Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Դեկտեմբեր 2015

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս վերաբերվեմ մեր միջև եղած տարբերություններին

Ինչպե՞ս վերաբերվեմ մեր միջև եղած տարբերություններին

ԽՆԴԻՐ

Դու սիրում ես սպորտով զբաղվել, իսկ կողակիցդ ավելի շատ նախընտրում է ընթերցել։ Դու բծախնդիր ես ու կազմակերպված, բայց կողակիցդ փոքր-ինչ անկազմակերպ է։ Դու սիրում ես շփվել մարդկանց հետ, իսկ նա առանձնություն սիրող մարդ է։

«Մենք ընդհանրապես համապատասխան չենք,— մտածում ես դու։— Ինչո՞ւ չնկատեցի դա, երբ ընկերություն էինք անում»։

Շատ հավանական է՝ նկատել ես, առնվազն որոշ բաներ։ Բայց այդ ժամանակ գուցե ավելի պատրաստակամ էիր զիջումների գնալու, քան հիմա։ Ուրեմն լավ կլինի, որ կրկին նույն մոտեցումն ունենաս։ Այս հոդվածը կօգնի քեզ։ Նախ քննենք, թե ինչը կարող է պատճառ լինել, որ մտածես, թե համապատասխան չեք։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Կան լուրջ տարբերություններ։ Մտերմության շրջանը հիմնականում այն բանի համար է, որ պարզեք՝ արդյոք համապատասխան եք իրար, թե ոչ։ Ուստի բազմաթիվ զույգեր, երբ լուրջ տարբերություններ են հայտնաբերում, դադարեցնում են ընկերությունը և անխոհեմաբար չեն կազմում այնպիսի ընտանիք, որտեղ կողակիցները տարբեր բևեռներում են ապրում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն տարբերությունների մասին, որոնք այդքան էլ լուրջ չեն և անխուսափելի են ցանկացած ամուսնության մեջ։

Երկու կատարելապես նման մարդիկ չեն լինում։ Հետևաբար բնական է, որ կողակիցները տարակարծիք լինեն որոշ հարցերում։ Օրինակ՝

Հետաքրքրություններ։ «Բացօթյա ժամանցը երբեք էլ չի գրավել ինձ,— ասում է Աննան *։— Բայց ամուսինս փոքրուց սիրել է բարձրանալ ձյունածածկ լեռներ ու օրերով արշավների գնալ»։

Սովորություններ։ «Կինս կարող է երեկոյան շատ ուշ քնել և առավոտյան ժամը 5-ին թարմ արթնանալ, բայց ես պետք է 7–8 ժամ քնեմ, հակառակ դեպքում դյուրագրգիռ եմ դառնում»,— ասում է Բրայանը։

Բնավորության գծեր։ Դու գուցե բնավորությամբ զուսպ մարդ ես, իսկ կողակիցդ սիրում է արտահայտվել։ «Մեր ընտանիքում ընդունված չէր անձնական խնդիրներից խոսել, բայց կնոջս ընտանիքում բոլոր հարցերը բացահայտ քննարկվում էին»,— ասում է Դեյվիդը։

Տարբերությունները միշտ չէ, որ վատ են։ Հելենա անունով մի կին ասում է. «Իմ տարբերակը կարող է լավը լինել, բայց դա չի նշանակում, որ դա միակ լավ տարբերակն է»։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Աջակցիր։ Ադամն ասում է. «Կինս՝ Քարենը, ընդհանրապես չի հետաքրքրվում սպորտով։ Բայց նա մի քանի անգամ եկել է խաղեր դիտելու և անգամ ինձ հետ զվարճացել է։ Իսկ ինքը սիրում է թանգարաններ այցելել, ուստի ընկերակցում եմ նրան, և մենք այնքան ժամանակ ենք անցկացնում այնտեղ, որքան նա է ուզում։ Ես ջանում եմ հետաքրքրություն դրսևորել արվեստի հանդեպ, քանի որ դա շատ կարևոր է կնոջս համար»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 10։24։

Հարցին տարբեր կողմերից նայիր։ Անպայման չէ, որ կողակցիդ ունեցած տեսակետը սխալ լինի զուտ այն պատճառով, որ տարբերվում է քո տեսակետից։ Ալեքսը համոզվել է դրանում։ Նա ասում է. «Ես միշտ ասել եմ, որ A և B կետերի միջև ամենակարճ ճանապարհն ուղիղ գիծն է, և որ ուրիշ լավ տարբերակ չկա։ Բայց ամուսնությունը օգնեց ինձ հասկանալու, որ A կետից B կետ հասնելու շատ տարբերակներ կան, և դրանցից յուրաքանչյուրը իր արդյունավետ կողմն ունի»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 5։5։

Եղիր իրատես։ Միմյանց համապատասխան լինել չի նշանակում կատարելապես ներդաշնակ լինել։ Ուստի մի՛ եզրակացրու, որ քո ամուսնությունը սխալմունք է զուտ այն պատճառով, որ որոշ տարբերություններ են ի հայտ եկել։ Ամուսնալուծությունների վերաբերյալ մի գրքում ասվում է. «Շատ մարդիկ կրկնում են ծեծված խոսքեր. «Սերը կուրացրել էր ինձ»»։ Այդուհանդերձ, «այն երջանիկ օրերը, որ ապրել եք միասին, ցույց են տալիս, որ, անկախ խառնվածքի տարբերություններից, դուք կարող եք սիրել իրար» (The Case Against Divorce)։ Փորձեք «շարունակել համբերել իրար», նույնիսկ եթե գանգատվելու պատճառ ունեք (Կողոսացիներ 3։13

Փորձիր հետևյալը։ Գրի առ, թե ինչն է քեզ դուր գալիս կամ ինչն ես սիրում կողակցիդ մեջ և որոնք են ձեր նմանությունները։ Հետո գրիր ձեր տարբերությունները։ Այդ ժամանակ թերևս գաս այն եզրահանգման, որ այդ տարբերությունները այնքան էլ լուրջ չեն, որքան դու էիր կարծում։ Գրառումներդ հնարավոր է նույնիսկ բացահայտեն, թե որ հարցերում կարող ես ավելի հանդուրժող լինել և ավելի շատ աջակցել կողակցիդ։ Քենեթն ասում է. «Շատ եմ գնահատում, երբ կինս հարմարվում է ինձ և գիտեմ, որ նա նույնպես գնահատում է, երբ ես եմ հարմարվում իրեն։ Անգամ եթե պետք է զոհողությունների գնամ, ինձ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ, որ նա երջանիկ է»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 4։5։

^ պարբ. 10 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

Իմացիր ավելին

ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

Ինչպես լուծել խնդիրները

Ձեզանից է կախված՝ ձեր ամուսնական կապը կլինի ամուր, թե թույլ, դուք կլինեք ուրախ, թե տխուր։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչպես զիջումներ անել

Չորս քայլեր, որոնք կօգնեն ձեզ ու ձեր կողակցին խուսափելու վեճից և միասին լուծում գտնելու։

ԴԻՏԱՐԱՆ

Հաղթահարել ընտանեկան տարաձայնությունները

Ինչո՞ւ են խնդիրներ ծագում, և ի՞նչ կարող եք անել, որ դրանք չքայքայեն ձեր ամուսնությունը։