Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Ինչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ

Ինչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ

«Դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա» (1 ԹԵՍԱՂ. 5։4

1. Ի՞նչը կօգնի մեզ միշտ արթուն լինելու և հաղթահարելու փորձությունները։

ՄԵՆՔ պետք է միշտ արթուն լինենք։ Ինչո՞ւ։ Որովհետև շուտով ցնցող դեպքեր են տեղի ունենալու։ Այս մասին են վկայում մեր օրերում կատարվող աստվածաշնչային մարգարեությունները։ Իսկ ինչպե՞ս կարող ենք արթուն մնալ։ Պողոս առաքյալն ասաց. «Մեր աչքերը հառած պահում ենք.... [չերևացող բաներին]»։ Մենք պետք է մեր մտքի աչքերը հառած պահենք հավիտենական կյանքի պարգևին, անկախ այն բանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային։ Ինչպես երևում է համատեքստից, Պողոսն այս խոսքերով իր հավատակիցներին հորդորում էր կենտրոնանալ այն պարգևի վրա, որը նրանք կստանային, եթե մինչև վերջ հավատարիմ մնային Աստծուն։ Այդպիսով նրանք կկարողանային հաղթահարել փորձությունները և դիմանալ հալածանքին (2 Կորնթ. 4։8, 9, 16–18; 5։7

2. ա) Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր հույսը միշտ վառ մնա։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։

2 Պողոսի խոսքերը կարևոր միտք են պարունակում. որպեսզի մեր հույսը միշտ վառ մնա, պետք է երևացող բաներից այն կողմ նայենք։ Մենք պետք է կարողանանք տեսնել այն նշանակալից իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու շուտով (Եբր. 11։1; 12։1, 2)։ Քննենք տասը իրադարձություններ, որոնք կապ ունեն մեր հավիտենական ապագայի հետ *։

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

3. ա) Ո՞ր իրադարձության մասին է գրված 1 Թեսաղոնիկեցիներ 5։2, 3 համարներում։ բ) Ի՞նչ են ասելու քաղաքական առաջնորդները, և ովքե՞ր գուցե միանան նրանց։

3 Առաջին իրադարձության մասին գրված է «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ  5։2, 3)։ Այստեղ Պողոս առաքյալը խոսում է «Եհովայի օրվա» մասին։ Այդ օրը մի ժամանակահատված է, որը սկսվելու է կեղծ կրոնի կործանումով և ավարտվելու է Արմագեդոն պատերազմով։ Սակայն «Եհովայի օրվա» սկսվելուց անմիջապես առաջ աշխարհի ղեկավարները ասելու են, որ «խաղաղություն և անվտանգություն» է։ Այս խոսքերը կարող են վերաբերել մեկ կամ մի քանի դեպքերի։ Ազգերը գուցե մտածեն, որ մոտ են իրենց մեծ հիմնախնդիրներից մի քանիսի լուծմանը։ Իսկ ի՞նչ են անելու այդ ժամանակ կրոնական առաջնորդները։ Նրանք, քանի որ այս աշխարհի մի մասն են, հնարավոր է՝ միանան քաղաքական առաջնորդներին (Հայտն. 17։1, 2)։ Հոգևորականությունը այսպիսով կընդօրինակի հին Հուդայի կեղծ մարգարեներին, որոնք ասում էին՝ «խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», «մինչդեռ խաղաղություն չկար» (Երեմ. 6։14; 23։16, 17

4. Ի տարբերություն մարդկանց մեծամասնության՝ ի՞նչ ենք հասկանում մենք։

4 Անկախ այն բանից, թե ով է ասելու՝ «խաղաղություն և անվտանգություն», դա նշանակելու է, որ Եհովայի օրը սկսվում է։ Պողոսը գրեց. «Դո՛ւք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա, որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք» (1 Թեսաղ. 5։4, 5)։ Ի տարբերություն մարդկանց մեծամասնության՝ մենք Աստվածաշնչի միջոցով հասկանում ենք այսօր տեղի ունեցող դեպքերի իմաստը։ Բայց կոնկրետ ինչպե՞ս է կատարվելու «խաղաղության և անվտանգության» մասին մարգարեությունը։ Մենք չգիտենք, ուստի պետք է համբերությամբ սպասենք։ «Ուրեմն թող որ.... արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը» (1 Թեսաղ. 5։6; Սոփ. 3։8

«ԹԱԳՈՒՀԻ», ՈՐՆ ԻՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՎԵՑ

5. ա) Ինչպե՞ս է սկսվելու «մեծ նեղությունը»։ բ) Ո՞վ է այն «թագուհին», որն իր հաշվարկներում սխալվում է։

5 Վերջից անմիջապես առաջ տեղի է ունենալու ևս մեկ իրադարձություն։ Պողոսը գրեց. «Երբ ասեն՝ «խաղաղություն և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա»։ Այս «հանկարծահաս կործանումը» բաղկացած է լինելու մի քանի փուլից։ Առաջին փուլում տեղի է ունենալու հարձակում բոլոր կեղծ կրոնների, այդ թվում նաև քրիստոնեական աշխարհի վրա, որոնք միասին Աստվածաշնչում կոչվում են «Մեծ Բաբելոն» և «պոռնիկ» (Հայտն. 17։5, 6, 15)։ Այս հարձակումով սկսվելու է «մեծ նեղությունը» (Մատթ. 24։21; 2 Թեսաղ. 2։8)։ Շատերը անակնկալի են գալու։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչև այդ պահը պոռնիկը  համոզված է լինելու, որ ինքը «թագուհի» է ու «երբեք սուգ չի տեսնելու»։ Բայց հանկարծ նա հասկանալու է, որ իր հաշվարկներում սխալվել է։ Նրա ոչնչացումը շատ արագ է լինելու, ասես՝ «մեկ օրում» (Հայտն. 18։7, 8

6. Ո՞վ է կործանելու կեղծ կրոնը։

6 Աստվածաշունչն ասում է, որ «պոռնիկի» վրա հարձակվելու է «տասը եղջյուր» ունեցող «մի գազան»։ «Հայտնություն» գրքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդ «գազանը» Միավորված ազգերի կազմակերպությունն է (ՄԱԿ)։ «Տասը եղջյուրները» բոլոր այն քաղաքական ուժերն են, որոնք աջակցում են «ալ կարմիր գազանին» * (Հայտն. 17։3, 5, 11, 12)։ Ի՞նչ է անելու գազանը պոռնիկին։ ՄԱԿ-ի անդամ պետությունները կողոպտելու են «պոռնիկի» հարստությունը, բացահայտելու են նրա իսկական դեմքը, «ուտելու» են նրան և «ամբողջությամբ այրելու» են։ Այսպիսով՝ կեղծ կրոնը հավիտյան դադարելու է գոյություն ունենալուց (կարդա՛ Հայտնություն 17։16

7. Ինչպե՞ս է սկսվելու «գազանի» հարձակումը։

7 Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, թե ինչպես է սկսվելու այս հարձակումը։ Եհովան քաղաքական ղեկավարների «սրտում դնելու է, որ իր միտքը իրագործեն», այն է՝ ամայացնեն պոռնիկին (Հայտն. 17։17)։ Այսօր կեղծ կրոնը շարունակում է պատերազմներ հրահրել ու պառակտել աշխարհը, ուստի պետությունները գուցե մտածեն, որ իրենց ազգային շահերից է բխում պոռնիկին վերացնելը։ Երբ հարձակվեն Մեծ Բաբելոնի վրա, նրանք կմտածեն, թե իրագործում են «իրենց մեկ միտքը»։ Իրականում, սակայն, նրանք լինելու են մի գործիք, որով Աստված բնաջինջ է անելու բոլոր կեղծ կրոնները։ Այո՛, Սատանայի աշխարհում մի իսկական խառնաշփոթ է տիրելու. իր ստեղծած համակարգի մի մասը հարձակվելու է մյուս մասի վրա, իսկ Սատանան անզոր է լինելու դա կանխելու (Մատթ. 12։25, 26

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ

8. Ի՞նչ է անելու «Գոգը»։

8 Կեղծ կրոնի կործանումից հետո էլ Աստծու ծառաները շարունակելու են երկրպագել Եհովային և ապրել «հանգիստ ու ապահով», «առանց պարսպի» (Եզեկ. 38։11, 14)։ «Շատ ժողովուրդներ» ցանկանալու են հարձակվել այս անպաշտպան թվացող մարդկանց վրա։ Այդ հարձակումը իրագործելու է «Գոգը, որը Մագոգի երկրից է» (կարդա՛ Եզեկիել 38։2, 15, 16)։ Պե՞տք է արդյոք սա վախեցնի մեզ։

9. ա) Ի՞նչն է մեզ համար ավելի կարևոր։ բ) Ի՞նչ պետք է անենք մեր հավատն ամրացնելու համար։

 9 Այս հարձակման մասին նախապես իմանալը չպետք է ահ ու սարսափի մեջ գցի մեզ։ Կարող ենք համոզված լինել, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9)։ Ինչ խոսք, մենք ուզում ենք փրկվել, բայց Աստծու անվան սրբացումը և նրա գերիշխանության արդարացումը ավելի կարևոր են մեզ համար։ «Եզեկիել» գրքում Եհովան ավելի քան 60 անգամ ասում է. «Դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 6։7, տե՛ս ծանոթագրություն)։ Այո՛, մեզ անչափ հետաքրքիր է, թե այս մարգարեական խոսքերն ինչպես են կատարվելու։ Իսկ մինչ այդ եկեք ամեն ինչ անենք մեր հավատն ամրացնելու համար։ Մենք պետք է աղոթենք, Աստծու խոսքն ուսումնասիրենք և Թագավորության լուրը պատմենք մարդկանց։ Դրա շնորհիվ, անկախ նրանից, թե ինչ փորձության կբախվենք, կշարունակենք պահել մեր անարատությունը, և հավիտենական կյանքի մեր հույսը «խարսխի» պես հաստատուն կմնա (Եբր. 6։19; Սաղ. 25։21

ԱԶԳԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ, ԹԵ ՈՎ Է ԵՀՈՎԱՆ

10, 11. Ինչի՞ց կիմանանք, որ Արմագեդոնը սկսվել է։ Ի՞նչ է տեղի ունենալու Արմագեդոնի ժամանակ։

10 Ի՞նչ է լինելու, երբ Գոգը հարձակվի Աստծու ծառաների վրա։ Եհովան իր ծառաներին մենակ չի թողնելու։ Նա Հիսուսի և երկնային զորքերի միջոցով պաշտպանելու է նրանց (Հայտն. 19։11–16)։ Սրանով սկսվելու է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը»՝ Արմագեդոնը (Հայտն. 16։14, 16

11 Այս պատերազմի վերաբերյալ Եհովան Եզեկիելի միջոցով ասում է. «Իմ լեռնային շրջանով մեկ ես սուր կկանչեմ [Գոգի] դեմ.... Յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ կլինի»։ Սատանայի կողմնակիցների մեջ իսկական խուճապ է սկսվելու։ Նրանք իրենց զենքերը ուղղելու են միմյանց դեմ և սպանելու են իրար։ Եհովան ասում է. «Կրակ ու ծծումբ կտեղամ [Գոգի], նրա զորախմբերի ու շատ ժողովուրդների վրա, որոնք նրա հետ կլինեն» (Եզեկ. 38։21, 22

12. Ի՞նչ են հասկանալու ազգերը։

12 Ազգերը հասկանալու են, որ Եհովան է իրենց ջախջախում։ Սատանայի կողմնակիցները արձագանքելու են այնպես, ինչպես արձագանքեցին հին եգիպտացիները Կարմիր ծովի մեջ։ Նրանք հուսահատ աղաղակելու են. «Եհովան նրանց փոխարեն պատերազմում է» (Ելք 14։25)։ Այո՛, ազգերը կիմանան, թե ով է Եհովան (կարդա՛ Եզեկիել 38։23)։ Իսկ որքա՞ն ժամանակ է մնացել այս դեպքերին։

ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՈՒԺ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

13. Ի՞նչ գիտենք Դանիելի նկարագրած արձանի հինգերորդ մասի վերաբերյալ։

13 Դանիելի մարգարեություններից մեկն օգնում է տեսնելու, թե որ ժամանակահատվածում ենք մենք գտնվում։ Դանիելը նկարագրում է մի արձան, որը պատրաստված է տարբեր մետաղներից (Դան. 2։28, 31–33)։ Այն ներկայացնում է իրար հաջորդող հինգ աշխարհակալ ուժերի, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Առաջին չորսը՝ Բաբելոն, Մարա-Պարսկաստան, Հունաստան, Հռոմ, պատմության գիրկն են անցել։ Իսկ հինգերորդը գոյություն ունի մեր օրերում և ներկայացված է արձանի ոտնաթաթերով։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները առանձնահատուկ փոխհարաբերություններ զարգացրին։ Այդպիսով ձևավորվեց անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը՝ արձանի հինգերորդ՝ վերջին մասը։ Սա նշանակում է, որ նրանից հետո ուրիշ աշխարհակալ ուժ չի հայտնվելու պատմության թատերաբեմում։ Այն,  որ ոտնաթաթերը բաղկացած են երկաթից ու կավից, պատկերում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի թույլ վիճակը։

14. Ո՞ր աշխարհակալ ուժն է իշխելիս լինելու, երբ Արմագեդոնը սկսվի։

14 Նույն մարգարեության մեջ Աստծու Թագավորությունը խորհրդանշող քարը 1914թ.-ին պոկվում է Եհովայի գերիշխանությունը խորհրդանշող լեռից։ Այդ քարն այժմ սուրում է դեպի իր նպատակակետը՝ արձանի ոտնաթաթերը։ Արմագեդոնին ոտնաթաթերը և ընդհանրապես ամբողջ արձանը ջարդուփշուր են լինելու (կարդա՛ Դանիել 2։44, 45)։ Պարզ է, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը շարունակելու է գերիշխել մինչև Արմագեդոն պատերազմի սկսվելը։ Ի՜նչ ապշեցուցիչ իրադարձություններ են սպասվում առջևում *։

ԱՍՏԾՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒ ՎԱԽՃԱՆԸ

15. Ի՞նչ է լինելու Սատանային ու նրա դևերին Արմագեդոնից անմիջապես հետո։

15 Սատանան ստիպված է լինելու սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է իր կազմակերպությունը սրբվում երկրի երեսից։ Հետո հենց ինքն է հայտնվելու թիրախում։ Այդ մասին պատմում է Հովհաննես առաքյալը (կարդա՛ Հայտնություն 20։1–3)։ Հիսուս Քրիստոսը՝ այն «հրեշտակը, որ իր ձեռքում անդունդի բանալին ունի», բռնելու է Սատանային ու նրա դևերին, նրանց շպրտելու է անդունդը և այնտեղ պահելու է հազար տարի (Ղուկ. 8։30, 31; 1 Հովհ. 3։8)։ Սա կլինի օձի գլխի ջախջախման սկիզբը * (Ծննդ. 3։15

16. «Անդունդում» գտնվելը ի՞նչ է նշանակելու Սատանայի համար։

16 Ի՞նչ է այն «անդունդը», որի մեջ գցվելու են Սատանան ու նրա դևերը։ «Անդունդ» թարգմանված հունարեն ավիսոս բառն ունի «անհատակ խորություն», «անսահման դատարկություն» իմաստները։ Այլ խոսքով՝ դա մի վայր է, ուր ոչ ոք չի կարող գնալ, բացի Եհովայից և «անդունդի բանալին» ունեցող հրեշտակից։ Գտնվելով այնտեղ՝ Սատանան չի կարողանալու «մոլորեցնել ազգերին». նա կարծես մահացած է լինելու։ Այո՛, այդ «մռնչող առյուծի» ձայնը կտրվելու է (1 Պետ. 5։8

ՀԵՏՈ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

17, 18. ա) Ի՞նչ իրադարձություններ քննարկեցինք այս հոդվածում։ բ) Ի՞նչ ժամանակներ են սպասվում առջևում։

17 Շուտով նշանակալից դեպքեր են տեղի ունենալու, որից հետո Երկիր մոլորակի վրա հաստատվելու է խաղաղություն։ Անհամբեր սպասում ենք, թե ինչպես են կատարվելու «խաղաղություն և անվտանգություն» խոսքի վերաբերյալ մարգարեությունը, Մեծ Բաբելոնի կործանումը, Գոգի հարձակումը Աստծու ժողովրդի վրա, Արմագեդոն պատերազմը և թե ինչպես են Սատանան ու նրա դևերը գցվելու անդունդը։ Այս դեպքերից հետո ոտք կդնենք նոր աշխարհ։ Կսկսվի նոր կյանք։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության օրոք մենք «կուրախանանք խաղաղության առատությամբ» (Սաղ. 37։10, 11

18 Այս հոդվածում քննարկված հինգ իրադարձություններից բացի, կան նաև ուրիշ «չերևացող բաներ», որոնց վրա «մեր աչքերը պետք է հառած պահենք»։ Այդ մասին՝ հաջորդ հոդվածում։

^ պարբ. 2 Այդ իրադարձություններից հինգը կքննենք այս հոդվածում, հինգը՝ հաջորդ հոդվածում։

^ պարբ. 6 Տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը (էջ 251–258, անգլ., ռուս.)։

^ պարբ. 14 Դանիել 2։44-ում գրված «վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին» խոսքերը վերաբերում են այն թագավորություններին, կամ՝ աշխարհակալ ուժերին, որոնք արձանի մասեր են։ Սակայն մեր ժամանակներին վերաբերող մեկ ուրիշ մարգարեությունում ասվում է, որ «ողջ բնակեցված երկրի թագավորները.... Ամենակարող Աստծու մեծ օրը» միասին դուրս են գալու Եհովայի դեմ (Հայտն. 16։14; 19։19–21)։ Ուստի կարող ենք ասել, որ ոչ միայն արձանի թագավորությունները, այլև այս աշխարհի բոլոր թագավորությունները Արմագեդոնին վերացվելու են։

^ պարբ. 15 Օձի գլուխը վերջնականապես ջախջախվելու է այն ժամանակ, երբ հազար տարին լրանա. Սատանան ու նրա դևերը գցվելու են «կրակի ու ծծմբի լիճը» (Հայտն. 20։7–10; Մատթ. 25։41