Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ինչպես գովել երեխաներին

Ինչպես գովել երեխաներին

ԽՆԴԻՐ

Որոշ մարդիկ ասում են, որ ինչքան էլ գովես երեխային, երբեք շատ չի լինի։ Ուրիշներն էլ մտածում են, թե երեխային չափից շատ գովելով՝ ծնողները նրան երես կտան, և նա կսկսի մտածել, թե ինքը առանձնահատուկ իրավունքներ ունի, և բոլորը պարտավոր են անել իր ուզածը։

Այս հարցում կարևոր է ոչ միայն այն, թե որքան եք գովում ձեր երեխային, այլև այն, թե ինչի համար եք գովում։ Ինչպիսի՞ գովեստը կարող է երեխայի համար քաջալերական և օգտակար լինել։ Եվ ինչպիսի՞ գովեստը գուցե վնասի նրան։ Ինչպե՞ս կարող եք գովել ձեր երեխային, որ դա իսկապես օգտակար լինի նրա համար։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Ամեն գովասանք չէ, որ օգտակար է։ Քննենք գովեստի հետ կապված որոշ մտքեր։

Չափից շատ գովելը օգտակար չէ։ Որոշ ծնողներ տեղի-անտեղի գովեստի խոսքեր են շռայլում իրենց երեխաներին՝ մտածելով, որ այդպես ինքնահարգանք կզարգացնեն նրանց մեջ։ Բայց ինչպես նշում է դոկտոր Դեյվիդ Ուոլշը, երեխաները «բավականին խելացի են ու կարող են հասկանալ, թե ձեր ասածներից ինչն է չափազանցություն, և գուցե եզրակացնեն, որ դուք իրականում չեք մտածում այն, ինչ ասում եք։ Հասկանալով, որ արժանի չէին [այդ գովասանքին]՝ նրանք գուցե կորցնեն վստահությունը ձեր նկատմամբ»։ *

Ունակությունների համար գովելը կարող է ինչ-որ չափով օգտակար լինել։ Ենթադրենք՝ ձեր դուստրը նկարչական ունակություններ ունի։ Դուք ցանկանում եք դրա համար գովել նրան, քանի որ դա կարող է մղել նրան բարելավելու իր ունակությունները։ Սակայն կա մի վտանգ։ Երբ ձեր երեխային գովում եք միայն իր ունեցած ունակությունների համար, նա կարող է մտածել, որ ինքը պետք է զբաղվի միայն այն բանով, ինչը ավելի հեշտությամբ է կարողանում անել։ Երեխան նույնիսկ գուցե խուսափի ինչ-որ նոր բան անելուց՝ վախենալով, թե իրեն ոչինչ չի հաջողվի։ Նա կարող է մտածել. «Եթե ինչ-որ բան անելու համար պետք է ջանքեր թափեմ, ապա դա նշանակում է, որ դա իմ խելքի բանը չէ, ուրեմն էլ ինչո՞ւ ջանք գործադրեմ»։

Ամենաօգտակարը ջանքերի համար գովելն է։ Երբ երեխաներին գովում են ոչ թե պարզապես նրանց ունակությունների, այլ նրանց թափած ջանքերի և հաստատակամության համար, նրանք հասկանում են մի կարևոր ճշմարտություն. հմտություններ ձեռք բերելու  համար անհրաժեշտ է համբերություն և աշխատասիրություն։ Դա գիտակցելով՝ նրանք, ինչպես նշվում է մի գրքում, «շատ ջանք են թափում, որ լավ արդյունքի հասնեն.... Եվ եթե նույնիսկ մի բան լավ չի ստացվում, նրանք չեն մտածում, թե իրենց այլևս ոչինչ չի հաջողվի, այլ սովորում են իրենց սխալներից» (Letting Go With Love and Confidence)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Գովեք ոչ թե ունակությունների համար, այլ ջանքերի։ Օրինակ՝ ցանկանալով գովել ձեր երեխային նրա նկարած նկարի համար՝ գուցե ասեք նրան. «Ապրես, դու իսկական նկարիչ ես»։ Սակայն ավելի լավ կլինի, որ նրան ասեք. «Գեղեցիկ է ստացվել, երևում է, որ շատ ջանք ես թափել»։ Ինչ խոսք, այս երկու տարբերակներն էլ գովեստի խոսքեր են, սակայն առաջինը գուցե երեխային այն միտքը ներշնչի, թե նա կարող է հաջողությամբ անել միայն այն, ինչն անելու բնատուր ունակություններ ունի։

Իսկ եթե երեխային գովեք ջանքերի համար, դուք նրան կսովորեցնեք, որ ունակությունները կարելի է բարելավել՝ շատ ջանք թափելով և շատ աշխատելով։ Այդ դեպքում ձեր երեխան ավելի մեծ պատրաստակամությամբ ու վստահությամբ նորանոր հանձնարարություններ ու գործեր կկատարի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 14:23։

Օգնեք ձեր երեխային, որ չհուսահատվի, երբ որևէ բան չի ստացվում։ Սխալներ են անում նույնիսկ լավ մարդիկ, գուցեև շատ անգամ (Առակներ 24:16)։ Բայց երբ նրանք սայթաքում են, կրկին ոտքի են կանգնում, սովորում են իրենց սխալից և գնում են առաջ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային զարգացնելու այսպիսի դրական տրամադրվածություն։

Այս դեպքում ևս անհրաժեշտ է կենտրոնանալ ջանքերի վրա։ Ենթադրենք՝ ձեր դստերը հաճախ ասում եք. «Իմ աղջիկը իսկական մաթեմատիկոս է»։ Բայց պատկերացրեք, որ նա մաթեմատիկայի քննությունը լավ չի հանձնում։ Նա գուցե եզրակացնի, որ ինքը կորցրել է իր տաղանդը, ուստի չարժե այլևս ջանքեր թափել բարելավումներ անելու համար։

Իսկ կենտրոնանալով երեխայի գործադրած ջանքերի վրա՝ կօգնեք նրան զարգացնելու հաստատակամություն։ Նաև այդպես կօգնեք նրան մտածելու, որ եթե այս անգամ ինչ-որ բան չի ստացվել, ապա դա ընդամենը թերացում է, և հնարավոր է ամեն բան շտկել։ Արդյունքում նա չի վհատվի ու չի հանձնվի և գուցե ուրիշ մեթոդներ փորձի կամ պարզապես ավելի շատ ջանք թափի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 3:2։

Տվեք օգտակար խորհուրդներ։ Եթե երեխային խորհուրդ տաք ճիշտ ձևով, ապա նա ձեր խորհրդից թևաթափ չի լինի և օգուտներ կքաղի։ Բացի այդ, եթե կանոնավորաբար և տեղին գովեք ձեր երեխային, ամենայն հավանականությամբ, նա ավելի պատրաստակամորեն կընդունի ձեր խորհուրդը։ Արդյունքում նա հաջողությունների կհասնի և դա ուրախություն կպատճառի և՛ նրան, և՛ ձեզ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13:4։

^ պարբ. 8 Մեջբերված է «No: Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It» գրքից։

Իմացիր ավելին

Ինչպես դաստիարակել երեխային

Խրատը կանոններ սահմանելուց ու պատժելուց ավելին է։