Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2012

Խաղաղություն՝ հազար տարի և հավիտյան

Խաղաղություն՝ հազար տարի և հավիտյան

«Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 ԿՈՐՆԹ. 15։28

1. Ի՞նչ հեռանկար ունի «մեծ բազմությունը»։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի շատ հզոր կառավարություն, որն իշխելու է հազար տարի։ Նրա ղեկավարն ու անդամները արդար են ու կարեկից։ Այդքան մեծ ժամանակահատվածում այդ կառավարությունը, անշուշտ, շատ բարիք կարող է անել իր հպատակների համար։ Ահա այսպիսի կառավարության ներքո ապրելու հեռանկար ունի «մեծ բազմությունը», որը վերապրելու է «մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14

2. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Աստծուց անկախանալը։

2 6 000 տարի առաջ մարդիկ որոշեցին Աստծուց անկախանալ, և դա աղետալի հետևանքներ ունեցավ։ Դարերի ընթացքում նրանք փորձել են ղեկավարել իրենք իրենց, բայց ապարդյուն։ Դեռ շատ վաղուց Աստծու ներշնչանքով գրվեցին հետևյալ խոսքերը. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժող. 8։9)։ Բացի պատերազմներից և ապստամբություններից, այսօր մարդկությանը պատուհասում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, հիվանդությունները, շրջակա միջավայրի աղտոտումը և կլիմայական փոփոխությունները։ Կառավարական պաշտոնյաները նախազգուշացնում են, որ եթե լուրջ փոփոխություններ չարվեն, ապա հետևանքները աղետալի կլինեն։

3. Ի՞նչ է սպասվում Հազարամյակի ընթացքում։

3 Աստծու Թագավորությունը վերջ է դնելու այս բոլոր խնդիրներին. Հիսուս Քրիստոսը և նրա 144000 իշխանակիցները բուժելու են մարդկության վերքերը։ Հազարամյա Իշխանության ընթացքում կատարվելու են այն մխիթարական խոսքերը, որ դարեր առաջ ասաց Եհովան. «Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Ես. 65։17)։ Եկեք Աստծու մարգարեական Խոսքի միջոցով տեսնենք,  թե ինչ հիանալի բաներ են սպասվում ապագայում (2 Կորնթ. 4։18

«ՏՆԵՐ ԿՇԻՆԵՆ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ ԿՏՆԿԵՆ»

4. Ի՞նչի խնդիր ունեն մարդիկ այսօր։

4 Բոլորն էլ ուզում են ունենալ իրենց սեփական տունը՝ ապահով և անդորրավետ հանգրվանը։ Այսօրվա աշխարհում, սակայն, բնակարանային հարցը լուրջ խնդիր է։ Քաղաքներում մարդիկ ապրում են ասես իրար գլխի լցված։ Շատերը, ճար չունենալով, ապրում են հետնախորշերում՝ հին ու կեղտոտ հյուղակներում։ Սեփական տուն ունենալը նրանց համար երազանք է։

5, 6. ա) Ի՞նչ է խոստանում Եհովան Եսայիա և Միքիա մարգարեների միջոցով։ բ) Ինչպե՞ս կարող ենք ստանալ այդ օրհնությունը։

5 Աստծու Թագավորության ներքո յուրաքանչյուր բնակիչ ունենալու է իր սեփական տունը։ Եսայիա մարգարեն գրեց. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (Ես. 65։21)։ Սակայն հարցը միայն սեփական տուն ունենալը չէ. չէ՞ որ այսօր շատերը սեփական տուն ունեն, ոմանք՝ նույնիսկ շքեղ առանձնատներ։ Բայց միշտ վտանգ կա, որ նրանք իրենց տունը կարող են կորցնել ֆինանսական ճգնաժամի պատճառով, կամ գողերն ու ավազակները կարող են թալանել նրանց տունը։ Նման բաներ Աստծու Թագավորության ներքո չեն լինելու։ Միքիա մարգարեն գրեց. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միք. 4։4

6 Ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք ապրել Աստծու Թագավորության ներքո։ Եհովան Եսայիա և Միքիա մարգարեների միջոցով մեզ խոստանում է մեր երազանքների տունը։ Ուստի ժամանակը չէ ձգտելու ունենալ այդ տունը հիմա, առավել ևս եթե դրա համար պետք է պարտք անենք։ Հիսուսն իր մասին ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Ղուկ. 9։58)։ Հիսուսը կարող էր կառուցել կամ գնել լավագույն տունը։ Բայց այդպես չարեց։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ուզում էր Աստծու Թագավորությունը միշտ առաջին տեղում դնել։ Եկեք հետևենք նրա օրինակին և մեր աչքը միշտ պարզ պահենք. այդպես անելով՝ չենք ընկնի նյութապաշտության հորձանուտը (Մատթ. 6։33, 34

«ԳԱՅԼՆ ՈՒ ԳԱՌԸ ՄԻԱՍԻՆ ԿԱՐԱԾԵՆ»

7. Ինչի՞ իրավունք ստացան մարդիկ։

7 Եհովան իր անդրանիկ Որդուն ասաց. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, և թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, ամբողջ երկրի ու երկրի մյուս բոլոր կենդանիների վրա» (Ծննդոց 1։26)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Ադամն ու Եվան և, բնականաբար, նրանց հետնորդները իրավունք ստացան իշխելու կենդանիների վրա։

8. Ինչպիսի՞ն է կենդանիների պահվածքը։

8 Կարո՞ղ է մարդը իշխել կենդանիների վրա և միևնույն ժամանակ խաղաղ լինել նրանց հետ։ Շատ կենդանիներ, օրինակ՝ շներն ու կատուները, կապված են մարդկանց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել վայրի կենդանիների մասին։ Մի զեկույցում գրված է. «Այն գիտնականները, ովքեր ապրել են գազանների հարևանությամբ և ուսումնասիրել են նրանց պահվածքը, հայտնաբերել են, որ բոլոր կաթնասունները զգացումներ ունեն»։ Օրինակ՝ կենդանիները ունեն վախի զգացում, և երբ վտանգ է սպառնում, կարող են դառնալ ագրեսիվ։ Իսկ նրանք ունե՞ն ջերմ զգացումներ։ Նույն զեկույցում ասվում է. «Կաթնասուններն իրենց ձագերի հանդեպ շատ մեծ կապվածություն են զգում և գուրգուրանք ու քնքշանք են դրսևորում»։

9. Ի՞նչ փոփոխություն է լինելու կենդանիների վարքագծում։

 9 Համաձայն Աստվածաշնչի՝ մարդկանց ու կենդանիների միջև խաղաղություն է լինելու (կարդա՛ Եսայիա 11։ 6–9; 65։25)։ Հիշենք, որ երբ Ջրհեղեղից հետո Նոյն ու իր ընտանիքը դուրս եկան տապանից, Եհովան նրանց ասաց. «Երկրի բոլոր կենդանի արարածները.... պիտի շարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից» (Ծննդ. 9։2, 3)։ Այո՛, շատ կենդանիներ վախենալով հեռու են մնում մարդկանցից։ Բայց մի՞թե Եհովան չի կարող է այնպես անել, որ մարդկանց հանդեպ կենդանիների վախի չափը փոքրանա։ Անշուշտ, կարող է (Օս. 2։18)։ Անհամբեր սպասում ենք այն ժամանակներին, երբ խաղաղություն կլինի մարդկանց ու կենդանիների միջև։

«ՆԱ ԿՍՐԲԻ ԱՄԵՆ ԱՐՏԱՍՈՒՔ»

10. Ինչո՞ւ են մարդիկ լաց լինում։

10 Դարեր առաջ Սողոմոնը գրեց. «Ես դարձա, որ տեսնեմ այն բոլոր կեղեքումները, որ լինում են արեգակի տակ, և տեսա կեղեքվածների արցունքները, բայց նրանք մխիթարող չունեին» (Ժող. 4։1)։ Այսօր, կարելի է ասել, որ ոչինչ չի փոխվել, ավելին, արտասվելու պատճառները շատացել են։ Բոլորս էլ այս կամ այն պատճառով լաց ենք եղել։ Ճիշտ է, երբեմն մեր աչքերից հոսում են ուրախության արցունքներ, բայց հաճախ արցունքները տառապող սրտից են դուրս գալիս։

11. Աստվածաշնչյան ո՞ր դրվագն է ամենահուզիչը քեզ համար։

11 Աստվածաշնչում բազմաթիվ հուզումնալից տեսարաններ կան։ Երբ 127 տարեկան Սառան մահացավ, «Աբրահամը ներս մտավ, որ ողբա ու լաց լինի Սառայի համար» (Ծննդ. 23։1, 2)։ Երբ Նոեմին հրաժեշտ էր տալիս իր երկու հարսներին, «նրանք, իրենց ձայները բարձրացնելով, լաց եղան»։ Նոեմիի խոսքերից հետո հարսները «նորից լաց եղան» (Հռութ 1։9, 14)։ Եզեկիա թագավորը, երբ մերձիմահ հիվանդացավ, աղոթեց Աստծուն և «դառնապես լաց եղավ»։ Եհովան տեսավ Եզեկիայի արցունքները և բուժեց նրան (2 Թագ. 20։1–5)։ Շատ հուզիչ է նաև այն դրվագը, երբ Հիսուսին ուրանալուց հետո Պետրոս առաքյալը, լսելով աքաղաղի կանչը, «դուրս գնաց և դառնապես լաց եղավ» (Մատթ. 26։75

12. Ինչպե՞ս են մարդիկ մխիթարվելու։

12 Այսօր տեղի են ունենում մեծ ու փոքր ողբերգություններ, որոնք ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց։ Բնականաբար, մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Հազարամյակի ընթացքում Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4)։ Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում. Աստված վերացնելու է ոչ միայն ցավն ու տառապանքը, այլև մարդկության ոխերիմ թշնամուն՝ մահը։

«ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ.... ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»

13. Ի՞նչ է անում մահը։

13 Այն ժամանակվանից ի վեր, ինչ Ադամը մեղք գործեց, մահը թագավորում է մարդկանց վրա։ Այն շարունակում է լինել անխոցելի հակառակորդ, ցավի ու տառապանքի աղբյուր, մարդկանց անխուսափելի վախճան (Հռոմ. 5։12, 14)։ Մարդիկ «մահվան վախից իրենց ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ են» (Եբր. 2։15

14. Ի՞նչ է լինելու, երբ մահը ոչնչացվի։

14 Աստվածաշունչն ասում է, որ կգա մի ժամանակ, երբ վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի (1 Կորնթ. 15։26)։ «Մեծ բազմության» անդամները կանցնեն Արմագեդոնը և նոր աշխարհում անվերջ կյանքի հնարավորություն կստանան։ Իսկ միլիարդավոր մարդիկ,  որ մահացել են, հարություն կառնեն։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպես են «մեծ բազմության» անդամները դիմավորում հարություն առածներին և թե ինչ ցնծություն է տիրում։ Հարության մասին աստվածաշնչային պատմություններն ուսումնասիրելով՝ ավելի լավ կպատկերացնես այն հարությունը, որ տեղի է ունենալու նոր աշխարհում (կարդա՛ Մարկոս 5։38–42; Ղուկաս 7։11–17

15. Ինչպե՞ս կարձագանքես, երբ հարազատդ հարություն առնի։

15 «Մեծ ցնծություն ապրեցին»։ «Սկսեցին փառաբանել Աստծուն»։ Եթե ներկա լինեիր այդ մարդկանց հարությանը, հավանաբար նման ձևով կարձագանքեիր։ Երբ նոր աշխարհում մեր հարազատները հարություն առնեն, մենք աննկարագրելի զգացումներ կունենանք, անասելի աշխուժություն կտիրի։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Մեզնից ոչ ոք նման բան չի տեսել, բայց կարող ենք վստահ լինել, որ հարությունը այն «չերևացող բաներից» է, որ անպայման տեսնելու ենք։

ԱՍՏՎԱԾ ԿԼԻՆԻ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՄԵՆՔԻ ՀԱՄԱՐ»

16. ա) Ինչո՞ւ է կարևոր խանդավառությամբ խոսել ապագա օրհնությունների մասին։ բ) Ի՞նչ խոսքերով Պողոսը քաջալերեց կորնթացի քրիստոնյաներին։

16 Չքնաղ ապագա է սպասում բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մնում Եհովային այս դժվար ժամանակներում։ Մենք մեր մտքի աչքերը պետք է այդ «չերևացող» օրհնությունների վրա պահենք, որպեսզի չշեղվենք կարևոր բաներից և չտարվենք աշխարհի հրապույրներով (Ղուկ. 21։34; 1 Տիմոթ. 6։17–19 Եկեք մեր հիասքանչ հույսի և ապագայի մասին խանդավառությամբ խոսենք մեր ընտանեկան երկրպագության ժամանակ, հավատակիցների, ուսումնասիրողների ու հետաքրքրվողների հետ զրուցելիս։ Դրա շնորհիվ մեր հույսը վառ կմնա։ Պողոս առաքյալը հենց այդպես վարվեց։ Իր խոսքերով նա օգնեց հավատակիցներին խորհրդածելու այն բաների շուրջ, որոնք տեղի են ունենալու Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ են նշանակում 1 Կորնթացիներ 15։24, 25, 28 համարներում գրված խոսքերը (կարդա՛

17, 18. ա) Մարդկության պատմության սկզբում Եհովան ինչպե՞ս էր «ամեն ինչ ամենքի համար»։ բ) Ի՞նչ է անելու Հիսուսը՝ խաղաղությունն ու միասնությունը վերականգնելու համար։

17 «Աստված լինի ամեն ինչ ամենքի համար». հնարավոր չէ ավելի տպավորիչ կերպով նկարագրել, թե ինչպիսին է լինելու կյանքը Հազարամյակի վերջում։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Մտովի վերադառնանք այն ժամանակները, երբ Ադամն ու Եվան կատարյալ էին և Եհովայի խաղաղ ու համերաշխ ընտանիքի անդամ էին։ Այդ ժամանակ թե՛ հրեշտակները, թե՛ մարդիկ ղեկավարվում էին անմիջականորեն Եհովայի՝ Տիեզերքի Գերիշխանի կողմից։ Նրանք կարող էին անձամբ շփվել Աստծու հետ, երկրպագել նրան և օրհնվել նրա կողմից։ Նա «ամեն ինչ էր ամենքի համար»։

Հիսուսը՝ որպես Թագավոր, կատարելով իր բոլոր առաջադրանքները, Թագավորությունը հանձնելու է իր Հորը

18 Այդ ներդաշնակությունը խախտվեց, երբ մարդիկ Սատանայի դրդմամբ դուրս եկան Եհովայի գերիշխանության դեմ։ Սակայն, 1914թ.-ից սկսած, Մեսիական Թագավորությունը քայլեր է ձեռնարկում վերականգնելու Եհովայի ընտանիքի խաղաղությունն ու միասնությունը (Եփես. 1։9, 10)։ Այն հիասքանչ բաները, որ այսօր «չերևացող» են, Հազարամյակի ընթացքում իրականություն են դառնալու։ Հետո գալու է «վերջը», այսինքն՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ավարտը։ Այդ ժամանակ Հիսուսը խոնարհաբար «թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը»։ Այո՛, Հիսուսը, թեև ստացել է «ամբողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա», պատվախնդիր չէ։ Նրա մտքով անգամ չի անցնում գրավել Եհովայի տեղը։ Իրեն տրված դիրքն ու իշխանությունը նա օգտագործում և օգտագործելու է «Աստծու փառքի համար» (Մատթ. 28։18; Փիլիպ. 2։9–11

19, 20. ա) Թագավորության օրոք ապրողներն ինչպե՞ս են ցույց տալու, թե արդյոք ընդունում են Եհովայի գերիշխանությունը։ բ) Ի՞նչ հեռանկար է սպասում մեզ։

19 Թագավորության երկրային հպատակները կատարյալ են լինելու։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ նրանք խոնարհաբար և պատրաստակամորեն ընդունելու են Եհովայի իշխանությունը։ Նրանք կանցնեն վերջնական փորձությունը, եթե փաստեն, որ ուզում են՝ Աստված լինի իրենց Գերիշխանը (Հայտն. 20։7–10)։ Դրանից հետո բոլոր ապստամբները՝ լինեն մարդ թե ոգեղեն էակ, հավիտյան ոչնչացվելու են։ Ի՜նչ ցնծալի ժամանակներ են լինելու։ Եհովայի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ուրախությամբ փառաբանելու է նրան, և Աստված լինելու է «ամեն ինչ ամենքի համար» (կարդա՛ Սաղմոս 99։1–3

20 Անկասկած, փափագում ես տեսնել այն բոլոր օրհնությունները, որ բերելու է Թագավորությունը։ Ուստի շարունակիր կենտրոնացած մնալ Աստծու կամքը կատարելու վրա։ Ոչ մի ջանք մի խնայիր։ Սատանայի աշխարհն առաջարկում է մխիթարություն և հույս, բայց ի՞նչ մխիթարություն և հույս են դրանք։ Զգույշ եղիր, որ չտարվես դրանցով։ Թող քո գործերից երևա, որ վճռականորեն տրամադրված ես միշտ թիկունք կանգնելու Եհովայի գերիշխանությանը։ Այդ դեպքում, համոզված եղիր, կվայելես խաղաղ, ապահով, երջանիկ կյանք հազար տարի և հավիտյան։