Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2015

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Երբ վերջ է դրվում ընկերությանը

Երբ վերջ է դրվում ընկերությանը

ԽՆԴԻՐ

«Ինձ թվում էր՝ գտել եմ մեկին, ով իսկապես համապատասխան է ինձ։ Ինքս ինձ ասում էի. «Այս տղայի հետ պատրաստ եմ ապրել մի ամբողջ հավիտենություն»։ Բայց երկու ամիս ընկերություն անելուց հետո, ստիպված էի վերջ դնել մեր փոխհարաբերություններին։ Հավատս չէր գալիս, որ մեր ընկերությունը, որը սկզբում խոստումնալից էր, կարող էր այդքան արագ վերջ գտնել» (Աննա)։ *

«Ինձ թվում էր՝ մենք շատ նման ենք։ Լիովին համոզված էի, որ կամուսնանանք։ Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի նկատել, որ մենք իրականում շատ տարբեր ենք։ Ու երբ հասկացա, թե ինչ մեծ սխալ կգործեմ, եթե շարունակեմ մեր փոխհարաբերությունները, որոշեցի վերջ դնել ընկերությանը» (Իլեյն)։

Եթե քեզ հետ էլ է նման բան եղել, այս հոդվածը կարող է շատ օգտակար լինել քեզ համար։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Բաժանումը կարող է ցավոտ լինել նույնիսկ նրա համար, ով կայացրել է այդ որոշումը։ Սառա անունով մի աղջիկ, որը վեց ամիս ընկերություն անելուց հետո խզեց ընկերոջ հետ իր փոխհարաբերությունները, ասում է. «Ես շատ ծանր զգացումներ ունեի։ Ընկերության ժամանակ առանց նրա չէի պատկերացնում կյանքս։ Նրա հետ էի կապում իմ ապագան։ Բայց հետո ամեն ինչ վերջացավ։ Բաժանումից հետո երբ լսում էի այն երգերը, որոնք երկուսիս հետ կապված հաճելի հուշեր էին արթնացնում, և երբ լինում էի մեր սիրած վայրերում, սիրտս ցավում էր։ Թեև ինքս էի որոշել վերջ դնել մեր փոխհարաբերություններին, բայց, միևնույնն է, մեծ ցավ էի ապրում»։

Բաժանումը թեև ցավոտ է, բայց կարող է նպաստել ձեր բարօրությանը։ Իլեյնն ասում է. «Ինչ խոսք, ամենևին էլ չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին։ Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ես, որ եթե շարունակես ընկերություն անել այն անձնավորության հետ, որը, ինչպես տեսնում ես, համապատասխան չէ քեզ, կվնասես թե՛ քեզ, թե՛ նրան»։ Սառան էլ է այդպես մտածում։ Նա ասում է. «Կարծում եմ, որ եթե ընկերության ընթացքում քեզ երջանիկ չես զգում այդ անձնավորության հետ, ապա դժվար թե երջանիկ լինես ամուսնությունից հետո։ Նման դեպքում լավագույն որոշումը ընկերությանը վերջ դնելն է»։

Եթե ընկերությանը վերջ է դրվել, դա չի նշանակում, որ դու վատն ես։ Իրականում, ընկերությունը միշտ չէ, որ տանում է ամուսնության։ Ընկերություն անելու նպատակն այն է, որ աղջիկն ու տղան կարողանան հստակ որոշում կայացնել՝ ամուսնանալ, թե ոչ։ Եթե դու կամ քո ընկերը լուրջ մտավախություններ ունեք, ապա ճիշտ կլինի վերջ դնել ձեր փոխհարաբերություններին։ Եթե այդպես եք վարվել, դա չի նշանակում, որ դու լավը չես կամ որ քո կյանքում այլևս ոչինչ չի հաջողվի։ Հիշիր, որ կյանքը շարունակվում է։ Դու կարող ես հաղթահարել քո բացասական զգացումները։ Ինչպե՞ս։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ընդունիր, որ ցավ ապրելը բնական է։ Իլեյնը, որի խոսքերը մեջբերվել են հոդվածի սկզբում, ասում է. «Ես կորցրել էի ընկերոջս, այն էլ լավագույն ընկերոջս»։ Երբ կորցնում ես մտերիմ անձնավորության, բնական է, որ մի որոշ ժամանակ խոր ցավ կապրես։ Ադամ անունով մի երիտասարդ ասում է. «Երբ խզվում են մտերիմ փոխհարաբերությունները, միշտ էլ ցավ ես ապրում, անգամ եթե գիտակցում ես, որ դա երկուսիդ օգտի համար է»։ Գուցե այդ ժամանակ ունենաս այնպիսի զգացումներ, ինչպիսիք ուներ Դավիթ թագավորը, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Երբ նա խոր վշտի մեջ էր, այսպիսի խոսքեր գրեց. «Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը» (Սաղմոս 6։6)։ Երբեմն սրտի ցավն ամոքելու համար պարզապես պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և չժխտենք, որ ցավ ենք ապրում։ Զգացական ցավը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ մարդը հասկանա, թե ինչ զգացումներ ունի, և ընդունի, որ դրանք բնական են։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Սաղմոս 4։4։

Շփվիր այն մարդկանց հետ, ովքեր սիրում են քեզ։ Ինչ խոսք, երբ ծանր ապրումներ ես ունենում, մարդկանց հետ շփվելը կարող է դժվար լինել։ Աննան, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Սկզբում ես ոչ ոքի չէի ուզում տեսնել։ Ինձ ժամանակ էր պետք, որ մտածեի ու հասկանայի, թե ինչ է կատարվել»։ Ժամանակի ընթացքում Աննան հասկացավ, թե որքան օգտակար է շփվել մտերիմ ընկերների հետ, որոնք կարող են քաջալերել ու օգնել իրեն։ Նա ասում է. «Այժմ ես դրական մտավիճակ ունեմ և այնքան խոր ցավ չեմ ապրում մեր բաժանման համար, որքան նախկինում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 17։17։

Դասեր քաղիր տեղի ունեցածից։ Հարցրու ինքդ քեզ. «Ընկերության շրջանում նկատե՞լ եմ, թե որ հարցերում բարելավումներ անելու կարիք ունեմ։ Կա՞ն բաներ, որ կցանկանամ այլ կերպ անել, երբ հետագայում նոր փոխհարաբերություններ սկսեմ ինչ-որ մեկի հետ»։ Մարսյա անունով մի աղջիկ ասում է. «Ժամանակի ընթացքում ես ավելի խորությամբ հասկացա, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն ավելի շատ ժամանակ էր պետք, որ զգացումներս հանդարտվեին, ու ես կարողանայի սթափ նայել ամեն ինչին»։ Նման զգացումներ ունի նաև Ադամը, որի մասին նշվեց վերևում։ Նա ասում է. «Բաժանումից հետո մեկ տարի պահանջվեց, որ ցավս մեղմանա, ու կարողանամ հաշտվել իրավիճակի հետ։ Բայց տեղի ունեցածից դասեր քաղելու համար ավելի շատ ժամանակ պահանջվեց։ Ես շատ բան իմացա ինքս իմ մասին, նաև հակառակ սեռի և մարդկային փոխհարաբերությունների մասին։ Այժմ բաժանման համար ավելի քիչ ցավ եմ ապրում»։

Աղոթիր քո մտահոգությունների մասին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղմոս 147։3)։ Աստված մեզ համար կողակից չի ընտրում, և չպետք է նրան մեղադրենք խզված փոխհարաբերությունների համար։ Այդուհանդերձ, Աստված հետաքրքրված է մեր բարօրությամբ։ Ուստի աղոթիր նրան ու սիրտդ բացիր նրա առաջ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 5։7։

^ պարբ. 4 Այս հոդվածում անունները փոխված են։

Իմացիր ավելին

Պատրա՞ստ եմ ընկերություն անելու

Քննիր չորս հարցեր, որոնք կօգնեն քեզ որոշելու, թե արդյոք պատրաստ ես ընկերություն անելու։

Պատրա՞ստ ես ամուսնության

Այդ հարցին պատասխանելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ։ Քեզ կօգնի անկեղծ ինքնաքննությունը։