Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հոկտեմբեր 2015

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Երբ վերադառնում ես տուն

Երբ վերադառնում ես տուն

ԽՆԴԻՐ

Չափահաս տարիքի հասած շատ երիտասարդներ հեռանում են տնից ու փորձում են առանձին ապրել։ Սակայն բախվելով դժվարությունների՝ ստիպված են լինում վերադառնալ տուն՝ իրենց ծնողների մոտ։ Գուցե դու նույնպես հայտնվել ես այդպիսի իրավիճակում։

Տուն վերադառնալը թերևս դժվար լինի քեզ համար, անգամ եթե շատ ես սիրում ծնողներիդ։ Օրինակ՝ Սարա * անունով մի աղջիկ ասում է. «Առանձին ապրելը ինձ ինքնավստահություն էր ներշնչում, քանի որ ոչ ոքի խնամքի տակ չէի։ Սակայն տուն վերադառնալուց հետո ինձ կրկին երեխա էի զգում»։ Նման զգացումներ ուներ նաև Ռիչարդ անունով մի երիտասարդ։ Նա ասում է. «Ես չէի ցանկանում տուն վերադառնալ։ Բայց ոչ մի կերպ չէի կարողանում ապրուստս հոգալ։ Հուսահատվել էի ու մտածում էի, որ ձեռքիցս ոչինչ չի գալիս»։

Եթե դու էլ ես հայտնվել նման իրավիճակում, այս հոդվածը կարող է օգնել, որ կրկին ոտքի կանգնես ու սովորես ինքնուրույն հոգալ քո կարիքները։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Ֆինանսական խնդիրներ։ Շատ երիտասարդներ անակնկալի են գալիս, երբ, առանձին ապրելով, հասկանում են, թե որքան շատ գումար է հարկավոր առօրյա կարիքները հոգալու համար։ Ռիչարդը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ասում է. «Ապրուստս հոգալու համար ծախսեցի իմ բոլոր խնայողությունները»։ Իսկ Շեյնա անունով մի աղջիկ, որը 24 տարեկանում սկսել էր առանձին ապրել և մեկուկես տարի անց վերադարձել էր տուն, ասում է. «Չէի ասի, թե նյութական միջոցներս ճիշտ էի օգտագործում։ Տնից հեռացա դատարկ գրպանով, վերադարձա պարտքերով»։ *

Աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Աշխատանքը կորցնելու պատճառով կարող են խափանվել առանձին ապրելու հետ կապված քո ծրագրերը, անգամ եթե դրանք կազմված լինեն ամենայն զգուշությամբ ու խոհեմությամբ։ Այդպես եղավ Շեյնայի պարագայում։ Նա ասում է. «Ես բժշկական կուրսեր անցա և մի գործակալության օգնությամբ աշխատանք գտա։ Բայց հետո կորցրի աշխատանքս ու մնացի անգործ։ Ես ապրում էի գյուղական բնակավայրում, որտեղ իմ մասնագիտական բնագավառում աշխատելու ոչ մի հեռանկար չկար»։

Անիրատեսական ակնկալիքներ։ Որոշ երիտասարդներ, ովքեր ընդունվում են աշխատանքի, բոլորովին անպատրաստ են լինում դիմագրավելու ապրուստ վաստակելու հետ կապված դժվարություններին։ Հաճախ նրանց գործը իրենց սպասածից ավելի ծանր է լինում։ Եվ նրանք խորապես հիասթափվում են՝ տեսնելով, որ առանձին ապրելը այն չէ, ինչ երազում էին։ Նրանք չէին մտածում, որ չափահաս կյանքում այդքան շատ դժվարություններ կլինեն։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ծնողներիդ հետ խոսիր տուն վերադառնալուդ մասին։ Կարող ես խոսել հետևյալ հարցերի շուրջ։ Որքա՞ն ժամանակ ես ապրելու ծնողներիդ հետ։ Նրանց հետ ապրելիս ինչպե՞ս ես օգնելու առօրյա ծախսերը հոգալու հարցում։ Տնային ի՞նչ գործեր կարող ես անել։ Ի՞նչ քայլեր ես ձեռնարկելու, որ կրկին սկսես ինքնուրույն հոգալ քո ծախսերը։ Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, հիշիր, որ քանի դեռ ապրում ես ծնողներիդ հարկի տակ, պետք է ենթարկվես նրանց դրած կանոններին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ելք 20։12։

Սովորիր ճիշտ տնօրինել փողը։ Ֆինանսական միջոցները ճիշտ տնօրինելու վերաբերյալ մի գրքում ասվում է. «Փողը ծախսելու հետ կապված քո սովորությունները մեծ դեր են խաղում այն հարցում, թե որքանով ճիշտ կտնօրինես քո ունեցած ֆինանսական միջոցները.... Կարևոր է հասկանալ հիմնական մի ճշմարտություն. չպետք է փողը ծախսել այն բաների վրա, որոնց կարիքը չկա» (The Complete Guide to Personal Finance։ For Teenagers and College Students)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 14։28։

Խորհուրդ հարցրու։ Ծնողներդ կամ այլ հասուն անհատներ կարող են օգնել քեզ, որ սովորես խելամտորեն բանկային գործարքներ անել, բյուջե կազմել և վճարումներ կատարել։ Մարի անունով մի աղջիկ ասում է. «Ես պետք է սովորեի անգամ ամենատարրական բաները։ Ընկերս օգնեց ինձ, որ անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ ծախսերի ցուցակ կազմեմ։ Անհավատալի էր, բայց ծախսերիս մեծ մասը բոլորովին էլ անհրաժեշտ չէին։ Նաև սովորեցի, թե ինչպես կարող եմ զարգացնել ինքնակարգապահություն՝ մի հատկություն, որը անհրաժեշտ է առանձին ապրելու համար»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13։10։

Առավել կարևոր է ոչ թե այն, թե ինչ գործ ես անում, այլ թե որքանով ես հմուտ այդ գործում

Քայլեր ձեռնարկիր աշխատանք գտնելու համար։ Այն ժամանակը, որ պետք է տրամադրեիր աշխատանքիդ, օգտագործիր աշխատանք գտնելու համար։ Սակայն զգույշ եղիր այդ հարցում։ Որոշ մարդիկ գուցե ասեն քեզ. «Ամեն բան արա, որ հասնես երազանքիդ»։ Սակայն եթե փնտրես միայն քո երազած աշխատանքը, չես մտածի այլ տարբերակների մասին և գուցե նույնիսկ ձեռքիցդ բաց թողնես աշխատանքի հիանալի հնարավորություններ։ Ժամանակդ մի վատնիր միայն մի տեսակի աշխատանք փնտրելու վրա և նկատի առ նաև այլ տարբերակներ։ Հիշիր, որ առավել կարևոր է ոչ թե այն, թե ինչ գործ ես անում, այլ թե որքանով ես հմուտ այդ գործում։ Նկատվել է, որ աշխատողները, որքան շատ են հմտանում ու փորձ ձեռք բերում, այնքան ավելի մեծ բավականություն են ստանում իրենց գործից։ Աշխատանքից հաճույք ստանալու համար պարտադիր չէ, որ քո սիրած գործն անես։

^ պարբ. 5 Այս հոդվածում անունները փոխված են։

^ պարբ. 8 Միացյալ Նահանգներում ուսանողները հաճախ են հայտնվում նման իրավիճակում։ Ինչպես նշվում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում, ուսանողը, որը ուսման համար վարկ է վերցնում, համալսարանն ավարտելիս արդեն ունենում է միջին հաշվով 33000 դոլար պարտք։