Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Նոյեմբեր 2012

 Մեր արխիվից

«Լավագույն լուրը, որ երբևէ հնչել է»

«Լավագույն լուրը, որ երբևէ հնչել է»

«ԻՆՉԻ՞ համար են սրանք»,— հարցրեց Ջորջ Նեշը՝ մատնացույց անելով իրար վրա դրված 18-մետրանոց գերանները։ Դրանք գտնվում էին Սասկատուն քաղաքի (Կանադա, Սասկաչևան նահանգ) ռազմական պահեստներից մեկում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ գերաններից ազդանշանային աշտարակներ էին կառուցում։ Հետագայում եղբայր Նեշը հիշում էր. «Հանկարծ մտքովս անցավ, որ այդ գերաններից կարելի է ռադիոաշտարակներ կառուցել։ Այդպես ծնվեց աստվածապետական ռադիոկայան ունենալու գաղափարը»։ Ընդամենը մեկ տարի անց՝ 1924թ.-ին, ռադիոկայանն (CHUC) արդեն եթերում էր։ Դա առաջին ռադիոկայաններից մեկն էր, որ կրոնական թեմաներ էր հեռարձակում Կանադայում։

1) Էդմոնտոնի ռադիոկայանը (Ալբերտա նահանգ), 2) Եղբայրը ստուգում է ռադիոհաղորդիչի լամպերը

Կանադան, որի տարածքը մոտավորապես Եվրոպայի չափ է, իդեալական երկիր էր ռադիոհեռարձակման համար։ «Մեր ռադիոհաղորդումների շնորհիվ ճշմարտությունը հասավ այն մարդկանց, որոնց հետ չէինք կարող անձամբ կապվել,— ասում էր Ֆլորենս Ջոնսոնը, որը այդ ռադիոկայանի աշխատակիցներից էր։— Քանի որ ռադիոն նոր բան էր այն ժամանակ, մարդիկ պատրաստ էին լսելու ամեն ինչ»։ Արդեն 1926թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները (ինչպես որ կոչվում էին Եհովայի վկաները այն ժամանակ) սեփական ռադիկայաններ ունեին Կանադայի չորս քաղաքներում *։

«CHUC» ռադիոկայանը Սասկատունում

Ի՞նչ հաղորդումներ էին հեռարձակում եղբայրները։ Հաճախ տեղի ժողովի անդամները կատարում էին երգեր երաժշտական գործիքների և նույնիսկ փոքր նվագախմբի նվագակցությամբ։ Ինչ խոսք, եղբայրները ներկայացնում էին նաև քարոզներ և անցկացնում աստվածաշնչային քննարկումներ։ Էմի Ջոնսը, որը մասնակցել էր այս քննարկումներին, հիշում էր. «Երբ ծառայության ժամանակ ներկայանում էի, բնակիչները հաճախ ասում էին. «Օ՜, այդ Դո՞ւք եք։ Ես լսել եմ Ձեզ ռադիոյով»»։

«Հեռախոսազանգերն այնքան շատ էին, որ կայանի աշխատանքը պարզապես կաթվածահար էր լինում»

Հալիֆաքսի (Նոր Շոտլանդիա) Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին ռադիոհաղորդումներ ներկայացնել մի ժանրով, որն այն  ժամանակներում տարածված չէր. դա թոք շոուն էր, որի ընթացքում ունկնդիրները կարող էին զանգահարել և աստվածաշնչյան թեմաներով հարցեր տալ։ «Արձագանքները ցնցող էին,— գրեց մի եղբայր։— Հեռախոսազանգերն այնքան շատ էին, որ կայանի աշխատանքը պարզապես կաթվածահար էր լինում»։

Ինչպես որ Պողոս առաքյալի դեպքում էր՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարբեր արձագանքներ էին ստանում (Գործ. 17։1–5)։ Ոմանց դուր էին գալիս հաղորդումները։ Օրինակ՝ Հեկտոր Մարշալը, երբ ռադիոյով լսեց «Գրությունների ուսումնասիրություն» աշխատության մասին, պատվիրեց վեց հատոր։ «Ես մտածեցի, որ գրքերը կօգնեն ինձ դասավանդելու կիրակնօրյա դպրոցում»,— հետագայում գրեց նա։ Առաջին հատորը կարդալուց հետո Հեկտորը որոշեց թողնել եկեղեցին։ Նա դարձավ եռանդուն ավետարանիչ ու մինչև մահ (1998թ.) հավատարմորեն ծառայեց Եհովային։ Նոր Շոտլանդիայի արևելյան մասում գնդապետ Մակդոնալդը «Թագավորություն. աշխարհի հույսը» ելույթը լսելուց հետո տեղի եղբայրներից մեկին ասաց. «Քեյփ Բրետոն կղզու բնակիչները երեկ լսեցին լավագույն լուրը, որ երբևէ հնչել է այս կղզում»։

Բայց հոգևորականությանը դուր չեկավ այս ամենը։ Հալիֆաքսի կաթոլիկները սպառնացին պայթեցնել այն ռադիոկայանները, որոնք կհեռարձակեին Աստվածաշունչ ուսումնասիրողների հաղորդումները։ Կրոնական առաջնորդների դրդմամբ՝ կառավարությունը 1928թ.-ին անսպասելի հայտարարեց, որ չի երկարաձգելու Աստվածաշունչ ուսումնասիրողների ռադիոկայանների հեռարձակման լիցենզիաների ժամկետները։ Որպես բողոքի նշան՝ եղբայրներն ու քույրերը տարածեցին մի թերթիկ, որը կոչվում էր՝ «Ո՞վ է եթերի տերը»։ Բայց կառավարությունը անդրդվելի մնաց։

Արդյոք սա վհատեցրե՞ց Կանադայում ապրող Եհովայի ծառաների այդ փոքր խմբին։ Իզաբել Ուեյնռայթը հիշում էր. «Սկզբում թվում էր, թե թշնամին մեծ հաղթանակ է տարել։ Բայց ես գիտեի, որ եթե Եհովային պետք լիներ, նա կկանխեր դա։ Մենք հասկացանք, որ պետք է ավելի արդյունավետ մեթոդով Թագավորության բարի լուրը տարածենք»։ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին այցելել մարդկանց տները։ Սակայն ռադիոն, անշուշտ, մեծ դեր խաղաց «երբևէ հնչած լավագույն լուրը» տարածելու մեջ։ (Կանադայի՝ մեր արխիվներից)

^ պարբ. 4 Ռադիոյով վկայություն տալու համար կանադացի եղբայրները օգտվում էին նաև ուրիշ ռադիոկայանների վճարովի ծառայություններից։