Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Հնազանդվիր Աստծուն և օգուտներ քաղիր նրա երդումներից

Հնազանդվիր Աստծուն և օգուտներ քաղիր նրա երդումներից

«Աստված.... ինքն իրենով երդվեց, քանի որ ավելի մեծ որևէ մեկով չէր կարող երդվել» (ԵԲՐ. 6։13

1. Ինչո՞վ է Աստծու խոսքը տարբերվում մարդու խոսքից։

ԵՀՈՎԱՆ «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։ Մեղքով ծնված մարդը գուցեև սուտ խոսի, բայց «անհնար է, որ Աստված սուտ խոսի» (Եբր. 6։18; կարդա՛ Թվեր 23։19)։ Աստված ինչ որ ասում է, անում է։ Օրինակ՝ յուրաքանչյուր ստեղծագործական օրվա սկզբում Եհովան ասում էր, թե ինչ է մտադիր անել, իսկ հետո կատարում էր դա։ Վեցերորդ օրվա վերջում «Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդ. 1։6, 7, 30, 31

2. Ի՞նչ է Աստծու հանգստի օրը, և ինչո՞ւ նա «սուրբ դարձրեց այն»։

2 Եհովան, այն բանից հետո, երբ ասաց, որ իր ստեղծած բաները շատ լավ են, հայտարարեց յոթերորդ օրվա սկիզբը։ Դա 24-ժամյա օր չէր, այլ մի երկար ժամանակաշրջան, որի ընթացքում Աստված հանգստանալու էր «իր արած ողջ աշխատանքից», այսինքն՝ յոթերորդ օրը դադարելու էր երկրի վրա նոր բան ստեղծելուց (Ծննդ. 2։2)։ Աստծու հանգստի օրը դեռևս ընթացքի մեջ է (Եբր. 4։9, 10)։ Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե այդ օրը երբ է սկսվել։ Բայց կարող ենք ասել, որ այն սկսվել է Ադամի ու Եվայի արարումից մի որոշ ժամանակ անց՝ մոտ 6000 տարի առաջ։ Առջևում Քրիստոսի Հազարամյա Իշխանությունն է, որի ընթացքում Աստված իրականացնելու է իր նպատակը. երկիրը դարձնելու է դրախտ, և այնտեղ ապրելու են կատարյալ մարդիկ (Ծննդ. 1։27, 28; Հայտն. 20։6)։ Համոզված եղիր, որ այդ երջանիկ ապագան կարող է քոնը լինել. չէ՞ որ «Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն»։ Սա երաշխիք է, որ Եհովան, անկախ ամեն ինչից, իր հանգստի օրվա վերջում հասնելու է իր նպատակին (Ծննդ. 2։3

3. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ սկսվեց Աստծու հանգստի օրը։ բ) Ինչպե՞ս Եհովան որոշեց հարցը լուծել։

 3 Երբ սկսվեց Աստծու հանգստի օրը, մի շատ վատ բան տեղի ունեցավ։ Եհովայի ոգեղեն որդիներից մեկը նրա դեմ դուրս եկավ։ Նա ասաց առաջին սուտը և խաբելով Եվային՝ դրդեց նրան անհնազանդ լինելու Աստծուն (1 Տիմոթ. 2։14)։ Եվան էլ իր ամուսնուն դրդեց նույնը անելու (Ծննդ. 3։1–6)։ Եհովան նույնիսկ այս չափազանց լուրջ իրավիճակում, երբ իր ճշմարտացիությունը հարցականի տակ դրվեց, հարկ չհամարեց երդումով հաստատել, որ երկրի հետ կապված իր նպատակը անպայման կատարվելու է։ Աստված ասաց, թե ինչպես է լուծելու այդ հարցը. «Ես թշնամություն եմ դնելու քո [այսինքն՝ Սատանայի] և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա [այսինքն՝ խոստացված սերունդը] քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (Ծննդ. 3։15; Հայտն. 12։9)։ Այս խոսքերի իմաստը պարզ էր դառնալու Աստծու որոշած ժամանակին։

ԿԱՐԻՔ ԱՌԱՋԱՑԱՎ ԵՐԴՎԵԼՈՒ

4, 5. Ի՞նչ է արել Աբրահամը առնվազն երեք անգամ։

4 Քիչ հավանական է, որ մարդկության պատմության վաղ շրջանում որևէ բանի ճշմարտացիությունը հաստատելու համար երդվելու կարիք է եղել։ Կարելի է ասել, որ Ադամի և Եվայի բառապաշարում որևէ բառ չի եղել դրա համար. կատարյալ էակները, որ սիրում են Աստծուն և ընդօրինակում են նրան, կարիք չունեն երդվելու. նրանք միշտ ասում են ճշմարտությունը և լիովին վստահում են իրար։ Ամենասկզբում այդպես էր, բայց ամեն բան փոխվեց, երբ մարդը մեղք գործեց և դարձավ անկատար։ Իսկ երբ սուտն ու խաբեությունը տարածվեցին, կարիք առաջացավ երդվելու կարևոր բաների ճշմարտացիությունը հաստատելու համար։

5 Աբրահամ նահապետը առնվազն երեք անգամ երդվել է (Ծննդ. 21։22–24; 24։2–4, 9)։ Օրինակ՝ նա երդվեց, երբ Էլամի թագավորին և նրա դաշնակիցներին հաղթելուց հետո վերադառնում էր տուն։ Սաղեմի և Սոդոմի թագավորները դուրս եկան նրան դիմավորելու։ Սաղեմի թագավորը Մելքիսեդեկն էր, որը նաև «Բարձրյալ Աստծու քահանան էր»։ Լինելով քահանա՝ նա օրհնեց Աբրահամին և փառաբանեց Աստծուն այն բանի համար, որ հաղթանակ տվեց Աբրահամին իր թշնամիների նկատմամբ (Ծննդ. 14։17–20)։ Հետո, երբ Սոդոմի թագավորը ցանկացավ պարգևատրել Աբրահամին իր մարդկանց փրկելու համար, Աբրահամը երդվեց. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը՝ երդվելով Բարձրյալ Աստված Եհովային՝ երկինքն ու երկիրը Ստեղծողին, որ թելից մինչև սանդալի կապերն անգամ քո ունեցածից մի բան չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ «այդ ես հարստացրի Աբրամին»» (Ծննդ. 14։21–23

ԵՀՈՎԱՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԵՐԴՎՈՒՄ Է

6. ա) Ի՞նչ օրինակ է թողել մեզ Աբրահամը։ բ) Ի՞նչ օգուտ է բերում մեզ Աբրահամի հնազանդությունը։

6 Եհովա Աստված նույնպես երդվել է, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ ինքը իր խոստումները կատարելու է։ Հաճախ ենք հանդիպում հետևյալ արտահայտությանը. ««Կենդանի եմ ես»,— ասում է Գերիշխան Տեր Եհովան» (Եզեկ. 17։16)։ Աստվածաշնչում Եհովան երդվում է ավելի քան 40 անգամ։ Հավանաբար, ամենահայտնին Աբրահամին տված երդումն է։ Տարիների ընթացքում Եհովան մի քանի խոստում է տվել նրան,  և երբ այդ բոլորը կապում ենք իրար, երևում է, որ խոստացված Սերունդը գալու էր Աբրահամի տոհմից՝ Իսահակի միջոցով (Ծննդ. 12։1–3, 7; 13։14–17; 15։5, 18; 21։12)։ Եհովան Աբրահամին պատվիրեց իր սիրելի որդուն զոհաբերել։ Առանց որևէ առարկության՝ Աբրահամը հնազանդվեց և երբ ուր որ է զոհաբերելու էր Իսահակին, Աստծու հրեշտակը կանգնեցրեց նրան։ Այդ ժամանակ Աստված ասաց. «Ինձանով երդվում եմ.... Քանի որ արեցիր այս բանը և չխնայեցիր քո մինուճար որդուն, ես անպատճառ կօրհնեմ քեզ և կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ, և քո սերունդը կտիրի իր թշնամիների դարպասներին։ Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին» (Ծննդ. 22։1–3, 9–12, 15–18

7, 8. ա) Ինչո՞ւ Աստված երդվեց Աբրահամին։ բ) Ի՞նչ օգուտ են ստանում Հիսուսի «ուրիշ ոչխարները» Աբրահամին տրված երդումից։

7 Ինչո՞ւ Աստված Աբրահամին երդվեց, որ իր ասածներն անելու է։ Նա երդվեց, որպեսզի Քրիստոսի ժառանգակիցները, որոնք խոստացված «սերնդի» երկրորդական մասն են, վստահությամբ լցվեն և նրանց հավատը ամրանա (կարդա՛ Եբրայեցիներ 6։13–18; Գաղ. 3։29)։ Ինչպես Պողոս առաքյալը բացատրեց, Եհովան «երդում ավելացրեց իր խոսքին, որպեսզի երկու անփոփոխ բաների [իր խոստման և երդման] միջոցով, որոնց դեպքում անհնար է, որ Աստված սուտ խոսի, մենք.... մեծ քաջալերություն ստանանք մեր առջև դրված հույսը ամուր բռնելու համար»։

Աբրահամը շուտով իր աչքերով կտեսնի, որ Եհովայի խոստումները կատարվել են

8 Միայն օծյալ քրիստոնյաները չեն, որ օգուտ են քաղում Աբրահամին տրված երդումից։ Եհովան երդվեց, որ Աբրահամի «սերնդի» միջոցով «երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն» (Ծննդ. 22։18)։ Այդ օրհնվածների մեջ են Քրիստոսի «ուրիշ ոչխարները», որոնց առջև նա երկրային դրախտում հավիտյան ապրելու հույսն է դրել (Հովհ. 10։16)։ Անկախ նրանից՝ երկնային հույս ունես, թե երկրային, «ամուր բռնիր» այդ հույսից՝ շարունակելով հնազանդ մնալ Աստծուն (կարդա՛ Եբրայեցիներ 6։11, 12

ՈՒՐԻՇ ԵՐԴՈՒՄՆԵՐ

9. Ի՞նչ երդվեց Աստված, երբ Աբրահամի հետնորդները ստրուկներ էին Եգիպտոսում։

9 Դարեր անց Եհովան դարձյալ երդվեց վերոհիշյալ խոստումների առնչությամբ։ Նա Մովսեսին ուղարկեց խոսելու Աբրահամի հետնորդների հետ, որոնք այդ ժամանակ ստրուկներ էին Եգիպտոսում (Ելք 6։6–8)։ Այդ ժամանակների վերաբերյալ Աստված ասաց. «Այն օրը, երբ ընտրեցի Իսրայելին.... ձեռքս բարձրացնելով՝  երդվեցի նրանց, որ կհանեմ Եգիպտոսից ու կտանեմ մի երկիր, որը հետախուզել էի նրանց համար, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում» (Եզեկ. 20։5, 6

10. Իսրայելացիներին Եգիպտոսից հանելուց հետո ի՞նչ խոստացավ Աստված նրանց։

10 Իսրայելացիներին Եգիպտոսից ազատագրելուց հետո Եհովան մեկ ուրիշ բան երդվեց նրանց. «Եթե ամեն ինչում հնազանդվեք իմ ձայնին ու պահեք իմ ուխտը, այդ դեպքում մնացած բոլոր ժողովուրդների միջից իմ հատուկ սեփականությունը կդառնաք, որովհետև ամբողջ երկիրը ինձ է պատկանում։ Ինձ համար դուք քահանաների թագավորություն և սուրբ ազգ կդառնաք» (Ելք 19։5, 6)։ Ի՜նչ մեծ պատիվ Աստված տվեց Իսրայելին։ Դա նշանակում էր, որ եթե այդ ազգը հնազանդվեր իրեն, ապա իսրայելացիներից ոմանք կարող էին հույս ունենալ, որ կլինեն այն քահանաներից, որոնց թագավորությունը օրհնելու էր մարդկությանը։ Հետագայում Եհովան, խոսելով այն մասին, թե ինչ է արել Իսրայելի համար, ասաց. «Երդում տվեցի ու քեզ հետ ուխտի մեջ մտա» (Եզեկ. 16։8

11. Ինչպե՞ս Իսրայելը արձագանքեց Աստծու՝ իր հետ հատուկ փոխհարաբերությունների մեջ մտնելու առաջարկին։

11 Այդ ժամանակ Եհովան չպարտավորեցրեց իսրայելացիներին երդվել, որ իրենք հնազանդ կլինեն, ոչ էլ ստիպեց իր հետ հատուկ փոխհարաբերությունների մեջ մտնել։ Իսրայելացիները կամովին ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք» (Ելք 19։8)։ Երեք օր անց Աստված իր ընտրյալ ազգին ասաց, թե ինչ է ակնկալում նրանից։ Նա տվեց Տասը պատվիրանները, հետո Մովսեսի միջոցով հայտնեց մյուս բաները, որ ինքը սպասում էր իսրայելացիներից (այս մասին գրված է Ելք 20։22–23։33-ում)։ Ի՞նչ պատասխանեց Իսրայելը։ «Ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի ասած բոլոր խոսքերը կանենք»» (Ելք 24։3)։ Հետո Մովսեսը օրենքները գրի առավ «ուխտի գրքում» և բարձրաձայն կարդաց դրանք, որպեսզի ողջ ազգը նորից լսի։ Դրանից հետո ժողովուրդը երրորդ անգամ երդվեց. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու հնազանդ կլինենք» (Ելք 24։4, 7, 8

12. Ինչպե՞ս արձագանքեցին Եհովան և Իսրայելը օրենքի ուխտով առաջացած իրենց պարտավորությունների կատարմանը։

12 Եհովան անմիջապես սկսեց կատարել Օրենքի ուխտով առաջացած իր պարտավորությունները։ Նա պատվիրեց երկրպագության վրան պատրաստել և նշանակեց քահանաների, որոնց միջոցով մեղավոր մարդիկ կարող էին մոտենալ իրեն։ Բայց Իսրայելը շատ շուտ մոռացավ, որ նվիրվել է Աստծուն և «ցավ պատճառեց Իսրայելի Սրբին» (Սաղ. 78։41)։ Օրինակ՝ մինչ Մովսեսը Սինա լեռան վրա հրահանգներ էր ստանում Եհովայից, իսրայելացիները կորցրին համբերությունը և Աստծու հանդեպ հավատը՝ մտածելով, որ Մովսեսը լքել է իրենց։ Նրանք ոսկե հորթ պատրաստեցին և ասացին. «Ո՛վ Իսրայել, սա է քո Աստվածը, որը հանեց քեզ Եգիպտոսից» (Ելք 32։1, 4)։ Հետո արեցին այն, ինչն անվանեցին «տոն Եհովայի պատվին». նրանք խոնարհվեցին հորթի առջև, զոհեր մատուցեցին։ Սա տեսնելով՝ Եհովան Մովսեսին ասաց. «Նրանք արագ շեղվեցին այն ճանապարհից, որով պատվիրեցի, որ գնան» (Ելք 32։5, 6, 8)։ Ցավոք, այդ ժամանակից սկսած, Իսրայելը սովորություն դարձրեց Աստծուն խոստումներ տալը և չկատարելը (Թվեր 30։2

ԵՐԿՈՒ ՈՒՐԻՇ ԵՐԴՈՒՄ

13. Ի՞նչ երդում տվեց Աստված Դավիթ թագավորին, և դա ինչպե՞ս է առնչվում խոստացված Սերնդին։

13 Դավիթ թագավորի օրոք Եհովան երկու ուրիշ երդում տվեց, որոնք օգտակար էին լինելու բոլոր նրանց համար,  ովքեր կհնազանդվեին իրեն։ Առաջին՝ նա երդվեց Դավթին, որ նրա գահը հավիտյան պիտի լինի (Սաղ. 89։35, 36; 132։11, 12)։ Սա նշանակում էր, որ խոստացված Սերունդը կոչվելու էր «Դավթի Որդի» (Մատթ. 1։1; 21։9)։ Դավիթը խոնարհաբար իր ապագա ժառանգին «Տեր» անվանեց, որովհետև Քրիստոսը իրենից բարձր դիրք էր ունենալու (Մատթ. 22։42–44

14. Ի՞նչ երդում է տվել Եհովան խոստացված Սերնդի վերաբերյալ, և դա ի՞նչ օգուտ է բերում մեզ։

14 Երկրորդ՝ Եհովայի ներշնչանքով՝ Դավիթը կանխագուշակեց, որ ապագա Թագավորը ծառայելու է նաև որպես մարդկության Քահանայապետ։ Իսրայելում նույն մարդը չէր կարող լինել և՛ թագավոր, և՛ քահանա։ Քահանաները Ղևիի ցեղից էին, իսկ թագավորները՝ Հուդայի։ Բայց իր հռչակավոր ժառանգի մասին Դավիթը կանխագուշակեց. «Սա է Եհովայի խոսքը իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»։ Եհովան երդվել է (և չի ափսոսա). «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»» (Սաղ. 110։1, 4)։ Այս մարգարեությունը կատարվել է, և այսօր Հիսուս Քրիստոսը իշխում է երկնքից։ Նա նաև ծառայում է որպես Քահանայապետ՝ օգնելով զղջացող մարդկանց Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու (կարդա՛ Եբրայեցիներ 7։21, 25, 26

ԱՍՏԾՈՒ ՆՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ

15, 16. ա) Որո՞նք են Աստվածաշնչում նշված երկու Իսրայելները, և որի՞ն է Աստված այսօր օրհնում։ բ) Ի՞նչ պատվիրեց Հիսուսը երդում տալու մասին։

15 Հիսուս Քրիստոսին մերժելու պատճառով Իսրայել ազգը վերջնականապես կորցրեց իր առանձնաշնորհյալ դիրքը Աստծու առաջ ու այլևս չէր կարող «քահանաների թագավորություն» դառնալու հեռանկար ունենալ։ Հիսուսը հրեա առաջնորդներին ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43)։ Նոր ազգը ծնվեց մ.թ. 33-ի Պենտեկոստեին, երբ Աստված իր ոգին թափեց Հիսուսի՝ Երուսաղեմում հավաքված մոտ 120 աշակերտների վրա։ Նրանք «Աստծու Իսրայելն» էին, որի անդամների թիվը շուտով հասավ հազարների և որը բաղկացած էր տարբեր ազգերի մարդկանցից (Գաղ. 6։16

16 Ի տարբերություն մարմնավոր Իսրայելի՝ հոգևոր Իսրայելը, միշտ հնազանդվելով Աստծուն, առատ պտուղ է բերում։ Այն պատվիրաններից մեկը, որին նրանք հնազանդվում են, վերաբերում է երդումներ տալուն։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, մարդիկ չարաշահում էին երդում տալը. նրանք սուտ երդումներ էին տալիս կամ էլ երդվում էին անհեթեթ բաների վերաբերյալ (Մատթ. 23։16–22)։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Ընդհանրապես մի՛ երդվիր.... Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ, որովհետև սրանից ավելին Չարից է» (Մատթ. 5։34, 37

Եհովան իր խոստումները միշտ կատարում է

17. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Նշանակո՞ւմ է սա, որ երդում տալը միշտ է սխալ։ Բայց ավելի կարևոր հարց է այն, թե ինչ է նշանակում «թող ձեր «այո»-ն այո լինի»։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։ Եթե շարունակենք խորհրդածել Աստծու Խոսքի շուրջ, մենք միշտ կցանկանանք հնազանդվել Աստծուն։ Այդ դեպքում Եհովան հավիտյան կօրհնի մեզ՝ իր չքնաղ խոստումների համաձայն։