Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

Երբ ձեր մտերիմը հիվանդ է

Երբ ձեր մտերիմը հիվանդ է

«Երբ հայրս պետք է դուրս գրվեր հիվանդանոցից, մենք բժշկին խնդրեցինք, որ մեկ անգամ էլ աչքի անցկացնի նրա արյան հետազոտության պատասխանները և ասի մեզ, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Բժիշկը վստահեցրեց, որ հետազոտության արդյունքները դրական են, բայց կատարեց մեր խնդրանքը և մեկ անգամ էլ ստուգեց դրանք։ Նա անչափ զարմացավ՝ տեսնելով, որ արդյունքներից երկուսը նորմայից բարձր են։ Նա ներողություն խնդրեց և կանչեց համապատասխան մասնագետի։ Այժմ հորս առողջական վիճակը լավ է։ Մենք շատ ուրախ ենք, որ այն ժամանակ չվարանեցինք հարցեր տալ բժշկին» (Մերիբել)։

Նախքան բժշկի մոտ գնալը գրի առեք, թե հիվանդը ինչ ախտանիշներ ունի և ինչ դեղեր է ընդունում

Ամեն անգամ բժշկի մոտ գնալը կամ հիվանդանոց պառկելը կարող է լարվածություն պատճառել ու հոգնեցնել։ Մերիբելի պատմածը ցույց է տալիս, թե ընկերոջ կամ հարազատի օգնությունը որքան մեծ նշանակություն կարող է ունենալ, անգամ կարող է կյանք փրկել։ Իսկ դուք ինչպե՞ս կարող եք օգնել ձեր մտերիմին, որը հիվանդ է։

Նախքան բժշկի մոտ գնալը։ Օգնեք հիվանդին, որ գրի առնի իր ունեցած ախտանիշները, նաև նշի, թե ինչ դեղեր կամ հավելումներ է ընդունում։ Գրի առեք այն հարցերը, որ կցանկանաք տալ բժշկին։ Օգնեք ձեր ընկերոջը, որ մտաբերի այլ մանրամասներ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև այն մասին, թե արդյոք իր ազգականներից որևէ մեկը ունեցել է նման հիվանդություն։ Մի մտածեք, թե բժիշկն արդեն իսկ գիտի այդ մանրամասները, կամ եթե կարիք լինի, ինքը կհարցնի դրանց մասին։

Ուշադիր լսեք բժշկին, հարցեր տվեք և գրառումներ արեք

Բժշկին այցելելիս։ Հավաստիացեք, որ հիվանդը, ինչպես նաև դուք ճիշտ եք հասկանում բժշկի ասածները։ Հարցեր տվեք, բայց աշխատեք ինքնավստահ դատողություններ չանել։ Թույլ տվեք, որ հիվանդը հարցեր տա ու արտահայտվի։ Ուշադիր լսեք բժշկին և գրառումներ արեք։ Հարցրեք, թե բուժման ինչ տարբերակներ կան։ Որոշ դեպքերում գուցե խելամիտ լինի, որ հիվանդին խորհուրդ տաք լսել նաև մեկ այլ մասնագետի կարծիք։

Ուշադրությամբ կարդացեք բժշկի ցուցումները և նրա նշանակած դեղատոմսերը

Այցելությունից հետո։ Հիվանդի հետ աչքի անցկացրեք բժշկի նշանակումը։ Հոգ տարեք, որ հիվանդը ճիշտ դեղեր ընդունի։ Նաև խրախուսեք, որ դեղերն ընդունելիս հետևի բժշկի ցուցումներին և եթե ինչ-որ բացասական ազդեցություն նկատի, անմիջապես տեղեկացնի նրան։ Օգնեք հիվանդին, որ դրական մտավիճակ ունենա։ Նաև հորդորեք, որ ճշգրտորեն հետևի բժշկի խորհուրդներին և ստանա հետևողական բուժում՝ բժշկական հսկողության ներքո։ Օգնեք, որ նա հնարավորինս շատ տեղեկություններ ձեռք բերի իր հիվանդության մասին։

 Հիվանդանոցում

Հավաստիացեք, որ բոլոր փաստաթղթերը ճիշտ են լրացված

Եղեք հանգիստ և ուշադիր։ Հիվանդանոց պառկելիս հիվանդը գուցե անհանգստանա ու իրեն անօգնական զգա։ Հանգստություն պահպանելով և ուշադիր լինելով՝ կարող եք օգնել բոլորին, որ չլարվեն և սխալներ չանեն։ Հետևեք, որ բժշկական փաստաթղթերը ճիշտ լրացվեն։ Հարգեք հիվանդի՝ տեղեկացված լինելու և բժշկական հարցերի վերաբերյալ անձնական որոշում կայացնելու իրավունքը։ Եթե նա չափազանց վատ վիճակում է և չի կարող անել դա, ապա հարգեք նրա՝ նախապես գրի առնված ցանկությունները և մոտ ազգականի կամ բժշկական միջամտության հարցերով ներկայացուցչի որոշումը։ *

Բուժանձնակազմին հարգալից կերպով հայտնեք, թե ինչ եք նկատել

Եղեք նախաձեռնող։ Ազատորեն արտահայտվեք։ Ձեր արժանավայել արտաքին տեսքը և քաղաքավարի վերաբերմունքը կարող են մղել բուժանձնակազմին ավելի հոգատար լինելու հիվանդի նկատմամբ և նույնիսկ ավելի որակյալ բուժօգնություն տրամադրելու։ Շատ հիվանդանոցներում հիվանդի առողջությանը հետևում են մի քանի բժիշկներ։ Յուրաքանչյուր բժշկի հայտնելով, թե ինչ են ասել նրա գործընկերները՝ կարող եք մեծապես աջակցել նրանց։ Դուք լավ եք ճանաչում հիվանդին, ուստի եթե նրա ֆիզիկական կամ մտային առողջության հետ կապված ինչ-որ փոփոխություն եք նկատում, անպայման հայտնեք այդ մասին։

Օգնեք, ինչով կարող եք, բայց առանց բուժանձնակազմին խանգարելու

Եղեք հարգալից ու երախտագետ։ Հիվանդանոցի անձնակազմը հաճախ աշխատում է շատ լարված պայմաններում։ Ուստի նրանց հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեն (Մատթեոս 7։12)։ Հարգեք նրանց կրթությունը, նրանց փորձը և ցույց տվեք, որ վստահում եք նրանց և երախտապարտ եք նրանց թափած ջանքերի համար։ Նման գնահատանքը կարող է քաջալերել նրանց ու մղել անելու իրենց լավագույնը։

Ինչ խոսք, ոչ ոք չի կարող խուսափել հիվանդություններից։ Բայց հեռատեսություն դրսևորելով ու գործնական աջակցություն ցուցաբերելով՝ կարող եք օգնել ձեր հիվանդ ընկերոջը կամ հարազատին, որ հաջողությամբ հաղթահարի իր հիվանդության հետ կապված դժվարությունները (Առակներ 17։17

^ պարբ. 8 Հիվանդի իրավունքների և պարտականությունների հետ կապված օրենքները երկրից երկիր տարբերվում են։ Հոգ տարեք, որ հիվանդի բժշկական փաստաթղթերը, որոնցում նա արտահայտում է բուժման հարցերի հետ կապված իր կամքը, լինեն ամբողջությամբ լրացված և ժամկետի մեջ։

 

Իմացիր ավելին

Աստվածաշնչի տեսակետը առողջության վերաբերյալ

Իմացիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը հիվանդությունների ու բուժման մեթոդների վերաբերյալ։