Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՕԳՈՍՏՈՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Բջիջ. կենդանի գրադարան

Բջիջ. կենդանի գրադարան

1953-ին մոլեկուլային կենսաբաններ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը հրապարակեցին մի հայտնագործություն, որը մեծապես ազդեց կյանքի վերաբերյալ գիտական պատկերացումների վրա։ Նրանք հայտնաբերեցին, որ ԴՆԹ-ն կազմված է երկու պարուրաձև շղթաներից։ * ԴՆԹ-ն, որը հիմնականում գտնվում է բջջի կորիզում, պարունակում է գաղտնագրված տեղեկություն, ինչի շնորհիվ բջիջը կարելի է համարել «կենդանի գրադարան»։ Այս ցնցող հայտնագործությունը կենսաբանության մեջ ուսումնասիրությունների լայն դուռ բացեց։ Բայց ի՞նչ նպատակի է ծառայում բջջի մեջ պարունակվող գաղտնագրված տեղեկությունը։ Եվ ինչպե՞ս է այդ տեղեկությունը «հայտնվել» այնտեղ։

 ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է սերմը դառնում ծառ, ինչպես է բեղմնավորված ձվաբջիջը դառնում մարդ, կամ ինչպես է երեխան իր ծնողներից ժառանգում որոշակի արտաքին տվյալներ ու բնավորության գծեր։ Այս ամենի գաղտնիքը ԴՆԹ-ում պարունակվող տեղեկությունն է։

Գրեթե բոլոր բջիջներն ունեն ԴՆԹ՝ բարդ մոլեկուլներ, որոնք նման են ոլորված երկար սանդուղքի։ Այդ «սանդուղքը» բաղկացած է առանձին «աստիճաններից»։ Մարդու գենոմը՝ բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ի մոլեկուլների ամբողջությունը, պարունակում է մոտ երեք միլիարդ այդպիսի «աստիճաններ»։ Գիտնականներն այդ «աստիճաններն» անվանում են «հիմքային զույգեր», քանի որ յուրաքանչյուր «աստիճան» կազմված է երկու քիմիական նյութերից, կամ՝ հիմքերից։ Գոյություն ունի չորս այդպիսի հիմք, որոնք ներկայացվում են չորս տառերով՝ Ա, Ց, Գ, Թ։ Այս չորս տառերը այդ հիմքերի անվանումների առաջին տառերն են և կազմում են, այսպես ասած, մի պարզ այբուբեն։ * 1957թ.-ին Քրիքը առաջ քաշեց այն տեսակետը, որ ԴՆԹ-ում ինֆորմացիան գաղտնագրված է հիմքային զույգերից բաղկացած «աստիճանների» առանձնահատուկ հաջորդականության շնորհիվ։ 1960-ականներին գիտնականները սկսեցին վերծանել ԴՆԹ-ի գաղտնագրված ինֆորմացիան։

Ինֆորմացիան, լինի դա նկարների, հնչյունների թե բառերի տեսքով, կարելի է տարբեր կերպերով պահել և օգտագործել։ Համակարգիչներում ինֆորմացիան թվային տեսքով է պահվում և օգտագործվում։ Իսկ կենդանի բջիջներում տեղեկությունը պահվում և օգտագործվում է քիմիական միացությունների, գլխավորաբար ԴՆԹ-ի միջոցով։ Ամեն անգամ բջջի կիսման և օրգանիզմների բազմացման ժամանակ ԴՆԹ-ն պատճենվում և փոխանցվում է նոր բջջին։ Այս պրոցեսներն անհրաժեշտ են կյանքի գոյության համար։

Ի՞նչ նպատակի է ծառայում բջջի մեջ պարունակվող տեղեկությունը։ ԴՆԹ-ն կարելի է նմանեցնել բաղադրատոմսերի մի հավաքածուի։ Այդ բաղադրատոմսերից յուրաքանչյուրի  մեջ նշված է, թե ինչ հաջորդական պրոցեսներ պետք է կատարվեն, ընդ որում յուրաքանչյուր պրոցես նկարագրված է ամենայն մանրամասնությամբ և նշված են ճշգրիտ չափաբաժինները։ Բայց արդյունքում ոչ թե թխվածք է պատրաստվում, այլ, օրինակ, կաղամբ կամ կով։ Ավելին, կենդանի բջջի մեջ բոլոր այդ պրոցեսները տեղի են ունենում ինքնըստինքյան՝ առանց որևէ միջամտության, ինչը ցույց է տալիս, որ բջիջը շատ ավելի բարդ ու հանճարեղ կառուցվածք ունի։

Մանրէի բջջում պարունակվող տեղեկությունը կկազմեր հազար էջանոց մի գիրք

Գենետիկական ինֆորմացիան օգտագործվում է, օրինակ, ծերացած կամ վնասված բջիջները նոր, առողջ բջիջներով փոխարինելու կամ ժառանգական հատկանիշները նոր սերունդներին փոխանցելու համար։ Իսկ որքա՞ն տեղեկություն է պարունակում ԴՆԹ-ն։ Նկատի առնենք ամենափոքր օրգանիզմներից մեկը՝ մանրէն։ Գերմանացի գիտնական Բերնթ-Օլաֆ Քյուպերսը նշում է. «Եթե մանրէի բջջի կառուցվածքը նկարագրող մոլեկուլային «տեքստը» վերարտադրեինք մարդկային լեզվով, ապա կստացվեր հազար էջանոց մի գիրք»։ Իսկ կենսաքիմիկոս Դեյվիդ Դիմերը գրել է. «Կենդանի օրգանիզմների նույնիսկ պարզագույն տեսակները զարմանալիորեն բարդ կառուցվածք ունեն»։ Իսկ որքա՞ն տեղեկություն է պարունակում մարդու գենոմը։ Քյուպերսը նշում է. «[Գենոմում պարունակվող տեղեկությունը] կլցներ հազարավոր հատորներ»։

«ԳՐՎԱԾ Է ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ»

Քյուպերսը նաև ասում է, որ ԴՆԹ-ի գաղտնագիրը միանգամայն տեղին է անվանել լեզու՝ «մոլեկուլագենետիկական լեզու»։ Նա նշում է, որ «ինչպես ցանկացած լեզու, այս «լեզուն» նույնպես ունի իր ուրույն շարահյուսական կառուցվածքը»։ Պարզ ասած՝ ԴՆԹ-ի գաղտնագիրն ունի «քերականություն»՝ կանոնների մի համակարգ, որը ճշգրտորեն կանոնակարգում է հրահանգների ձևակերպումն ու իրականացումը։

ԴՆԹ-ում գաղտնագրված «բառերն» ու «նախադասությունները» կազմում են այն «բաղադրատոմսերը», որոնց համաձայն սինթեզվում են սպիտակուցներ և այլ նյութեր, որոնցից էլ կազմվում են օրգանիզմի տարբեր բջիջները։ Օրինակ՝ «բաղադրատոմսը» կարող է պարունակել անհրաժեշտ հրահանգներ ու տեղեկություններ ոսկրային, մկանային, նյարդային կամ մաշկային բջիջների ձևավորման համար։ Էվոլյուցիոնիստ-կենսաբան Ռիչարդ Դոկինզը նշում է. «ԴՆԹ-ի շղթայում ինֆորմացիան գրված է քիմիական նյութերի միջոցով. յուրաքանչյուր քիմիական նյութ ասես մեկ տառ լինի։ Եվ որքան էլ անհավատալի թվա, այդ ինֆորմացիան գրված է այնպես, որ հնարավոր է հասկանալ»։

Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Դավիթը, Աստծուն ուղղված իր աղոթքում ասաց. «Քո  աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին.... նրա բոլոր մասերը» (Սաղմոս 139։16)։ Ճիշտ է, Դավիթն այստեղ օգտագործում է բանաստեղծական լեզու, սակայն հայտնում է միանգամայն ճշգրիտ տեղեկություն, մի բան, ինչը հատուկ է Աստվածաշունչը գրի առնող բոլոր մարդկանց։ Նրանցից ոչ մեկի վրա թեկուզև չնչին չափով չեն ազդել այդ ժամանակներում գոյություն ունեցող առասպելները (2 Սամուել 23։1, 2; 2 Տիմոթեոս 3։16

Ինչպե՞ս է երեխան իր ծնողներից ժառանգում տարբեր առանձնահատկություններ

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳԱՂՏՆԱԳԻՐԸ «ՀԱՅՏՆՎԵԼ» ԴՆԹ-Ի ՄԵՋ

Հաճախ երբ գիտնականները բացահայտում են որևէ առեղծված, կանգնում են մեկ այլ առեղծվածի առջև։ Այդպես էր նաև ԴՆԹ-ի հայտնագործության դեպքում։ Երբ գիտնականները հասկացան, որ ԴՆԹ-ն պարունակում է գաղտնագրված տեղեկություն, հարց առաջացավ. «Իսկ ինչպե՞ս է այդ տեղեկությունը «հայտնվել» այնտեղ»։ Մարդկանցից ոչ մեկը չի տեսել, թե ինչպես է ԴՆԹ-ի առաջին մոլեկուլը ձևավորվել։ Հետևաբար ամեն մարդ ինքը պետք է մտածի վերոհիշյալ հարցի շուրջ ու որոշակի հետևություն անի։ Սակայն այդ հետևությունը պետք է լինի տրամաբանական և ոչ թե լոկ ենթադրությունների վրա հիմնված։ Նկատի առնենք երկու օրինակ։

  • 1999-ին Պակիստանում հայտնաբերվեցին շատ հին կավե իրեր, որոնց վրա անհասկանալի նշաններ կային։ Այդ նշանները մինչ օրս չեն վերծանվել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ դրանք մարդու ձեռքով են արվել։

  • Այն բանից հետո, երբ Ուոթսոնը և Քրիքը հայտնագործեցին ԴՆԹ-ի կառուցվածքը, երկրից դուրս գոյություն ունեցող բանական կյանք գտնելու ակնկալիքով երկու ֆիզիկոսներ առաջարկեցին փորձել տիեզերքից եկող գաղտնագրված ռադիոազդանշաններ որսալ։

Ի՞նչ են ցույց տալիս այս երկու օրինակները։ Մարդիկ հասկանում են, որ եթե կա տեղեկություն, ապա դրա աղբյուրը բանականությունն է, անկախ այն բանից՝ այդ տեղեկությունը գրված է կավի վրա, թե հաղորդվում է ռադիոազդանշանների միջոցով։ Եվ նման եզրահանգում անելու համար բոլորովին կարիք չկա, որ նրանք տեսնեն, թե ինչպես է կազմվում տեղեկությունը։ Այնինչ երբ հայտնաբերվեց կենդանի բջջի գենետիկական կոդը՝ մարդուն հայտնի ամենաբարդ ծածկագիրը, շատերը խուսափեցին այդ տրամաբանական եզրակացությունից՝ հայտարարելով, թե ԴՆԹ-ն առաջացել է կույր պատահականության արդյունքում։ Սակայն արդյոք դա խելամի՞տ է։ Արդյոք նման տեսակետը ներդաշնա՞կ է փաստերին կամ գիտական հիմք ունի՞։ Շատ նշանավոր գիտնականներ ասում են՝ ո՛չ։ Նրանցից են պրոֆեսորներ Ջին Հվոնգը և Յան-Դեր Հսյուն։ Տեսնենք, թե ինչ են ասում նրանք։

Պրոֆեսոր Ջին Հվոնգը ուսումնասիրում է գենետիկայի մաթեմատիկական հիմքերը։ Մի ժամանակ նա հավատում էր էվոլյուցիային, բայց ուսումնասիրություններից հետո փոխեց իր տեսակետը։ «Արթնացե՛ք»-ին տված իր հարցազրույցում նա ասել է. «Գենետիկայի բնագավառում կատարված ուսումնասիրություններն օգնում են ավելի լավ հասկանալու կյանքի մեխանիզմները։ Ես ակնածանքով եմ լցվում՝ հասկանալով, թե ինչ մեծ իմաստություն ունի մեր Արարիչը»։

Պրոֆեսոր Յան-Դեր Հսյուն ղեկավարում է սաղմի զարգացման ուսումնասիրությունները Պինդունի՝ գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանում (Թայվան)։ Նա նույնպես հավատում էր էվոլյուցիային, սակայն իր կատարած ուսումնասիրություններից հետո եկավ այլ եզրահանգման։ Խոսելով բջիջների կիսման և տարբերակման պրոցեսների մասին՝  նա ասաց. «Պետք է կազմվեն համապատասխան բջիջներ, ընդ որում ճշգրիտ հերթականությամբ և ճիշտ տեղերում։ Սկզբում այդ բջիջներից կազմվում են տարբեր հյուսվածքներ, իսկ հյուսվածքներից էլ կազմվում են օրգաններն ու վերջույթները։ Ոչ մի ինժեներ չի կարող անգամ երազել, թե իրեն երբևիցե կհաջողվի նման բարդ «շինարարության» նախագիծ կազմել։ Այնինչ ԴՆԹ-ի մեջ ճշգրտորեն «գրված» է սաղմի զարգացման ողջ բարդ պրոցեսի «նախագիծը»։

Ջին Հվոնգը (ձախից) և Յան-Դեր Հսյուն

ԿԱՐԵՎՈ՞Ր Է ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Այո՛, կարևոր է։ Քանի որ եթե Աստված է ստեղծել կյանքը, ուրեմն նրա՛ն պետք է տալ ողջ փառքը այդ ամենի համար (Հայտնություն 4։11)։ Բացի այդ, եթե մենք իմաստուն Արարչի ձեռքի գործն ենք, ուրեմն ստեղծված ենք որոշակի նպատակի համար։ Իսկ եթե կյանքն առաջացած լիներ կույր պատահականության արդյունքում, ապա այն ոչ մի նպատակ և իմաստ չէր ունենա։ *

Բոլոր մարդիկ էլ ցանկանում են ստանալ իրենց հարցերի գոհացուցիչ պատասխանները։ «Կյանքի իմաստը գտնելը մարդու կյանքի գլխավոր նպատակն է»,— նշում է նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր Վիկտոր Ֆրանկլը։ Այլ կերպ ասած՝ մենք հոգևոր կարիքներ ունենք և փափագում ենք բավարարել դրանք։ Մարդը չէր կարող այդպիսի հոգևոր քաղց զգալ, եթե ստեղծված չլիներ Աստծու կողմից։ Բայց եթե Աստված է ստեղծել մեզ, այդ դեպքում հարց է առաջանում. իսկ նա տվե՞լ է մեզ այդ հոգևոր կարիքները բավարարելու միջոց։

Հիսուս Քրիստոսը պատասխանել է այդ հարցին։ Նա ասել է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի [կամ՝ Աստծու] բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4)։ Եհովայի խոսքերը, որ գրված են Աստվածաշնչում բավարարել են միլիոնավոր մարդկանց հոգևոր քաղցը՝ օգնելով նրանց գտնելու կյանքի իմաստը և ձեռք բերելու ապագայի հիանալի հույս (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչը կարող է օգնել նաև ձեզ։ Իսկապես, արժե՛ քննել այդ անզուգական գիրքը։

^ պարբ. 3 Ուոթսոնի ու Քրիքի ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսացել ԴՆԹ-ի՝ դեզօքսիռիբոնուկլեինային թթվի հետ կապված ավելի վաղ արված հայտնագործությունները (տե՛ս « ԴՆԹ. կարևոր տարեթվեր» շրջանակը)։

^ պարբ. 6 Ա, Ց, Գ, Թ տառերով ներկայացված նյութերն են՝ ադենին, ցիտոզին, գուանին, թիմին։

^ պարբ. 22 Կյանքի առաջացման հարցը մանրամասնորեն քննարկվում է «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» և «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկներում։ Առկա են www.jw.org/hy-armn կայքում։