Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2000

Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

«Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10

1. Ի՞նչ է նշանակելու Աստծո Թագավորության գալուստը։

ՀԻՍՈՒՍԸ, սովորեցնելով իր հետևորդներին աղոթել Աստծո Թագավորության մասին, գիտեր, որ այդ Թագավորությունը վերջ է դնելու հազարավոր տարիներ գոյություն ունեցող՝ Աստծուց անկախ մարդկային կառավարմանը։ Այդ ողջ ժամանակի ընթացքում Աստծո կամքը, կարելի է ասել, չէր կատարվում երկրի վրա (Սաղմոս 147։19, 20)։ Սակայն երկնքում Թագավորության հաստատվելուց հետո Աստծո կամքը պիտի կատարվի ամենուր։ Մարդկային կառավարման համակարգից Աստծո երկնային Թագավորության կառավարման ապշեցուցիչ անցումը շատ մոտ է։

2. Ինչո՞վ է բնորոշվելու մարդկային կառավարումից դեպի Թագավորության կառավարման անցումը։

2 Այս անցումը լինելու է այն ժամանակաշրջանը, որը Հիսուսն անվանել է «մեծ նեղութիւն.... որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի» (Մատթէոս  24։21)։ Աստվածաշունչը չի ասում, թե որքան է տևելու այդ ժամանակաշրջանը, բայց աղետները, որոնք լինելու են այդ ընթացքում, շատ ավելի վատ հետևանքներ են ունենալու, քան մինչ այդ աշխարհը երբևէ տեսած կլինի։ Մեծ նեղության սկզբում մի իրադարձություն է տեղի ունենալու, որը ցնցելու է աշխարհը. ոչնչանալու են բոլոր կեղծ կրոնները։ Սակայն դա չի ցնցելու Եհովայի վկաներին, քանի որ նրանք վաղուց սպասում են դրան (Յայտնութիւն 17։1, 15–17; 18։1–24)։ Մեծ նեղությունը ավարտվելու է Արմագեդոնին, երբ Աստծո Թագավորությունը կջախջախի ողջ սատանայական համակարգը (Դանիէլ 2։44; Յայտնութիւն 16։14, 16

3. Ըստ Երեմիայի գրի առած խոսքերի՝ ի՞նչ է սպասում անհնազանդ մարդկանց։

3 Ի՞նչ է պատահելու այն մարդկանց, ովքեր «չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում» Քրիստոսին հանձնված նրա երկնային Թագավորության մասին ազդարարվող բարի լուրին (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Աստվածաշնչյան մարգարեությունն ասում է. «Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։ Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ’լինեն. նորանց համար սուգ պիտի չ’լինի, եւ նորանք պիտի չ’ժողովուին եւ չ’թաղուին. աղբ պիտի դառնան նրանք երկրի երեսին» (Երեմիա 25։32, 33

Չարության վերջը

4. Ինչո՞ւ է արդարացի, որ Եհովան վերջ դնի այս չար համակարգին։

4 Եհովա Աստված հազարամյակներ շարունակ հանդուրժել է չարության գոյությունը։ Այդ ժամանակը բավական էր, որպեսզի արդար մարդիկ տեսնեին, որ մարդկային կառավարումը չարիք է բերում։ Օրինակ՝ ըստ մի աղբյուրի՝ միայն 20–րդ դարում ավելի քան 150 մլն մարդ է սպանվել պատերազմների, հեղափոխությունների ու զանազան քաղաքացիական անկարգությունների ժամանակ։ Մարդն իր արատավորությամբ աչքի ընկավ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որտեղ մոտ 50 մլն մարդ սպանվեց, որոնցից շատերը սարսափելի մահով մահացան նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Կատարվում է ճիշտ այն, ինչը Աստվածաշնչում կանխագուշակվել էր մեր օրերի մասին. ‘չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ են գնացել’ (Բ Տիմոթէոս 3։1–5, 13)։ Այսօր անբարոյականությունը, հանցագործությունը, բռնությունը, կաշառակերությունը և Աստծո չափանիշների հանդեպ քամահրանքը ծայրահեղ չափերի է հասել։ Ուստի Եհովան միանգամայն արդարացիորեն վերջ է դնելու այս չար համակարգին։

5, 6. Նկարագրեք այն չարությունը, որ գոյություն ուներ հին Քանանում։

5 Այժմյան իրավիճակը նման է նրան, ինչ որ տեղի էր ունենում սրանից մոտ 3 500 տարի առաջ Քանանի երկրում։ Աստվածաշունչն ասում է. «Նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին» (Բ Օրինաց 12։31)։ Եհովան իսրայել ազգին տեղեկացրեց. «Այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է» (Բ Օրինաց 9։5)։ Աստվածաշնչի պատմաբան Հենրի Հալլեյը գրել է. «Բահաղի, Աստարովթի ու քանանական այլ աստվածների պաշտամունքը հագեցած էր ամենավերջին ցոփություններով. նրանց տաճարներն անառակության կենտրոններ էին»։

6 Հալլեյը նշում էր, թե նրանց այլասերվածությունն ինչ աստիճանի էր հասել՝ ասելով, որ հնագետներն այդպիսի վայրերից մեկում «գտել են բազմաթիվ սափորներ, որոնց մեջ Բահաղին զոհ մատուցված երեխաների աճյուններ կային»։ «Ամբողջ տեղանքը կարծես թե նորածինների գերեզմանոց լիներ»,— գրում է Հալլեյը։ «Քանանացիներն իրենց աստվածներին ուղղված պաշտամունքային ծեսերն անբարո արարքներով էին կատարում, իսկ հետո իրենց առաջնեկներին սպանելով զոհեր էին մատուցում այդ նույն աստվածներին։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ողջ Քանանի տարածքը դարձել էր Սոդոմ–Գոմոր.... Արդյոք իրավունք ունե՞ր այդ նողկալի, պիղծ ու գազանաբարո քաղաքակրթությունը շարունակելու իր գոյությունը.... Քանանի քաղաքների ավերակները պեղող հնագետները զարմանում են, որ Աստված նրանց ավելի շուտ չոչնչացրեց»։

Ժառանգելով երկիրը

7, 8. Ինչպե՞ս է Աստված մաքրելու երկիրը։

7 Շուտով Աստված երկիրը կմաքրի այնպես,  ինչպես ժամանակին մաքրեց քանանացիների երկիրը, ու կտա իր կամքը կատարողներին։ «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կը մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 2։21, 22)։ Իսկ սաղմոսերգուն գրում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։ Սատանան էլ իր հերթին կմեկուսացվի այնպես, որ «այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ լրանայ հազար տարին» (Յայտնութիւն 20։1–3)։ Այո՛, «թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ [«նորա», ԱԹ] ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17

8 Ի մի բերելով երկրի վրա հավիտյան ապրել ցանկացողների վեհ հույսը՝ Հիսուսն ասաց. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթէոս 5։5)։ Սա ասելով՝ նա, հավանաբար, հիշեց Սաղմոս 37։29–ը, որտեղ կանխագուշակվում էր. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Հիսուսը գիտեր, որ Եհովան մտադիր է արդար մարդկանց հավիտյան բնակեցնել դրախտային երկրում։ Եհովան ասում է. «Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը.... եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին» (Երեմիա 27։5

 Չքնաղ նոր աշխարհը

9. Ինչպիսի՞ աշխարհ է խոստանում Աստծո Թագավորությունը։

9 Արմագեդոնից հետո Աստծո Թագավորությունը հաստատելու է ‘նոր երկիրը, որում արդարությունն է բնակվում’ (Բ Պետրոս 3։13)։ Ի՜նչ մեծ թեթևացում են ապրելու Արմագեդոնից վերապրողները՝ ազատվելով իրերի այս ամբարիշտ համակարգի ճնշումից։ Ի՜նչ բերկրանք են ապրելու նրանք, ովքեր կմտնեն արդար նոր աշխարհ՝ Թագավորության երկնային իշխանության ներքո՝ առջևում ունենալով հավիտենական կյանքի ու անպատում օրհնությունների հեռանկարը (Յայտնութիւն 7։9–17

10. Ի՞նչ չարիքներից է երկիրը զերծ լինելու Թագավորության իշխանության օրոք։

10 Մարդկանց այլևս չեն վախեցնի պատերազմները, հանցագործությունները, սովը։ Նույնիսկ գիշատիչ գազանները չեն վախեցնի նրանց։ «[Իմ ժողովրդի] հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից.... Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը»։ «Նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չբարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Եզեկիէլ 34։25–28; Միքիա 4։3, 4

11. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մարդկանց ֆիզիկական տկարությունները հավիտյան չեն լինելու։

11 Հիվանդությունը, վիշտը և նույնիսկ մահը վերացված են լինելու։ «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է» (Եսայիա 33։24)։ «[Աստված] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ.... Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում» (Յայտնութիւն 21։4, 5)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը աստվածատուր զորությամբ ցուցադրեց այս բոլոր բաներն անելու իր կարողությունը։ Նա շրջում էր ամենուրեք ու սուրբ ոգու ուժով ապաքինում էր անդամալույծներին ու հիվանդներին (Մատթէոս 15։30, 31

12. Ի՞նչ հույս գոյություն ունի մահացածների համար։

 12 Հիսուսը դեռ ավելին արեց։ Նա հարություն տվեց մահացածներին։ Ինչպե՞ս դրան արձագանքեց հասարակ ժողովուրդը։ Երբ նա հարություն տվեց տասներկուամյա աղջկան, ծնողները «մեծապէս զարմացան» (Մարկոս 5։42)։ Այս դեպքը ևս ցույց է տալիս, թե ինչ է Հիսուսն անելու Թագավորության իշխանության ներքո աշխարհով մեկ, քանի որ այն ժամանակ է, որ «յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։ Պատկերացրեք, թե ի՜նչ մեծ ցնծություն է լինելու, երբ մահացածները խումբ առ խումբ կյանքի վերադառնան ու կրկին իրենց հարազատների հետ լինեն։ Իհարկե, Թագավորության իշխանության ներքո երկրի վրա լայնամասշտաբ կրթական աշխատանք կծավալվի, ուստի «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9

«Հարություն է լինելու արդարների և մեղավորների»։

Եհովայի գերիշխանությունը՝ արդարացված

13. Ինչպե՞ս է արդարացվելու Աստծո կառավարումը։

13 Երբ Թագավորության հազար տարին լրանա, մարդկային ընտանիքն արդեն վերագտած կլինի մտքի ու մարմնի կատարելությունը։ Այն ժամանակ երկիրը աշխարհածավալ Եդեմի պարտեզ՝ դրախտ կլինի։ Բոլոր մարդիկ իրար կսիրեն, նրանք իրենց ուրախ ու ապահով կզգան, նրանց միջև խաղաղություն կտիրի։ Թագավորության իշխանությունից առաջ մարդկության պատմության մեջ երբեք այսպիսի բան տեղի չի ունեցել։ Ի՜նչ ցայտուն հակադրություն է այն ժամանակ նկատվելու մարդկային հազարավոր տարիների խղճուկ կառավարման ու Հազարամյա թագավորության զորեղ իշխանության միջև։ Թագավորության միջոցով աստվածային կառավարումը գերակա է լինելու բոլոր առումներով։ Աստծո իշխելու իրավունքը՝ նրա գերիշխանությունը, լիովին արդարացված կլինի։

14. Հազարամյակի վերջում ի՞նչ է պատահելու ապստամբներին։

14 Հազարամյակի վերջում Եհովան հնարավորություն է տալու կատարյալ մարդկանց ազատ ընտրություն կատարել, թե ում են նրանք ցանկանում ծառայել։ Աստվածաշնչում ասվում է, որ «կ’արձակուի սատանան իր բանտիցը» (ԱԹ)։ Նա կրկին փորձելու է մոլորեցնել մարդկանց, և իրոք, ոմանք ցանկանալու են Աստծուց անկախ լինել։ Որպեսզի ‘նեղությունը երկու («երկրորդ», Արևմտ. Աստ.) անգամ վեր չկենա’, Եհովան ոչնչացնելու է Սատանային, նրա դևերին և բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին իր գերիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարողանալու առարկել, որ հավիտյան ոչնչացվածները ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, կամ էլ սխալ ընթացք են բռնել իրենց անկատարության պատճառով։ Ո՛չ, նրանք լինելու են կատարյալ, ինչպես կատարյալ էին Ադամն ու Եվան, որոնք կամավոր նախընտրեցին դուրս գալ Եհովայի արդար իշխանության դեմ (Յայտնութիւն 20։7–10; Նաում 1։9

Հավատարիմ մարդկանց ու Եհովայի փոխհարաբերությունները վերականգնվելու են։

15. Ինչպիսի՞ փոխհարաբերություններ են հաստատվելու Աստծո և իրեն հավատարիմ մնացած մարդկանց միջև։

15 Մյուս կողմից՝ մարդկության ճնշող մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, թիկունք է կանգնելու Եհովայի գերիշխանությանը։ Մինչ ապստամբները կոչնչացվեն՝ արդարները, անցնելով հավատարմության վերջնական փորձությունը, կկանգնեն Եհովայի առջև։ Այդ հավատարիմ մարդիկ Աստծո կողմից կընդունվեն որպես իր որդիներ և դուստրեր, այսինքն՝ նրանց փոխհարաբերությունն Աստծո հետ կլինի այնպիսին, ինչպիսին նախքան Ադամի ու Եվայի ապստամբելն էր։ Ուստի իրականություն կդառնա Հռովմայեցիս 8։21–ում գրվածը. «Ստեղծուածներն իրենք էլ [կ]ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի («փառաւոր», ԱԹ) ազատութեան հասնելու համար»։ Եսայիա մարգարեն ասում է. «[Աստված] պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։8

Հավիտենական կյանքի հույսը

16. Ինչո՞ւ է պատշաճ հավիտենական կյանքի հույս փայփայել։

16 Ի՜նչ սքանչելի հեռանկար է սպասում հավատարիմ մարդկանց։ Նրանք գիտեն, որ Աստված առհավետ իրենց ողողելու է հոգևոր և նյութական օրհնություններով։ Սաղմոսերգուն ճիշտ է ասում. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։16)։ Եհովան հորդորում է այդ մարդկանց դրախտային կյանքի այս հույսը փայփայել որպես իրենց հավատի բաղկացուցիչ մի մաս։ Նա մարդկանցից չի պահանջում, որ ծառայեն իրեն և դրա դիմաց վարձատրության հույս չունենան, թեև իր գերիշխանության հարցն  ավելի կարևոր է։ Ամբողջ Աստվածաշնչով մեկ այն միտքն է պտտվում, որ Աստծո հանդեպ հավատարմությունն ու հավիտենական կյանքի հույսն անքակտելիորեն կապված են իրար հետ և Աստծո հանդեպ քրիստոնեական հավատի անհրաժեշտ մասն են կազմում։ «Նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6

17. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ հույսով ապրելը լիովին պատշաճ է։

17 Հիսուսն ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Այստեղ նա Աստծուն և նրա նպատակները ճանաչելը կապեց դրան հետևող վարձատրության հետ։ Օրինակ՝ երբ չարագործը խնդրեց Հիսուսին հիշել իրեն, երբ գա իր Թագավորությամբ, Հիսուսը պատասխանեց. «Ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկաս 23։43)։ Նա չասաց այդ մարդուն, որ հավատա նույնիսկ առանց վարձատրության հույս ունենալու։ Հիսուսը գիտեր՝ Եհովան ցանկանում է, որ իր ծառաները դրախտ–երկրում հավիտենական կյանքի հույսն ունենան, որպեսզի այդ հույսը օգնի նրանց զանազան փորձություններ հաղթահարելու։ Այսպիսով՝ վարձատրության սպասելը մեծ օգնություն կհանդիսանա քրիստոնյայի համար՝ դիմանալու այս աշխարհի հարուցած դժվարություններին։

Թագավորության ապագան

18, 19. Ի՞նչ է անելու Թագավորը և ի՞նչ է լինելու Թագավորությանը Հազարամյակի վերջում։

18 Եթե Թագավորությունը մի օժանդակ իշխանական կառույց է, որի միջոցով Եհովան լավացնելու է երկրի վիճակը, իսկ նրա բնակիչներին հասցնելու է կատարելության և իր հետ՝ հաշտության, ի՞նչ են այդ դեպքում Հազարամյակից հետո անելու Թագավոր Հիսուս Քրիստոսն ու հարյուր քառասունչորս հազար թագավորներն ու քահանաները։ «Ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ»,— ասում է Աստվածաշունչը (Ա Կորնթացիս 15։24, 25

19 Եթե Հիսուսը Թագավորությունը հանձնելու է Աստծուն, ապա ինչպե՞ս հասկանալ դրա հավիտենական լինելու մասին Աստվածաշնչի խոսքերը։ Բանն այն է, որ հավիտյան են լինելու Թագավորության օրհնությունները։ Քրիստոսը հավիտյան պատվի է արժանանալու այն դերի համար, որ կունենա Աստծո գերիշխանության արդարացման գործում։ Սակայն քանի որ մեղքն ու մահը չքացած կլինեն, իսկ մարդկությունը՝ փրկված, այլևս որպես Փրկիչ նրա հանդես գալու կարիքը չի լինի։ Թագավորության հազարամյա տիրապետությունը նույնպես իր ավարտին կհասնի, այնպես որ Աստծո և հնազանդ մարդկանց միջև այլևս օժանդակ իշխանական կառույցի կարիք չի լինի, որպեսզի «Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ» (Ա Կորնթացիս 15։28

20. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է ապագայում սպասում Քրիստոսին ու 144 000–ին։

20 Հազարամյա թագավորությունից հետո ի՞նչ են անելու Հիսուսն ու իր իշխանակիցները։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Բայց մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան նրանց ծառայության հետագա առանձնաշնորհումներ կտա իր ողջ ստեղծագործության մեջ։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը թիկունք կանգնի Եհովայի գերիշխանությանն ու հավիտենական կյանքի պարգևը ստանա, և այդժամ կենդանի կլինենք տեսնելու, թե Եհովան ինչ է նախատեսել Թագավորի ու նրան կից թագավորների ու քահանաների ինչպես նաև ակնածանք ներշնչող իր անծայրածիր տիեզերքի համար։