աղոթեց Աստծուն (տե՛ս նկարը, էջ 21) (2 Տար. 33։12, 13)։ Մենք չգիտենք, թե Մանասեն կոնկրետ ինչ խոսքեր ասաց իր աղոթքներում, բայց հնարավոր է՝ այդ խոսքերը նման են եղել Դավիթ թագավորի այն խոսքերին, որոնք նա ասել է 51-րդ սաղմոսում։ Ամեն դեպքում Մանասեն իր սիրտը լիովին փոխեց։

13. Ինչո՞ւ Եհովան ներեց Մանասեին։

13 Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ «Նա լսեց նրա աղաչանքը.... իր բարեհաճությունը ստանալու նրա խնդրանքը»։ Դավթի պես՝ Մանասեն գիտակցեց իր մեղքերի լրջությունը և անկեղծորեն զղջաց։ Այդ պատճառով էլ Աստված ներեց նրան և «վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը»։ «Մանասեն իմացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը» (2 Տար. 33։13)։ Այս թագավորի օրինակը ևս հստակ ցույց է տալիս, որ մեր ողորմած Աստվածը ներում է նրանց, ովքեր իսկապես զղջում են։

Եհովայի ներողամտության շնորհիվ Մանասեն վերադարձավ Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը

ԵՀՈՎԱՆ ՄԻ՞ՇՏ Է ՆԵՐՈՒՄ

14. Ինչի՞ հիման վրա է Եհովան որոշում՝ ներե՞լ մեղք գործածին, թե՞ ոչ։

14 Դժվար է պատկերացնել, որ այսօր լինեն Աստծու այնպիսի ծառաներ, ովքեր, Դավթի կամ Մանասեի պես, մեղքեր գործեն։ Ինչևէ, այն փաստը, որ Աստված ներեց այս երկու թագավորներին, օգնում է հասկանալու, որ մեր Աստվածը պատրաստ է ներելու նույնիսկ ծանր մեղքերը, եթե մեղավորն անկեղծորեն զղջում է։

15. Ինչի՞ց գիտենք, որ Եհովան մեխանիկորեն չի ներում։

15 Պարզ է, որ Եհովան մեխանիկորեն չի ներում մարդկանց մեղքերը։ Դավթի և Մանասեի տրամադրվածությունը համեմատենք Իսրայելի և Հուդայի բնակիչների տրամադրվածության հետ։ Երբ Դավիթը մեղք գործեց, Աստված ուղարկեց Նաթանին, որպեսզի հնարավորություն տա նրան զղջալու։ Դավիթը երախտապարտ էր այդ հնարավորության համար և զղջաց։ Մանասեն, երբ հայտնվեց ծանր վիճակում, նույնպես անկեղծորեն  զղջաց իր մեղքերի համար։ Մինչդեռ Իսրայելի և Հուդայի բնակիչները հաճախ չէին զղջում, չնայած որ Աստված անընդհատ մարգարեներ էր ուղարկում նրանց ուղղելու համար։ Քանի որ չէին զղջում, Եհովան չներեց նրանց (կարդա՛ Նեեմիա 9։30)։ Աստված շարունակեց հավատարիմ պատգամաբերներ վեր կացնել նաև այն ժամանակ, երբ իսրայելացիները բաբելոնյան գերությունից վերադարձան հայրենիք. նրանցից էին Եզրաս քահանան և Մաղաքիա մարգարեն։ Երբ մարդիկ վարվում էին Եհովայի կամքին ներդաշնակ, մեծ ուրախություն էին ստանում (Նեեմ. 12։43–47

16. ա) Ի՞նչ հետևանքներ ունեցավ Իսրայել ազգի համար չզղջալը։ բ) Ինչի՞ հնարավորություն է տալիս Եհովան առանձին հրեաների։

16 Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, որպեսզի նա իր կատարյալ կյանքը զոհաբերի (1 Հովհ. 4։9, 10)։ Այդպիսով Աստված վերջ դրեց կենդանական զոհաբերություններին։ Հիսուսը իր Հոր տեսակետն արտահայտեց, երբ ասաց հետևյալ խոսքերը. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է ճտերին իր թևերի տակ հավաքում։ Բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթ. 23։37, 38)։ Այսպիսով՝ մեղավոր և չզղջացող ազգը փոխարինվեց հոգևոր Իսրայելով (Մատթ. 21։43; Գաղ. 6։16)։ Բայց Եհովան ներողամիտ և ողորմած է այն հրեաների նկատմամբ, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ և Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ։ Երբ այն մարդիկ, ովքեր մահացել են՝ առանց իրենց մեղքերի համար զղջալու, հարություն առնեն Դրախտում, Եհովան ներողամտություն և ողորմածություն կդրսևորի նրանց հանդեպ (Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15

ԵՀՈՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼՈՒ ՔԵԶ

17, 18. Ինչպե՞ս կարող ենք ներում ստանալ Եհովայից։

17 Ինչպես տեսանք, Եհովան ներողամիտ է։ Եթե մեղք ենք գործել, անշուշտ, պետք է վարվենք Դավթի ու Մանասեի պես. ընդունենք մեր մեղքը, զղջանք արածի համար, աղերսենք Եհովային, որ ների մեզ, և խնդրենք, որ մաքուր սիրտ ստեղծի մեր մեջ (Սաղ. 51։10)։ Իսկ եթե այդ մեղքը լուրջ է, պետք է հոգևոր օգնություն խնդրենք երեցներից (Հակ. 5։14, 15)։ Մխիթարական է իմանալ, որ, անկախ մեր գործած մեղքի ծանրությունից, Եհովան, ինչպես անցյալում, այսօր էլ «ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված [է], բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (Ելք 34։6, 7

18 Եհովան զղջացող իսրայելացիներին խոստացավ, որ լիովին կների նրանց մեղքերը։ Նա ասաց, որ նրանց «ալ կարմիր» մեղքերը ձյան պես «սպիտակ» կդառնան (կարդա՛ Եսայիա 1։18)։ Իսկ ի՞նչ է նշանակում Եհովայի ներողամտությունը մեզ համար։ Դա նշանակում է մեղքերի ու սխալների լիակատար ներում, եթե, իհարկե, անկեղծորեն զղջում ենք և երախտապարտ ենք Եհովային իր ներողամտության համար։

19. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

19 Քանի որ Եհովան ներողամիտ է մեր հանդեպ, պարզ է, որ մենք էլ պետք է ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ։ Ի՞նչը կօգնի մեզ այս հարցում։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե տրամադրված չենք ներելու այն մարդուն, ով մեր հանդեպ լուրջ մեղք է գործել, բայց անկեղծորեն զղջում է։ Հաջորդ հոդվածի միջոցով կքննենք մեր սիրտը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի շատ նմանվել մեր Հորը՝ Եհովային, որը «բարի [է] ու ներելու պատրաստ» (Սաղ. 86։5