Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԽԱՂԱՂ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Ինչպե՞ս վերջ դնել վեճերին

Ինչպե՞ս վերջ դնել վեճերին

ԳՈՒՑԵ ձեր ընտանեկան մթնոլորտը միշտ լարված է։ Հնարավոր է՝ վեճերն ավելի հաճախակի և թեժ են դարձել, ու երբեմն էլ չեք հիշում, թե դրանք ինչից ծագեցին։ Սակայն դուք սիրում եք իրար և չեք ուզում միմյանց ցավ պատճառել։

Կարևոր է հիշել, որ տարբեր տեսակետներ ունենալը դեռ չի նշանակում, որ ձեր ընտանիքի միասնությունը քայքայվում է։ Իրականում ոչ թե տարակարծություններն են պատճառը, որ ընտանիքում վեճ է լինում, այլ այն, թե դուք ինչպես եք դրանք քննարկում և լուծում գտնում։ Քննենք մի քանի խորհուրդ, որ կարող են օգնել ձեզ, որ թուլացնենք լարվածությունը։

1. ՄԻ՛ ՏՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

Առնվազն երկու հոգի է պետք վիճելու համար։ Սակայն, երբ երկուսից մեկը խոսելու փոխարեն սկսում է լսել, թեժացած խոսքակռիվը կարող է հանդարտվել։ Ուստի դիմադրիր պատասխան հարված տալու հակումին, նույնիսկ երբ բարկացնում են քեզ։ Տիրապետելով քեզ՝ պահիր քո ինքնահարգանքը և արժանապատվությունը։ Հիշիր, որ ընտանիքում խաղաղությունն ավելի կարևոր է, քան վեճում հաղթող դուրս գալը։

«Փայտ չլինելիս կրակը հանգչում է, և զրպարտող չլինելիս կռիվը հանդարտվում է» (Առակներ 26։20

2. ՀԱՍԿԱՑԻՐ ԸՆՏԱՆԻՔԻԴ ԱՆԴԱՄԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ուշադիր և կարեկցանքով լսելը, առանց ընդհատելու կամ կանխակալ կարծիք ունենալու, զգալիորեն կնպաստի նրան, որ բորբոքված զգացմունքները հանդարտվեն, և խաղաղությունը վերականգնվի։ Վատ մղումներ վերագրելու փոխարեն փորձիր հասկանալ դիմացինի զգացմունքները։ Մի՛ վերագրիր չարակամությանը այն, ինչը անկատարության դրսևորում է։ Ցավեցնող խոսքերը ավելի շուտ անմտածված խոսելու կամ վիրավորված սրտի արդյունք են, քան չարության կամ վրեժխնդիր ոգու։

«Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կողոսացիներ 3։12

3. ԱՌԱՆՁՆԱՑԻՐ ԵՎ ՓՈՐՁԻՐ ՀԱՆԴԱՐՏՎԵԼ

Եթե էմոցիաներդ տակնուվրա են եղել, լավ կլինի բարեկիրթ կերպով հեռանաս մի կարճ ժամանակով, որպեսզի ներսդ հանդարտվի։ Գուցե գնաս ուրիշ սենյակ կամ դուրս գաս մի քիչ քայլելու, մինչև որ նորից խաղաղվես։ Բայց չպետք է պատ շարես քո և դիմացինի միջև, այսինքն՝ չհամագործակցես կամ խուսափես նրանից։ Ոչ էլ պետք է լռությամբ պատասխանես, այսինքն՝ չխոսես կամ չհաղորդակցվես։ Ընդհակառակը, թերևս դա լավ ժամանակ է Աստծուն աղոթելու համար, որպեսզի քեզ համբերություն, խորաթափանցություն և հասկացողություն տա։

«Նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (Առակներ 17։14

 4. ԽՈՐՀԻՐ ԻՆՉ ԱՍԵԼ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ

Իրավիճակը չի շտկվի, եթե ջանքերդ ներդնես լավ մշակված հակահարված տալու ուղղությամբ։ Դրա փոխարեն, փորձիր ասել այնպիսի բաներ, որ կարող են դարմանել քո սիրելի անձնավորության վիրավորված զգացմունքները։ Փոխարեն ասելու, որ նա չպետք է այդպես զգա, խոնարհությամբ խնդրիր, որ պարզաբանի իր զգացմունքների պատճառը, և շնորհակալություն հայտնիր, որ օգնում է քեզ ըմբռնելու։

«Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակներ 12։18

5. ՄԻ՛ ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ՁԱՅՆԴ ԵՎ ԽՈՍԻՐ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՏՈՆՈՎ

Ընտանիքի անդամներից մեկի անհամբերությունը կարող է հեշտությամբ բորբոքել մյուսի զայրույթը։ Անկախ այն բանից, թե որքան ես վիրավորված, խուսափիր հեգնական, վիրավորական կամ բարձր տոնով խոսելուց։ Մի՛ ասա կծու մեղադրական խոսքեր, ինչպես օրինակ՝ «դու իմ մասին չես մտածում» կամ «դու երբեք չես լսում»։ Ընդհակառակը, մեղմ ձայնով հայտնիր, թե ինչպես է նրա վարմունքը ազդել քեզ վրա, օրինակ՝ «ես վիրավորվում եմ, երբ դու....»։ Բոթելը, ապտակելը, հարվածելը կամ բռնության ցանկացած այլ դրսևորում ոչ մի արդարացում չունի։ Նույնն էլ՝ նսեմացնող անուններ կպցնելը, արհամարհական խոսքերը կամ սպառնալիքները։

«Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31

6. ՄԻ՛ ՀԱՊԱՂԻՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՈՒ ԱՍԱ՝ ԻՆՉ ԿԱՆԵՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թույլ մի՛ տուր բացասական զգացմունքներին շեղել քեզ գլխավոր նպատակից՝ խաղաղություն հաստատելուց։ Հիշիր, եթե կռվում եք, ուրեմն երկուսդ էլ պարտվում եք, իսկ եթե խաղաղություն եք հաստատում, ուրեմն երկուսդ էլ հաղթում եք։ Ուստի ընդունիր, որ լարվածության պատճառը մասամբ դու ես։ Եթե նույնիսկ համոզված ես, որ ոչ մի վատ բան չես արել, միևնույնն է, կարող ես ներողություն խնդրել բորբոքվելու և բացասաբար արձագանքելու համար, կամ էլ իրավիճակի թեժացմանը ակամայից նպաստելու համար։ Խաղաղ հարաբերություններն ավելի կարևոր են, քան քո հպարտությունն ու «հաղթանակը»։ Եթե քեզնից են ներողություն խնդրում, անմիջապես ներիր։

«Խոնարհեցրու քեզ և համառորեն թախանձիր մերձավորիդ» (Առակներ 6։3

Վիճաբանության հանդարտվելուց հետո ի՞նչ կարող եք անել, որ ընտանիքում խաղաղություն տիրի։ Սա հաջորդ հոդվածի թեման է։

Իմացիր ավելին

Հաղթահարել ընտանեկան տարաձայնությունները

Ինչո՞ւ են խնդիրներ ծագում, և ի՞նչ կարող եք անել, որ դրանք չքայքայեն ձեր ամուսնությունը։

Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ

Ինչպե՞ս կարող են ամուսինները հարգալից ձևով հաղորդակցվել։