Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Ի՞նչ ոգի ես ցուցաբերում

Ի՞նչ ոգի ես ցուցաբերում

«Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար» (ՓԻԼԻՄ. 25

1. Ինչի՞ հույս հայտնեց Պողոսը իր մի քանի նամակներում։

ԻՐ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ Պողոս առաքյալը մի քանի անգամ հույս հայտնեց, որ Աստծուն և Քրիստոսին հաճելի կլինի ժողովների ցուցաբերած ոգին։ Օրինակ՝ գաղատացիներին նա գրեց. «Եղբայրնե՛ր, թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար։ Ամեն» (Գաղ. 6։18)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ «ձեր ցուցաբերած ոգի» ասելով։

2, 3. ա) Պողոսը «ոգի» բառը երբեմն ի՞նչ իմաստով է օգտագործել։ բ) Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։

2 «Ոգի» բառը այս համատեքստում վերաբերում է այն ներքին ուժին, որը մղում է մեզ ասելու կամ անելու այս կամ այն բանը։ Օրինակ՝ մարդը կարող է լինել մեծահոգի, ուշադիր, մեղմ, առատաձեռն, ներողամիտ։ Աստվածաշունչը դրական է արտահայտվում այն մարդու մասին, ով «հանդարտ ու մեղմ ոգի» ունի, ով «ոգով անվրդով» է (1 Պետ. 3։4; Առակ. 17։27)։ Սակայն մարդը կարող է լինել նաև ծաղրող, նյութապաշտ, շուտ վիրավորվող կամ էլ անկախության ոգի դրսևորող։ Իսկ որ ավելի վատ է, նա կարող է ունենալ այնպիսի ոգի, որը դրդի նրան անմաքուր մտքեր ունենալու և նույնիսկ Աստծու դեմ դուրս գալու։

3 Ուստի, երբ Պողոսն ասաց՝ «Տերը քեզ հետ լինի քո ցուցաբերած ոգու համար», նա դրանով հորդորում էր իր եղբայրներին դրսևորելու այնպիսի ոգի, որը ներդաշնակ է Աստծու կամքին և Քրիստոսի հատկություններին (2 Տիմոթ. 4։22; կարդա՛ Կողոսացիներ 3։9–12)։ Լավ կլինի, եթե ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչ ոգի եմ ցուցաբերում։ Ինչպե՞ս կարող եմ լիարժեքորեն դրսևորել աստվածահաճո ոգի և ինչպե՞ս կարող եմ օգնել ժողովի անդամներին, որ այդպիսի ոգի դրսևորեն»։ Արևածաղկի դաշտում յուրաքանչյուր արևածաղիկ իր շողացող գլխով նպաստում է ընդհանուր գեղեցկությանը։ Այդպես էլ ամեն մեկս պետք է նպաստի ժողովի գեղեցկությանը։ Ուստի քննենք, թե ինչպես կարող ենք դրսևորել Աստծուն հաճելի ոգի։

ԽՈՒՍԱՓԻՐ ԱՇԽԱՐՀԻ ՈԳՈՒՑ

4. Ի՞նչ է «աշխարհի ոգին»։

4 Աստծու Խոսքում գրված է. «Մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 Կորնթ. 2։12)։ Ի՞նչ է «աշխարհի ոգին»։ Դա այն նույն ոգին է, որի մասին խոսվում է Եփեսացիներ 2։2-ում. «Մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի համակարգի համաձայն, օդի իշխանության իշխանի կամքի համաձայն, այն ոգու, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ»։ Այս «օդը» աշխարհի ոգին է, այսինքն՝ այն մտածելակերպը, որ դրսևորում են աշխարհիկ մարդիկ։ Ինչպես օդը, այն ամենուր է։ Այդ ոգին հաճախ դրսևորվում է այսպես. «ոչ մեկը չպիտի ինձ ասի, թե ես ինչ անեմ», «պայքարիր քո իրավունքների համար»։ Այսպիսի ոգի ունեցող մարդիկ իրականում «անհնազանդության որդիներ» են։

5. Ի՞նչ ոգի դրսևորեցին որոշ իսրայելացիներ։

5 Նման ոգին նոր չէ։ Մովսեսի ժամանակներում Կորխը դուրս եկավ պատասխանատվություն ունեցողների դեմ։ Նա «նշան» էր բռնել հատկապես Ահարոնի և նրա որդիների վրա, որոնք քահանաներ էին։ Կորխը, հավանաբար, տեսնում էր նրանց թերությունները կամ էլ մտածում էր, որ Մովսեսը առաջ է տանում իր հարազատներին և բարեկամներին՝ առանձնաշնորհումներ «բաժանելով» նրանց։ Ինչ էլ որ լիներ պատճառը, ակնհայտ է, որ Կորխը սկսեց իրերին նայել մարդու աչքերով։ Նա Եհովայի կողմից նշանակված մարդկանց անհարգալից կերպով ասաց. «Բավակա՛ն է.... Ինչո՞ւ եք ձեզ Եհովայի ժողովից բարձր դասում» (Թվեր 16։3)։ Դաթանն ու Աբիրոնն էլ դժգոհ էին Մովսեսից ու նրան ասացին, որ նա «ուզում է իրենց վրա լիիրավ իշխան լինել» (Թվեր 16։12–14)։ Երբ Մովսեսը մարդ ուղարկեց, որ նրանք գան իր մոտ, Դաթանն ու Աբիրոնը ամբարտավան կերպով պատասխանեցին. «Չե՛նք գա» (Թվեր 16։12–14)։ Ինչ խոսք, Եհովային դուր չեկավ նրանց դրսևորած ոգին։ Նա մահապատժի ենթարկեց բոլոր ապստամբներին (Թվեր 16։28–35

6. Ինչի՞ց է երևում, որ առաջին դարում ոմանք սխալ ոգի էին դրսևորում, և ո՞րն էր, հավանաբար, պատճառը։

6 Առաջին դարում էլ կային մարդիկ, որոնք քննադատում էին ժողովում իշխանություն ունեցողներին. նրանք «արհամարհում էին տերությունը» (Հուդա 8)։ Հավանաբար, այս մարդիկ դժգոհ էին իրենց առանձնաշնորհումներից և փորձում էին ուրիշներին տրամադրել նշանակում ունեցողների դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր բարեխղճորեն կատարում էին Աստծուց ստացած իրենց պարտականությունները (կարդա՛ 3 Հովհաննես 9, 10

7. Ինչի՞ց պետք է զգուշանանք ժողովում։

7 Ակնհայտ է, որ նման ոգին տեղ չպիտի ունենա քրիստոնեական ժողովում, ուստի բոլորս պետք է զգույշ լինենք, որ չդրսևորենք այսպիսի ոգի։ Ժողովի երեցները կատարյալ չեն, ինչպես որ կատարյալ չէին Մովսեսի և Հովհաննեսի օրերում պատասխանատվություն ունեցողները։ Երեցները գուցե անեն այնպիսի սխալներ, որոնք կարող են անդրադառնալ անձամբ մեզ վրա։ Եթե նման բան տեղի ունենա, ապա շատ անպատշաճ կլինի, եթե ժողովի անդամը արձագանքի աշխարհի ոգուն հատուկ ձևով՝ պահանջելով «արդարություն» կամ պնդելով, որ երեցները «զբաղվեն այսինչ եղբոր կամ քրոջ հարցով»։ Եհովան գուցե որոշի աչք փակել երեցների կատարած որոշ փոքր սխալների վրա։ Չե՞նք կարող մենք էլ նրա պես վարվել։ Ցավոք, լուրջ մեղք գործած որոշ հավատակիցներ երեցներից դժգոհ լինելու պատճառով հրաժարվել են հանդիպել իրավական կոմիտեի հետ, որը կազմվել էր իրենց օգնելու համար։ Սա նման է այն բանին, երբ հիվանդը հրաժարվում է լավ բժշկի նշանակած բուժումից զուտ այն պատճառով, որ նրա մեջ ինչ-որ բան իրեն դուր չի եկել։

8. Ո՞ր սուրբգրային համարները կօգնեն մեզ ճիշտ տեսակետ ունենալու երեցների մասին։

 8 Ի՞նչը կօգնի մեզ խուսափելու այսպիսի ոգուց։ Մենք կարող ենք հիշել, որ Հիսուսը, ըստ աստվածաշնչյան մի դրվագի, «իր աջ ձեռքում յոթ աստղ ունի»։ Այդ «աստղերը» խորհրդանշում են օծյալ վերակացուներին, իսկ սկզբունքորեն՝ ժողովի բոլոր վերակացուներին։ Քանի որ «աստղերը» գտնվում են Հիսուսի ձեռքում, նա կարող է առաջնորդել նրանց այնպես, ինչպես որ հարմար է գտնում (Հայտն. 1։16, 20)։ Այլ խոսքով՝ Հիսուսը, լինելով քրիստոնեական ժողովի Գլուխ, լիովին վերահսկում է ժողովների երեցների խորհուրդները։ Եթե որևէ երեց իսկապես ուղղվելու կարիք ունի, նա, ում «աչքերը կրակի բոցի պես» են, հոգ կտանի, որ այդ եղբորը համապատասխան ժամանակին ճիշտ ձևով օգնեն (Հայտն. 1։14)։ Իսկ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, մենք պետք է շարունակենք հարգել սուրբ ոգով նշանակված տղամարդկանց, որովհետև Պողոսն ասաց. «Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17

Հիսուսն իր ձեռքում ունի յոթ աստղերը։ Անդրադառնո՞ւմ է դա այն բանի վրա, թե ինչպես ես արձագանքում խորհրդին

9. ա) Ի՞նչ կարող է ի հայտ գալ, երբ խորհուրդ ենք ստանում կամ զրկվում ենք առանձնաշնորհումից։ բ) Ինչպե՞ս ճիշտ կլինի արձագանքել խորհրդին։

9 Այն, թե ինչ ոգի ունենք, կարող է երևալ նաև այն ժամանակ, երբ խորհուրդ ենք ստանում կամ որևէ առանձնաշնորհումից զրկվում ենք։ Ժողովներից մեկում երեցները սիրով և բարյացակամորեն խորհուրդ տվեցին մի երիտասարդ եղբոր բռնություն պարունակող տեսախաղեր  խաղալու վերաբերյալ։ Ցավոք, եղբայրը չընդունեց խորհուրդը և, ի վերջո, զրկվեց ծառայող օգնականի նշանակումից, որովհետև այլևս չէր համապատասխանում սուրբգրային չափանիշներին (Սաղ. 11։5; 1 Տիմոթ. 3։8–10)։ Դրանից հետո այդ եղբայրը սկսեց ամենուրեք հայտարարել, որ ինքը համաձայն չէ երեցների որոշմանը, և բազմաթիվ նամակներ գրեց մասնաճյուղ՝ քննադատելով նրանց։ Նա նույնիսկ փորձեց ժողովի անդամներին դրդել նամակներ գրելու մասնաճյուղ։ Ճշմարտությունն այն է, որ եթե փորձենք արդարացնել մեր գործողությունները, մենք դրանով վտանգի տակ կդնենք ողջ ժողովի խաղաղությունը. նման գործելակերպը ոչ մի լավ բանի չի բերի։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե առանց դժգոհելու ընդունենք խորհուրդը և այն դիտենք որպես հնարավորություն՝ տեսնելու, թե որ հարցում ենք թերանում (կարդա՛ Ողբ 3։28, 29

10. ա) Ըստ Հակոբոս 3։16–18 համարների՝ ժողովում ինչպիսի՞ ոգի պետք է դրսևորենք և ինչպիսի՞ ոգի չպետք է դրսևորենք։ բ) Ո՞րն է «վերին իմաստություն» դրսևորելու արդյունքը։

10 Հակոբոս 3։16–18 համարները շատ լավ բացատրում են, թե ինչպիսի ոգի պետք է դրսևորենք ժողովում և ինչպիսի ոգի չպետք է դրսևորենք։ Կարդում ենք. «Որտեղ նախանձ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։ Սակայն վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության։ Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում»։ Երբ ներդաշնակ ենք վարվում «վերին իմաստությանը», մենք նպաստում ենք ժողովի դրական ոգուն։

ՀԱՐԳԱԼԻՑ ՈԳԻ՝ ԺՈՂՈՎՈՒՄ

11. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչ ոգի դրսևորեց՝ ա) Դավիթը, բ) Սավուղը։

11 Անկախ այն բանից՝ երեց ենք, թե ոչ, մենք պետք է հարգենք վերակացուների իշխանությունը, որովհետև Եհովան է նրանց այդ իշխանությունը տվել (Գործ. 20։28; 1 Պետ. 5։2)։ Երիտասարդ Դավիթը, որը բազում անարդարություններ տեսավ Իսրայելի Սավուղ թագավորի երեսից, շարունակեց հարգել Աստծու կողմից Սավուղին տրված իշխանությունը (կարդա՛ 1 Սամուել 26։23)։ Մենք չպետք է չափից դուրս անհանգստանանք, եթե թվում է, որ ժողովում ինչ-որ բան այնպես չի արվում։ Երեցներն էլ չպետք է չափից շատ անհանգստանան Աստծու կողմից իրենց տրված դիրքի մասին։ Սավուղը, երբ տեսավ, որ իր փոխարեն Դավիթը կարող է թագավոր դառնալ, սկսեց «կասկածանքով նայել» նրան (1 Սամ. 18։9)։ Նա սխալ ոգի զարգացրեց իր մեջ և նույնիսկ փորձեց Դավթին սպանել։ Եկեք դրսևորենք Դավթի և ոչ թե Սավուղի ոգին։

12. Ի՞նչը կնպաստի ժողովի միասնությանը։

12 Տեսակետների տարբերությունը կարող է ժողովում և նույնիսկ երեցների միջև տարաձայնություններ առաջացնել։ Ի՞նչ կարող ենք անել նման դեպքերում։ Աստվածաշունչն ասում է. «Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք.... Ձեր աչքերում խելացի մի՛ եղեք» (Հռոմ. 12։10, 16)։ Մենք պետք է ընդունենք, որ այս կամ այն հարցը կարող է ունենալ մի քանի լուծում, ուստի ճիշտ կլինի չպնդել սեփական տեսակետը։ Եթե փորձենք հասկանալ ուրիշների տեսակետը, ապա կնպաստենք ժողովի միասնությանը (Փիլիպ. 4։5

13. Մեր կարծիքը հայտնելուց հետո ի՞նչ պետք է անենք։ Աստվածաշնչյան ի՞նչ օրինակ կա այս մասին։

13 Նշանակո՞ւմ է սա, որ եթե, մեր կարծիքով, ժողովում ինչ-որ խնդիր կա, չպետք է արտահայտվենք այդ մասին։ Ո՛չ։ Առաջին դարում ծագեց մի խնդիր, որի վերաբերյալ վիճաբանություն եղավ։ Եղբայրները վճռեցին, որ «Պողոսը, Բառնաբասը և իրենցից ոմանք այս վեճի համար վեր ելնեն Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ» (Գործ. 15։2)։ Անկասկած, եղբայրներից յուրաքանչյուրն իր  սեփական կարծիքն ուներ, թե այդ հարցը ինչպես լուծել։ Սակայն երբ ամեն մեկը արտահայտեց իր տեսակետը, և սուրբ ոգու առաջնորդությամբ որոշում ընդունվեց, եղբայրները դադարեցին իրենց կարծիքները հայտնելուց։ Երբ որոշման մասին նամակը հասավ ժողովներին, «նրանք ուրախացան այդ քաջալերության համար» և «շարունակում էին հաստատվել հավատի մեջ» (Գործ. 15։31; 16։4, 5)։ Նույն ձևով էլ այսօր։ Երեցների հետ մեզ հուզող խնդրի մասին խոսելուց հետո մենք կարող ենք այլևս չանհանգստանալ։ Եկեք վստահենք երեցներին՝ համոզված լինելով, որ նրանք հարցը ուշադիր կքննեն և հարկ եղած որոշումը կկայացնեն։

ՃԻՇՏ ՈԳԻ՝ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

14. Ինչպե՞ս կարող ենք ճիշտ ոգի դրսևորել միջանձնային հարաբերություններում։

14 Միջանձնային հարաբերություններում նույնպես հարկավոր է ճիշտ ոգի դրսևորել։ Օրինակ՝ եթե մեզ վիրավորում են, մենք մեծ բարիք արած կլինենք, եթե սրտանց ներենք։ Աստծու Խոսքը պատվիրում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կող. 3։13)։ «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի» արտահայտությունից երևում է, որ դիմացինի վրա բարկանալու հիմնավոր պատճառներ կարող են լինել։ Սակայն եկեք չափազանց զգայուն չլինենք ուրիշների սխալների հանդեպ, հակառակ դեպքում ժողովի խաղաղությունը կխաթարվի։ Եկեք Եհովայի պես մեծահոգաբար ներենք և շարունակենք եղբայրների և քույրերի հետ առաջ ընթանալ՝ ծառայելով միասին։

15. ա) Ի՞նչ կարող ենք սովորել Հոբից։ բ) Աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել, որ ճիշտ տրամադրվածություն ունենանք։

15 Մենք ներողամտություն կարող ենք սովորել Հոբից։ Երեք կեղծ մխիթարիչները վիրավորեցին նրան բազում կծու խոսքերով, բայց նա «աղոթեց իր ընկերների համար» (Հոբ 16։2; 42։10)։ Այո՛, Հոբը ներողամիտ ոգի ուներ։ Ուրիշների համար աղոթելը կարող է փոխել մեր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Եթե աղոթենք մեր բոլոր հավատակիցների համար, ապա մեր մեջ կզարգանա Քրիստոսի մտածելակերպը (Հովհ. 13։34, 35)։ Հարկավոր է աղոթել նաև սուրբ ոգին ստանալու համար (Ղուկ. 11։13)։ Աստծու ոգին կօգնի մեզ, որ դրսևորենք քրիստոնեական հատկություններ (կարդա՛ Գաղատացիներ 5։22, 23

ՆՊԱՍՏԻՐ ԺՈՂՈՎԻ ԴՐԱԿԱՆ ՈԳՈՒՆ

16, 17. Անձամբ դու ի՞նչ ոգի ես վճռել դրսևորել։

16 Եթե ժողովի յուրաքանչյուր անդամ նպատակ դնի նպաստել ամբողջ ժողովի դրական ոգուն, ապա բոլորը օգուտներ կստանան։ Այս հոդվածը ուսումնասիրելուց հետո գուցե գանք այն եզրակացության, որ կերտիչ ոգի դրսևորելու հարցում կարիք ունենք բարելավումներ անելու, իսկ որպեսզի դա անենք, պետք է ինքներս մեզ քննենք Աստծու Խոսքի լույսի ներքո (Եբր. 4։12)։ Պողոսը, որ ջանում էր լավ օրինակ լինել ժողովների համար, ասաց. «Իմ խիղճը մաքուր է։ Բայց սրանով ես չեմ արդարանում, քանի որ Եհովան է ինձ դատողը» (1 Կորնթ. 4։4

17 Մենք բոլորս կարող ենք նպաստել ժողովի դրական ոգուն, եթե շարժվենք «վերին իմաստությամբ» և չափից դուրս չանհանգստանանք մեր անձի կամ դիրքի մասին։ Իսկ եթե ունենանք ներողամիտ ոգի և լավը մտածենք հավատակիցների մասին, ապա խաղաղ փոխհարաբերություններ կվայելենք նրանց հետ (Փիլիպ. 4։8)։ Եթե այս ամենն անենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան և Հիսուսը հավանություն կտան մեզ «մեր ցուցաբերած ոգու համար» (Փիլիմ. 25