Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Մի՛ վախեցիր կյանքի հարվածներից

Մի՛ վախեցիր կյանքի հարվածներից

«Աստված մեզ համար ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (ՍԱՂ. 46։1

1, 2. Ի՞նչ դժվարությունների են բախվում մարդիկ, և ի՞նչ պետք է անեն Աստծու ծառաները։

ՄԵՆՔ ապրում ենք ծանր ժամանակներում։ Երկրաշարժեր, ցունամիներ, հրդեհներ, ջրհեղեղներ, հրաբխային ժայթքումներ, տոռնադոներ, թայֆուններ, փոթորիկներ. ամենուրեք աղետներ են տեղի ունենում, որոնք մեծ տառապանքներ են պատճառում մարդկանց։ Այո՛, «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Այս դժվարություններին ավելանում են ընտանեկան ու միջանձնային խնդիրները։

2 Ընդհանուր առմամբ, Աստծու ժողովուրդը կարողանում է դիմանալ կյանքի այս դժվարություններին։ Այդուհանդերձ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած դժվարության, որ դեռ կարող է լինել, մինչ այս համակարգը մոտենում է իր վախճանին։ Ինչպե՞ս կարող ենք տոկալ ծանր ժամանակներում։ Ի՞նչը կօգնի մեզ չվախենալու կյանքի հարվածներից։

ՍՈՎՈՐԻՐ ՆՐԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ՉՎԱԽԵՑԱՆ

3. Ծանր հանգամանքներում ինչպե՞ս կարող ենք մխիթարվել (Հռոմ. 15։4)։

3 Մարդիկ միշտ են խնդիրներ ունեցել, բայց, կարող ենք ասել, մեր ժամանակներում դրանք ավելի են շատացել։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Աստծու որոշ ծառաներից, որոնք չեն վախեցել խնդիրներից և տոկացել են (Հռոմ. 15։4

4. Ի՞նչ դժվարությունների միջով անցավ Դավիթը, և ի՞նչը օգնեց նրան։

4 Դավիթը բազմաթիվ խնդիրներ ունեցավ կյանքում։ Օրինակ՝ Սավուղ թագավորը զայրացած էր նրա վրա և հետապնդում էր նրան։ Դավիթը նաև թշնամական հարձակումների ենթարկվեց, նրա կանանց գերության տարան, մտերիմ մարդը դավաճանեց նրան։ Երբեմն էլ նա խիստ ընկճվում էր (1 Սամ. 18։8, 9; 30։1–5; 2 Սամ. 17։1–3; 24։15, 17; Սաղ. 38։4–8)։ Աստվածաշնչից հստակ երևում է, որ Դավիթը մեծ տառապանքներ է կրել։ Բայց խնդիրները չթուլացրին նրան հոգևորապես։  Հավատով լի՝ Դավիթն ասաց. «Եհովան է իմ կյանքի ամրոցը։ Ումի՞ց պիտի ես դողամ» (Սաղ. 27։1; կարդա՛ Սաղմոս 27։5, 10

5. Ի՞նչը օգնեց Աբրահամին և Սառային դիմագրավելու դժվարությունները։

5 Աբրահամն ու Սառան պանդուխտներ էին օտար երկրներում և կյանքի մեծ մասն անցկացրին վրաններում։ Նրանք տեսան սով, հարևան ազգերի կողմից՝ վտանգներ և այլ դժվարություններ։ Բայց նրանք վախեցողներից չէին և դիմագրավեցին այս բոլոր խնդիրները (Ծննդ. 12։10; 14։14–16)։ Ինչի՞ շնորհիվ դա նրանց հաջողվեց։ Աստծու Խոսքն ասում է, որ Աբրահամը «սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11։8–10)։ Նա և իր կինը իրենց հայացքը հառել էին առջևում եղած բաներին և թույլ չտվեցին, որ դժվար կյանքը դժբախտ դարձնի իրենց։

6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբին։

6 Հոբը շատ ծանր ճնշումների ենթարկվեց։ Պատկերացրու, թե նա ինչ զգաց, երբ իր կյանքում ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ (Հոբ 3։3, 11)։ Նա լիովին չէր կարողանում հասկանալ, թե ինչու այդ ամենը պատահեց իրեն, ինչը ավելի ծանր էր դարձնում նրա վիճակը։ Բայց Հոբը չկոտրվեց ճնշման տակ։ Նա պահեց իր անարատությունը, նրա հավատը Աստծու հանդեպ չսասանվեց (կարդա՛ Հոբ 27։5)։ Աստծու այս ծառան հրաշալի օրինակ է բոլորիս համար։

7. ա) Ի՞նչ դժվարություններ ունեցավ Պողոսը Աստծուն ծառայելիս։ բ) Ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ նա, որի շնորհիվ անվախորեն շարունակեց իր ծառայությունը։

7 Պողոս առաքյալը «վտանգների մեջ է եղել քաղաքում, անապատում և ծովում», «քաղցած ու ծարավ է մնացել», «ցրտահար ու մերկ» է եղել, նավաբեկությունների ենթարկվել և, հավանաբար, դրա պատճառով «մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ բաց ծովում անցկացրել» (2 Կորնթ. 11։23–27)։ Չնայած այդ ամենին՝ նա շարունակեց քաջ մնալ։ Ի՞նչն էր Աստծու այս ծառային համարձակություն տալիս։ Մի անգամ նա այն բանից հետո, երբ հազիվ էր մահից ազատվել, գրեց. «Սա եղավ, որպեսզի ոչ թե ինքներս մեզ ապավինենք, այլ Աստծուն, որը հարություն է տալիս մահացածներին։ Այնպիսի մեծ բանից, ինչպիսին որ մահն է, նա ազատեց մեզ ու կազատի էլ» (2 Կորնթ. 1։8–10)։ Քիչ են այն մարդիկ, ովքեր, Պողոսի պես, այսքան շատ դժվարություններ են կրել։ Այդուհանդերձ, շատերիս ծանոթ են նրա զգացումները, ուստի նրա օրինակը կարող է մխիթարել մեզ։

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԽԵՂԴԵՆ ՔԵԶ

8. Այսօրվա խնդիրները ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։ Բացատրիր օրինակով։

8 Այսօրվա աշխարհում, որը լի է դժբախտություններով ու խնդիրներով, մարդիկ իրենց խիստ ճնշված են զգում։ Նույնիսկ քրիստոնյաներից ոմանք են ճնշվածության զգացում ունենում։ Լանին *, որը ամուսնու հետ Ավստրալիայում ծառայում էր լիաժամ, ասում է, որ երբ իմացավ, որ կրծքի քաղցկեղ ունի, շանթահարվեց։ Նա պատմում է. «Բուժման կուրսից ինքնազգացողությունս խիստ վատացավ։ Թերարժեքության զգացումով լցվեցի»։ Այս դժվարություններին ավելանում էր այն, որ Լանիի ամուսնու ողնաշարը վիրահատել էին, և Լանին պետք է հոգար նրա մասին։ Ի՞նչ կարող ենք անել նման իրավիճակներում։

9, 10. ա) Ի՞նչ չպետք է թույլ տանք Սատանային։ բ) Չնայած «բազում նեղություններին»՝ ինչպե՞ս կարող ենք «մտնել Աստծու թագավորությունը»։

9 Մենք չպետք է մոռանանք, որ Սատանան ուզում է նեղությունների միջոցով քայքայել մեր հավատը և խլել մեր ուրախությունը։ Բայց մենք չպետք է թույլ տանք նրան դա անելու։ Առակներ 24։10-ում գրված է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Աստվածաշնչային օրինակների շուրջ խորհելը, ինչպիսիք վերևում բերվածներն են, կօգնի մեզ քաջությամբ ընդունելու կյանքի հարվածները։

10 Լավ կլինի նաև հիշել, որ չենք կարող լուծել բոլոր խնդիրները։ Ավելին, կարող  ենք սպասել, որ խնդիրներ կլինեն (2 Տիմոթ. 3։12Գործեր 14։22-ում ասվում է. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»։ Վհատվելու փոխարեն՝ եկեք դժվարությունները դիտենք որպես հնարավորություն՝ փաստելու, որ հավատում ենք, որ Աստված կարող է օգնել մեզ։

11. Ի՞նչ կարող ենք անել, որ կյանքի դժվարությունները չվհատեցնեն մեզ։

11 Մենք պետք է կենտրոնանանք դրական բաների վրա։ Աստվածաշունչն ասում է. «Ուրախ սիրտը ուրախ է դարձնում դեմքը, բայց սրտի ցավի պատճառով ոգին խոցվում է» (Առակ. 15։13)։ Բժշկական բնագավառի հետազոտողները վաղուց նկատել են, որ դրական մտածելակերպը բուժիչ ազդեցություն ունի։ Բազմաթիվ հիվանդներ, որոնց տվել են իրականում բուժիչ ազդեցություն չունեցող հաբեր (պլացեբո), իրենց լավ են զգացել, որովհետև մտածել են, որ «դեղը» օգնելու է։ Հակառակ էֆեկտը (նոցեբո) նույնպես գրանցվել է. հիվանդների առողջությունը վատացել է միայն այն պատճառով, որ նրանց ասել էին, թե «դեղը» կողմնակի բացասական ազդեցություն ունի։ Եթե անընդհատ անհանգստանանք այն բաների համար, որոնք չենք կարող փոխել, ապա, ի վերջո, ուժասպառ կլինենք։ Բայց Եհովան մեզ «պլացեբո» չի տալիս։ Նա տալիս է իրակա՛ն օգնություն. Աստված մեզ զորացնում է իր Խոսքի, մեր եղբայրության և սուրբ ոգու միջոցով։ Բացասականի մասին անդադար մտածելու փոխարեն՝ եկեք անենք գործնական քայլեր՝ խնդիրներին դիմակայելու և կյանքի դրական կողմերի վրա կենտրոնանալու համար (Առակ. 17։22

12, 13. ա) Ի՞նչն է օգնել Աստծու ծառաներին դիմանալու աղետներին։ Բացատրիր օրինակով։ բ) Աղետի ժամանակ ինչպե՞ս է ակնհայտ դառնում, թե ինչն է ամենակարևորը մեզ համար։

12 Վերջերս մի քանի երկրներում խոշոր աղետներ եղան։ Այդ երկրներում ապրող մեր հավատակիցները ուշագրավ տոկունություն դրսևորեցին։ 2010թ. սկզբում Չիլիում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որին հետևեց ցունամին։ Մեր հավատակիցներից շատերը կորցրին տները և ունեցվածքը։ Որոշ եղբայրներ ու քույրեր ընդհանրապես զրկվեցին ապրուստի միջոցներից։ Բայց հետաքրքիր է, որ նրանք չդադարեցրին իրենց հոգևոր գործունեությունը։ Սամուելը, որի տունը գետնին էր հավասարվել, ասաց. «Նույնիսկ այդ ժամանակ ես ու կինս երբեք չդադարեցինք հանդիպումներին հաճախելուց և քարոզելուց։ Կարծում եմ, որ հենց այս սովորությունների շնորհիվ մենք չվհատվեցինք»։ Շատերի պես՝ Սամուելն ու նրա կինը չվախեցան աղետի հետևանքներից և շարունակեցին եռանդորեն ծառայել Եհովային։

13 2009թ. սեպտեմբերին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի 80 տոկոսից ավելին անցել էր ջրի տակ տեղատարափ անձրևների պատճառով։ Մի հարուստ մարդ, որ շատ բան էր կորցրել, ասաց. «Ջրհեղեղը հավասարեցնում է բոլորին։ Այն դժվարություններ ու տառապանքներ է բերում թե՛ հարուստին, թե՛ աղքատին»։ Նրա խոսքերը հիշեցնում են Հիսուսի իմաստուն խորհուրդը. «Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում» (Մատթ. 6։20)։ Նյութական բաները կարող են շատ արագ անհետանալ, ուստի կյանքը դրանց շուրջ կառուցելը հաճախ հիասթափություն է բերում։ Իսկ որպեսզի նման հիասթափություն չապրենք, իմաստուն կլինի առաջին տեղում դնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունը, որովհետև ոչ մի աղետ և ընդհանրապես որևէ բան չի կարող «ավերել» այն (կարդա՛ Եբրայեցիներ 13։5, 6

ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՆՔ

14. Ինչո՞ւ վախենալու ոչ մի պատճառ չունենք։

14 Հիսուսն ասաց. «Մի՛ սարսափեք» (Ղուկ. 21։9)։ Նա այս խոսքերն ասաց, որովհետև լավ գիտեր, որ իր ներկայության ժամանակները ծանր ժամանակներ են լինելու։ Մենք հիմա ապրում ենք այդ ժամանակներում, բայց վախենալու ոչ մի պատճառ չունենք, որովհետև Հիսուսը՝  մեր Թագավորը, և տիեզերքի Արարիչը՝ Եհովան, մեր թիկունքին են կանգնած։ Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության, սիրո և ողջամտության» (2 Տիմոթ. 1։7

15. ա) Ովքե՞ր էին խորապես համոզված, որ Աստված իրենց թիկունքին է։ բ) Բացատրիր, թե ինչպես կարող ենք նրանց պես անվախ լինել։

15 Դավիթն ասաց. «Եհովան իմ զորությունն է և իմ վահանը։ Նրան է սիրտս ապավինում, ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է» (Սաղ. 28։7)։ Պողոսը գրեց. «Այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ» (Հռոմ. 8։37)։ Հիսուսն ասաց. «Ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է» (Հովհ. 16։32)։ Ի՞նչ են ցույց տալիս այս բոլոր խոսքերը։ Թե՛ Դավիթը, թե՛ Պողոսը և թե՛ Հիսուսը լիովին վստահում էին Եհովային։ Նրանք մտերիմ փոխհարաբերություններ ունեին Աստծու հետ։ Նրանք բոլորն էլ խորապես համոզված էին, որ Աստված իրենց թիկունքին է կանգնած։ Եթե մենք էլ նրանց պես վստահենք Եհովային, ապա նա մեզ կտա քաջ սիրտ, և մենք չենք վախենա կյանքի հարվածներից (կարդա՛ Սաղմոս 46։1–3

ԻՆՉՊԵՍ Է ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ

16. Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Աստծու Խոսքը։

16 Անվախ լինել չի նշանակում ապավինել սեփական ուժերին։ Անվախությունը Աստծուն ճանաչելու և նրան ապավինելու պտուղն է, որը կարող ենք քաղել, եթե ուսումնասիրենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Մի քույր, որ տառապում է դեպրեսիայից, ասում է, թե ինչն է իրեն օգնում. «Ես անընդհատ կարդում եմ այն հատվածները, որոնք առավել մխիթարական են»։ Մենք ստացել ենք առաջնորդություն, որ կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անենք։ Հնազանդվո՞ւմ ենք այս խորհրդին։ Ընտանեկան երկրպագության շնորհիվ կունենանք սաղմոսերգուի տրամադրվածությունը։ Նա ասաց. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում» (Սաղ. 119։97

17. ա) Ի՞նչը կարող է օգնել մեզ կյանքի դժվարություններում։ բ) Մեր հրատարակություններում տպագրված որևէ կենսագրություն ինչպե՞ս է օգնել քեզ։

17 Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները նույնպես կարող են օգնել մեզ ավելի շատ վստահելու Եհովային ու չվախենալու դժվարություններից։ Ասիայում ապրող մի քույր, որը տառապում է տրամադրության երկբևեռ խանգարումից, կարդաց մի եղբոր կենսագրություն, որը նախկինում ծառայել էր միսիոներ և նրա պես տառապում էր այդ խանգարումից։ Քույրը գրեց. «Այդ հոդվածն օգնեց հասկանալու իմ խնդիրը և ինձ հուսադրեց»։

Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել քեզ դժվար պահերին

18. Ինչո՞ւ պետք է աղոթենք Եհովային։

18 Աղոթքը կարող է օգնել բոլոր իրավիճակներում։ Պողոս առաքյալը շեշտեց աղոթքի կարևորությունը՝ ասելով. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության  հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Հնարավորին չափ հաճա՞խ ես աղոթում Եհովային, որ օգնի քեզ դժվար իրավիճակներում։ Ալիքս անունով մի եղբայր, որն ապրում է Մեծ Բրիտանիայում և երկար ժամանակ տառապել է դեպրեսիայից, ասում է. «Եհովայի հետ խոսելը և Աստվածաշնչի միջոցով նրան լսելը ինձ համար փրկօղակ է եղել»։

19. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք ժողովի հանդիպումների մասին։

19 Մեկ այլ միջոց է ժողովի հանդիպումներին հաճախելը և այնտեղ հավատակիցների հետ շփվելը։ Սաղմոսերգուն գրեց. «Հոգիս Եհովայի գավիթներին է փափագում և մաշվում է դրանց համար» (Սաղ. 84։2)։ Ունե՞նք այսպիսի տրամադրվածություն։ Լանին, որի խոսքերը մեջբերեցինք վերևում, շեշտում է, որ իր համար շատ կարևոր է ներկա լինել բոլոր հանդիպումներին և լինել հավատակիցների հետ. «Հանդիպումներին հաճախելը ինձ համար ընտրության հարց չէ։ Ես գիտեմ, որ պե՛տք է այնտեղ լինեմ, որպեսզի Եհովայից օգնություն ստանամ»։

20. Քարոզչական գործին մասնակցելն ինչպե՞ս է օգնում, որ անվախ լինենք։

20 Թագավորության քարոզչության գործում շարունակ ակտիվ լինելը նույնպես օգնում է, որ անվախ լինենք (1 Տիմոթ. 4։16)։ Ավստրալիայում ապրող մի քույր, որը բազմաթիվ խնդիրներ ուներ, ասում է. «Այդ ժամանակ քարոզելու տրամադրություն ընդհանրապես չունեի, բայց մի անգամ երեցներից մեկը հրավիրեց ծառայության, և ես գնացի։ Կարող եմ ասել, որ Եհովան ինձ օգնում էր, որովհետև ամեն անգամ, երբ գնում էի ծառայության, ինձ երջանիկ էի զգում» (Առակ. 16։20)։ Շատերն են զգացել, որ երբ օգնում են ուրիշներին ամրացնելու իրենց հավատը, հենց իրենց հավատն է ամրանում։ Այդպես նրանք իրենց միտքը հեռու են պահում խնդիրներից և կենտրոնանում են ավելի կարևոր բաների վրա (Փիլիպ. 1։10, 11

21. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

21 Եհովան բազմաթիվ միջոցներ է տվել իր ծառաներին, որպեսզի նրանք կարողանան տոկալ այսօրվա խնդիրների ներքո։ Եթե լիովին օգտվենք այդ բոլոր միջոցներից, խորհրդածենք Աստծու անվախ ծառաների օրինակի շուրջ և ընդօրինակենք նրանց, ապա կարող ենք վստահ լինել, որ չենք կոտրվի ճնշումների ծանրության տակ։ Ճիշտ է, քանի դեռ այս համակարգը չի հասել իր վախճանին, մեր կյանքում վատ բաներ կարող են պատահել։ Այդուհանդերձ, Պողոսի պես կարող ենք ասել. «Վայր ենք գցված, բայց ոչ կործանված.... Դրա համար էլ մենք չենք հանձնվում» (2 Կորնթ. 4։9, 16)։ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք անվախորեն ընդունել կյանքի հարվածները (կարդա՛ 2 Կորնթացիներ 4։17, 18

^ պարբ. 8 Որոշ անուններ փոխված են։