Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՕԳՈՍՏՈՍ 2015

Նա հավատարիմ մնաց իր համոզմունքներին

Նա հավատարիմ մնաց իր համոզմունքներին

Երբ Սոնգ Հին 11 տարեկան էր, նրա մայրը նկատեց, որ իր աղջկա մեջքը տարօրինակ թեքություն ունի։ Աղջկան տարան բժշկի, և պարզվեց, որ նա սկոլիոզ ունի՝ ողնաշարի կողմնային ծռում, որի դեպքում ողնաշարը ստանում է C կամ S տառի ձև։ Սոնգ Հիի վիճակն այնքան վատացավ, որ վիրահատության կարիք առաջացավ։ Բայց Սոնգ Հին հրաժարվեց վիրահատության ժամանակ արյան փոխներարկում ընդունելուց։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Երբ ախտորոշվեց ձեր հիվանդությունը, բժիշկները կարողացա՞ն օգնել ձեզ։

— Մոտ երեք տարի ես գտնվում էի երկու բժիշկների հսկողության տակ, բայց իմ ողնաշարը գնալով ավելի էր ծռվում։ Թեքությունն այնքան մեծ էր, որ ողնաշարս սեղմում էր սիրտս ու թոքերս, ինչի պատճառով դժվարությամբ էի շնչում։ Անհրաժեշտ էր շտապ վիրահատություն կատարել։

— Համաձայնվեցի՞ք վիրահատվել։

— Այո՛, համաձայնվեցի։ Բայց ինձ ասացին, որ դա շատ բարդ վիրահատություն է։ Այդ ժամանակ ողնաշարիս թեքությունը արդեն հասել էր 116 աստիճանի, ինչը շատ լուրջ ձևախախտում էր։ Իմ պարագայում վիրահատությունը շատ ավելի բարդ էր լինելու, քանի որ կար մի առանձնահատուկ հանգամանք. Աստվածաշնչի վրա հիմնված իմ համոզմունքների պատճառով ես հրաժարվում էի արյան փոխներարկումից։ *

— Կարողացա՞ք գտնել վիրաբույժի, որը պատրաստ կլիներ կատարել վիրահատությունը։

— Ես ու մայրս գնացինք մի մասնագետի մոտ, որն աշխատում էր հենց մեր նահանգում՝ Ֆլորիդայում (ԱՄՆ)։ Սակայն երբ ես նրան հայտնեցի, որ չեմ ընդունելու արյան փոխներարկում, նա ասաց, որ ոչ մի վիրաբույժ չի համաձայնի նման բարդ վիրահատություն կատարել առանց արյան փոխներարկման։ Նա նաև ասաց, որ եթե չվիրահատվեմ, գուցե չապրեմ մինչև 20 տարեկան։ Այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էի։

— Դուք վիրաբույժին բացատրեցի՞ք, թե ինչ հիմքեր ունեն ձեր համոզմունքները։

— Այո՛։ Ես նրան ասացի, որ իմ համոզմունքները հիմնված են Աստվածաշնչի վրա, և բացատրեցի, որ Աստված սուրբ է համարում արյունը, անկախ նրանից՝ դա կենդանիների արյունն է, թե մարդկանց։ * Իսրայելացիներին Աստված նույնիսկ ասել էր, որ արյուն ուտողը մահվան է արժանի։ * Ես վիրաբույժին նաև ցույց տվեցի Գործեր 15։19, 20-ում գրված խոսքերը, որոնք ուղղված են քրիստոնյաներին։ Այնտեղ նշվում է, որ հարկավոր է «հեռու մնալ.... արյունից»։ Դա նշանակում է, որ չպետք է որևէ ձևով արյուն մտնի մարդու օրգանիզմ, լինի դա բերանի թե երակների միջոցով։

— Ինչպե՞ս արձագանքեց վիրաբույժը։

— Նա շարունակում էր պնդել, թե վիրահատությունը հնարավոր չէ անել առանց արյան փոխներարկման։ Հիվանդանոցի տնօրինությունը նույնիսկ ասաց, որ եթե համաձայնվեմ արյան փոխներարկում ընդունել, իմ վիրահատությունն անվճար կլինի։

— Դա գայթակղիչ առաջարկ էր։ Ի՞նչ որոշեցիք։

— Թեև թվում էր, թե ոչ մի վիրաբույժ վիրահատությունը չի անի առանց փոխներարկման, այնուամենայնիվ, ես որոշեցի հավատարիմ մնալ իմ համոզմունքներին։ Հետո  իրավիճակն ավելի բարդացավ։ Ըստ օրենքի՝ ես դեռևս անչափահաս էի համարվում։ Ու քանի որ վիճակս գնալով վատանում էր, իմ վիրահատության հարցը քննվեց դատարանում։ Սակայն հուրախություն մեզ՝ նահանգի դատախազը 30 օր ժամանակ տվեց, որ գտնենք մի վիրաբույժի, որը հաշվի կառնի իմ կամքը։

— Գտա՞ք այդպիսի մասնագետի։

— Այո՛, Եհովայի վկաների՝ հիվանդանոցների հետ կապի կոմիտեն օգնեց մեզ։ Այդ կոմիտեն կապ հաստատեց սկոլիոզի բուժման փորձ ունեցող մի մասնագետի հետ, որն աշխատում էր Նյու Յորքում։ Այդ բժիշկը պատրաստ էր վիրահատությունը կատարել առանց արյան փոխներարկման։ Նա համաձայնեց ընդունել ինձ։ Այնպես որ, մենք կարողացանք դատարանի սահմանած ժամանակահատվածում գտնել համապատասխան մասնագետի։ *

— Ինչպե՞ս անցավ վիրահատությունը։

— Վիրահատությունը շատ հաջող անցավ։ Վիրաբույժը՝ Ռոբերտ Բերնստայնը, ողնաշարս ուղղելու համար կարգավորվող հատուկ ձողեր տեղադրեց դրա վրա։ Նա վիրահատությունը կատարեց երկու փուլով երկու շաբաթ ընդմիջումով։

— Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ երկու փուլով կատարել վիրահատությունը։

— Եթե առաջին վիրահատության ժամանակ շատ արյուն կորցնեի, ընդմիջումը հնարավորություն կտար, որ իմ օրգանիզմում բավարար քանակության կարմիր գնդիկներ արտադրվեին նախքան հաջորդ վիրահատությունը։ Բայց վիրաբուժական անձնակազմի հմտության, զգուշության և աշխատանքի լավ պլանավորման շնորհիվ վիրահատության երկու փուլերի ժամանակ էլ ես շատ քիչ արյուն կորցրի։ Բացի այդ ես շատ արագ ապաքինվեցի, քանի որ վիրահատությունից հետո չեղան բարդություններ, որոնք սովորաբար լինում են արյան փոխներարկման պատճառով։ *

— Իսկ վիրաբույժը գո՞հ էր վիրահատության արդյունքից։

Բժիշկները հիվանդին պետք է ընդունեն որպես անհատականություն

— Նա ուղղակի հիացած էր։ «Բժշկական օգնություն ցույց տալը,— ասաց նա,— պարզապես վիրահատություն կատարելը չէ»։ Նրա կարծիքով՝ բժիշկները հիվանդին պետք է ընդունեն որպես անհատականություն՝ հարգելով նրա համոզմունքներն ու արժեքները։ Համոզված եմ, որ ոչ միայն Եհովայի վկաները, այլև շատ ուրիշ մարդիկ լիովին համաձայն կլինեն այդ տեսակետին։

^ պարբ. 7 Սոնգ Հիի մայրը Եհովայի վկա է։ Սոնգ Հին ունի նույն համոզմունքները, ինչ իր մայրը։ 2012-ին՝ 16 տարեկանում, նա մկրտվել է՝ դառնալով Եհովայի վկա։

^ պարբ. 17 Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներն օգնում են բուժօգնության կարիք ունեցող Վկաներին գտնելու բժիշկների, որոնք պատրաստ են տրամադրել որակյալ բուժօգնություն առանց արյան փոխներարկման։

^ պարբ. 21 Նոր Հարավային Ուելսի (Ավստրալիա) բուժօգնության որակի վերահսկման հանձնաժողովը արյան փոխներարկման վտանգների հետ կապված մի հոդվածում նշել է. «Արյան փոխներարկումը հյուսվածքի փոխպատվաստում է։ Ինչպես ցանկացած այլ հյուսվածքի փոխպատվաստման դեպքում է լինում, օրգանիզմը հակված է մերժելու այն՝ որպես օտար մարմին։ Հետևաբար հարկավոր է հաշվի առնել, որ դրա հետ կապված վտանգները շատ են»։

Իմացիր ավելին

Արյան փոխներարկումից հրաժարվելու արդյունքում Վկաներն ավելի արագ են ապաքինվում

Հաշվետվությունների համաձայն՝ արյան փոխներարկումից հրաժարվող պացիենտների վիրահատությունները ավելի հաճախ դրական ելք են ունենում, և նրանք արագ են ապաքինվում։