Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2015

Ի՞նչ պետք է իմանաք Մալարիայի մասին

Ի՞նչ պետք է իմանաք Մալարիայի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2013թ.-ին ավելի քան 198 միլիոն մարդ վարակվել է մալարիայով, և մոտ 584000 հոգի մահացել է այդ հիվանդությունից։ Մահացողների մոտ 83 % եղել են հինգ տարեկանից ցածր երեխաներ։ Այս հիվանդությունը տարածված է աշխարհի մոտ 100 երկրներում ու տարածքներում։ Այն լուրջ սպառնալիք է մոտ 3,2 միլիարդ մարդու համար։

1 Ի՞ՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ՄԱԼԱՐԻԱՆ

Մալարիան մակաբուծական հիվանդություն է։ Ախտանշաններից են բարձր ջերմությունը, տենդը, առատ քրտնարտադրությունը, մկանային ցավերը, սրտխառնոցը և փսխումը։ Ախտանշանները երբեմն կարող են կրկնվել 48–72 ժամը մեկ՝ կախված այն բանից, թե հիվանդի օրգանիզմում մակաբույծի որ տեսակն է առկա, և որքան ժամանակ է, որ նա վարակված է այդ հիվանդությամբ։

2 ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԱՐԱԾՎՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՆ

  1. Մալարիայի հարուցիչները՝ պլազմոդիումներ կոչվող միաբջիջ մակաբույծները, մարդու արյունատար համակարգ են մտնում մալարիայի էգ մոծակի խայթոցի միջոցով։

  2. Մակաբույծները արյան հոսքով հասնում են լյարդի բջիջներին, որտեղ սկսում են բազմանալ։

  3. Երբ լյարդի վարակված բջիջը պատռվում է, դրա ներսում եղած մակաբույծները մտնում են արյունատար համակարգ ու ներթափանցում արյան կարմիր բջիջների մեջ, որտեղ շարունակում են բազմանալ։

  4. Երբ արյան վարակված կարմիր բջիջը պատռվում է, այնտեղ եղած մակաբույծները ներխուժում են նորանոր կարմիր բջիջների մեջ։

  5. Արյան կարմիր բջիջների վարակվելու ու պատռվելու այս պրոցեսը շարունակվում է։ Մալարիայի ախտանըշանները սովորաբար դրսևորվում են ամեն անգամ, երբ պատռվում են վարակված կարմիր բջիջները։

 3 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Եթե ապրում եք այնպիսի տարածքում, որտեղ տարածված է մալարիան...

  • Մահճակալի շուրջը կախեք միջատներից պաշտպանող ցանց։ Այն պետք է

    • մշակվի միջատասպան նյութով,

    • չունենա անցք կամ պատռվածք,

    • բոլոր կողմերից մտցված լինի ներքնակի տակ։

  • Ձեր բնակարանը մշակեք միջատասպան նյութերով։

  • Հնարավորության դեպքում դռների և պատուհանների վրա տեղադրեք ցանցապատ փեղկեր և օգտագործեք օդորակիչներ կամ էլեկտրական հովհարիչներ, որոնք կարող են վանել մոծակներին։

  • Հագեք բաց գույնի հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը։

  • Հնարավորինս հեռու մնացեք թփառատ վայրերից, որտեղ մոծակները շատ են, ինչպես նաև այնպիսի վայրերից, որտեղ կան անհոսք ջրեր, որոնք մոծակների բազմացման վայրերն են։

  • Եթե վարակվել եք, ապա պետք է անհապաղ բուժում ստանաք։

Եթե պատրաստվում եք այցելել մի երկիր, որտեղ մալարիան տարածված է...

  • Նախքան մեկնելը ձեռք բերեք դրա հետ կապված թարմ տեղեկություններ։ Մալարիա հարուցող մակաբույծները տարածքից տարածք կարող են տարբեր լինել։ Հետևաբար հարկավոր է օգտագործել այն դեղամիջոցը, որն արդյունավետ է տվյալ մակաբույծի դեմ։ Նաև լավ կլինի, որ ձեր բժշկի հետ խոսեք ու պարզեք, թե ինչեր պետք է հաշվի առնեք՝ կապված ձեր առողջական վիճակի հետ։

  • Իսկ եթե արդեն գտնվում եք այնպիսի երկրում, որտեղ մալարիան տարածված է, ապա հետևեք այս հոդվածում նշված խորհուրդներին, որոնք ուղղված են նման երկրներում ապրող մարդկանց։

  • Եթե վարակվեք մալարիայով, անհապաղ դիմեք բժշկի։ Հիշեք, որ ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց մոտավորապես 1–4 շաբաթ հետո։