Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՋԻՆ ՀՎՈՆԳ

Մաթեմատիկոսը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Մաթեմատիկոսը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Դոկտոր Ջին Հվոնգը ծնվել է 1950թ.-ին Թայվան կղզու Թայնան քաղաքում։ Նա Թայվանի Չժուն Չժենի պետական համալսարանի՝ մաթեմատիկայի՝ թոշակի անցած պրոֆեսոր է։ Ջին Հվոնգը նաև համարվում է ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։ Նա մինչև թոշակի անցնելը Քոռնելի համալսարանում դասավանդել և ուսումնասիրություններ է կատարել վիճակագրության և հավանականությունների տեսության բնագավառներում։ Վիճակագրության վերաբերյալ նրա գրած նյութերը տարիներ շարունակ եղել են ամենաշատ հրատարակվող հեղինակավոր աղբյուրների թվում։ Երիտասարդ տարիքում նա հավատում էր, թե կյանքն առաջացել է էվոլյուցիոն պրոցեսների արդյունքում։ Բայց հետագայում նա փոխեց իր տեսակետը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Ի՞նչ ուսմունքներ են ձեզ սովորեցրել մանկության տարիներին։

— Դպրոցում մեզ սովորեցրել են էվոլյուցիոն տեսությունը, բայց ոչ ոք չի բացատրել, թե կյանքն ինչպես է առաջացել։ Երբ ծնողներս դարձան դաոսականներ, ես ուշադիր լսում էի նրանց կրոնական ուսուցիչներին և շատ հարցեր էի տալիս նրանց։ Բայց նրանց տված պատասխաններից քչերն էին բավարարում ինձ։

— Ինչո՞ւ դարձաք մաթեմատիկոս։

— Տարրական դասարաններում ինձ անչափ գրավեց մաթեմատիկան։ Այդ ժամանակվանից սիրել եմ այդ առարկան։ Հետագա տարիներին՝ համալսարանում սովորելիս, մեծ բավականություն էի ստանում մաթեմատիկայի, հատկապես հավանականությունների տեսության դասընթացներից։ Մաթեմատիկական թեորեմների հստակ ապացույցները ինձ պարզապես հիացնում էին։

— Ինչպե՞ս եղավ, որ ձեզ սկսեց հետաքրքրել Աստվածաշունչը։

— 1978թ.-ին կինս՝ Ջինհուեյը, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Ես երբեմն մասնակցում էի նրանց քննարկումներին։ Այդ ժամանակ մենք ապրում էինք Միացյալ Նահանգներում։ Ջինհուեյը նոր էր ստացել ֆիզիկայի դոկտորի աստիճան, իսկ ես վիճակագրություն էի ուսումնասիրում Պերդյուի համալսարանում։

— Ի՞նչ կարծիք ունեիք Աստվածաշնչի վերաբերյալ։

— Ինձ տպավորեց այդ գրքի արձանագրությունն այն մասին, թե ինչպես են կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվել երկրագնդի վրա։ Վեց ստեղծագործական ժամանակաշրջանների մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը, թեև գրված է պարզ լեզվով, բայց ի տարբերություն հնագույն առասպելների՝ համապատասխանում է գիտական  փաստերին։ * Այդուհանդերձ, տարիներ շարունակ ես չէի կարողանում ընդունել, որ գոյություն ունի Ստեղծիչ։

— Ինչո՞ւ էր ձեզ համար դժվար ընդունել այդ գաղափարը։

Ինձ համար Արարչի գոյությանը հավատալը նշանակում էր մերժել այն կրոնական հայացքները, որ սովորել էի մանկուց

— Ինձ խանգարում էին կրոնական զգացմունքներս։ Ինձ համար Արարչի գոյությանը հավատալը նշանակում էր մերժել այն կրոնական հայացքները, որ սովորել էի մանկուց։ Բանն այն է, որ դաոսականությունը չի սովորեցնում, թե ամեն բան արարել է իրական մի անձնավորություն՝ Աստված։

— Սակայն հետագայում դուք փոխեցիք ձեր տեսակետը։ Ինչո՞ւ։

— Որքան շատ էի մտորում կյանքի ծագման մասին, այնքան ավելի էի համոզվում, որ առաջին կենդանի օրգանիզմը պետք է շատ բարդ կառուցվածք ունենար։ Օրինակ՝ այն պետք է կարողանար վերարտադրվել, ինչի համար անհրաժեշտ էր գենետիկական ինֆորմացիա, ինչպես նաև կենսաբանական հատուկ մեխանիզմ, որը կկարողանար ճշգրտորեն կրկնօրինակել այդ ինֆորմացիան։ Բացի այդ, անգամ պարզագույն կենդանի բջիջը պետք է ունենար մոլեկուլային մեխանիզմներ նոր բջջի բոլոր կառուցվածքային տարրերը ստեղծելու համար, ինչպես նաև պետք է ունենար ինչ-որ միջոց էներգիա կլանելու և օգտագործելու համար։ Ինչպե՞ս էր հնարավոր, որ պատահականորեն այդպիսի բարդ մեխանիզմներ ձևավորվեին անկենդան նյութից։ Որպես մաթեմատիկոս՝ ես չէի կարող ընդունել այդ գաղափարը։ Պատահական պրոցեսների արդյունքում նման մեխանիզմների ձևավորման հավանականությունը չափազանց փոքր է։

— Իսկ ի՞նչը մղեց ձեզ, որ սկսեք ավելի խորությամբ ուսումնասիրել Եհովայի վկաների հավատալիքները։

— Ես ժամանակ առ ժամանակ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ էի ուսումնասիրել։ Հետո 1995թ.-ին, երբ գտնվում էի Թայվանում, հիվանդացա։ Ես օգնության կարիք ունեի։ Կինս Միացյալ Նահանգներից կապ հաստատեց Թայվանում ապրող Եհովայի վկաների հետ։ Նրանք ինձ հանդիպեցին հիվանդանոցի մոտ։ Հիվանդանոցում ազատ մահճակալներ չկային, իսկ ես շատ թույլ էի և հյուծված։ Վկաներից մեկը ինձ տարավ հյուրանոց, որ հանգստանամ ու վերականգնեմ ուժերս։ Նա շարունակեց խնամել ինձ, իսկ հետո տարավ հիվանդանոց, որ բուժում ստանամ։

Այդ անկեղծ հոգատարությունը խորապես տպավորեց ինձ։ Ես սկսեցի մտածել այն մասին, թե ինչպես են Եհովայի վկաները բազմիցս բարություն դրսևորել իմ ընտանիքի հանդեպ այլ առիթներով։ Նրանք իսկապես տարբերվում են իրենց հավատի շնորհիվ։ Ուստի կրկին սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։ Հաջորդ տարի մկրտվեցի։

— Իսկ ձեր հավատը չի՞ խանգարում ձեր գիտական ուսումնասիրություններին։

— Բոլորովին։ Վերջին տարիներին ես մաթեմատիկական մոդելներ եմ առաջարկել գեների ֆունկցիաներն ուսումնասիրող գիտնականներին։ Գենետիկայի բնագավառում կատարվող ուսումնասիրությունները օգնում են ավելի լավ հասկանալու, թե ինչպես են գործում կյանքի գոյության համար անհրաժեշտ կենսաբանական մեխանիզմները։ Որքան շատ բան եմ իմանում այդ մասին, այնքան ավելի եմ հիանում Արարչի իմաստությամբ։

— Կնշե՞ք մի օրինակ։

— Ինձ շատ է տպավորում, օրինակ, բազմացման պրոցեսը։ Որոշ օրգանիզմներ, ինչպես, օրինակ, ամեոբաները անսեռ են, այսինքն՝ չունեն իգական կամ արական սեռ։ Այս միաբջիջ միկրոօրգանիզմները պարզապես կրկնօրինակում են իրենց գենետիկական ինֆորմացիան և կիսվում. այս երևույթը կոչվում է անսեռ բազմացում։ Սակայն կենդանիների և բույսերի մեծ մասը բազմանում է սեռական ճանապարհով, որի դեպքում համակցվում է արական և իգական առանձնյակների գենետիկ ինֆորմացիան։ Բազմացման այս եղանակը հատկապես ուշագրավ է։

Բանն այն է, որ եթե մեկ օրգանիզմը կարողանում է բազմանալ՝ պարզապես կիսվելով, և հաջողությամբ այդպես բազմացել է անթիվ-անհամար տարիներ, այդ դեպքում ինչո՞ւ պետք է վերարտադրողական այդ պարզ համակարգը վերափոխվեր և վերածվեր ավելի բարդ համակարգի, որտեղ բազմացման համար պետք է իրար միանան երկու բջիջ։ Արական և իգական օրգանիզմների գենետիկական ինֆորմացիաները կրկնօրինակելու և դրանք իրար համակցելու համար շատ բարդ մեխանիզմներ են գործում։ Սա լուրջ հարցերի առաջ է կանգնեցնում էվոլյուցիոնիստ-կենսաբաններին։ Իմ կարծիքով՝ սեռական բազմացման պրոցեսը միանշանակ վկայում է Աստծու իմաստության մասին։

^ պարբ. 11 Ստեղծագործական ժամանակաշրջանների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք կարդալ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։

Իմացիր ավելին

Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը

Արարչագործության մասին աստվածաշնչյան պատմությունը ներդաշնա՞կ է գիտական փաստերին։

Ինչպես է առաջացել կյանքը։ Երկու հարցեր, որոնց պատասխաններն արժե գտնել

Ինքներդ քննեք, թե արդյոք կյանքի ծագման վերաբերյալ էվոլյուցիոն տեսության տված պատասխանները գոհացուցիչ են։

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 1։ Ինչո՞ւ հավատալ Աստծուն

Ուզո՞ւմ ես ավելի վստահ խոսել, երբ ներկայացնում ես, թե ինչու ես հավատում Աստծուն։ Հոդվածում կան առաջարկներ, որ կօգնեն քեզ։