Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Դեկտեմբեր 2015

Կետերը կրկին այստեղ են

Կետերը կրկին այստեղ են

Ամեն տարի հուլիսից հարավային հարթ կամ իսկական կետերի (Eubalaena australis) էգերը, կտրել անցնելով հազարավոր կիլոմետրեր Անտարկտիդայի ափերից, հասնում են Սանտա Կատարինայի (Բրազիլիա) հարավային առափնյա գոտիներ։ Նրանք այստեղ են գալիս, որպեսզի նոր սերունդ լույս աշխարհ բերեն և կերակրեն իրենց ձագուկներին ծանծաղ ջրերում։ Մի քանի ամիս տեղացիներն ու զբոսաշրջիկները ծովափից կամ քարափներից հիացմունքով դիտում են, թե ինչպես են մայրերն ու ձագուկները ճեմում կամ զվարճանում ջրում։ *

Ջրային ակրոբատ-հսկաները

Էգի երկարությունը կարող է հասնել 16 մետրի, որը հավասար է երկու ավտոբուսի երկարության, իսկ քաշը՝ մինչև 80 տոննայի։ Նրա հսկա մարմինը հիմնականում սև է, երբեմն փորի վրա ունենում է սպիտակ բծեր։ Գլուխը շատ մեծ է՝ ամբողջ մարմնի մեկ քառորդ մասը։ Ունի երկար կամարաձև բերան։ Ի տարբերություն կետերի որոշ տեսակների, այս կետը մեջքին լողակ չունի։ Առաջ լողալու համար նա վեր ու վար է ճոճում իր լայն և խորը ակոսված պոչը, հակառակ ձկների, որոնք պոչը տարուբերում են մի կողքից մյուսը։ Ուղղությունը փոխելու համար նա թեքում է իր կողային լողաթևերը, ինչպես որ ինքնաթիռն է ղեկավարվում։

Հետաքրքիր է, որ չնայած իր ահռելի չափերին՝ իսկական կետը բավական ճկուն է և ապշեցուցիչ ակրոբատիկ մանևրներ է անում։ Կարող ես տեսնել՝ ինչպես է նավարկում՝ երկար ժամանակ պոչը ջրից դուրս տնկած, ինչպես է պոչախաղ տալիս՝ պոչով ուժգին չրմփացնում ջրին, և ոլորացատկ անում՝ դուրս գալիս ջրից և կրկին չրմփում ջրի մեջ, ինչը հնարավոր է տեսնել անգամ շատ հեռվից։

Յուրօրինակ ֆիզիկական առանձնահատկությունները

Իր գլխի շուրջը կետը ունի մի շարք սպիտակավուն կամ դեղնավուն կոշտուկներ՝  մաշկի կոշտացած գնդեր, որոնք պատված են մանր խեցգետնակերպ մակաբույծների գաղութներով, որոնց անվանում են կետի լվեր։ «Ամեն կոշտուկ իր յուրօրինակ ձևն ունի, ճիշտ ինչպես մարդու մատնահետքն է յուրօրինակ,— ասում է Կարինա Գրոշը՝ Բրազիլիայում իսկական կետերին առնչվող նախագծի կոորդինատորը։— Դա օգնում է տարբերելու իսկական կետերին իրարից։ Մենք նկարում ենք նրանց կոշտուկները, երբ նրանք գալիս են մեր ափեր, և դրանք պահում ենք մեր կատալոգում»։

Կենսաբաններն ասում են, որ դժվար է ճշգրտորեն որոշել իսկական կետի տարիքը, քանի որ կետերի այս տեսակը ատամներ չունի։ Նրանց մոտավոր հաշվարկների համաձայն՝ կետերի կյանքի տևողությունը առնվազն 65 տարի է։ *

Սնվելու հետաքրքիր սովորություններ

Իսկական կետը սնվում է փոքր խեցգետնակերպերով։ Նա վերին ծնոտի երկու կողմերում ունի հարյուրավոր թիթեղներից բաղկացած ֆիլտրման համակարգ, որոնց եզրերին մազիկներ կան։ Լողալիս կետը բացում է բերանը, կլանում է ջուրը և թիթեղների միջով ֆիլտրում այն՝ դուրս չթողնելով իր մանր որսին։ Այսպես նա կարող է օրական ուտել մինչև երկու տոննա խեցգետնակերպ։

Ամառը (հունվար/փետրվար) հարավային իսկական կետերը անցկացնում են Անտարկտիդայի ջրերում՝ սնվելով և ճարպեր կուտակելով։ Ճարպի հաստ շերտը սննդի լավ պաշար է միգրացիայի ժամանակ և պաշտպանում է, երբ լողում են սառը ջրերում։

Ինչպես են նրանք ստացել իրենց անունը

18-րդ դարից ի վեր կետորսները մասշտաբային որս էին անում հարավային կիսագնդի ջրերում։ Այս կետերը համարվում էին «իսկական» որսալու կետեր։ Ինչո՞ւ։ Դանդաղ լողալու պատճառով դրանց հեշտ էր բռնել անգամ այն կետորսների համար, ովքեր նավարկում էին փայտե նավերով և զինված էին միայն ձեռքի եռաժանիներով։ Բացի այդ, ի տարբերություն մյուս կետերի, երբ սրանք այլևս կենդանի չեն, իրենց հաստ ճարպաշերտի պատճառով մնում են ջրի երեսին։ Այսպիսով կետորսները կարող էին հեշտությամբ նրանց քաշել ափ։

Հարկ է նշել նաև, որ կետի ճարպը և թիթեղները ժամանակին մեծ պահանջարկ են ունեցել։ Հալած ճարպը լցնում էին փողոցների լապտերների մեջ, ինչպես նաև դրանից քսուքներ էին պատրաստում։ Իսկ թիթեղները օգտագործում էին կորսետների և անձրևանոցների հիմնակմախք ու կառապանի մտրակ պատրաստելու համար։ Իրականում մի կետի թիթեղները լիովին փակում էին կետորսների խմբի ճամփորդության բոլոր ծախսերը։

20-րդ դարի սկզբներին լայնածավալ կետորսության պատճառով իսկական կետերի պոպուլյացիան զգալիորեն կրճատվեց, և կոմերցիոն նպատակներով կետորսությունը դարձավ անշահութաբեր։ Բրազիլիայում վերջին կետորսության կենտրոնը փակվեց 1973-ին։ Չնայած նկատվում է, որ որոշ տեսակների պոպուլյացիան դանդաղորեն վերականգնվում է, սակայն կան տեսակներ, որ դեռևս ոչնչացման եզրին են։

Իսկական կետերը երկրի բարդ կենսաբազմազանության զարմանահրաշ օրինակ են։ Նրանք ևս մեկ վկայություն են այն ապշեցուցիչ իմաստության և զորության, որ ունի այս ամենի Արարիչը՝ Եհովա Աստված (Սաղմոս 148։7

^ պարբ. 2 Նրանց բազմացման գոտիներն են նաև Արգենտինայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ուրուգվայի և Օկլենդ կղզեխմբի ափերը ողողող օվկիանոսային ջրերը։

^ պարբ. 8 Գիտնականները իսկական կետերի ընտանիքին են դասում կետերի տարբեր տեսակներ, որոնցից են օրինակ՝ հյուսիսային կիսագնդի օվկիանոսներում ապրող գրենլանդիան կետը (Eubalaena glacialis) և ճապոնական կետը (Eubalaena japonica)։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Այն, թե ինչին եք հավատում կյանքի ծագման վերաբերյալ, շատ կարևոր է։