Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Ապրում են առանց տեսողության

Ապրում են առանց տեսողության

«Տեսողությունս լրջորեն վնասվեց, երբ իմ ծնվելուց հետո աչքերիս մեջ կաթեցրին ուժեղ ազդեցության կաթիլներ։ Պատանեկության տարիներին ամբողջությամբ կորցրի տեսողությունս և ընկա խոր դեպրեսիայի մեջ» (Պակի, միջին տարիքի մի կին, որի ամուսինը նույնպես կույր է)։

ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ կամ տեսողության խանգարումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում վնասվածքների և հիվանդությունների պատճառով, որոնք կարող են ազդել աչքերի, տեսողական նյարդերի կամ ուղեղի վրա։ Այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ կամ մասամբ կորցնում են իրենց տեսողությունը, հաճախ չեն կարողանում համակերպվել իրականությանը, վախով են համակվում և ընկճվում են։ Սակայն շատերը սովորում են հաղթահարել նման զգացումները և շարունակում են ապրել բավարարված կյանքով։

Աչքերը մեզ շրջապատող աշխարհն ընկալելու և տեղեկություններ ձեռք բերելու հիմնական միջոցն են։ Այդ պատճառով, երբ ինչ-որ մեկը կորցնում է իր տեսողությունը, սկսում է ավելի շատ ապավինել մյուս զգայարաններին՝ լսողության, հոտառության, շոշափելիքի և համի։

Համաձայն մի գիտական պարբերագրի՝ նեյրոնային ճկունության հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղեղը ունակ է «հարմարվելու տեղի ունեցող փոփոխություններին»։ Հոդվածում նաև նշվում է. «Երբ ուղեղը այլևս ազդակներ չի ստանում որևիցե զգայարանից, այն կարողանում է ինքնակարգավորվել այնպես, որ սկսում է խթանել և զարգացնել մյուս զգայարանները» (Scientific American)։ Նկատի առնենք հետևյալը։

Լսողություն։ Տարբեր հնչյուններ, օրինակ՝ ձայները կամ ոտնաձայները օգնում են, որ մարդու գիտակցության մեջ մտապատկերներ ստեղծվեն։ Ֆերնանդո անունով մի կույր մարդ ասում է. «Ես սովորել եմ հիշել ու ճանաչել մարդկանց իրենց ձայների և անգամ ոտնաձայների միջոցով»։ Խուանը, որը նույնպես կույր է, ասում է. «Կույր անհատը մարդուն ճանաչում է նրա ձայնով»։ Բացի այդ, ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ կույրերը մեծ ուշադրություն են դարձնում խոսողի ձայնի տոնին, որն արտահայտում է տարբեր զգացմունքներ։

Իսկ կույր մարդուն, որն ունի սուր լսողություն, ձայները նաև շատ բան են հայտնում շրջապատող միջավայրի մասին, օրինակ՝ երթևեկության ուղղության, սենյակի մեծության և որոշ առարկաների դիրքի մասին։

Հոտառություն։ Անհատը տարբեր տեղեկություններ է ձեռք բերում նաև հոտառության զգայարանի միջոցով։ Օրինակ՝ նա ոչ միայն իմանում է, թե ինչից է գալիս հոտը, այլև տարբեր հոտեր զգալով՝ կարողանում է իր մտքում տեղանքի «քարտեզ» գծագրել և պատկերացնել, թե որտեղ ինչ կա՝ սրճարաններ, ռեստորաններ, շուկաներ և  այլ բաներ։ Տեղանքը ավելի լավ պատկերացնելու հարցում նրան օգնում են նաև ծանոթ ձայները, ինչպես նաև շոշափելիքի զգայարանի միջոցով ձեռք բերած տեղեկությունները։

Շոշափելիքի զգայարան։ «Իմ մատները իմ աչքերն են»,— ասում է Ֆրանցիսկոն։ Այդ «աչքերի տեսադաշտը» հնարավոր է ընդլայնել ձեռնափայտի միջոցով։ Մանասեսը, որը կույր է ծնվել և մանկուց ձեռնափայտ է օգտագործել, ասում է. «Իմ մյուս զգայարանների և հիշողության շնորհիվ ես կարողանում եմ կողմնորոշվել, թե որտեղ եմ գտնվում, իսկ ձեռնափայտիս օգնությամբ կարողանում եմ իմանալ, օրինակ, թե ինչ անհարթություններ և խոչընդոտներ կան մայթի վրա»։

Մի մարդ կարդում է «Դիտարան» ամսագիրը Բրայլի գրատիպով

Շոշափելիքի զգայարանի շնորհիվ շատ կույր մարդիկ կարողանում են Բրայլի գրատիպով հրատարակված գրականություն կարդալ։ Այսօր կույր մարդիկ հնարավորություն ունեն օգտվելու մի շարք միջոցներից, որոնք հարստացնում և բազմազան են դարձնում նրանց կյանքը։ Բացի Բրայլի գրատիպով հրատարակություններից, կան նաև ձայնագրություններ և տարբեր համակարգչային ծրագրեր ու սարքավորումներ։ Այս ամենի օգնությամբ կույրերը կարող են կարդալ Աստվածաշունչը և Աստվածաշնչի ուսումնասիրության տարբեր ձեռնարկներ։ *

 Այդ հոգևոր միջոցները մխիթարության աղբյուր են Պակիի ու նրա ամուսնու համար, որոնց մասին նշվեց հոդվածի սկզբում։ Նրանք նաև հոգևոր աջակցություն են ստանում իրենց մեծ հոգևոր ընտանիքի՝ Եհովայի վկաների տեղի ժողովի կողմից։ Պակին ասում է. «Այժմ մենք կարողանում ենք ապրել իմաստալից և որոշ չափով ինքնուրույն կյանքով»։

Իսկապես, կույրերը բազում դժվարություններ են կրում։ Բայց այն, որ նրանք կարողանում են հաղթահարել այդ ամենը և ուրախություն ստանալ կյանքից, վկայում է այն մասին, որ մարդ արարածը ունակ է հարմարվելու փոփոխություններին և տոկունություն դրսևորելու։

^ պարբ. 10 Եհովայի վկաները հրատարակում են Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ Բրայլի գրատիպով ավելի քան 25 լեզուներով։